×


«Նյու Յորքում իմ չափանիշներով ես ընկեր չունեմ»․ Տիգրան Ձիթողցյան

Նկարիչ Տիգրան Ձիթողցյանի հետ իր արվեստանոց-ցուցասրահում ենք՝ Երեւանից քիչ հեռու՝ Ձորաղբյուր գյուղում։ Հրաշալի բնապատկերում տեղավորված, ճարտարապետական գեղեցիկ լուծումներով մի վայր է՝ արվեստի եւ կենցաղի միաձուլվածք, որտեղ առօրյա կյանքն ու բարձր արվեստը համահունչ քայլում են՝ լրացնելով մեկը մյուսին։ Քաղաքային կյանքը շատ սիրող մարդու համար զարմանալիորեն առանձնացված, բայց, ինչպես Տիգրանն է ասում, իրեն շատ հարազատ տարածք է, միջավայր:

Երիտասարդության լավագույն հիշողությունը

Մեր հին ամառանոցն էր այստեղ։ Ծնողներս ինձ 14 տարեկանից ազատություն էին տվել, եւ ցանկացած ժամանակ կարող էի գալ, մնալ այստեղ։ Ընկերներով հաճախ էինք այստեղ «փարթիներ» անում. միակ տեղն էր, որ մեծեր չկային (ծիծաղում է,-խմբ.): Երիտասարդությանս լավագույն հիշողություններն այս տարածքի հետ են կապված, ու հասկացա, որ եթե Հայաստանում այլ տեղ տուն կառուցեմ, կորցնելու եմ այս տարածքը, չեմ վերադառնալու այստեղ... Բացի այդ, ուզում էի քաղաքից դուրս, աղմուկից հեռու լիներ արվեստանոցս՝ իմ նախընտրած ճարտարապետությամբ, ոչ թե գնայի, Երեւանի կենտրոնում մի պատրաստի տուփի մեջ մտնեի։ Նյու Յորքում արդեն իսկ այդպես եմ ապրում՝ ամենակենտրոնում, ինչն, իհարկե, սիրում եմ, բայց այնտեղից դուրս գալուց ուզում եմ իմ առանձին տարածությունն ունենալ։ Կիսաքանդ տներ էին մեր ամառանոցի շրջակայքում, հինգ տուն գնեցի, քանդեցի ու սարքեցի այն, ինչ ուզում էի:


«Տիկոյի դաչան»

Էն տարիներին լույս չկար, ուտելիքն էլ շատ չէր։ Հիմնականում 2-3 օրով էինք հավաքվում այստեղ, հաց, ալկոհոլ էինք առնում, երկու պարկ կարտոֆիլ, որ կրակի վրա եփում էինք կամ տապակում, ընկերներիցս երկուսը լավ կիթառ էին նվագում... Հրաշալի օրեր էին։ Ու շատ մաքուր էին մեր հարաբերությունները. 30 երիտասարդով՝ տղա-աղջիկ, մի քանի օր առանց մեծերի մի տարածքում մնում էինք, եւ ուղղակի ընկեր էինք ու հավես ժամանակ էինք անցկացնում։ Հիմնական խումբ կար, որ միշտ ներկա էինք, բայց ամեն անգամ նոր մարդիկ էլ էին ավելանում՝ ընկերների ընկերներ, ու ես հիմա էլ մարդկանց եմ հանդիպում, որ ասում են՝ «Քո դաչայում ենք ծանոթացել»։ Մինչ հիմա առցանց հարթակներում այդ ժամանակվա ընկերներիս հետ նամակագրական խմբերը «Տիկոյի դաչայի ընկերներ» են անվանված։ Այդ ժամանակվա ընկերներս մինչեւ հիմա էլ իմ լավագույն ընկերներն են, որոնց հետ միշտ կապի մեջ եմ։ Մի մասը Երեւանում է, մյուս մասը՝ երկրից դուրս, բայց գալիս են, հավաքվում ենք։ Մի ընկերս է, որ երկար ժամանակ չի եկել, իրեն արդեն դեղին քարտ եմ ցույց տալու (ծիծաղում է,-խմբ.)։

Փոփոխվող աշխարհն ու ընկերությունը

Ամենամտերիմ ընկերներս մի քանիսն են։ Ես քույր, եղբայր չունեմ, բայց մանկության մեկ-երկու ընկերներս եղբոր պես են ինձ համար. ինչ աչքերս բացել եմ, իրար հետ ենք եղել, շատ բաների միջով ենք միասին անցել, տեղյակ ենք իրար հետ կապված ամեն մանրուքից։ Ինչ էլ աշխարհում փոխվի, մեր մեջ էլ ոչ մի բան չի փոխվելու։ Երբ դու ինչ-որ ճանապարհ անցած, նաեւ հաջողակ մարդ ես, բոլորն էլ ուզում են քեզ հետ ընկերանալ, բայց դա այդքան էլ հեշտ չէ։ Երբ մեկի հետ կապված շատ հիշողություններ ունես, ամենածանր ժամանակներդ իր հետ ես անցել, վստահ ես իր արժեքների վրա, ուրեմն՝ նա քո ընկերն է, ամենաիսկական ընկերը։ Նյու Յորքում ես 100 հոգի, իրենց ասած, «friend» (ընկեր) ունեմ, բայց եթե վաղը չապրեմ ամենալավ թաղամասում, չցուցադրվեմ, իրենք կլինե՞ն իմ կողքին։ Վստահ չեմ։ Ավելի ճիշտ՝ վստահ եմ, որ նրանց համար կկորցնեմ իմ հետաքրքրությունը։ Իհարկե, ես էլ պարբերաբար ինչ-որ մեկին ջնջում եմ հեռախոսիցս. հասկանում եմ՝ ով ինչի համար է եւ ինչ արժեք ունի։

Տիգրան Ձիթողցյանի կտավներից


Ընկերությունն ու ազգային տարբերությունները

Երբեք էլ չեմ մտածել, որ իմ ընկերները միայն հայեր պիտի լինեն, կամ որ միայն հայերի հետ կարող եմ ընկերություն անել, բայց այդպես է ստացվել, որ իմ բոլոր ընկերները հայեր են ու հիմնականում՝ մանկությունից եկած մարդիկ։ Նյու Յորքում իմ չափանիշներով ես ընկեր չունեմ։ Ունեմ լիքը ամերիկյան ընկերներ, որ կարող են ինձ ասել՝ «դու իմ ամենամտերիմ ընկերն ես», ես էլ իրենց պատասխանում եմ, որ իրենք ընկերության մասին ոչինչ չգիտեն, եթե ինձ ամենամտերիմ ընկերն են համարում։ Նյույորքյան մարդիկ լավ ժամանակ անցկացնելու համար են, մարդիկ են, որոնց ուղղակի հաճելի է քո կողքին լինելը։

Ամենաթանկը կյանքում

Կյանքն ինքնին ամենաթանկն է, կյանքի ամեն պահը։ Երբեմն նույնիսկ թվում է՝ շատ ծանր փուլում ես, դժվար է, ուզում ես բողոքել, բայց հետո հասկանում ես, որ դա էլ կյանքիդ ամենագեղեցիկ շրջաններից էր։ Ամեն ինչը, ընդհանրապես կյանքի փորձը, ապրելը ֆանտաստիկ բան են, ու ես ժպիտով եմ նայում կյանքին։

Տիգրան Ձիթողցյանը


Սկզբունքայնությունը

Երբ դեռ փոքր էի, որոշել էի, որ երբեք չեմ անելու այն, ինչ ծնողներիս արածի մեջ ինձ դուր չէր գալիս։ Ես չեմ ուզեցել ունենալ մի այնպիսի սովորություն, որն ինձ կշեղեր իմ աշխատանքից։ Օրինակ՝ ծնողներս կոֆեման են, կես ժամը մեկ կոֆե են խմում, ինչ էլ անեն, ընդմիջում պիտի անեն, հայրիկս պետք է պարտադիր սուրճից հետո նաեւ ծխի, ու ինքն էդպես օրական մի 30 անգամ ընդմիջում է անում։ Դա ինձ համար անընդունելի է, իմ կյանքը չէ։ Գուցե սուրճ խմելը շատերի համար հաճելի է, բայց ես ոչ մի անգամ ո´չ սուրճ եմ փորձել, ո´չ ծխախոտ։ Ալկոհոլի հարցում սկզբունքային մոտեցում չկա․ մեկ-մեկ ընկերներիս հետ խմում եմ, բայց հատուկ մի բան չկա, որ սիրում եմ։

«Կախվածությունը»

Երբ Հայաստանում եմ լինում, հիմնականում՝ կարճ ժամանակով, չեմ հասցնում շատ ստեղծագործել։ Ցերեկներս վազքի մեջ եմ անցկացնում, գիշերն էլ շատ պայմանավորվածություններ կան, բայց էլի գտնում եմ ժամանակ գոնե գիշերները նկարելու՝ թեկուզ քնի հաշվին։ Շատ ուրախ կլինեի, եթե չքնելու տարբերակ ունենայի. ամբողջ ժամանակը կօգտագործեի նկարելու համար։ Այսպիսի փորձառություն ունեմ՝ 4 ժամ նկարում եմ, 15 րոպե՝ քնում, այդպես երկու ամիս պահել եմ շրջափուլը։ Արթնանում էի զարթուցիչով, իսկ ժամանակացույցով քնելը խնդիր չէր. այնքան հոգնած ես լինում, որ քայլելիս էլ կարող ես քնել, բայց նկարելիս՝ ոչ (ծիծաղում է,-խմբ.)։

Տիգրան Ձիթողցյանի կտավներից


Արվեստասերների հետ շփումը

Ինչ ցուցասրահս բացել եմ այստեղ, շատ-շատ մարդիկ են գալիս, շատերի հետ եմ հանդիպում, շփվում, ու, իհարկե, հաճելի է ու կարեւոր իմ արվեստի նկատմամբ մարդկանց հետաքրքրությունը, վերաբերմունքը, հատկապես, երբ հասկանում ես, որ քո ստեղծածն ինչ-որ մեկին ոգեւորում կամ էներգիա է տալիս։ Մեկը եկել էր իմ ցուցասրահ, խոսեցինք, ասաց՝ ուզում էր ինքնասպան լինել, սակայն իմ գործերը տեսնելուց հետո մտափոխվել է, մեկն էլ զավակին ու ամուսնուն էր կորցրել պատերազմում, ասաց՝ եկել է ու զգացել, որ կյանքը շարունակվում է... Ես շատ հավասարակշռված մարդ եմ, հույզերս շատ հազվադեպ եմ արտահայտում, բայց դրանից հետո ուղղակի կես մարդ էի։ Այս ամենն ինձ քամում է, ու հաճախ մենակության կարիք եմ զգում։ Ինձ իմ առանձնությունն է պետք, որ նկարեմ։

Սահմանները

Կատարյալ աշխարհում երբեք չէի ուզենա ինչ-որ սահման գծել իմ շուրջը, իմ այս տարածքն էլ կլիներ բաց, մուտքի դուռ էլ չէի ունենա, բայց ես կատարյալ աշխարհում չեմ եւ ստիպված եմ իմ էությանը հակառակ բան անել՝ դուռ դնել, պարիսպ կառուցել, այլապես շատ մարդիկ կօգտվեն դրանից, եւ իմ աշխատանքն ուղղակի ջուրը կլցվի։ Ընկերներիս հորդորում եմ՝ գան, այստեղ տուն կառուցեն, բոլորս միասին լինենք ու սահմաններ չունենանք։ Կուզեի բաց դռների կյանք ունենալ, ինչպես բաց դռների օրեր եմ անում իմ արվեստանոցում, բայց եթե ես բաց լինեմ, ընդհանրապես կյանք չեմ ունենա։

Տիգրան Ձիթողցյանը


Պատերազմը

Ինչպես բոլորը, ես էլ շատ ծանր եմ տարել տեղի ունեցածը։ Այդ օրերին Հայաստանում էի՝ պատրաստ իրադարձության ցանկացած զարգացման եւ ամեն ձեւով օգտակար լինելու։ Եթե հասնեինք այն կետին, որ դրվեր Հայաստանի լինել-չլինելու հարցը, պատրաստ էի նաեւ ֆիզիկապես դուրս գալ մարտի, պարզապես հասկանում եմ, որ ավելի քիչ օգուտ կբերեմ մարտի դաշտում, քան իմ աշխատանքով. իմ պայքարն արվեստի մեջ է։ Երբ պատերազմը սկսվեց, իմ ստուդիայի աշխատանքներն ընթացքի մեջ էին, ու շատերն ինձ խորհուրդ էին տալիս դադարեցնել շինարարությունը, այդքան գումար չներդնել Հայաստանում, բայց ես փոխարենն ավելի ակտիվորեն շարունակեցի աշխատել։ Նման կառույց Հայաստանում երբեք չի եղել, ու ես գիտեի, որ հետաքրքրելու է մարդկանց, նրանց շատ բան է տալու, բայց, ճիշտն ասած, երբեք չէի կարող պատկերացնել, որ նման հոսք է լինելու։

«Օրփեոս եւ Էվրիդիկե»

Հայերն ավելի շատ ուժեղ են որպես անհատներ, քան՝ որպես խումբ։ Մեզ մոտ երկու հոգի չեն կարողանում միավորվել, ձուլվել, համատեղ աշխատանք կազմակերպել։ Ես էլ եմ անհատ, իհարկե, դրա համար էլ ինձ համար դժվար է, երբ աշխատելիս կողքիս մարդ է լինում։ Վերջերս, սակայն, խմբային աշխատանքի փորձ ունեցա ինձ համար բոլորովին նոր ոլորտում։ Հասմիկ Պապյանից առաջարկ ստացա աշխատել ԵՊԿ օպերային ստուդիայի հետ եւ նկարել Գլյուկի «Օրփեոս եւ Էվրիդիկե» օպերայի հայաստանյան բեմադրության պաստառը։ Համոզում էի Հասմիկ Պապյանին, որ չեմ կարող անել, նման փորձ չունեմ, բայց նա ասաց, որ եթե նույնիսկ իմ պատկերացրած ամենավատ տարբերակով էլ անեմ, լավ է լինելու։ Ես էլ մտածեցի՝ եթե առանձնապես մեծ սպասումներ չունեն, կփորձեմ, եւ առանց վախի արեցի դա։ Գործընթացը շատ հաճելի էր, իսկ արդյունքը ես երբեք չեմ հավանում։

Տիգրան Ձիթողցյանի կտավներից


Պերֆեկցիոնիզմն ու անհօգությունը

Պերֆեկցիոնիստ եմ ու շատ դժվարությամբ եմ գոհ լինում որեւէ բանից. միշտ գիտեմ, որ կարելի էր ավելի լավ անել։ Սա արվեստում։ Կյանքում շատ ավելի հեշտ է ամեն ինչ։ Օրինակ՝ այսօր էլ առանձնապես ուշադրություն չեմ դարձրել՝ ինչ եմ հագել, հոգ չեմ տարել սանրվելու մասին, 2 օր է՝ չեմ սափրվել։ Ի տարբերություն արվեստի՝ ինքս ինձ շատ հանգիստ ու թեթեւ եմ վերաբերվում, ինքնասիրահարված չեմ, ու առաձնապես էական չէ՝ հիմա ինչ տեսք կունենամ լուսանկարներում։

Արվեստի ամենաթանկ գործը

Որդիս բնավորությամբ ինձ նման է, բայց իմ լավ տեսակն է. շատ տաղանդավոր է, արվեստի հետ սեր ունի, բայց ինձ պես չի նկարի հաստատ։ Թվային տեխնոլոգիաներով լիքը բան է անում, որոնցից ես գլուխ չեմ հանում. նրան ներկերը, մատիտները չեն հետաքրքրում. նոր տեխնոլոգիաներով է աշխատում։


Հորինվածքներ

Անընդհատ նորի կարիքն ունեմ։ 2-3 տարի առաջ էր՝ աշխատանքներս լուսանկարեցի, մեծ չափերի տպեցի ու սկսեցի նկարել դրանց վրա եւ բառեր գրել։ Գուցե շատերին տարօրինակ թվան այդ բառերը, բայց դրանք իմ ստեղծագործական հորինվածքներն են։ Երբ պետք է ինչ-որ բառ գրեմ, մտածում եմ՝ ինչու օգտագործեմ եղածը, եթե կարող եմ իմ ուզած բառը ստեղծել եւ այլ կերպ արտահայտվել։ Նկարում եմ դեմքն ու ճակատին գրում՝ ինքն ով է. մինչեւ դեքմը նկարում եմ, արդեն իսկ անունը գտնում եմ իմ մտքում։ Այդ ամենում ե՛ւ հումոր կա, ե՛ւ ճմշարտություն, ե՛ւ նոր շունչ։ Բացի դա, 24 տարի է՝ գնացել էի Հայաստանից ու հայերեն գրելը մոռանում էի, եւ սա լավ առիթ էր բացը լրացնելու։

Հայրենադարձություն

Կարելի է ասել՝ նյույորքաբնակ եմ, որովհետեւ տարվա մեծ մասն այնտեղ եմ անցկացնում, բայց եւ երբեք չեմ կարող ասել, որ ամերիկացի եմ։ Ինձ տիպիկ երեւանցի եմ համարում եւ երբեք էլ մտովի չեմ գնացել այստեղից, ու դրանից է երեւի, որ ծիծաղս գալիս է, երբ ինձ սփյուռքի ներկայացուցիչ են ասում։ Բայց ասեմ, որ սփյուռքահայերին շատ եմ սիրում, նրանց մեծ մասն ամբողջովին ապրում է Հայաստանով, շատերն էլ շատ ավելի հայրենասեր են, քան այստեղի հայերը, ապրում են հայկական մշակույթով ու Հայաստանով։

Տիգրան Ձիթողցյանի կտավներից


Ազգայի՞ն, թե՞ համաշխարհային

Եթե մարդը հայերեն է երգում, չի նշանակում, որ դա հայկական է։ Այսօր դժվար է կողմնորոշվել՝ լավ հայկականը որն է։ Ուտելը պաշտամունք է դարձել իր բոլոր դրսեւորումներով՝ կնունք, ծնունդ, հարսանիք... Հասկանում եմ, որ հայերը շատ են լացել պատմության ընթացքում եւ ուզում են հիմա ուրախանան, բայց հարց է՝ ինչպես։ Եթե ընտրեմ՝ մենք ուրախանանք ամերիկյան ջազի ներքո, թե ռաբիսի, որին հայկական անունն են տալիս, կընտրեմ ջազը, ու թող որ ես հայկականին դեմ լինեմ, եթե հայկականը ռաբիսն է։ Միգուցե մենք ուրախանալու հայկական երաժշտություն քիչ ունենք, ու դա է պատճառը, որ ամեն ինչ խառնել ու վինեգրետ ենք սարքել։ Հայերենը հին լեզու է ու դրանով շատ դժվար է փոփ մշակույթ ստեղծելը, իր հոգին հին է, ու ես բանալին չունեմ՝ ինչ պետք է անել.... Բայց մի բան հստակ է՝ այստեղ ռաբիս երբեք չի հնչելու, ավելի լավ է դրսի լավ, ճաշակով երաժշտություն լսեմ, քան՝ վատ հայկականը։ Իհարկե, լավ հայկականը կա, ու ես այն մեծ հաճույքով եմ լսում։

Աշխարհի կենտրոնն ու հասարակ մարդը

Այո, Նյու Յորքում եմ ապրում, շփվում եմ ամենահայտնի մարդկանց հետ, շատ հնարավորություններ ունեմ, բայց երբեք չեմ ընկնում նորաձեւության հետեւից։ Մարդը ձեւի մեջ է մտնում, երբ ինքնահաստատվելու խնդիր ունի, այսինքն՝ երբ ուզում է լինել ավելին, քան կա, ինչն ինձ համար միշտ էլ շատ պարզունակ է եղել։ Օրինակ՝ Շվեյցարիայում, որտեղ եւս ապրել եմ, եթե տղան աղջկա հետ հանդիպման է գնում շատ թանկարժեք մեքենայով, հավանական է, որ աղջիկը կհարցնի՝ ի՞նչ խնդիր ունես։ Թանկարժեք մեքենան դիտարկվում է, որ տղան ուրիշ ոչինչ չունի աղջկան գրավելու, բացի թանկարժեք իրը։ Հայաստանում էլ այլ է. ես այստեղ չեմ ուզում լավ մեքենա վարել, որ ինձ չասոցացնեն ինչ-որ «հատուկ» տիպի ոչ նորմալ մարդկանց հետ։

Տիգրան Ձիթողցյանը

Հանրային եւ անձնական տարածքը

Չեմ սիրում իմ անձնական կյանքը, ապրումները հանրայնացնել։ Երբեք սոցիալական ցանցերում լուսանկարներ, տեսանյութեր չեմ հրապարակում իմ անձնական կյանքի մասին՝ որտեղ եմ, ում հետ, հանգիստս ինչպես եմ անցկացնում, ժամանցս ինչպես եմ կազմակերպում։ Դա իմ անձնական տարածքն է։ Փախարենն իմ արվեստով եմ կիսվում եւ վստահ եմ, որ մարդկանց 99 տոկոսը հենց այդ նպատակով է հետեւում ինձ։

Լուսանկարվելու մոլուցքը

Շարք ունեմ մարդկանց՝ տեխնոլոգիաներից կախվածության մասին։ Դա իմ արձագանքն է շուրջս կատարվողին։ Մարդիկ կան՝ հարյուրավոր ֆոտոներ են անում իմ նկարների մոտ։ Նկատում եմ, բայց մարդկանց չեմ դատում, ընկալում եմ որպես մերօրյա իրականություն, հաշտ եմ այդ ամենի հետ։ Այնպես չէ, որ միայն Հայաստանում են մարդիկ այդ մոլուցքով տարված, դա բնորոշ է ամբողջ աշխարհին։ Երբ նկարվում են իմ գործերի հետ, հասկանում եմ, որ ուզում են կապ հաստատել դրանց հետ, տարածել ինչ-որ ձեւով։ Նույնիսկ մտքովս անցել է շարք անել, որում նկարների մեջտեղում մարդու շրջագծով տեղ կթողնեմ, որ նկարվելիս իրենց մարմնով չծածկեն գործը...

Անի Ռափյան
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին