×


Ասատուր Եսայանց.«Ամաչեցի, երբ Կաննից հետո տեսա՝ գործընկերներս ինչպես են նկարում Կառավարությունում»

Լուսանկարիչ Ասատուր Եսայանցը վերջին տարիներին Կաննի ոչ մի կինոփառատոն բաց չի թողնում: 2017 թվականից նա լուսանկարում է համաշխարհային ճանաչում վայելող աստղերին ու նրանց յուրահատուկ կերպարները:

BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է Կանն մեկնելու դժվարությունների, կարմիր գորգի վրա հայտնիներին գրավելու հնարքների, իր օբյեկտիվում հայտնված ամենահմայիչ դեմքերի մասին ու խոստովանել, թե ինչ է պետք անել, որ «Ոսկե ծիրանն» ավելի գրավիչ դառնա:

- Վերջին կինոփառատոնը, որ նկարել ես «Ոսկե ծիրանն» էր, ինչո՞վ է այն գրավում քեզ ու առանձնանում մնացած բոլոր կինոփառատոններից:

- Նախ այն իմն է, իմ երկրի փառատոնն է, ու անկախ նրանից, թե ինչպիսին է, ուզում եմ դրա մի մասը լինել: Մանավանդ, երբ արտերկրում ներկա ես լինում մեծ կինոփառատոնների ու գիտես, որ այդ առումով որքան բացեր կան այստեղ: Շատ ուրախ էի ներկա լինել մրցանակաբաշխության արարողությանը, որն այս անգամ փակ էր:  Անցկացվեց Երեւանի կոնյակի գործարանի թանգարանում. կարծում եմ՝ լավ բիզնես նախագծերն ու կազմակերպությունները պետք է աջակցեն նման փառատոններին:

Ասատուր Եսայանցը


- Կաննի կինոփառատոնն էլ առանց նման աջակցության դժվար թե կարողանար կայանալ ու նման մակարդակի հասնել:

- Կաննի կինոփառատոնի տնօրեն Թիերի Ֆրեմոն շատ լավ բան է ասել, որ Կաննի կինոփառատոնը 4 հիմնական սյուն ունի, որոնցից ցանկացածի բացակայության դեպքում այն չի կայանա՝ լրատվամիջոցները, կինոն, գլամուրն ու հանդիսականները: Շատերն ասում են, որ Կաննում նորաձեւությունը չափից շատ է, սակայն փառատոնի կարմիր գորգն այն հարթակն է, որտեղ լավագույն բրենդներն են ներկայանում, դրա համար նրանք հսկայական գումարներ են վճարում: Բավական է Մոնիկա Բելուչին կամ Հելեն Միրենը հայտնվեն, ու բոլոր կայքերը գրում են, թե ինչ էին նրանք կրում: Այդ գումարներից միայն փառատոնն է շահում, էլ չեմ խոսում այն անսահման երեկույթներից, որոնց կինոաստղերն են մասնակցում, դիզայներները, մոդելները: Նախորդ տարի, օրինակ, Շերոն Սթոունը որեւէ ֆիլմով չէր ներկայացել, բայց 2 անգամ հայտնվեց Dolce & Gabbana-ի զգեստով, ու դա իսկական իրադարձություն դարձավ: Բոլորը գալիս են Կանն տոնի մասնակցելու ու այն վայելում են:


- Ուզում ես, որ այդ տարբերակով գործի նաեւ մե՞ր կինոփառատոնը:

- Փառատոնը՝ լինի «Ոսկե Ծիրանը», թե «Հայֆեստը», պետք է կարողանան առաջարկով հանդես գալ, գործարարներն էլ համաձայնեն ֆինանսավորել: Փառատոնի շրջանակում հետաքրքիր արտադրանք պետք է ստեղծվի, որը կգրավի շատերին: Չեմ ասում Ալեսանդրա Ամբրոսիոյին կարմիր գորգ դուրս գա, բայց յուրովի շոու ստեղծեն, եթե, իհարկե, ուզում են: Փառատոններ կան, որ առանց այդ ամենի էլ կայանում են: Ես մեկ անգամ եղել եմ Բեռլինի կինոփառատոնում, որը փետրվարին է անցկացվում, գորգը հազիվ 15 մետր լիներ: Վազելով են դերասաններն անցնում ու ներս մտնում: Դա էլ է տարբերակ, բայց ինձ թվում է, որ մեզ պակասում է այդ տոնը:

- Քո օբյեկտիվում առաջին մեծության շատ աստղեր են հայտնվել, իսկ Երեւանում ո՞ւմ ես առիթ ունեցել նկարելու, որ իսկապես հաճույք ես ստացել աշխատանքից:

- Միանգամից կասեմ՝ Հերբի Հենքոքին: Գիշերը շատ ուշ ժամանեց, հետը համարյա մինչեւ հյուրանոցի համար բարձրացա, առավոտյան նորից գնացի, որ հենց դուրս գա, նկարեմ: Բավական սպասեցի մինչեւ արթնացավ, վերելակի դռների մոտ կանգնեցրի նրան ու հայտնեցի նկարելու ցանկությանս մասին: Պատճառաբանեց, որ հոգնած է, խոստացա 5 րոպեից ավելի ժամանակ չխլել: Համոզել եմ իր համարում նկարել, հենց ներս մտանք, սկսեցի սենյակը հավաքել, ասաց՝ որեւէ բան կկոտրեմ, ինքն ամեն ինչ կարգի բերեց: Զարմանալի պատմություն է, որը շատ եմ սիրում:

- Ինչի՞ ես պատրաստ ցանկալի նկարահանումը ստանալու համար:

- Չկա որեւէ մեկը, որի համար ինչ-որ զոհողության կգնամ, ժամանակին երեւի կար, երբ նոր էի սկսում ու իմ տեղն էի գտնում այս ասպարեզում: Տարիների ընթացքում փորձ ես ձեռք բերում ու սովորում բացատրել, թե ինչու ես ուզում նկարել որեւէ մեկին: Նման գիտակցում ունենում ես առաջին հաջողությունից հետո:


- Իսկ ինչպե՞ս ես հասկանում՝ տվյալ հերոսիդ ինչ կերպ ես նկարելու:

- Անպայման չի, որ ճիշտ նկարես: Երբ գնում ես նկարելու, հարցազրույցներ ես կարդում, նկարներ նայում կամ ֆիլմեր դիտում, փորձում այդ մարդու ներսից որեւէ բան դուրս բերել: Լուսանկարչությունը քեզնից մի քանի անգամ մեծ է, մինչեւ քեզ ամեն ինչ արդեն արված է, պարզապես պետք է դու քո ձեւով նկարես: Լուսանկարիչ Վահան Ստեփանյանը շատ լավ ձեւակերպել է՝ դա այն ժամանակն է, որը կծախսես այդ մարդու հետ: Պլատոնը Պուտինին նկարելուց առաջ գիտեր, որ նա Բիթլզ է սիրում ու նրան հարց էր տվել խմբից: Լուսանկարչությունը շփում է, պետք է կարողանաս ուզածդ բացատրել: Կան բաներ, որ 10 տարի է՝ ուզում եմ նկարել, եւ չի ստացվում, շատ եմ ուզում Սու նստել ու ցույց տալ, ինչպես է այն վերեւ թռչում: Այ, հիմա կասեմ, որ նկարելու համար պատրաստ եմ համբերել: Դա ամենաթանկ գինն է, որ կարող ես տալ:

- Քո ու Կաննի կինոփառատոնի հարաբերություններից պատմի, ինչպե՞ս ստացվեց, որ մեկնեցիր:

- 2011-ին Ստեփանյանը մեկնեց Կանն, այդ պահից փառատոնն ինձ համար հետաքրքիր դարձավ: Մտածում էի՝ երանի մի օր ես էլ գնամ: Անցավ 6 տարի, Կաննի 70-ամյակն էր, ու Կարեն Ավետիսյանին անընդհատ ասում էի, որ նամակ գրի՝ մենք էլ լուսաբանենք: Շատ էի վախենում, որ այդ տարի հետաքրքրությունն ավելի մեծ կլինի, եւ մեզ կմերժեն: Օրերն էի հաշվում, ձեռքերս սառչում էին, մեջքս՝ քրտնում, երբ մտածում էի՝ կարող ենք չմեկնել: Ու վերջապես եկավ հաստատման նամակը, սակայն մեկնելու գումար չունեի: Խնդիրը փուլ առ փուլ լուծեցի. մեկնելուն 1 օր էր մնացել, իսկ ես դեռ մնալու տեղ չունեի: Բարեբախտաբար, լավ մարդիկ գտնվեցին. Կաննում ապրող ու ռեստորան ունեցող Անդրանիկ Գրիգորյանն օգնեց ինձ: Ինձ ու կինոգետ Մելիք Կարապետյանին ընտանիքի անդամների պես էին վերաբերվում:


- Ասատուր, իսկ շա՞տ ծախսատար է Կանն մեկնելն ու այն լուսաբանելը:

- Բավական ծախսատար է. միայն Կաննում բնակվելու համար նվազագույնը 1500 եվրո է պետք՝ առանց սննդի ու ինքնաթիռի տոմսի: Հնարավոր է նաեւ կողքի քաղաքում մնալ, բայց այդ դեպքում էլ տրանսպորտի հետ կապված խնդիր է առաջանում:

- Իսկ աշխատանքային ընթացքին ո՞նց էիր պատրաստվել ու ի՞նչը քեզ դուր եկավ այնտեղ:

- Ամեն ինչը հավանում ես, քանի որ փառատոնը հիանալի է կազմակերպվում: Կոստյումներ կրում ենք միայն երեկոյան ֆիլմերի պրեմիերաների ժամանակ: Լազուրի ափով մեկ գործող հյուրանոցներից յուրաքանչյուրը կարող ես մտնել, առաջին հարկում գործող լոգարանում ցնցուղ ընդունել ու զգեստափոխվել: Պետք է միայն փողոցն անցնել, ու հայտնվում ես Կաննի կարմիր գորգին: Փառատոնը մոտ 30 տարի լուսանկարող պապիկ կա, նրանից եմ իմացել զգեստափոխման այդ հնարքի մասին (ծիծաղում է,- խմբ.): Ամեն անգամ ինչ-որ մեկից նոր բան եմ սովորում:

- Քո առաջին Կաննի համեմատ 4-րդի ժամանակ ինչպե՞ս էիր փոխվել:

- Ծանոթ լուսանկարիչներն են շատացել, նրանցից մեկին Տոկիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ հանդիպեցի: 2022-ին ձմեռային խաղերին պետք է մեկնի, ու քանի որ դրանք նկարելու փորձ ունեմ, արդեն ես խորհուրդ տվեցի, թե ինչ կարող է անել Պեկինում: Մասնագիտական շրջապատդ մեծանում է ու փոխադարձաբար իրար օգնում եք:


- Կամիր գորգին ձեր աշխատանքից կպատմե՞ս. ինչպե՞ս գրավել աստղերի ուշադրությունը, որ հենց քո կողմ նայեն:

- Տեղի համար պայքար չկա, քանի որ քո բեյջի վրա այն արդեն նշված է, չնայած՝ խառնաշփոթ միշտ առաջանում է: Բոլոր լուսանկարիչներն անդադար գոռում են՝ հույս ունենալով, որ հենց իրենց ձայնն աստղը կլսի ու կնայի: Առաջին անգամ, երբ մեկնել էի, շատ զվարճալի էր, որ տեսախցիկն իջեցնում էի ու երկու ձեռքս թափահարում, նայում էին ինձ, բայց մինչեւ կնկարեի, հեռանում էին (ծիծաղում է,- խմբ): Կարող ես դերասաններին իրենց համար նախատեսված ելքի մոտ սպասել: Հենց այդ տարածքում եմ սելֆի արել Սփայք Լիի ու Թիլդա Սուինթոնի հետ:

- Ո՞ւմ չես հասցրել նկարել ու ափսոսում ես դրա համար:

-Շատ-շատերն են եղել: Մարտին Սկորսեզեին կնշեմ. 2018-ն էր, լավ նկար ստացվեց, բայց անֆոկուս:


- Ո՞վ է քեզ գրավել իր բնականությամբ ու յուրահատկությամբ:

- Թիլդան, իմ ամենա-ամենան է, նրա հետ կարող եմ ժամեր անցկացնել: Աննկարագրելի կին է, կարող է կողքովդ անցնել, ու դու լուսավորվում ես: Շշմելու մարդ է, շատ համբերատար, մեղմ, եթերային: Կարծես գետնի վրայով չքայլի: Էքսպրեսիայի առումով Ռոզի դե Պալման է առանձնանում, Պենելոպե Կրուսը, Մարիոն Քոտիարն էլ յուրահատուկ են: Իսկ ամենաշատն ինձ տպավորել է Դեւիդ Լինչը. շատ կարճ շփում ենք ունեցել: Իրար բավական մոտ էինք հայտնվել, նայեց տեսախցիկին ու ասաց.«Կարծում եմ՝ ստացվեց»: Անդադար աղմուկի, շուրջս հավաքված բազմաթիվ մարդկանց կողքին նեոնային լույսերի մեջ միայն նրա դեմքն էի տեսնում ու խռպոտ ձայնը լսում: Նման դեպքերում անգամ մի տեսակ ինտիմություն է ստեղծվում ձեր միջեւ:

- Ինչո՞վ նախորդ տարվա փառատոնն առանձնացավ քեզ համար, կա՞ր որեւէ տարբերվող բան:

- Տարեցտարի Կանն իր փայլը կորցնում է՝ ի տարբերություն Վենետիկի փառատոնի: Այն սկսեց հաղթել Կաննին 2020-ին. կայացավ, երբ շատ միջոցառումներ չեղարկվել էին: Ուզում էի նախորդ տարի մեկնել այնտեղ, բայց Տոկիոյի խաղերից հետո հոգեպես հյուծված էի: Նախորդ տարվա Կանն առանձնացավ նրանով, որ կինս՝ Լիլիթը, ով արվեստաբան է, ինձ հետ էր ու նոր մի քանի տեղ տարավ: Եղանք Անտիբում, որտեղ Պիկասոն ապրել ու ստեղծագործել է: Թանգարանը ծովի ափին է գտնվում, խելագարվելու վայր է, այնքան բան կար տեսնելու: Մի քանի նկարահանում բաց թողեցի, բայց ընդհանրապես չեմ ափսոսում: Այդ թանգարան այցելելն ինձ հետագայի հսկայական պաշար տվեց:


- Իսկ ինչպե՞ս ծագեց նկարները սոցցանցերում «գուշակեք՝ ո՞վ է» հարցադրումով հրապարակելու միտքը: Հենց մեկնում ես Կանն, սկսում ենք սպասել այդ նկարներին:

- Շատ հանկարծակի եղավ. այնպես չէ, որ ես եմ հորինել, նոր բան չեմ արել: Երեւի ամեն ինչ սկսվեց Շարլիզ Թերոնի նկարով. մազերը փակել էին դեմքն ու միայն քիթն էր երեւում, բայց ակնհայտ էր, որ նա է: Դրանով բացումն արեցի, զգացի, որ ինձ համար հետաքրքիր է, ու շարունակեցի:

- Որքա՞ն կադրեր ես անում փառատոնների ժամանակ ու ինչպե՞ս ես հասցնում լավագույններն ընտրել:

- Հնարավորինս արագ եմ ընտրությունն անում, քանի որ ժամանակ չի լինում: Շատ վախենալու է ընթացքը (ծիծաղում է,- խմբ.): 2017-ից մոտ 40 հազար ֆայլ ունեմ, մի օր ուզեցի մաքրել, բայց հրաժարվեցի այդ մտքից, դրա համար ամիսներ ու տարիներ պետք կգան:


- Որպես լուսանկարիչ՝ ինչպե՞ս է քեզ օգնել Կաննում աշխատելը:

- Երբ վերադարձա Կաննից, առաջին անգամ գնացի Կառավարությունում նկարահանում անելու: Երբ տեսա՝ ինչպես են աշխատում իմ գործընկերները, ամաչեցի, որովհետեւ հասկացա՝ բառացիորեն 2 շաբաթ առաջ ես էլ էի այդպես անում: Երկրորդի ժամանակ նորից փոխվեցի, ամեն անգամ ինքնակրթվում ես: Բոլոր կապերն ու շփումները քեզ օգնում են, որ նորից ու նորից սովորես:

- Կա՞ն աստղեր, որոնց հետ հնարավորության դեպքում կուզեիր հատուկ նախագիծ անել կամ կուլիսներում նկարել, ինչպես հայտնի Գրեգ Ուիլյամսն է անում: Նա  անմիջական մուտք ունի դերասանների հանդերձարաններ:  

- Նախորդ տարի «Ոսկե ծիրան»-ի ժամանակ այդպես նկարեցի Նադավ Լապիդին: Իհարկե, կուզեմ բեյքսթեյջում լինել, դա շատ ավելի հետաքրքիր է: Կուլիսների մթնոլորտը փոխանցելն էլ շատ յուրահատուկ է, բայց պետք է կարողանալ դրան հասնել: Դրա համար պետք է քեզ վստահեն, բավական է՝ մեկ անգամ որեւէ աստղի նկարես հեղինակավոր ամսագրի համար (Harper's Bazaar, Vogue), եւ կսկսեն քեզ էլ ճանաչել: Լուսանկարչական շուկան շատ մրցակցային է:


- Ինչպիսի՞ն կուզես հետագայում դառնա «Ոսկե ծիրանը»:

- Շատ կուզեմ, որ «Ռոսիա» կինոթատրոնը մի օր ի վերջո դառնա հայկական փառատոնների ու կինոփառատոնների վայր: Խելագարվելու տարածք է, ուրիշները երազել անգամ չեն կարող նման հիանալի շենքի մասին: Կուզեի կողքի փողոցը փակվեր, մեքենաներով աստղերը ժամանեին կարմիր գորգ: Այլ երկրների փառատոնները կխնդրեին համագործակցել «Ոսկե ծիրան»-ի հետ: Իհարկե, դրսում հանդիպել եմ մարդկանց, որոնք շատ լավ գիտեն «Ոսկե ծիրան»-ի մասին, բայց շատ սահմանափակ է նրանց շրջանակը: Նաեւ «Ռեանիմանիան» ու «Հայֆեստն» այդպիսին դառնան: Մեր փառատոնների պալատը դառնա «Ռոսիան»:

- Ի՞նչ ես կարծում՝ մենք կարո՞ղ ենք աստղերի հրավիրել, որպեսզի նրանք չգան միայն 70-ն անց տարիքում:

- Ցանկություն է պետք ու ճիշտ մարքեթինգ: Հույս ունեմ, որ «Ոսկե ծիրան»-ի նոր անձնակազմը ճիշտ հետեւություններ կանի ու կկարողանա մի օր կյանքի կոչել այդ ամենը: Դրսում մեզ չեն վստահում: Մի՞թե վատ կլինի, որ Ռոբերտ Դե Նիրոն գա, չե՞ն ուրախանա, անգամ եթե նա 70-ն անց է: Կաննում տոմսի համար միմյանց կոկորդ են կրծում, պաստառներով կանգնում են ու տոմս խնդրում: Աղջիկները նույնիսկ դեկոլտեի վրա ֆիլմի անունն են գրում, որ տոմս ստանան:


- Դրա համար մեր կինոն էլ որակական նոր աստիճանի պետք է հասնի, մի քիչ ավելի մրցակցային դառնա:

-Մենք սարսափելի շատ ենք սիրում մեռնել. այնպես, ինչպես հայրերն են թաղմանը ողբում, աշխարհում ոչ մի ազգ չի անում: Նույնն էլ մեր կինոյում է. ինչու պետք է մինչեւ 2020 թվականը նկարահանված պատերազմի մասին ֆիլմերում, ինչպիսին է, օրինակ, «Կյանք ու կռիվը», ինչ-որ սրիկա կենդանի մնար, իսկ գլխավոր հերոսը զոհվեր: Հակառակը՝ նա պետք է հետ գա, իր հետ էլ աղջիկ բերի, ամուսնանա, երեխաներ ունենա: Շատ լավ ընդունեցի, որ 1915-ի զոհերը սրբադասվեցին. զոհի գաղափարը կհանենք մեր միջից: Ցեղասպանությունն անհերքելի փաստ է, բայց նաեւ Վանի ինքնապաշտպանություն է եղել, եկեք նկարենք նաեւ դրա մասին, ծռենք մեր ուղին:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Ասատուր Եսայանցի /Sputnik Armenia/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին