×


Վերականգնումը Քովիդ-19-ից. ինչպես եւ երբ սկսել, ում դիմել

Դիետոլոգ Լիդիա Այվազյանը սոցցանցերի իր էջերում հաճախ է կիսվում հետքովիդյան վերականգման մասին, տալիս ցուցումներ՝ ինչ անել, ինչպես սնվել, որ հնարավորինս արագ  անցնի ու անվնաս լինի վերականգնողական փուլն օրգանիզմի համար։ Առողջանանք սնվելով։ Թերեւս ճշմարիտ է այն հին ասույթը, որ «Մենք այն ենք, ինչ ուտում ենք», ու պակաս ճշմարիտ չի լինի, եթե սա ադապտացնենք մեր օրերին եւ ստացվի, որ առողջ ենք այնպես, ինչպես սնվում ենք։ Լիդիայի հետ զրուցել ենք բոլորիս տանջող հետքովիդյան բարդություններից վերածնվելուց։

- Բժշկուհի, ի՞նչ անի մարդը, ով վերականգնման շրջանում է. ո՞ւմ դիմել, ինչպե՞ս ու ե՞րբ սկսել հետքովիդյան վերականգնողական փուլը։

- Պետք չէ սպասել քովիդից լավանալ, նոր սկսել վերականգնումը. հենց տանը, անգամ հենց հիվանդանոցում պետք է աջակցել օրգանիզմին։

Պետք է լինի․
- սննդային աջակցություն
- շնչառական վարժություններ
-  ֆիզիկական ակտիվության նկատմամբ տոլերանտության բարձրացում
- հոգեբանական աջակցություն։

- Ի՞նչ է իրենից ներկայացնում տոլերանտության բարձրացումն ու ինչո՞ւ պիտի հոգեբանական աջակցության կարիք զգացվի, արդյո՞ք բարեկամները լավ են, թե՞ հարկ է դիմել մասնագետի։ Ի՞նչ խնդիրների առկայության դեպքում է հասկանալի, որ չես անցնի վերականգման փուլն առանց մասնագետի օգնության։

- Հիվանդությունը հաճախ է ընթանում թուլությամբ, մկանային եւ հոդացավերով, այս իրավիճակում անգամ ամենալավ ֆիզիկական վիճակում գտնվող մարդիկ ֆիզիկական ակտիվության նվազում են ունենում։ Խորհուրդը հետեւյալն է, եթե շատ ուժեղ չի թուլությունը, ապա ամենաչնչին ֆիզիկական ակտիվությունը պետք է պահպանել, օրինակ՝ զբոսանք կամ տան պայմաններում աշխատանք։ Արտահայտված ախտանշանների մի փոքր թուլացումից հետո վերականգնել, օրինակ, վազքուղու վրա քայլը՝ սկսած 5 րոպեից՝ ամեն օր ավելացնելով 2-3 րոպե։ Մանրամասն րոպեներ եմ գրում, որ հասկանալի լինի՝ ինչքան դանդաղ պետք է լինի վերականգնումը, որ կարդացողները չմտածեն՝ հենց հիվանդության շրջանը վերջացավ, կարող են գնալ մարզասրահ եւ մարզվել այնպես, ինչպես հիվանդությունից առաջ։

Հոգեբանական աջակցությունը պետք է, քանի որ նախ մենք սոցիալական էակներ ենք եւ շփումը շատ կարեւոր է, եւ երբ հիվանդության հայտնաբերումից հետո մեկուսանում ենք, մի հատ էլ վիրուսն ախտահարում է նյարդային համակարգը, կարող ենք ունենալ հոգեբանական շատ տարբեր ախտանիշներ՝ դեպրեսիվ վիճակ, տագնապի նոպաներ։ Դրանցից խուսափելու համար պետք է պահել կապը հարազատների հետ, ավելի ծանր դեպքերում (օրինակ՝ հիվանդանոցում սուիցիդալ մտքերի կամ ագրեսիվ վարքի ժամանակ) դիմել հոգեբույժ/հոգեթերապեւտի։

- Խոսենք սննդային աջակցության մասին։ Ի՞նչ է այն իրենից ներկայացնում, ո՞ր խնդիրների առկայության դեպքում քովիդ վերապրած մարդը պիտի հասկանա, որ սննդային աջակցման խնդիր ունի, եւ ո՞ւմ պետք է դիմի այդ դեպքում։ Նշում եք նաեւ, որ սննդի հսկողություն է անհրաժեշտ բուժվելուց հետո առնվազն մեկ ամիս։ Ինչո՞վ է դա պայմանավորված եւ ի՞նչ է ենթադրում։

-Երբ տեղի է ունենում համի աղավաղում, արդեն սննդընդունումը տուժում է, եթե այս ընթացքում նաեւ միանում են ստամոքսաղիքային խնդիրները փորլուծությամբ, ապա օրգանիզմն իրեն ամենօրյա անհրաժեշտ նուտրիենտները չի ստանում եւ մի բան էլ  ակտիվ կորցնում է, մի կողմից էլ վիրուսն է ընկճում օրգանիզմը, պարզ է, որ վերականգնումը բարդ կլինի։ Դրա համար շատ կարեւոր է առաջին օրերից հետեւել, որ օրգանիզմը ստանա բավարար օգտակար նյութեր, եթե ունեք հակում քաշ կորցնելու կամ հիվանդը մեծահասակ է քաշի պակասով, անհրաժեշտ է հավելյալ էնտերալ սնուցում բալանսավորված եւ բարձր սպիտակուցային չափաբաժնով խառնուրդներով։

Դիետոլոգ Լիդիա Այվազյանը


Պետք է լավ պատկերացնել, թե ինչպես են օրգանիզմին աջակցում սննդարար նյութերը։ Օրինակ՝ մեր իմուն բջիջները սպիտակուցներ են, ինչպես նաեւ մկաններին են անհրաժեշտ սպիտակուցներ, դրա համար ամենակարեւոր մակրոտարրը, որը  պետք է լինի ամենօրյա սննդակարգում, սպիտակուցն է՝ ձու, միս, կաթնամթերքներ, լոբազգիներ։

Իմուն համակարգի բջիջների 70%-ը գտնվում են աղիներում, դրա համար կարեւոր է նաեւ միկրոբիոտայի (աղիների բակտերիաներ) պահպանումը։ Միկրոբիոտային չվնասելու համար պետք է նախ ինքնագլուխ չխմել հակաբիոտիկներ, քանի որ նրանք ամբողջությամբ փոփոխում են միկրոբիոտան, եւ վերականգնումը շատ երկար է տեւում։ Միկրոբիոտայի պահպանման համար պետք է ամենօրյա լավ սնուցում՝ մրգեր, բանջարեղեն բավարար քանակությամբ, ամբողջահատիկ հացահատիկներ, ընկուզեղեն, սերմեր։

- Արդյո՞ք անհրաժեշտ է վիտամինների ընդունումը, կա՞ վիտամին D-ի, C-ի, ցինկի անվտանգ չափաբաժին, որ կարելի է խմել առանց բուժզննման։

- Դեռ ապացուցված չէ վիտամինների ընդունման օգուտը, բայց անկանոն ու մեծ չափաբաժնով վիտամինային հաբերի ընդունումը ծանրաբեռնում է լյարդի եւ երիկամների ֆունկցիան, ինչն այս ընթացքում ընդհանրապես մեզ պետք չէ։

- Ի՞նչ է կատարվում մարդու օրգանիզմում, որ հետքովիդյան հատուկ վերականգնում է ենթադրվում։

- Կորոնավիրուսը ներթափանցում է մարդու բջիջների մեջ նրանց մակերեսին գտնվող թիրախային ընկալիչների միջոցով եւ ախտանիշների բազմազանությունը, ինչպես նաեւ հատուկ վերականգնումը եւ հետագայում հետքովիդյան համախտանիշի զարգացումը պայմանավորված է նրանով, որ այդ ընկալիչները գտնվում են տարբեր օրգան-համակարգերում՝ աղիներ, սեռական համակարգի օրգաններ, երիկամներ, սիրտ, գեղձեր, ճարպային հյուսվածք եւ, բնականաբար, թոքեր։ Որքան բարձր եղավ վիրուսի մակարդակը, ինչքան քիչ եղավ օրգանիզմի դիմադրությունը, այնքան ավելի շատ օրգաններ կախտահարի կորոնավիրուսը։

- Ի՞նչ անել քովիդի հետեւանքով աղավաղված համի ու հոտի պատճառած տհաճությունները մեղմելու համար։

- Աղավաղված համի դեպքում, մանավանդ, եթե համի աղավաղումն ուղեկցվում է սրտխառնոցով, խորհուրդ է տրվում ատամների հաճախակի լվացում, հատուկ բերանի խոռոչի հեղուկներով ողողումներ, լեզվի մաքրում։ Բերանի չորության դեպքում անանուխի կամ մրգային ծծովի կոնֆետների օգտագործում կամ կծու մաստակների օգտագործում. նրանք նպաստում են թքագոյացման ակտիվացմանը եւ դրդում են ընկալիչները։

- Կան նաեւ բողոքներ մազաթափությունից, դաշտանային ցիկլի խանգարումներից, կանանց այլ խնդիրների ի հայտ գալուց կամ սրվելուց, շուտ հոգնելուց, հոդացավերից, մարսողական խնդիրներից, շունչը կտրվելու եւ աչքերի դեմը սեւանալու զգացումից։ Կա՞ այս ամենի դեմ պայքարի ձեւ։

- Հենց վաղ վերականգնողական բուժումն է օգնում, որ այս երեւույթներն ավելի թեթեւ լինեն կամ շուտ անցնեն:

Սերինե Միքայելյան
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին