×


Դիլաքյան եղբայրների երեւանյան ցուցահանդեսը՝ մարդկանց ժպիտները վերադարձնելու համար

Նյույորքաբնակ արվեստագետներ Հովհաննես եւ Գագիկ Դիլաքյաններն Ամանորին ընդառաջ Երեւանում ներկայանում են ինքնատիպ ցուցահանդեսով:
Հայրենիք վերադարձի մտքերի, ցուցահանդեսի թեմատիկ ուղղվածության եւ Հայաստանում նախատեսվող ծրագրերի մասին եղբայրները պատմել են BRAVO.am-ին:


Պատերազմից հետո սա Դիլաքյան եղբայրների առաջին այցը չէ Հայաստան, սակայն այս անգամ իրենց գրեթե ողջ ժամանակը տրամադրում են ստեղծագործելուն.«Մեր հայրենակիցների դեմքից պակասել է ժպիտն ու ավելացել մտահոգությունը, եւ մեր նպատակն արվեստի միջոցով մարդկանց ժպիտները վերադարձնելն է: Այս առաքելությունն իրականացնելու լավագույն միջոցներից մեկը եղավ «Big Christmas Market»-ի շրջանակում «ARTsakh» եւ «Behind The Brush» շարքերի ցուցահանդես-վաճառքը: Անկեղծ ասած՝ առաջարկը ստանալուց հետո տատանվում էինք, սակայն որոշեցինք ընդունել այն. մեկ ամիս գրեթե չքնելով՝ ամբողջացրինք այսօր ցուցադրված ստեղծագործությունները»:


«ARTsakh» շարքի մասին Դիլաքյան եղբայրների հետ զրուցել էինք դեռեւս նախորդ տարի, երբ Դեդոյի ու Բաբոյի իլյուստրացիոն կյանքին հետեւում էին շատ-շատերը, իսկ այսօր նրանք նաեւ կտավների վրա են.«Զգացինք, որ սիրվեց, ու հենց այդ պատճառով իլյուստրացիաներից որոշները վերածեցինք նկարների: Տատիկին ու պապիկին ներկայացրել ենք նաեւ այլ միջավայրերում. այնքան ֆոտոգենիկ կերպարներ են՝ ամեն ինչ սազում է (ծիծաղում են,- հեղ.): Ցուցահանդեսում շարք ունենք՝ նվիրված այն նկարիչներին, որոնցից սովորել ենք՝ Դա Վինչիից մինչեւ Պիկասո: Սա կարծես շնորհակալական շարք է՝ նվիրված իրենց կյանքին ու աշխատանքներին. իրենց դրել ենք իրենց իսկ ստեղծած կտավներում:


Եվ, իհարկե, չէինք կարող չանդրադառնալ «Գտնված երազ»-ի սիրելի կերպարներին: Երկար տարիներ է, ինչ այս կերպարներն օգտագործվում են առեւտրային նպատակներով՝ հեղինակային իրավունքների բազմաթիվ խախտումներով: Հաճախ ներկայացվող արտադրանքն անգամ շատ անորակ է լինում: Հիմա մենք վերջապես որոշեցինք այդ կերպարներով մի քանի ապրանք ներկայացնել»,- նշում են արվեստագետները:


Ասում են՝ ապագայում հայրենիքում շատ անելիքներ ունեն, գուցե նաեւ արվեստի կենտրոն ստեղծեն, որտեղ կկարողանան աշխատել երեխաների հետ.«Ամռանը, երբ Հայաստանում էինք, այցելեցինք մոտ 15 դպրոց, եղանք 4 ճամբարում. շատ ենք սիրում շփվել երեխաների հետ: Մենք նրանց շատ լուրջ ենք վերաբերվում, հաճախ սովորում նրանցից, իհարկե, նաեւ սովորեցնում: Երեխաների հետ զրույցներն ու հանդիպումները միշտ ամենաանկեղծն են ստացվում, քանի որ նրանք ստել ու կեղծել չգիտեն, ինչպես մեծերն են կարողանում: Մեզ հաճախ են առաջարկում Հայաստանում արվեստի կենտրոն բացել, որտեղ երեխաները հնարավորություն կունենան կրթվելու, ծանոթանալու մեր մոտեցումներին: Շատ մտքեր կան, գուցե սա իսկապես իրականացնենք. երեխաների հետ աշխատանքը մեզ մեծ էներգիա է տալիս»:


Big Christmas Market-ում Դիլաքյան եղբայրների աշխատանքները ներկայացված կլինեն մինչեւ դեկտեմբերի 26-ը:

Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին