×


Ինչու Վիկա Ղազարյանը հեռացավ «Շիկեր»-ից եւ ինչպես է դասավորվել ճակատագիրը

«Շիկ աղջիկներ» կամ պարզապես «Շիկեր» անվանումը երաժշտասեր նոր սերնդին հազիվ թե ծանոթ լինի։ Իսկ ահա 90-ականների վերջին եւ 2000-ականների սկզբին խումբը Հայաստանում հայտնի էր։ Հայկական էստրադայում կանանց խումբ չկար, եւ աղջիկների ելույթները բավական տպավորիչ էին։ Նրանք նաեւ ժողովրդական երգերն էին նորովի ներկայացնում։ Հաջողված էր հատկապես «Լուսնյակ գիշեր» երգի կատարումը։ Խմբի լուծարման, աղջիկների հետագա ճակատագրի մասին խոսել ենք «Շիկ աղջիկ» Վիկա Ղազարյանի հետ:

- Այստեղ գիշեր է,  Ձեզ մոտ՝ Միացյալ Նահանգներում, օրը նոր է բացվում։ Բարի առավոտ։ Ինչպե՞ս եք օրը սկսելու։

- Օրս արդեն երեք տարի է՝ սկսում եմ պարապմունքով. առավոտյան մարզասրահ եմ գնում, որը հենց իմ շենքի բակում է գտնվում։ Այդպես էներգիաս ավելի շատ է լինում։

- Իսկ երգն օրվա ընթացքում տեղ ունենալո՞ւ է ։

- Երգը միշտ կա իմ կյանքում, նույնիսկ այն շրջանում է, երբ չեմ երգել։ Հետաքրքիր է, որ այսքան տարի «Շիկերը» չկան, բայց շատ մարդիկ հիշում են ու հարցնում են։ Եվ նրանց պետք է ասեմ, որ շուտով կունենամ նոր երգեր ու տեսահոլովակներ։

Վիկա Ղազարյանը


- Նորություններին դեռ կանդրադառնանք, մինչ այդ անցյալը վերհիշենք՝  «Շիկ աղջիկնե՞ր» , թե՞ «Շիկեր»։  

- Խմբին միացա, երբ այն արդեն գործում էր։ Արսեն Հարությունյանը՝ պրոդյուսերը,  խմբի անունը դրել էր «Շիկ աղջիկներ»։ Ինքս էլ եմ շատ անգամ իրեն հարցրել՝ ինչու «Շիկ աղջիկներ»։ Նա պատասխանել է, որ հիմքում ռուսերեն «шикарный, шик» բառն է։ Երբ միացա խմբին, այն արդեն հայտնի դարձավ «Շիկեր» անվանումով։

- Իսկ դա ո՞ր թվականին էր։

- Եթե չեմ սխալվում՝ 2001-ին։ Խումբն արդեն բավական ժամանակ կար, անընդհատ փոփոխվում էր կազմը, բայց Կարինե Մանասյանը սկզբից մինչեւ վերջ եղել է խմբում։ Մինչեւ հիմա իրեն հիշում են, երբ խոսք է լինում «Շիկեր»-ի մասին։ Ես միացա խմբին, երբ այն արդեն երրորդ անգամ էր կազմը փոխվում։ Այն երեք տարիների ընթացքում, որ ես կայի խմբում, շատ ակտիվ էինք։  Երգեր, համերգներ, նոր ձայնասկավառակ ունեցանք՝ «Ո՞ւր ես» վերնագրով։


- Այդպիսի բուռն գործունեության ժամանակ ինչո՞ւ խումբը դրեց վերջակետ կամ ստորակետ, դա երեւի Դուք ավելի հստակ կասեք։

- Գիտեք, շատ անսպասելի եղավ։ Անկեղծ ասած՝ անձնական խնդիրներ եղան խմբում։ Ինչքան էլ իրար սիրենք, բայց աղջիկները, այն էլ նույն տարիքի, երբ հավաքվում են մի տեղ, պարզ է, որ անախորժություններ կլինեն։ Դա, իհարկե, անդրադարձավ խմբի վրա, եւ Մառան դուրս եկավ խմբից։ Նրա փոխարեն եկան Արեւիկը եւ Լուսինեն։ Երկուսն էլ, ճիշտ է, երգչուհի չէին, բայց ունեին շատ լավ երաժշտական տվյալներ։ Այդ ժամանակ խումբը դարձավ չորս աղջիկ՝ ես, Կառան, Արեւիկը եւ Լուսինեն։ Մենք նոր ալբոմ չձայնագրեցինք, քանի որ արդեն ունեինք, փորձում էինք այդ երգերով համերգներ ունենալ։ Դրանից հետո ես 7-8 ամիս մնացի խմբում, եկա ԱՄՆ՝ շրջագայելու, եւ այնպես ստացվեց, որ մնացի ու խմբից դուրս եկա։

- Իսկ ինչպե՞ս էիք հայտնվել խմբում, դա Ձեր երաժշտական կարիերայի սկի՞զբն էր։

- Մինչեւ «Շիկերը», ես ընդունվել էի Երեւանի կոնսերվատորիայի վոկալ-դասական բաժինը, երգարվեստում կայի, բայց այլ ոճում։ Կոնսերվատորիայից բացի, ընդունվել էի Արթուր Գրիգորյանի Երգի պետական թատրոն։ Հենց ընդունելության ժամանակ էլ հայտարարվեց, որ «Շիկեր» խումբը երրորդ աղջկան է փնտրում։ Դա ինձ շատ հետաքրքրեց, քանի որ իրենց միշտ լսում էի ու սիրում էի։ Զանգահարեցի Արսեն Հարությունյանին, գնացի իրենց ստուդիա։ Ինձնից բացի, էլի դիմողներ էին եղել եւ, գիտեք, բացի վոկալային տվյալներից, կարեւորվում էր հատկապես պարը։ Այնպես ստացվեց, որ ինձ ընտրեցին, ինչի համար շատ շնորհակալ եմ, քանի որ շատ բան եմ սովորել իրենցից։

Վիկա Ղազարյանը


- Նշեցիք, որ դասականից էստրադա գնացիք։ Եթե ժամանակը հետ տայինք, ինչպիսի՞ երգեր կկատարեիք, ինչպիսի՞ն կլիներ «Շիկերը»։

- Անկեղծ ասած՝ ոչ մի բան չէի փոխել, որովհետեւ եթե այսքան տարի անց մարդիկ հիշում են, ուրեմն՝ լավն էր խումբը։ Երեւի կշարունակեի մնալ խմբում։ Եթե ժամանակը հետ տալու հնարավորություն լիներ, միայն դա կանեի, կուզեի, որ խումբը մինչեւ հիմա լիներ։

- Ինչո՞վ եք զբաղվում ԱՄՆ-ում։

- Արդեն 16 տարի է՝ այստեղ եմ։ Առաջին մեկ տարին հրավիրել են համերգների, երգել եմ «Շիկեր»-ի երգացանկից, բայց հետո հասկացա, որ դա այն չէ, որովհետեւ հանդիսատեսը «Շիկեր»-ին հիշում է որպես երեք աղջիկ. իրենք չեն ուզում տեսնել մեկ հոգու, որը երգում է խմբի երգերից։ Դա է պատճառը, որ դադարեցի ելույթ ունենալ: Դադարս շատ երկար տեւեց։ Փորձում էի հասկանալ, թե ինչ կարող եմ անել որպես մեներգչուհի։ Հակառակ դեպքում ավելի լավ է մնալ այնպիսին, ինչպիսին ինձ հիշում էին՝ որպես «Շիկեր»-ի անդամ։ Բայց, ինպես նշեցի, առաջիկայում կունենամ նոր երգեր, տեսահոլովակներ։

Վիկա Ղազարյանը՝ դստեր հետ


- Չե՞ք ափսոսում, որ կիսատ թողեցիք ուսումը կոնսերվատորիայում։

-Ափսոսում եմ: Իմ վոկալի դասախոս Ռեբեկա Օջախյանը՝ այդ հրաշք անձնավորությունը, միշտ վիճում էր ինձ հետ, եթե չէի հասցնում դասերի գնալ։ Ծնողի նման էր ինձ վերաբերվում։ Զանգահարում, ասում էր՝ «Էդ «Շիկերը» կան, հասկանում եմ, բայց դասականը չես կարող փոխել էստրադայի հետ»։ Ափսոսում եմ, որ իրեն չլսեցի, ուսումս կիսատ մնաց։ «Շիկերի» հետ շատ էինք շրջագայում, եւ ժամանակ չէի ունենում դասերին գնալու համար։ Հետո դա անդրադարձավ նաեւ ձայնային տվյալներիս վրա, քանի որ օպերան այլ կերպ ես երգում, էստրադան ավելի հեշտ է տրվում։ Մոտ երեք տարի սովորեցի կոնսերվատորիայում, եւ 19 տարեկանում եկա ԱՄՆ։

- Ձեզ համար ամենահիշվող երգը «Շիկեր»-ից։

- Կարծում եմ՝ «Ո՞ւր ես» երգն է՝ իր տեսահոլովակով։ Ամեն մանրուքը հիշում եմ։ Դա իմ կյանքի առաջին տեսահոլովակն էր, որում նկարահանվեցի։ Երբեք չեմ մոռանա։

- Խմբի անդամների հետ կապ կա՞, թե՞ աշխատանքն ավարտվեց, ընկերությունը՝ նույնպես։

- Կապ կա, ճիշտ է, ջերմ չէ, բայց ոչ թե նրա համար, որ մենք իրար հետ խնդիրներ ունենք հիմա. ամեն ինչ հարթվել է, ուղղակի տարածության հետ է կապված։ Մենք հիմա իրարից շատ հեռու ենք ապրում, զանգել, խոսելն, իհարկե,  կա եւ կլինի, որովհետեւ մենք ի վերջո մի ընտանիք էինք։ Կառան նույնպես ԱՄՆ-ում է, բայց ինձնից բավական հեռու, ունի հրաշք աղջիկ, երգարվեստով չի զբաղվում։  Մարինե Շմավոնյանը մեր խմբից միակն է, որն ապրում է Հայաստանում եւ մինչեւ հիմա զբաղվում է երգով. ռուսական շանսոն է կատարում։


- Եվ վերջում, Ձեզ ինչպե՞ս եմ ներկայացնելու։

- Անձնագրով անունս Վիկտորյա է, «Շիկեր»-ում ինձ ճանաչում էին Վիկա, իսկ ԱՄՆ-ում, չգիտե՞ս ինչու, դարձել եմ Վիկի։  

Զրուցեց Անահիտ Փիլոսյանը
Լուսանկարները՝ Վիկա Ղազարյանի անձնական արխիվից
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին