×


«Դեպի մարդկային հանճարի բարձունքները»․ համերգ՝ նվիրված Լիլի Չուգասզյանի 100-ամյակին

«Նա եկավ, տեսավ եւ հաղթեց՝ ձեռք բերելով հազարավոր նոր բարեկամներ։ Երգչուհին հայկական երգերն այնպես է մատուցում, որ դահլիճում նստածները շունչները պահած հետեւում են նրա յուրաքանչյուր հնչյունին։ Չուգասզյանը մեծ է, չափազանց մեծ»՝ ամերիկացի երաժշտական քննադատ Սիլվիա Կատլերի խոսքերն են հանրահայտ օպերային երգչուհի Լիլի Չուգասզյանի մասին։ 20-րդ դարի մեծանուն կոնտրալտոներից մեկը, Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի ամերիկահայ երգչուհին այս տարի կնշեր իր 100-ամյակը, եւ այդ առիթով Երեւանի պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիայում հիշատակի համերգ էր կազմակերպվել։ Հնչել են Լիլի Չուգասզյանի համերգներից ձայնագրություններ, ցուցադրվել արխիվային տեսանյութեր, եղել են զրույցներ, ելույթներ, օպերային կատարումներ։

«Գիտեմ Լիլի Չուգասզյանի անցած ստեղծագործական ողջ ուղին, նրան երկու անգամ հանդիպել եմ Նյու Յորքում. առաջին անգամ՝ 1999 թվականին, երկրորդ անգամ՝ 2001-ին։ Վերջերս, երբ առիթ եղավ խոսել նրա զարմիկի՝ Գարեգին Չուգասզյանի հետ, հասկացանք, որ չենք կարող այս տարեթիվն անտեսել։ Որոշեցինք հոբելյանական համերգն իրականացնել մեզ մոտ՝ Օպերային ստուդիայում»,- BRAVO.am-ի հետ զրույցում ասաց ստուդիայի գեղարվեստական ղեկավար, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը։

Հասմիկ Պապյանը


Իր խոսքում նա նկատեց՝ Լիլի Չուգասզյանը 20-րդ դարի մեծագույն օպերային երգչուհիներից մեկն է՝ բացառիկ ձայնով, եւ այն, որ 290 անգամ երգել է Մետրոպոլիտեն օպերայում, արդեն ամեն ինչ ասում է։

Համերգի սկզբում ելույթի խոսքերով հանդես եկան Չուգասզյան ընտանիքի անդամները՝ պատմելով երգչուհու կյանքի ու ստեղծագործական ճանապարհի մասին։ Միջոցառման համակազմակերպիչներից Գարեգին Չուգասզյանը հատկանշական զուգահեռներ տարավ անցյալի ու ներկայի միջեւ՝ ընդգծելով, որ հայ ժողովրդի համար ամենադժվարին պահերին աշխարհի որեւէ անկյունում փայլում է մի պայծառ աստղ՝ որպես հույս ապագայի, ինչպես եղավ Լիլի Չուգասզյանի ծնունդը:

Գարեգին Չուգասզյանը


«Լիլին ծնվեց 1921 թվականին, երբ թվում էր՝ մեր հույսերի կործանման վերջակետը պիտի լիներ, Հայաստանի Հանրապետության վերջնական անկումը։ Եվ այդ տարում ծնվում է Լիլի Չուգասզյանը, գաղթականի ընտանիքում՝ Միացյալ Նահանգներում, որտեղ զրոյից պիտի սկսեին իրենց կյանքը։ Եվ այսօր՝ մեր ժողովրդի այս տխուր, խավար, հիասթափության պահերին, պիտի հիշենք, որ այսպիսի պահեր ապրել ենք անցյալ դարասկզբին։ Եվ ահա տեսեք՝ Լիլին այսօր դաս է տալիս մեր ժողովրդին, թե ինչպես կարող էր չընդունել թափառական գնչուի այդ ճակատագիրը, հակադրվել դրան։ Այսօր նա մեզ ուղեկցելու է համաշխարհային երաժշտական, մարդկային հանճարի ամենաբարձունքները»,- ասաց Չուգասզյանը։


Մետրոպոլիտեն օպերայում եւ Նյու Յորքի օպերային թատրոններում հանդես գալուց բացի, Լիլի Չուգասզյանը ելույթներ է ունեցել աշխարհի բազմաթիվ այլ բեմերում, այդ թվում՝ Հայաստանում՝ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում (1967 թվականի սեպտեմբերին)՝ կատարելով Փառանձեմի դերերգը Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ» օպերայում։ Հատկանշական է, որ Լիլին իր կարիերայի ընթացքում հաճախ է կատարել հայկական երգեր, ինչպես, օրինակ, 1978 թվականին Վաշինգտոնում՝ Սպիտակ Տանը։ 1981 թվականին Չուգասզյանն արժանացել է ՀԽՍՀ մշակույթի նախարարության Պետրոս Ադամյանի անվան մրցանակի։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին