×


«Պետք է ազնիվ լինեմ». Սեւակ Խանաղյանը՝ երեւանյան մենահամերգի, Հայկոյի, անձնականի ու երգերի մասին

Ռուսաստանաբնակ երգիչ Սեւակ Խանաղյանը Մարզահամերգային համալիրում հանդես է եկել «Жди меня там» խորագիրը կրող մենահամերգով: Երգչի ու հանդիսատեսի հանդիպումը Երեւանում շատ սպասված էր, ջերմ, հուզաշատ ու անմիջական: Bravo.am-ը հանդիպել է Սեւակին, զրուցել համերգից առաջ ապրումների, երգերի, առաջիկա ծրագրերի եւ այլ թեմաների շուրջ:

Սպասումներ

Յուրաքանչյուր համերգից առաջ մտածում եմ, որ կգա հանդիսատես, որն ուղղակի չի եկել, այլ ցանկանում է լսել հենց ինձ։ Միշտ ուրախ եմ հանդիպել իմ իսկական հանդիսատեսին, որը գնահատում է իմ արվեստը: Սպասումները միշտ նույնն են: Գլխավոր ակնկալիքս այն է, որ մարդկանց դուր գա եւ արձագանք գտնի իրենց սրտերում, որ մենք շնչենք համաչափ: Արտիստը միայնակ չի կարող ստեղծել մթնոլորտ, այն ստեղծվում է, երբ կապ կա հանդիսատեսի, երաժիշտների ու արտիստի մեջ: Սկզբում մեղեդային, խոր ու ապրումներ առաջացնող երգեր, հետո ավելի թեթեւ ու ռիթմիկ՝ այս անգամ այսպիսի ծրագիր էր կազմվել հանդիսատեսի համար:


«Վերադարձիր» երգն ու հերոս տղաների լուսանկարները մեծ էկրանին

Նրանց գործն անմահ է… Պատերզամը շատ ծանր տարա, ինչպես յուրաքանչյուր հայ: Շատ ուժեղ հարված էր: Մենք մի ամբողջ սերունդ կորցրինք, ես էլ ունեմ ծանոթներ, որոնց կորցրի: Հայ ազգը պետք է վերաիմաստավորի իր անելիքը. ինչպես շարունակել, որ հետագայում չկրկնվեն նույն սխալները: Ինչպես կառուցել, ապրել ապագայով, այլ ոչ՝ անցյալով:

«Լսարանի հետ պետք է ազնիվ լինել»

Ինձ սովոր են տեսնել մեղեդային երգերով, բայց ես այլ երաժշտություն էլ եմ սիրում ու ստեղծում: Իմ առաջին երգը՝ «Когда мы с тобой», ռիթմիկ ու դրական, ուրախ երգ է: Շատ ունեմ այսպիսի երգեր, բայց թախծոտ ու սրտին կպնող երգերը մարդկանց ավելի հոգեհարազատ են: Տարբեր երգեր եմ ներկայացնում, բայց չեն ընդունվում այդքան լավ, տարածում չեն գտնում: Օրինակ՝ «Океан внутри тебя» երգը կնոջ բնավորության մասին է, իսկ «Открой глаза» երգը՝ կյանքի դիրքորոշման, որը ոգեշնչող է: Հանդիսատեսն ինձ ասոցացնում է իմ ամենատարածված երգերի հետ, որոնք ապրումներով լի են: Իմ առաջ խնդիր չեմ դրել ստեղծել միայն այն, ինչը հանդիսատեսին դուր կգա: Նախ եւ առաջ ինձ համար եմ ստեղծում, ինձ պետք է դուր գա, եթե փորձեմ միայն հաճոյանալ լսարանին, ապա կկորցնեմ ինձ: Նրանց հետ առաջին հերթին պետք է ազնիվ լինեմ, իսկ եթե իմ երգածն ինձ դուր չգա, ո՞նց կարող եմ ազնիվ լինել:


Սեւակին վերագրվող անձնական խնդիրներ, սիրո տխուր պատմություններ

Հիանալի է, երբ դու քո կյանքի իրավիճակների մասին ես երգում, եւ իմ երգերի 80%-ը հենց այդպիսին են, բայց կան նաեւ պատմություններ, որոնց դեպքում դու ասես նկարիչ ես, որը պետք է փոխանցի, վերապատմի այլոց իրականությունն ու պատմությունը: Պարտադիր չէ, որ անձնական դժվարություն կամ խնդիր լինի, որ կատարելիս վերապրես ու փոխանցես: Պատերազմի մասին երգելու համար հարկավոր չէ գտնվել հենց պատերազմի էպիկենտրոնում, բավական է ունենալ բանականություն, նայել մարդկանց, որոնք կորցնում են իրենց հարազատներին, հասկանալ, գիտակցել, թե որքան ահավոր է դա: Նույն կերպ էլ սիրո մասին է, կարելի է նայել ու զգալ՝ ինչ է բաժանումը, կարոտը: Իմ կյանքում ամեն ինչ լավ է, փառք Աստծո:

«Երգիչ Հայկոն հավերժ օրինակ է»

Նա յուրահատուկ երաժիշտ էր: Երջանիկ եմ, որ անձամբ ճանաչել եմ. հրաշալի հոգու տեր մարդ էր: Երաժշտական առումով Հայկոն օրինակ է, նա անում էր այն, ինչն իրեն էր դուր գալիս ու թողեց իր հետքը մեր երաժշտական ժառանգության մեջ։ Քանի դեռ ապրում է նրա երաժշտությունը, ապրում է նա… Նա հավերժ է: Համերգի ժամանակ էկրանին Հայկոյի՝ այդ բեմում վերջին ելույթից հատվածը մեր խոնարհումն է նրա վառ հիշատակին…


Նոր մտքեր, նոր էներգիա

Մյուս տարի ռուս արտիստների հետ համագործակցելու ծրագիր կա, բայց մի քիչ բարդ է, քանի որ ե՛ւ նրանց, ե՛ւ իմ զբաղվածությունը շատ է: Դա ինչպես է սովորաբար լինում. հանդիպում ենք ինչ-որ տեղ ու տեղում մտածում, որ կարելի է մի բան միասին ստեղծել, բայց հետո կես տարի, մեկ տարի անցնում է, ու չի ստացվում: Մտքեր ունեմ Ամանորին գրել նոր ալբոմ, ուզում եմ էքսպերիմենտ անել ու ստեղծել մի քիչ այլ երաժշտություն: Դեռ գլխումս է պտտվում ամենը: Կգա նոր տարի, նոր մտքեր, նոր էներգիա, եւ խմբիս հետ կնստենք ստուդիայում ու ստեղծենք այն, ինչն այդ պահին հաճելի կլինի ու կգա սրտից: Փետրվարին կլինեն նոր երգեր:

Փորձել են ներկայանալ որպես Սեւակի մենեջեր

Սկզբում Հայաստանում ոչ մի մենեջեր չեմ ունեցել իրականում, թեեւ եղել են մարդիկ, որոնք փորձել են դրանով զբաղվել, բայց, մեղմ ասած, չեն կարողացել իրականացնել այս գործառույթը: Իմ համերգային տնօրենը եղել ու մնում է Ալբերտ Վարդանովը, որն իմ ընկերն է: Իմ ընկերն է նաեւ Արա Ղազարյանը, եւ քանի որ նա ապրում է Հայաստանում ու լավ գլուխ է հանում այդ գործերից, եւ ես վստահում եմ իրեն, ապա այստեղ իմ մենեջերական գործերով նա է զբաղվում: Նա նաեւ ռեժիսոր է ու նկարել է իմ տեսահոլովակներից շատերը՝ «Արցախ», «Ярко», «Открой глаза», «Жди меня там», «Без тебя не так»: Ուրիշ ոչ ոք չի կարող ասել, որ իմ մենեջերն է եւ այլն:


Երեւանյան համերգին՝ երկրպագուներ Մոսկվայից

Շատերն են եկել, քանի որ այնտեղ հիմա համերգ կազմակերպելը դեռ վտանգավոր է: Անցած տարի էի ուզում, բայց համավարակ, կարանտին, ու ամեն ինչ հետաձգվեց. իմ «բախտը բերում է...»: Ամենաշատը չեմ սիրում համերգները չեղարկել կամ օրը փոխել: Եթե անգամ ես չեմ մեղավոր, ապա սկսում եմ անհանգստանալ ու ինձ մեղավոր զգալ: Սիրում եմ հանգիստ քնել, չեմ սիրում, երբ անհանգիստ եմ: Ուրախ եմ, որ շատերը գրեցին, որ Երեւանը մոտ է ու եկան:

Երաժշտական մրցույթներն այլեւս հետքրքիր չեն

Սկզբում մասնակցեցի տարբեր հեռուստանախագծերի, մրցույթների, քանի որ այդ կերպ մարդկանց ծանոթացրի իմ երգարվեստին: Հիմա արդեն նման ծրագրերն ու մրցույթներն ինձ հետաքրքիր չեն: Նոր քայլեր անող յուրաքանչյուր մարդու համար էլ դրանք հնարավորություն են այս ոլորտում իրենց ցույց տալու համար։

Զրուցեց Արմինե Բրսոյանը/Bravo.am/
Լուսանկանրները՝ Սարգիս Մկոյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին