×


«Ելենան զանգեց ու ասաց՝ գնում ենք Պիտեր». «Մեր թաղի տղերքը» սերիալի նկարահանումներն արտերկրում

ATV-ի եթերում մեկնարկել է Ելենա Արշակյանի նոր նախագծի՝ «Մեր թաղի տղերքը» սերիալի ցուցադրությունը: Նրանք օրեր առաջ նկարահանումներ են իրականացրել Սանկտ Պետերբուրգում, ինչի մասին Bravo.am-ին պատմել է սցենարի հեղինակ Անահիտ Մխիթարյանը:

«Մի առավոտ, երբ սովորականի պես Ելենայի հետ հեռախոսով զրուցում ու քննարկում էինք նոր նախագիծը, հասկացանք՝ կերպարներից մեկը շատ լավ կմարմնավորի Արսեն Լեւոնյանը: Րոպեներ անց պարզեցինք, որ նա Սանկտ Պետերբուրգում է, իսկ մի քանի ժամ հետո Ելենան զանգեց ու ասաց՝ գնում ենք Պիտեր:): Արսենի վերադառնալու եւ մեր եթերի ժամկետները չէին համընկնում, եւ հարցն այսպիսի լուծում ստացավ, վստահ եմ՝ ի շահ նախագծի: Մեզ հետ էր նաեւ դերասանուհի Անահիտ Մանուկյանը: Կասկած չունեմ, որ հեռուստադիտողը նրան սիրելու է»,-պատմել է նա:


Անահիտի խոսքով՝ կերպարներին միավորում է բակը, որտեղ անցկացրել են մանկությունը.«Ավելի երեւանյան ասած՝ թաղը: Կարծում եմ՝ բակային կյանքը, հարազատության հասնող հարեւանությունը, որը հիմա մի քիչ մոռացվել է, միշտ ավելի հատուկ է եղել արվարձանների բնակչությանը: Փոքրիկ թաղերում շատ ջերմ հարեւանություն են արել. տան դուռը միշտ բաց է եղել, երեխաները հաճախ ընկերների տանն են գիշերել, ճաշել, խաղացել: Մեր պատմությունը սկսվում է երեւանյան հենց այդպիսի թաղից, իսկ գլխավոր դերում թաղի տղերքն են»:

Սանկտ Պետերբուրգում երկու օր տեւած նկարահանումները լավ են անցել.«Պիտի վերադառնայինք ու շարունակեինք աշխատել: Հասցրել ենք ե՛ւ տեսնել քաղաքը, ե՛ւ նկարահանել տեսարանները, որոնց մեծ մասը դրսում էին: Եվ քանի որ Ելենան չի կարողանում անտարբեր անցնել գեղեցիկ վայրերի կողքով ու նորը տեսնելիս մտածում է՝ դա էլ գեղեցիկ կդիտվեր կադրում, ստացվեց, որ մենք տեսանք գրեթե ամբողջ քաղաքը: Միակ անհարմարությունը ցուրտն էր, բայց միայն սկզբում, որովհետեւ մթնոլորտն այնքան լավն էր ու ջերմ, որ թվում էր՝ էլ չենք մրսում»:


Անահիտ Մխիթարյանը նշում է՝ հեռուստատեսային արտադրանքը միայն խոսքը չէ, այն պիտի աչքի համար էլ գեղեցիկ լինի.«Հիմնականում Ելենան է արտերկրում նկարահանումների գաղափարի հեղինակը լինում: Ինչքան էլ իր համար ավելի հարմարավետ կլինի Երեւանում նկարահանել, լավ տեսարան ու լավ պատկեր ստանալու համար կազմակերպում ու իրականացնում է»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Ելենա Արշակյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին