×


Նկարներին կյանք հաղորդելով․ ինչպես է Հայկ Սայադյանը ստեղծել «Դու միայն ապրիր» անիմացիոն հոլովակը

«Կողմնակի բոլոր գործերս թողել էի, ջրաներկի ու համակարգչի առջեւից գնում էի միայն քնելու համար»,- պատմում է Հայկ Սայադյանը՝ օրեր առաջ թողարկված «Դու միայն ապրիր» երգի անիմացիոն տեսահոլովակի սցենարի հեղինակը, նկարիչն ու ռեժիսորը՝ խոսելով իր եւ երգիչ Աբել Կյուրեղյանի համատեղ աշխատանքի մասին։ Խոստովանում է՝ շատ կուզեր՝ պատերազմի արհավիրքներին անդրադառնալու առիթ երբեք չունենար, բայց նաեւ կարծում է՝ հոլովակը տեղին է, եթե ուսուցանող է եւ գոտեպնդող:



«Աբելը դեռ մեկ տարի առաջ ուներ այս երգը, իսկ տեսահոլովակի համար դիմեց ինձ։ Երգն այնքան հավանեցի, որ հենց լսելու ընթացքում տեսա ամբողջ պատմությունը. մտքումս նկարեցի։ Միանգամից զանգեցի Աբելին, ասացի՝ եղբայր, չգիտեմ՝ երգելու ընթացքում ինչ պատմություն ես ունեցել, բայց ես լսելիս այսպիսի պատմություն տեսա։ Ու մոտավոր ներկայացրի պատկերացրածս։ Աբելը շատ հուզվեց, ասաց՝ «Հայկ ջան, եթե համաձայնես անել, ուրեմն՝ արա այնպես, ինչպես պատկերացնում ես։ Ես ո՛չ կմիջամտեմ, ո՛չ կխանգարեմ, ո՛չ իմ ուղղությունները ցույց կտամ, որովհետեւ այն, ինչ հիմա պատմեցիր, ես էլ տեսա»»,- հիշում է Հայկը։

Նա նաեւ պատմել է, որ շատ կարճ ժամանակահատվածում է ամբողջը նկարել՝ մոտ քսան օրում․«Վերջնաժամկետ էի սահմանել մինչեւ դեկտեմբերի 20-ը, բայց այնքան հարթ էր ընթանում, որ ավարտին Աբելն էլ զարմացավ։ Հատկապես անիմացիայի դեպքում այս թիվը՝ քսան օրը, շատ ծիծաղելի կարող է հնչել․ նման աշխատանքները տեւում են ամիսներ, արվում են ստուդիայում, աշխատում է մի քանի մարդ, իսկ այս դեպքում ես միայնակ եմ արել ամբողջը։ Պարզապես շատ է իմը եղել»։


Խոստովանել է՝ էմոցիոնալ տեսանկյունից ծանր է տարել հոլովակը նկարելու ամբողջ ընթացքը.«Նկարելիս նույնիսկ պատկերացնում էի՝ շատերի ցավոտ ու թույլ տեղին եմ կպնելու, եւ գուցե հենց դրա համար այդ մարդիկ չսիրեն, նույնիսկ ատեն այս գործը։ Թեմաներ կան, որոնց պետք չէ մոտենալ, բայց ի վերջո եթե անդրադարձը լինում է տեղին, լավ գաղափար է ունենում, նաեւ սովորեցնող է լինում, ապա կարծում եմ՝ պետք է։ Ցավոք, ունենք այն, ինչ ունենք։ Շատ կուզեի՝ սա նկարելու առիթ երբեք չունենայինք»։

Խոսելով տեսահոլովակը նկարելու տեխնիկայի մասին՝ ռեժիսորը պատմել է, որ նախ՝ նկարում է մատիտով, ապա՝ ջրաներկով եւ վերջում տեղափոխում համակարգիչ, որտեղ էլ մշակում է ու վերջնական տեսքի բերում։ Հիշում է, որ դեռ մանկուց էր սիրում իր նկարներին կենդանություն հաղորդել․«Մինչեւ հիմա մայրս տանը պահում է իմ մանկական ու պատանեկան նկարչական ալբոմները, որոնցում այդքան նկարչություն չկա, որքան թերթերի անկյուններում շարժապատկերներ։ Հետագայում ընտրեցի անիմացիան, որովհետեւ ուզեցի իմ նկարներին կյանք հաղորդել, որ նրանք իրենց սեփական ձայներն ու շարժումներն ունենան։ Ու նաեւ ըստ իս՝ անիմացիան արվեստի այն ճյուղն է, որ երաժշտությունը, նկարչությունը, կինոռեժիսուրան ու առնչվող բոլոր ճյուղերը միավորում է։ Այսինքն՝ գործիք է, որն արտահայտվելու շատ ավելի մեծ հնարավորություն է տալիս»։

Հայկ Սայադյանը


Ամփոփելով իր խոսքը՝ Հայկ Սայադյանը հույս հայտնեց, որ «Դու միայն ապրիր» երգի հոլովակն իր եւ Աբել Կյուրեղյանի երկարատեւ ու լավ համագործակցության սկիզբը կլինի․«Հազվադեպ է լինում, որ պատվիրատուի ու կատարողի միջեւ ամեն ինչ այսքան մեծ ոգեւորությամբ ու հարթ է ընթանում, նույնիսկ հետագայում հանրահռչակման ու հեղինակային իրավունքների պաշտպանության տեսանկյունից»։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Հայկ Սայադյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին