Խարիզմատիկ ու սիրված դերասան, հաղորդավար, ով կյանքի այս փուլում իր մտքերն ու հույզերը որոշել է արտահայտել նոր ձեւաչափով՝ ռոք-բալլադների միջոցով. Խորեն Լեւոնյանն ընկերների, հարազատների եւ երկրպագուների միջավայրում համերգային երեկոյի միջոցով ներկայացրեց իր «Հույս» ալբոմը:
Բեմելից առաջ
Սարսափելի մեծ է հուզմունքը, բայց պետք է փորձենք հենց առաջին երգի ժամանակ հաղթահարել: Շատ դժվար է ծնվել այս ալբոմը՝ մեծ խնդիրներով, վայրիվերումներով. յոթ ամիս տեւեց աշխատանքը։ Հիմա վերջապես եկել է այն նշանակալի օրը, երբ հանձնում եմ հանդիսատեսին։ Շատ կարեւոր կլինի նրանց արձագանքը։
Պատերազմի ընթացքում առաջացավ «Հույսը»
Երգերի երաժշտությունը գրել է Իշխան Ղարիբյանը, խոսքերը Տիգրան Աթայանինն են։ Ես այդ ամենը համախմբել եմ, ի մի եմ բերել ու դարձրել ալբոմ։ Պատերազմի ընթացքում են ստեղծվել այս երգերը, ընդամենը մի քանի երգ է հետո գրվել։ Մեր հույզերը, մեր դիրքորոշումը, այն, թե ոնց ենք տեսնում այս կյանքը, փորձել ենք փոխանցել երաժշտությանն ու բառերին։ Իսկ հիմա տալիս ենք այն մարդկանց, որոնք մտածելու, լսելու, ինչ-որ չափով իրենց կյանքը վերանայելու ցանկություն ունեն: Հուսով եմ՝ այս երգերը լսելուց հետո, մարդիկ գոնե մի քանի վայրկյան կմտածեն այն ամենի մասին, ինչ կատարվում է:
Միանգամից հասկացա, որ ասելիքն իմն է, իմ հոգուց է: Որոշեցի, որ այս երգերը, որոնք ստեղծվել են Կապանում, չմնան այնտեղ։ Որոշեցի հանրայնացնել, որ բոլորն իմանան՝ կա այսպիսի դիրքորոշում, կան այսպիսի էմոցիաներով մարդիկ, կան այսպիսի մտածելակերպով մարդիկ։
«Դժոխքի ձորում ես դեռ ունեմ հույս...». ի՞նչ է հույսը
Չգիտեմ... երեւի շատ նեղ անձնական է։ Ցանկացա՝ «Հույս» լինի, որովհետեւ շատ խառը ժամանակներ են։ Զգում եմ՝ հույսի խնդիր ունենք մենք: Ալբոմը սկսվում է «Պատերազմ» կոչվող երգով. մեր մանկությունն է՝ 1992 թվականը, երբ լսվեցին ուժեղ ձայներ, ու մենք այդպես էլ չկարողացանք հասնել դպրոց...
Ցանկանում եմ՝ հույսը, սերը, հավատը միշտ լինեն, բայց առաջին հերթին՝ հույսը։ Երգում ասվում է՝ «Դժոխքի ձորում ես դեռ ունեմ հույս». ամենածանր վիճակում անգամ մեր հույսը չպետք է կորցնենք եւ հավատանք մեր ուժերին:
Ռոքի մեջ տեսնում է ուժը
Շատերը գուցե չէին սպասում, որ այս ժանրը կընտրեմ, բայց ռոք շատ եմ սիրում։ Ոմանք երեւի մտածում էին՝ ավելի հանգիստ, հայկական մոտիվներով կլինի, բայց հատուկ եմ ընտրել ռոք-բալլադների տարբերակը, քանի որ դրա մեջ տեսնում եմ այդ ուժը, հույսը եւ առաջ գնալու մեծ ներուժը։
Կյանքի այս փուլը
Բազմիցս եմ ասել, բայց էլի կասեմ՝ արտիստը, դերասանը պետք է կարողանա երգել, պարել, չէ՞ որ ինստիտուտում սովորեցնում են... սա՝ որպես կատակ։ Երբեք ոչինչ չեմ արել արհեստականորեն նախագծելով։ Միշտ հասունացել է պահը, ու ես արել եմ այդ քայլը, ինչպես հիմա՝ պետք է անեի ու արեցի։ Կապրենք ու կերեւա, թե ինչպես կշարունակվի։ Գուցե ոճը փոխվի. այլ տեսակ երգեր լինեն։ Կյանքը ցույց կտա։ Ամեն անգամ մենք մտածում ենք, որ այ, այս մի բանը պետք է անել, բայց մեկ էլ հանգամանքներն այնպես են փոխվում, որ զգում ես՝ պետք է այլ կերպ գործես։ Համաշխարհային հարթակներում շատ դերասաններ կան, որ ունեն հետաքրքիր ալբոմներ։ Իմ նախասիրությունն է սա: Երբեք չեմ կարող ասել՝ երգիչ եմ: Սիրում եմ երգել ու ասելիքս կյանքի այս փուլում այս ձեւաչափով ու այս տեսակ եմ փոխանցում։
Կլինեն տեսահոլովակներ ու փաստավավերագրական ֆիլմ
Առաջինը «Հույսն» է, որ արդեն կա YouTube-ում։ Հետո կլինի «Երդումը»։ Որոշել եմ՝ ալբոմի ութ երգն էլ կունենան տեսահոլովակ։ Շատ քիչ են դեպքերը, որ ամբողջ ալբոմը տեսահոլովակներով ներկայացնեն։ Բայց սա այդ դեպքն է. ասելիք կա, այնքան էմոցիա կա, վերապրել ենք ու ապրել պատերազմը, հետեւանքները... Երգերը լինելու են նաեւ փաստավավերագրական ֆիլմում, որի վրա հիմա աշխատում ենք:
Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: