×


Շուշան Պետրոսյանը՝ համերգների, Արցախի, զինվոր լինելու, վախերի եւ Հայկոյի մասին

Երկարատեւ դադարից հետո Երեւանում ակումբային համերգով հանդես եկավ Շուշան Պետրոսյանը: Երգչուհին, սակայն, այս ընթացքում համերգային ծրագրերով բազմիցս ներկայացել է արցախյան հանդիսատեսին: Պատերազմից հետո «Արցախիկներ» խմբի, խմբի ղեկավար Տիգրան Սուչյանի հետ Մարտունիում, Մարտակերտում, Ստեփանակերտում, Աղավնոյում ունեցան համերգներ, հետո Տիգրան Սուչյանի, Կարեն Մամիկոնյանի, Արտո Թունջբոյաջյանի, Արտյոմ Մանուկյանի հետ համերգներ ունեցան Ստեփանակերտում:

BRAVO.am-ը Շուշանի հետ զրուցել է մենահամերգից առաջ:

- Երեւանյան համերգներին երկար եկա՝ եռամյա փորձություններից հետո: Պատասխանատվությունն էր մեծ, վախ կար: Ծանր տարի էր նաեւ առողջական առումով: Բայց կարեւորը՝ ոգիս տեղն էր. դա այն է, որ ինձնից չես խլի:

- Վախենո՞ւմ էիր հանդիսատեսի անհամարժեք արձագանքից:

-Չէ, դա ինձ չէր վախեցնում, դա ինձ առհասարակ չի վախեցնում, քանի որ կանգնում եմ հանդիսատեսի առջեւ այնպիսին, ինչպիսին կամ: Ինձ հետաքրքիր էր՝ ինչ հանդիսատես կլինի. միայն ծանոթնե՞ր, թե՞ երգս կարոտած հայեր։ Հուրախություն ինձ՝ բարձրակարգ հանդիսատես էր, այս երկրի համար մտահոգ, երկիրը սիրող մարդիկ: Դահլիճի 80 տոկոսին չէի ճանաչում: Իսկ ես ու հանդիսատեսն այնքան էինք կարոտել միմյանց, որ երեկոն շատ ջերմ ու հուզական անցավ ու դեկտեմբերի 23-ին էլ կրկնվելու է: Հասկացա, որ երգիս կարիքը կա, ու շնորհակալ եմ գնահատանքի համար: Ինձ ակումբն էլ դուր եկավ. հրաշալի մթնոլորտ է, այնտեղ հանդես են գալիս արժանավոր երգիչներ, երաժիշտներ՝ Ֆորշը, Արսեն Սաֆարյանը, Գոռ Սուջյանը, Դավիթ Ամալյանը, «Կադանս»-ի երաժիշտները…

Նունե Եսայանը՝ Շուշան Պետրոսյանի երեւանյան համերգին


- Վերջին տարիներին բազմաթիվ փորձությունների ես ենթարկվել, միշտ քննադատությունների թիրախում էիր: Եղե՞լ է պահ, երբ մտածել ես վերջ դնել կարիերայիդ ու այլեւս չերգել՝ հատկապես հայրենասիրական երգեր:

- Չէ, մեր երկրում հայրենասեր ու երկրի համար կռիվ տվող տղերք շատ կան: Իսկ կռիվ տվողի շուրթերին հայրենասիրական երգը ոգեղեն զենք է, ուրեմն՝ այդ երգը չի կարող մեռնել: Ավելին՝ ունեմ նոր երգեր։ «Սիսական» ջոկատի Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը, երգ է գրել հատուկ ինձ համար, որը շատ թանկ է: Դեռ անցյալ տարի, երբ Աշոտին կեղծ մեղադրանքով բանտարկեցին, նա բանտում ո՛չ գրիչ է ունեցել, ո՛չ թուղթ, ո՛չ հեռախոս, որ ձայնագրի: Ամբողջ գիշեր չի քնել, կրկնել է երգը, որ չմոռանա, ու առավոտյան, երբ փաստաբանը եկել է, անմիջապես գրի է առել այն: Այսօր երգը պատրաստ է, իմ լավ ընկերն էլ՝ էլի բանտում։ Չէ՛, այսպես չի մնա, չի կարող չարն անվերջ հաղթել. լույսը մոտ է։

- Շուշան, երբ դարձար պատգամավոր, շատերն ասում էին, որ չպետք է մտնեիր քաղաքականություն, քոնը երգն է: Չե՞ս զղջում, որ հայտնվեցիր քաղաքական դաշտում:

- Ինչի՞ համար զղջամ. որոշեցի դառնալ պատգամավոր ու մշակույթի հարցերը բարձրաձայնել: Ի վերջո պատգամավորի մանդատով այնքան խնդիրներ եմ լուծել, այնքան շատ եմ աշխատել ու կոնկրետ գործեր արել: Յուրաքանչյուր ոլորտից պետք է մարդ լինի խորհրդարանում. մեկը, որ ձեռքբերումներ ունի իր ոլորտում։ Անհամեստություն չհամարեք, բայց արդեն արվեստի ոլորտին (կերպարվեստ, երաժշտություն, թատրոն, կինո, գրականություն) տիրապետում էի, երբ դարձա պատգամավոր։ Մարդիկ պարզապես մոռանում են: Վատ, շատ վատ հիշողություն ունեն նաեւ պատվերով, գումարով գրող ֆեյքերը, որ առ այսօր ջանք չեն խնայում զազրախոսելու: «Մտավ քաղաքականություն, որ կայանա»: Ուզում եմ ասել՝ ա՛յ ախմախներ, ես վաղուց արդեն կայացած էի, երբ դարձա պատգամավոր:

- Երգդ տուժե՞ց:

- Այնքանով, որ ժամանակ չէի կարողանում տրամադրել. աշխատանքս շատ էր:

- Որպես քաղաքական գործիչ՝ չընդունեցին, իսկ հեղափոխությունից հետո, առավել քան երբեւէ, հայտնվեցիր քննադատությունների թիրախում: Կպատկերացնեի՞ր նման վերաբերմունք, չէ՞ որ նրանցից շատերը քեզ որպես երգչուհի ծափահարել են:
 
- Սկզբում, իհարկե, պատրաստ չէի ու չէի կարող պատկերացնել, որ կարող է մոռացվել այն ամենն, ինչ արել եմ մշակույթի ոլորտում: Ընդ որում՝ այդ հարցում «լրագրողները» բավական մեծ աշխատանք տարան. խեղում էին միտքս՝ վատ վերնագրերով ու հատուկ արված վատ նկարներով: Սկսեցին թիրախավորել պատգամավորական աշխատանքի առաջին իսկ պահից, մեկուկես տարի հետո հաղթահարեցի ու հասկացա, որ առաջադրանք կար՝ իրականությունը խեղելու, հասարակությանը վատ պատկերով հրամցնելու, ու կարծում եմ՝ ստացվեց. այսօրվա Հայաստանը վկա։ Այնքան ծրագրեր ունեի, որ պիտի իրականացնեի Արցախում, իրենք վատաբանում էին, ես գլուխս կախ իմ գործն էի անում։


- Քաղաքականությունն ինչո՞վ քեզ օգնեց. նույն գործը չէի՞ր կարող որպես երգչուհի անել:  

 - Օգնեց ավելի խորքային ծանոթանալ հայրենիքիս խնդիրներին, խնդրահարույց բոլոր ոլորտներին, աշխարհի մարտահրավերներին ու բարդ աշխարհաքաղաքականությունից բխող բոլոր ռիսկերին: Հասկացա, որ որքան Հայքն է բարդ, նույնքան՝ հայը: Շատ տարօրինակ բաներ էլ բացահայտեցի, օրինակ՝ խոսակցության ժամանակ այլ բան էր ասվում, ամբիոնից այլ բան էր հնչում: Այդ թատրոնին էլ ականատես եղա:

- Բայց թատրոնը քեզ համար զարմանալի չպիտի լիներ, այնպես չէ, որ մշակույթի ոլորտում այդ «թատրոնը» չկա:

- Այնտեղ մարդու ու երկրի կարգավիճակ չի որոշվում: Հայրենիքը մի քիչ չեն սիրում ու մի քիչ հղի չեն լինում. կա՛մ սիրում ու ծառայում են հայրենիքին, կա՛մ՝ ոչ:

- Պատերազմից հետո դժվա՞ր չէր ուժ գտնել ու նորից մեկնել Արցախ, առավել եւս համերգներով հանդես գալ: Իհարկե, պատերազմը դեռ չի ավարտվել, եթե մենք ամեն օր սահմանին զոհ ունենք:

- Մի նախադասությամբ կասեմ՝ երբ Ակնան ազատագրվեց, մենք կանոնավոր բանակ չունեինք, ու տղերքը հաղթեցին: Գնացել եմ, քանի որ տղերքը կբուժվեն, կվերածնվեն, ոտքի կկանգնեն, կամրանանք ու էլի կհաղթենք: Նման պարտություններ էլի են եղել, բայց հաղթել ենք, էլի կլինեն հաղթանակներ: Կենդանի մեռած ապրելը ոչ մի բանով չի օգնում: Ոտքի կանգնեցի, հաղթահարեցի առողջական ու հոգեբանական խնդիրները, գնացի ու գնալու եմ: Ու որեւէ անծագում բորենի ի զորու չէ արգելք հանդիսանալ, որ ես գնամ Արցախ:


- Արցախում ռումբերի պայթյունը դեռ լսելի է, մարդկանց վերքը չի սպիացել: Վախ չկա՞ր, որ երգդ չի ընդունվի. մարդիկ ուղղակի պատրաստ չեն դեռ համերգ լսելու:

-Խրամատներում իմ երգերն են երգել՝ մահվանը դեմ առ դեմ կանգնած: Փառք Աստծո, այդ տղերքից դեռ կան: Պահն այնպիսին է, որ ճիշտ երգեր պետք է երգես: Ո՛չ լաց, ո՛չ խրախճանք՝ ոգի: Արցախում ոգու երգը միշտ ընդունելի է: Հուզվում եմ ավելի շատ երկու երգի ժամանակ: «Անունս Արցախ է՝ չհանձնվող»՝ այս երգը ծնվեց պատերազմի ժամանակ, երբ մեզ հավաստիացրել էին, որ Գետաշեն ու Շահումյան ենք ազատագրել... Ու մտքովդ չի անցնում, չես էլ պատկերացնում՝ քեզ ակնհայտ խաբում են: Այդ երգը շատ կոտրված եմ երգում, ու ամեն-ինչ տեղն է ընկնում, երբ երգում եմ՝ «Արցախի հողում, սիրտն է իմ դողում, զգում եմ շունչը մեր տղերքի»: Այդ հողը մենք դավաճանելու իրավունք չունենք:

- Ինչո՞ւ ենք դարձել անտարբեր։

- Հայն իր սխալը չի ընդունում, իսկ այն մարդիկ, ովքեր ընդունել են ու դարձի են եկել, ուժեղ մարդիկ են: Ամեն մարդ իրավունք ունի խաբվելու, բայց այսօր զավեշտն այն է, որ մարդիկ կան, որ դեռ հավատում են, ավելին՝ արդարացնում են անհայրենիքների երկրակործան քայլերը: Դրանք հա՞յ են, կամ այսպես ասեմ՝ դրա՞նք էլ են հայ։ Լավ, ո՞նց կարող է հայն արդարացնել հայն ու Հայաստանը մասնատողին: Ուրեմն ԴՆԹ-ն պետք է ստուգել: Մի՞թե փողն այդքան ուժ ունի, որ հանուն դրա կարող ես երկիրդ վաճառել:

- Շուշան, այս իրավիճակն անգամ քեզ հետ չպահեց՝ Արցախում բարեգործական ծրագրեր իրականացնելու, սկսածդ շարունակելու: Արցախից վերադառնալիս Աղավնոյում հանդիպեցինք, ասացիր՝ ծրագրեր ես իրականացնում։ Կպատմե՞ս՝ ինչ ծրագրեր են, ո՞ւմ հետ ես իրականացնում:

-Ընկերներիս, այն մարդկանց հետ, ովքեր ապրիլյանին ինձ հետ աշխատել են, ու հասկանում, վստահում ենք իրար։ Իսկ բարեգործական ու մշակութային ծրագրեր իրականացնելն իմ կյանքի մի մասն են դարձել արդեն տարիներ: Ապրիլյանից առաջ՝ մարտի 30-ին, Արսեն Սաֆարյանի, Վարդան Բադալյանի հետ Մոսկվայում բարեգործական համերգի էինք, որի ամբողջ հասույթը տրամադրեցինք Մաղավուզի մշակույթի տան համար երաժշտական գործիքներ, բարձրախոսներ ձեռք բերելուն: Իսկ երբ Ապրիլյան պատերազմը սկսվեց, ամեն ինչ ուղղվեց բանակին: Ինձ հաճախ են ասում՝ ինչո՞ւ ես օգնում, դա պետք է արվի: Իհարկե, պետք է արվի, բայց պետք է նաեւ օգնենք: Ամեն մարդ, եթե զինվորի ճշգրտությամբ ծառայի հայրենիքին, հայրենիքը կլինի շատ ամուր: Բանակի սկզբունքը ո՞րն է. բոլորը հրամանատար լինել չեն կարող, այս երկրում բոլորը հրամանատար են, նախագահ են, վարչապետացու:


Ես սովորական զինվոր եմ եղել ու ծառայելու եմ միշտ։ Իսկ Աղավնոն խնդրահարույց ու լույսի կտոր գյուղ է: Գյուղապետը՝ Անդրանիկ Չավուշյանը, հրաշալի մարդ, որը բոլոր արգելքները փորձում է հաղթահարել, գյուղը պահել ու շենացնել: Ես իր կողքին պետք է լինեմ ու միշտ այն հայի կողքին եմ, որի համար թանկ է մեր երկրի ամեն միլիմետր հողը: Գյուղը չպետք է հայաթափվի, ու Աստված մի դուռ կբացի: Աղավնոն երեք կողմից թիրախավորված է թշնամիներով: Լուսաքողարկող վարագույրներ եմ տարել:
Դպրոցի դահլիճն եմ կահավորել, կահավորել եմ ճաշարանը: Այս ծրագրերը շարունակական են, հիմա էլ կարի արտել եմ վերանորոգում ու կահավորում: Անգլիական մեքենաներն արդեն ձեռք ենք բերել, ինչպես նաեւ մկրատներից, մետրից մինչեւ թել ու ասեղներ ու կարուձեւի այլ պարագաներ։ Հիմա էլ Ամանորի համերգային ծրագիր եմ պատրաստում. իմ մենահամերգը կլինի ու «Արցախիկների» հետ տոնական ծրագիր պստիկների համար։ Նաեւ իմ երկու ընկերուհիների՝ Նունեի ու Ելենայի հովանավորությամբ Աղավնոյի դպրոցի բակում մեծ տոնածառ կզարդարենք։ Սերգեյ Շախվերդյանի հետ էլ հանդիպումների շարք ենք անցկացնում Արցախի մտավորականության հետ: Մարդիկ շփման կարիք ունեն:  

- Հանդիպումների ժամանակ արցախցին ի՞նչ հարց է բարձրաձայնում, ինչպե՞ս է ապագան պատկերացնում։

- Եթե դուրս գանք ֆեյսբուքյան տիրույթից, որը իրականում մեծ խաբկանք է, ու թյուր կարծիք է ստեղծվել, որ արցախցին չի սիրում հայաստանցուն, հայաստանցին էլ՝ արցախցուն, ապա ամեն բան իր տեղում կլինի։ Արցախցին ուզում է, որ կապը չկտրվի Հայաստանի հետ, ով էլ չի ուզում, կրկնեմ, ԴՆԹ-ն ստուգեք: Ուզում եմ դիմել բոլոր նրանց, որ գնում էին ուտել-խմելու, վայելելու Արցախը, էս ո՞ւր եք, կարո՞ղ է վախենում եք, ինչի՞ց եք վախենում. դուք ձեր տնից ձեր տուն եք գնում:

Հույս ունեմ, որ այս չարիքը վերանալու, գնալու է երկրից, ու ավետյաց երկիրը դարձյալ վերածնվելու է: Չեմ կարող համակերպվել մի ամբողջ սերնդի կորստյան հետ: Սա չսպիացող վերք է: Ապրիլյանի ժամանակ գոնե գիտեինք, որ Ուրֆանյանը, Զոհրաբյան Անդրանիկը, Քյարամը, Ռոբը ու շատ-շատերը կռվել են։ Վերջին պատերազմում, վստահ եղեք, եթե դավաճանաբար չզոհվեին տղաները, լիքը ուրֆոներ ու ռոբեր կլինեին նրանց մեջ։

- Շուշան, չեմ կարող քեզ հետ զրուցել ու չխոսել Հայկոյից:

 -Հա՜, Հայկս... Սարսափելի ծանր եմ տանում իր կորուստը: Արցախում ապրելն ու աշխատելն ինձ սովորեցրեց ցավերը լուռ տանել: Բայց պատերազմից հետո տիկին Ռիտայի ու Հայկոյի մահը սպանեցին ինձ: Չեմ համակերպվում ոչ էն լույսի կտորի (Ռիտա Սարգսյան-խմբ․), ոչ էլ լուսավոր երաժշտություն, ռոմանս վերադարձրած Հայկոյի հետ: Հայկոն իմ հայրենասիրական երգերի սկիզբն է եղել։ Սպարապետը «մարտական» առաջադրանք էր տվել, որ ես ու Հայկոն միասին երգենք: Առաջին տարին գրվեց «Կյանքս հայրենիքին» երգը. Հայկը երաժշտությունը գրեց, ես՝ բառերը, հաջորդ տարի արդեն «Երազ իմ երկիրը» երգեցինք միասին: Մենք Հայկոյի հետ նոր մոտեցում, երանգ, ոգի տվեցինք հայրենասիրական երգին: Հայկի հետ ծանոթացել ենք Երգի պետականում: Լսեցի ու ասացի՝ ի՜նչ տաղանդավոր է, դա մեր ընկերության սկզբն էր: Հայկոյին կարոտում եմ, երաժշտական ճաշակն եմ կարոտում, հումորը, անսահման բարությունն եմ կարոտում, որն ինձ մեկ-մեկ անգամ բարկացնում էր, վիճում էի հետը, բայց դե, դա ինքն է, ես իրեն այդպես եմ սիրում։ Գիտեմ, թե իր ստուդիայում երաժշտություն է գրում, ու հենց գիտակցում եմ, որ չկա... «Վերեւ» երգը լսում եմ ու փուլ եմ գալիս, ասես իր խոստովանությունը լինի: Մի օր Տիգրան քեռուս հետ էի խոսում, ասաց՝ շատ տաղանդավոր տղա է, հրաշալի երաժշտություն է գրում: Միանգամից զանգեցի Հայկոյիս, ոգեւորված, հուզված ասաց. «Լավ էլի, Շուշ, լո՞ւրջ ես ասում»: Աստված վկա, իր կորստի հետ չեմ համակերպվում:


- Մի քանի բլից հարց. ինչի՞ց ես վախենում:
 
- Վախեր շատ կան, բայց վախենում եմ երկրի արժեքը չիմացող մարդկանցից, անհեթեթ ու անարժանապատիվ որոշումներ կայացնողներից: Վախենում եմ, որ հայ տղամարդը թեւաթափ չլինի, որովհետեւ իր արժանապատվության վրա թքել են: Այլակերպված հայերից եմ վախենում: Իսկ հայն, արցախցու ասած, միշտ պիտի պենդ լինի:

- Ափսոսո՞ւմ ես։

- Չերգված երգերի, գործերի համար, որ չհասցրի անել։

-Թույլ կողմերդ։

-Երեխեքս ու Արցախը։

- Ուժեղ կողմերդ:

-Երեխեքս ու Արցախը, իմ ապրած կյանքը։
 
- Ամաչո՞ւմ ես։

-Աստծո առաջ մեղաներ ունեմ, բայց շատ նեղ են, անձնական ու իրականում կապ չունեն իմ ապրածի հետ։ Ես ամաչելու ոչինչ չունեմ, գուցե զղջալու, բայց ո՛չ ամաչելու։

- Հարց, որ քեզ նյարդայնացնում է:

- Հարց չէ՝ խորհուրդ, որ արդեն հոգնեցնում է. «Քեզ պե՞տք էր, դու մենակ երգի, էլի»: Ես ինձ թույլ չեմ տա որեւէ մեկին սովորեցնել՝ ինչպես ապրել: Նախ՝ անկիրթ է ու իսկապես անազնիվ է։ Սիրո՞ւմ եք լսել երգերս, շնորհակալ եմ, չե՞ք սիրում, մի լսեք, ու էլի շնորհակալ եմ, Աստված ձեզ հետ։ Գնահատո՞ւմ եք աշխատանքս, շնորհակալ եմ:

- Ո՞ւմ կամ ինչին ես հավատում։

- Հավատում եմ Աստծուն, ու այն երբեք չի սկսվում ու ավարտվում կենացներով, երբ հիմնականում նշվում է, որ մենք առաջին քրիստոնյա երկիրն ենք: Ես այդպես ապրում եմ։ Միակ հույսս է Աստված, Աստված ամենասեր է, ամենաներող, ամենամեծ ու արդար դատավորն է ու, ցավոք, հայի վերջին հույսն է: Մենք պիտի մեղա գանք, մեղքի տակ ենք։ Երբ մեր արժեքները՝ եկեղեցին, բանակը, լեզուն, դպրոցը ուրացած, այլակերպված հայ եմ տեսնում, ինձ կորցնում եմ անօգնականությունից: Իմ վախն այդ հայն է, ու այդ տեսակը պետք է վերանա:

Զրուցեց Արմինե Գեւորգյանը
Լուսանկարները Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին