Հայկական ջազի նշանավոր դեմքերից մեկի՝ Արմեն Թութունջյանի (Չիկո) հիշատակին նվիրված «Yerevan Jazz Fest» միջազգային 7-րդ փառատոնը դեկտեմբերի 6-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում եզրափակվեց հանրահայտ թմբկահար Բիլլի Քոբամի երեւանյան համերգով: Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանի խոսքով՝ համերգի գաղափարն առաջացել է դեռ 2011 թվականին, երբ Միացյալ Նահանգներում հանդիպել է երաժշտին:
Քոբամը BRAVO.am-ին պատմել է, որ առաջին անգամ է այստեղ. Երեւանում շրջել է ու տպավորվել, ստացել դրական ազդակներ, իսկ հայ հանդիսատեսի հետ հանդիպումը երկար սպասված էր իր համար:
«Ես եւ խումբս դասական ջազ ենք նվագում եւ բոլոր համերգներին ներկայանում ենք իմ ստեղծագործություններով: Հաճախ մարդիկ թերահավատորեն են մոտեցել, որ ես, թմբկահար լինելով, երաժշտություն եմ գրում խմբի համար, բայց դասական ջազի պարագայում դա հնարավոր է: Տարիների ընթացքում ջազը շատ է փոխվել, եւ նոր սերունդը չի անդրադառնում իր ակունքներին: Շատ պոետիկ են դարձրել ջազը: Չեն փորձում ներկայացնել այն, ինչ ապրել, զգացել են որպես խումբ, իսկ մեր սերունդն ավելի հավաքական մոտեցում ունի: Հիմա շատ դեպքերում ջազը մեկ հոգու հույզերի եւ անցողիկ բաների մասին է»,- ասել է Բիլլի Քոբամը եւ կատակելով հավելել, որ հույս ունի՝ հանդիսատեսին համերգային ծրագիրը դուր է եկել, եթե ոչ՝ ինքը լուրջ խնդիրներ կունենա:
Քոբամի կարծիքով՝ ջազի սիրահարները հարուստ մտավոր ունակությունների տեր մարդիկ են, որոնք ունեն իրենց կարծիքը.«Զարգացած է նրանց քննադատական միտքը: Ջազն ապրելաձեւ է, մտածելակերպ: Նրանք որքան նման, այնքան էլ տարբեր են: Օրինակ՝ հայտնի ջազային «My Funny Valentine» երգը տարբեր կատարումներ ունի: Հայաստանում այն մի կերպ են ներկայացնում, Ճապոնիայում՝ մեկ այլ կերպ. բազմազանություն կա՝ ըստ տարածաշրջանի»:
Ջազի հայ սիրահարները ծանոթ են երաժշտի գործերին, եւ երեկոն անցավ չդադարող ծափերի ներքո: Բիլլի Քոբամի երեւանյան համերգի իրականացման գործում իր աջակցությունն էր ցուցաբերել Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: Համերգային երեկոյին ներկա էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, որին Կամո Մովսեսյանը հանձնել է հատուկ շնորհակալագիր:
«Այս տարին առանձնանում է հոբելյանական երկու իրադարձությամբ՝ նշվում է ՀՀ անկախության եւ հայ-ամերիկյան պաշտոնական հարաբերությունների հաստատման 30-ամյակները: Մեր ամուր կապերի համատեքստում Հայաստանում ջազ հանրույթի հետ այս համագործակցությունը կարեւոր ու անքակտելի բաղադրիչ է: Ջազն իրապես ամերիկյան դրսեւորում է, որը լավագույնս ներկայացնում է ամերիկյան ստեղծարար, իմպրովիզացիոն, պայքարող ոգին, եւ ես գիտեմ՝ այս հատկանիշները ընդհանուր են մեր երկու ժողովուրդների համար: Զարմանալի չէ, որ Հայաստանը երկար տարիների ջազային ավանդույթներ ունի ու հանդիսանում է այս եզակի ամերիկյան արվեստի ջատագովներից մեկը: Այսօր մենք միանում ենք հայ ջազ հանրությանն ու մեր հարգանքը մատուցում Հայաստանում ջազի ականավոր դեմք Արմեն Թութունջյանի հիշատակին»,-նշել է դեսպանը:
Փառատոնն այս տարի մեկնարկել էր «Ararat Jazz Night» համերգով, որի գլխավոր հյուրը Գրեմմիի դափնեկիր, աշխարհահռչակ բաս կիթառահար Ռիշար Բոնան էր: Ինչպես նաեւ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգ, որի ընթացքում ելույթ են ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախումբն ու Վահագն Հայրապետյան ջազ տրիոն:
Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: