×


«Մաուգլին» վերադարձել է Գյումրի. սպասված պրեմիերայի հետաքրքիր դրվագները

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում երկու օր անգամ կանգնելու տեղ չկար. լեփ-լեցուն դահլիճն անհամբերությամբ սպասում էր տարվա ամենազանգվածային ու քննարկված «Մաուգլի» ներկայացմանը: Bravo.am-ը եւս ներկա է եղել պրեմիերային ու Երեւան վերադարձել բազմաթիվ տպավորություններով:

Գյումրու թատրոնի բեմում «Մաուգլին» եղել է նաեւ 1980-ականներին, այն ժամանակ  բեմադրողը Խորեն Աբրահամյանն է եղել: Լյուդվիգ Հարությունյանի մատուցմամբ «Մաուգլին» մերօրյա շեշտադրումներով ու լուծումներով է:

Ռեժիսորի հուզմունքը

«Առանձնահատուկ շնորհակալ եմ դահլիճում գտնվող իմ ընկերներից ու հանդիսատեսից: Շատ բեմադրություններ եմ արել, բայց չգիտեմ՝ ինչու, այս անգամ առանձնահատուկ հուզված եմ. սա քննությունն է ինձ համար: Մեր մեծ թիմով պատրաստել ենք մի ներկայացում, որի վրա մեկ տարի ենք աշխատել: Թատրոնը միշտ աշխատել ու աշխատելու է եւ իր խոսքն ասելու»,- ներկայացումից առաջ նշել է ռեժիսորը:


«Մաուգլին» ցույց է տալիս, որ ինչպես ջունգլիներում, այնպես էլ կյանքում պայքարելու ու հաղթելու համար պետք է միասնական լինել եւ ենթարկվել սահմանված օրենքներին: Անկախ տարաձայնություններից՝ կենդանիները համախմբվում են վտանգավոր պահերին, միայն այդպես է հնարավոր պաշտպանել այն տեղը, որտեղ ապրում են: Ռեժիսորը ցանկացել է այդ կարեւոր ուղերձը փոխանցել նաեւ մարդկանց:

Մաուգլիները

Դրամատիկականի բեմում 3 Մաուգլիներ էին, մանուկ տարիքում կերպարը հիանալի մարմնավորել են 5-ամյա Արեն Պետնյակն ու 12-ամյա Արտուշ Բաղդասարյանը, իսկ երիտասարդ Մաուգլիին յուրահատուկ հմայք է հաղորդել Արսեն Միքայելյանը:


Արենը

Ամենափոքր Մաուգլիի դերի համար սկզբում Արենի 1,5 տարեկան եղբորն են ընտրել, սակայն նա շատ փոքր էր ու դժվար կլիներ ստանալ այն, ինչ ուզում էին: Արենի մայրիկը՝ Անահիտ Երեմյանն է պատմել, թե ինչպես է նա մտել կերպարի մեջ.

«Փորձնական Արենին առաջարկեցին խաղալ, մինչեւ նոր դերակատար կգտնեին: Քանի որ նա ընդգրկվեց կազմում, այդպես էլ մնաց: Շատ հեշտ ընկալեց դերն ու դուրն եկավ այդ աշխատանքը: Ինչ ասում էին, միանգամից անում էր, ճիշտ է՝ մի գործողությունը կարող էր մոտ 10 անգամ կրկնել, բայց՝ հաճույքով: Տանն ահավոր է. փոքր եղբորն էլ է վարակել Մաուգլիով, անընդհատ նույն ժեստերն ու շարժումներն են անում»:


Արտուշը

Արտուշ Բաղդասարյանի համար ամենաբարդն է եղել հաղթահարել բարձրության նկատմամբ ունեցած վախը: Դերը խաղալու համար 7 ամիս չի կտրել մազերը, որպեսզի ամբողջությամբ նմանվի իր կերպարին:


«Շատ հեշտ եմ դերին պատրաստվել, որովհետեւ հասկանում եմ, թե ինչ է ուզում հենց Մաուգլին: Նրա համար ամենակարեւորն իր նպատակին հասնելն է, այդ ճանապարհին միշտ դժվարությունների է հանդիպում, սակայն դրանք անցնում է ու գայլ դառնում: Մաուգլին միշտ ուզում է նման լինել իր շրջապատին, բայց դա անում է ավելի լավ, քան մնացածը: Այս ներկայացման մեջ ինձ դուր է գալիս հենց Մաուգլիի նպատակը, ռեժիսուրան ու թե ինչպես են դրված տեսարանները: Մեծ Մաուգլին՝ Արսենն, ասում է, որ միշտ փորձերի ժամանակ նստում է դահլիճում, որ մեզնից միմիկաներ եւ շարժումներ վերցնի եւ դրանցից մի քանիսը ինքն էլ օգտագործի: Արսենից սովորել եմ ձիգ լինել, որովհետեւ ես Մաուգլիին ավելի մեղմ էի պատկերացնում»,-պատմել է նա:

Արուշ Բաղդասարյանը նաեւ երգում է, հենց դրա շնորհիվ էլ Վարդան Պետրոսյանի ներկայացման ժամանակ հայտնվել է դրամատիկական թատրոնում: Խոստովանում է, որ սիրում է դասական կատարումներն ու ցանկանում է հետագայում երաժշտական կատակերգու դառնալ:


Արսենը

Արսեն Միքայելյանի համար Մաուգլիին մարմնավորելը չափազանց պատասխանատու է եղել, թեեւ իր սիրելի ու երազած դերն է խաղացել.

«Շատ երկար ենք աշխատել ներկայացման վրա, ես կրկնօրինակող չունեի, ու առողջական խնդիրներ առաջանալու դեպքում բոլոր աշխատանքները դադարում էին: Ֆիզիկական ու հոգեւոր մեծ պատասխանատվություն եմ ունեցել: Մաուգլին գրական ամենահետաքրքիր կերպարներից է, շատ էի ցանկանում այդ աշխատանքում հայտնվել ու շնորհակալ եմ այն մարդկանց, որոնց շնորհիվ ներկայացումը կայացավ:


Շատ առողջ մթնոլորտում են աշխատանքներն ընթացել՝ ստեղծագործական, ֆանտաստիկ, վարակիչ: 60-ից ավելի դերակատարներ են ներգրավված. իրար ոգեւորում էինք, օգնում, ուղղորդում, վերլուծում: Վայելքի մեծ զգացմամբ ենք աշխատել:

Վնասվածքներն էլ շատ էին լինում, հիվանդանոցում էինք հայտնվում. Շերխանի դերակատարն այնքան լուրջ էր վնասվել, որ նրան փոխարինեցինք: Որքան պրեմիերան մոտենում էր, փորձում էինք այնպես անել, որ լարվածությունը չխանգարի մեզ:


Մաուգլի բնավորությունը ներքին հակասություններ ունի, նա անհատականություն է, որին հասարակությունը փորձում է ճնշել: Նա օտար է ե՛ւ մարդկանց մեջ, ե՛ւ կենդանիների: Նման դեպքերում պետք է ճանապարհ գտնել` սեփական եսն ու տեսակը չկորցնելու համար:

Կերպարի մեջ կամաց-կամաց մտա, երկար ժամանակ ուսումնասիրում էի մարդկանց, որոնք հայտնվել են բնության մեջ ու կենդանիների հետ ապրել: Շատ ազդեցիկ էր, բայց պետք էր հասկանալ, թե ինչ է կատարվում նրանց հետ»:


Ներկայացումը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ բոլորս բնությունից ենք ու նույն արյունն ունենք, սակայն անդադար խախտում ենք ներդաշնակ լինելու օրենքներն ու արդյունքում ինքներս հայտնվում փակուղիների առջեւ:

Տեքստը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Գյումրու դրամատիկական թատրոնի եւ հեղինակի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին