×


«Մի անգամ եմ ափսոսել, որ ժամանակս ու սերս նվիրել եմ մեկին». Անի Լուպե

Տարիներ առաջ վենեսուելացի գործընկերոջ խորհրդով նա հանդես եկավ Անի Լուպե բեմական կեղծանվամբ։ Զտարյուն հայուհի, բայց արտաքինից շատ նման բրազիլացու։ Անին հումորով նկատում է՝ «Գուցե պատճառն այն է, որ ավելի շատ սիրում եմ արեւադարձային երկրներ, արեւ, ծով»։ Կամերային թատրոնի դերասանուհին այս պահին նոր ներկայացման է պատրաստվում, բայց դեռ փակագծերը չի բացում։

- Անի՛, երբեւէ փորձե՞լ ես հանդես գալ մոնոներկայացմամբ: Հանդիսատեսից շատ եմ լսել, որ խաղովդ լցնում ես բեմը։

- Անկեղծ ասած՝ այդ ժանրն ինձ երբեք հոգեհարազատ չի եղել։ Սիրում եմ նայել, բայց ազնվության պակաս եմ զգում։ Տեսակով շատ տաք մարդ եմ ու խաղում էլ սիրում եմ, երբ էներգիաս ու էմոցիաներս փոխանցում եմ խաղընկերոջս ու ստանում համապատասխան էներգիա։

Դերի հաջողությունը կախված է նաեւ խաղընկերոջից։ Որքան էլ լավ դերասանուհի լինես, երբ այդ պատասխանը չես ստանում, ինքդ էլ ես սկսում անկեղծ չխաղալ։ Իսկ բեմը դա չի սիրում։ Շատ ռեժիսորներ կերպարը միանգամից պայմանավորում են արտաքինով, քչերն են, որ ներքին կերպարին են տեղ տալիս։ Արժեքներն անգամ այս բնագավառում են փոխվել։ Ինձ համար, իհարկե, չեն փոխվել, բայց դժվար է։ Ոմանք կարողանում են դիմանալ, մյուսները՝ ոչ։ Ես առայժմ կարողանում եմ պինդ մնալ։

Անի Լուպեն


Սիրում եմ լինել այնպիսի ներկայացումներում, որոնք ասելիք ու հետք ունեն։ Ինձ շատ հոգեհարազատ է Արա Երնջակյանի բեմադրած «Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել եւ զվարճանալ» ներկայացումը։ Արդիական է, իսկ ասելիքը՝ շատ։ Եթե այն խաղանք 20 տարի անց, դարձյալ արդիական կլինի։

Երբ դեռ հայտնի սիթքոմից ինձ առաջարկ չէր եղել, մտածում էի՝ միայն դրամատիկ դերերը կարող եմ լավ խաղալ, բայց պարզվեց՝ ռեժիսորն ինձ տեսել էր այդ կերպարում ու չէր սխալվել։ Կերպարն իսկապես շատ սիրվեց։

- Սիթքոմն ավարտվել է, բայց շատերը քեզ հենց այդ դերով են հիշում ու հաճախ դիմում են՝ Ռուզան։ Չե՞ս նեղվում, որ քեզ հենց այդ կերպարով են հիշում։

 - Անկեղծ՝ ո՛չ: Թատրոնում շատ տարբեր դերեր եմ խաղում, պարզապես Ռուզանը հեռուստատեսային կերպար է, դրա համար էլ հիշվում է։

- Այս պահին չես նկարահանվում որեւէ սերիալում, եւ կա մի չգրված օրենք, որ եթե որոշ ժամանակ չես երեւում էկրաններին, քեզ շուտ մոռանում են։ Մոռացվելը սպառնո՞ւմ է քեզ։

-Իհարկե, հաճելի է, երբ հեռուստատեսային նախագծերը հաջորդում են մեկը մյուսին, բայց ես մոռացվելուց չեմ վախենում:

Անի Լուպեն


- Սոցցանցային էջերումդ ժամանակ առ ժամանակ ազատ ոճի լուսանկարներ ես հրապարակում՝ լողազգեստով, կիսամերկ։ Արդյո՞ք ուշադրություն հրավիրելու ձեւ է, քո մասին հիշեցնելու, կամ էլ ինչ-որ մեկին ապացուցելու, որ դու կաս։

- Լուսանկարներով երբեք ոչ ոքի ոչինչ չեմ ապացուցում, չեմ ինքնահաստատվում։ Ես իմ խաղացած դերերով եմ ապացուցում։ Իսկ նկարվել շատ եմ սիրում։ Ռաֆայել Երանոսյանը մեկ-մեկ ծաղրում է՝ ասելով.«Ոնց որ արագաչափ լինես, այնքան ես նկարվում»։

- Բայց տպավորություն է, որ քո գրառումները հստակ հասցեատեր ունեն։ Կա՞ մեկը, ով ուզում է նվաճել սիրտդ, ու իրեն են ուղղված։

- Առհասարակ գրում եմ աֆորիզմների տեսքով ու շատ սիրում եմ սիրո մասին խոսել։

- Սերդ պակաս է, դրա համա՞ր ես խոսում։

- Իմ մեջ սերը շա՜տ է, մեկ-մեկ մտածում եմ՝ գուցե պետք չի։ Բայց հետո ասում եմ՝ սիրո շատը ո՞րն է։ Այդ աֆորիզմներն էլ, որ գրում եմ, ըստ օրվա տրամադրության են, բայց հատուկ որեւէ մեկին ուղղված չեն։

- Հաճա՞խ ես հայտնվում բամբասանքի կենտրոնում։

- Չէի ասի, պարզապես ում հետ խաղում եմ, վերագրում են, թե իր ընկերուհին եմ, բայց ես չեմ թաքցնում իմ անձնականն, ու եթե ինչ-որ բան լինում է, դրա մասին խոսում եմ։

Անի Լուպեն


- Բա՞րդ մարդ ես, թե՞ պահանջներդ շատ են ու դրա համար չես գտնում երկրորդ կեսիդ։

- Ինձ հետ հեշտ է, ինձ համար հարմարավետությունը կապված չէ ֆինանսի հետ, ավելի շատ՝ հոգեւոր աշխարհի։ Շատ փոքր բաներից կարող եմ ուրախանալ։

- Ասում ես՝ սերը շատ չի լինում, բայց քո մեջ ո՞ր սերն է գերիշխում. սեր բոլորի՞ հանդեպ, թե՞ միայն անձնականում։

 - Երկուսն էլ։ Երբեմն մտածում եմ՝ շատ եմ տալիս սեր, հոգատարություն, ջերմություն։ Հետո ինձ ասում են՝ պիտի մի փոքր այլ կերպ վարվեմ։ Սկսում եմ այդպես անել, բայց դա տեւում է մեկ շաբաթ, ու հետո էլի նույն Անին եմ, քանի որ մարդու բնավորության գծերը կարող են փոխվել, բայց էությունը՝ ոչ։ Այն, որ սերն իմ մեջ շատ է, չեմ բողոքում, ուղղակի դիմացինները հաճախ չեն կարողանում դրան դիմանալ ու զարմանում են, թե ինչպես է հնարավոր այդքան սիրել։

- Կարո՞ղ եմ ենթադրել, որ սեր ես տվել այնպիսի մարդկանց, որի համար ափսոսում ես։

- Երբեք չեմ ափսոսել, որ մարդուն նվիրվել եմ, բայց եղավ մի դեպք, ինչի համար իսկապես ափսոսում եմ, որ ժամանակս, հավատս, սերս նվիրել եմ իրեն։ Կյանքումս եղել են սիրավեպեր, որոնք ավարտվել, բայց շատ լավ հարաբերությունները պահպանվել են։ Գուցե ինձ պետք էր նման մի բան, որպեսզի հասկանայի՝ այսուհետ առավել ուշադիր պետք է լինել։

Անի Լուպեն


- Քեզ մայրիկի կարգավիճակում պատկերացնո՞ւմ ես։

 - Իհարկե՛։ Փոքր ժամանակ, երբ հարցնում էին՝ մեծանամ ինչ եմ դառնալու, միշտ ասում էի՝ մամա։ Իսկապես շա՜տ սիրում եմ ընտանիք, երեխաներ, բայց դա պետք է ինքնաբերաբար լինի։ Ու մեծ ընտանիք եմ սիրում։ Ես ապրում եմ մեծ ընտանիքում՝ հայրս, մայրս, եղբայրս, եղբորս կինն ու երկու երեխաները։ Ու այդ աղմուկն ինձ շատ դուր է գալիս։ Առավոտյան, երբ ինչ-որ բան չես գտնում, սկսվում է՝ ո՞վ է վերցրել իրերս, մեկը գոռում է՝ ջուրն ի՞նչ եղավ, մյուսը՝ անջատե՛ք, լողանում եմ... Ու այդ խառը իրավիճակն ինձ շատ է դուր գալիս։ Երբեք չեմ ցանկացել մենակ ապրել։ Հանգիստն ինձ համար նաեւ դա է։

- Այսինքն՝ սկեսուր-սկեսրայրի հետ կարո՞ղ ես ապրել։

– Ա՜, անկեղծ՝ չեմ կարող այդ հարցին պատասխանել, գուցե այնպիսի ընտանիք լինի, որ ուզեմ միասին ապրենք, իսկ գուցե առանձին ապրելը ճիշտ լինի։

Անի Լուպեն


- Իմ ավանդական բլից հարցերը. ինչի՞ց ես վախենում։

- Մթությունից։     

- Ինչի՞ համար ես ափսոսում։

- Ոչ մի բանի։

- Թույլ կողմերդ։

- Խիղճս շատ է։

- Ուժեղ կողմերդ։

 -Կարողանում եմ պահել թույլ կողմերը։

Անի Լուպեն


- Կա՞ հարց, որից նյարդայնանում ես։
 
- Ինչո՞ւ Անի Լուպե։

- Կյանքդ 10 տարի անց։

 - Ամեն տարի պատկերացնում եմ, որ ես ծովի մոտ եմ, ունեմ լավ ընտանիք ու խաղաղ ապրում եմ։

- Ո՞ւմ կամ ինչի՞ն ես հավատում:

-Աստծո՛ւն։

Զրուցեց՝ Արմինե Գեւորգյանը
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին