×


«Իր տխրությունը հաղթեց իրեն». Սյուզան Մարգարյանը՝ հիշելով Հայկոյին

Դժվար է խոսել մի մարդու մասին, որն այդքան շատ կա բոլորիս կյանքում։ Երգչուհի Սյուզան Մարգարյանի հետ նստած ենք դեմ դիմաց, ձայնագրիչս միացրել եմ, բայց չեմ կարողանում հարցեր տալ։ Մեր հայացքները հառել են սուրճի բաժակներին ու երկուսս էլ մտքով Հայկոյի հետ ենք։ Հասկանում էի, որ այս հարցազրույցը դուրս է ավանդական հարց ու պատասխանից։ Հուզմունքը խեղդում է երկուսիս, բայց պետք է զրույցը սկսեինք ինչ-որ կետից։ Զրույցն ինքնաբերաբար սկսեցինք Հայկոյի մենահամերգից, որը տեղի ունեցավ 2017-ին, երբ նա երկրորդ կյանք վերադարձավ։ Հիշեցինք՝ ինչպես բեմ բարձրացավ ու ասաց, որ արդեն մեծացել է ու էլ չի ասելու՝ «Չեմ տեսնում ձեր ձեռքերը»: Այստեղ մի պահ դադար տվեցինք ու սկսեցինք հիշել 90-ականների Հայկոյին:

Վայր, որը սկիզբ դրեց ընկերության

Այնքան դժվար է խոսել... Երգի պետական թատրոնում մրցույթ էր ընթանում, ու ես ժյուրիի կազմում էի։ Տեւական ժամանակ երկրից բացակայել էի ու նոր անուններից տեղյակ չէի։ Արթուր Գրիգորյանը Հայկոյի մասին պատմել էր։ Հայկոն ներկայացրեց զուգերգ Տիգրան Պետրոսյանի հետ։ Երգը կոչվում էր «Երգ»։ Առաջին նոտաներից հասկացա, որ իմ դիմաց տաղանդավոր մարդ է։ Հիմա չեմ կարողանում հիշել, թե ինչպես ստացվեց մեր մտերմությունը, բայց առաջին վայրկյանից Հայկոն դիպավ սրտիս։ Սիրել եմ շատ ու մինչեւ հիմա. իրեն անհնար էր չսիրել։ Ոչ մի կերպ չեմ կարողանում հաշտվել։ 2021-ին Թութուշի (Վարդուհի Վարդանյան) մահվան 15 տարին էր, ու չենք հաշտվել նրա կորստի հետ. անհնար է։ Մենք ուղղակի փրկություններ ենք գտնում։ Իր տղայով եմ ուրախանում, ապագա թոռնիկով, օրուգիշեր սպասումների մեջ եմ։ Բայց իր տեղը բաց է։ Հիմա նույնը Հայկոյի դեպքում է: Ավետը մի բան ասաց.«Հայկոն մեզ հետ լրիվ Թութուշ արեց»։ Այն աստիճանի հավատով էինք լցվել, հատկապես վերջին երկու օրը. մի քիչ հույս տվեցին, որ վիճակը կայունացել է․․․ Բայց եղավ այն, որի հետ ոչ մի կերպ չեմ հաշտվում։

Լուսանկարը՝ Սյուզան Մարգարյանի արխիվից


Ինձ համար զավակի պես էր։ Չնայած տարիքային տարբերությանը, նաեւ լավ ընկեր էր։ Ամեն ինչի մասին կարող էինք խոսել ու կիսվել։ Ես ապրում էի իր հաջողություններով, տխրում էի, որ իր կյանքում մի բան այն չէր լինում։ Նրա լուսավոր ժպիտն ամեն ինչ արժեր։ Հատկապես շատ համով ժպիտ ուներ, երբ մի թեթեւ բանի պատճառով բռնկվում էր, մի տեսակ կարմրում էր ու, աչքերը կախելով, սկսում էր ժպտալ։ Ասում էինք. «Հա՜, Հայկո, ամեն ինչ պարզ է»։

Ոչ մեկին չնեղացնող Հայկոն

Բոլորը գիտեն, որ Հայկոն «չէ» ասել չգիտեր. ոչ մեկին չէր ուզում մերժել։ Կարող է շատ գործեր վերցներ, որ պետք է գործիքավորեր, բայց հասկանալի էր՝ ֆիզիկապես չէր հասցնի, հաճախ չէր էլ հասցնում, բայց ոչ ոքի չէր ուզում նեղացնել։ Քանի անգամ եղել է, որ զանգահարել են, մենք միասին ենք եղել, ասել է.«Վա՜յ, չեմ հասցրել գործիքավորել, հեռախոսը չեմ վերցնի»։ Ասում էի.«Հայկո, ուրեմն՝ երբ մեր զանգերին էլ չես պատասխանում, նո՞ւյնն ես ասում»: Պատասխանում էր.«Չէ՜, այ քուրս, ցավդ տանեմ, չի կարող նման բան լինել»։ Վատ տարիներից հետո, երբ երգարվեստը սկսեց ձեւավորվել, պետք է տեսնեիք իր ոգեւորությունը։ Նա այդ տարիներին գործիքավորումներ էր անում, ու ամեն անգամ լսելով՝ ապշում էի նրա զգացողության վրա։

Սյուզան Մարգարյանը


Մեծ ներաշխարհ, ստեղծագործելու անսահման տաղանդ ուներ: Գիտեր հնչյունների կարեւորությունը, ինչպես օգտագործել։ Ունեցել ենք հրաշալի հյուրախաղեր. չեմ կարող նկարագրել՝ ինչքան էինք ծիծաղում, մի խենթանալի հումոր էր ամենուր։ Ախր շատ բաներ կան պատմելու, բայց բարձրաձայն ասելու չէ։ Միայն կարող եմ նշել՝ թոքերը ցավելու աստիճան ծիծաղում էինք։ Պահանջկոտ ու պարտադրող ընկեր չէր, նուրբ հոգի ուներ։

«Խելոք ապրեք, հերթականություն կա»

Իր ամենահայտնի դիմելաձեւը՝ «մեռնեմ ջանիդ, ցավդ տանեմ»։ Այդ քաղցր լեզուն․․. Ինքն էությամբ կարգին հայ տղա էր, կռվի մեջ առաջինը կմտներ՝ «Ո՞նց թե քրոջս նեղացնեն, ո՞նց թե ինչ-որ մեկին նեղացնեն»։ Դե, գաղտնիք չեմ ասի, որ շրջապատի առավել եւս՝ աղջիկների սիրելին էր: Արդեն հայացքից ու վարքագծից հասկանում էինք, որ սիրահարվել է։ Միշտ սիրում էր դասական հագնվել, բայց ներքուստ մի այլ ջիգյարով հայ տղա էր։ Այդ կոնտրաստն ինքն էր ստեղծել։ Բոլորի հետ կարողանում էր իրենց լեզվով խոսել, բայց արդյո՞ք գտնում էր այն մարդկանց, ովքեր իր լեզվով կխոսեին։ Ամենաշատը ներկայությունն ու չներեկայությունն եմ կարոտում. վերջին շրջանում քիչ էինք հանդիպում…

Լուսանկարը՝ Սյուզան Մարգարյանի արխիվից


Իրենից հետո երգերն ուրիշ կերպ եմ լսում, ուրիշ կերպ եմ ընկալում։ Հիմա հաճախ զանգում եմ Ավետին, ասում.«Դուք գի՞ժ եք, ինչի՞ էիք հեռուն տեսնող այդ տողերը գրել...»։ Ախր միշտ ասում եմ՝ խելոք ապրեք, հերթականություն կա։

«Մեծ եղբայր էր Սիրուշոյի համար»

Սիրուշոյի առաջին երգերի գործիքավորումը հենց Հայկոն է արել։ Երաժշտական կապվածություն ունեին։ Գերմանիայի հայտնի ստուդիաներից մեկում Սիրուշոն ձայնագրեց «Inside» երգը, որ պետք է նվիրեր ռումինացի երգիչներից մեկին։ Հայկոն ստուդիայում նվագակցում էր։ Ձայնագրությունից դուրս եկավ, ասաց.«Գիժ ա էս քո աղջիկը, այս ի՜նչ արեց»։ Սիրուշոյի երգերի մեծամասնությունը գործիքավորել է Հայկոն, դե, գրել է «Ես սիրում եմ միայն քեզ», «Սերը մեր», «Erotas» երգերը։ Այս դեպքից մի քանի ամիս առաջ Սիրուշոն, Ավետը որոշեցին նոր նախագիծ սկսել, Հայկոյի հետ պայմանավորվել էին, բայց այդ հանդիպումը չկայացավ... Իր տխրությունը հաղթեց իրեն։ Ցավոք, վերջին շրջանում միայն հեռախոսով էինք խոսում, բայց հոգեւոր կապը միշտ կար։



Բացահայտեցի նոր Հայկո, երբ սկսեց երաժշտություն գրել ֆիլմերի համար: Հասուն, անհավանական խոր մարդ էր։ Մի քանի «աշխարհ» կար, ինքն այդ «աշխարհներից» որոշները սիրել է, որոշների հետ չի հաշտվել, բայց ստիպված է եղել համագործակցել։

Սյուզան Մարգարյանը


Համերգը՝ երկրորդ շունչ

Զանգեցի իրեն, քանի որ ինքս անցել էի այդ դժվարությունների միջով, ցանկացա ուժ տալ, այնքան ոգեւորվեց։ Ասում եմ՝ «Հայկո, քեզ թող չթվա, որ կյանքը կանգ է առել», ու իմ օրինակը բերեցի, որ տես, պատահական ոչինչ չի լինում։ Եթե թոռնիկիս ծնվելու ժամանակ ԱՄՆ-ում չլինեի, հաստատ չէի գնա բժշկի։ Իհարկե, գիտակցում էի, որ երգչի համար ձայնալարերը որքան կարեւոր են։ Հույս էի տալիս, բայց սրտիցս արյուն էր կաթում։ Արտիստի համար բեմում լինելը, սիրող հայացքներ տեսնելն ու զգալը նոր կյանք ու ուժ են տալիս։ Այդ փորձությունը հաղթահարեց։ Ու ավելին, ձայնը փոխվել էր. նոր տեմբր էր ձեռք բերել, որն իրեն յուրահատուկ հմայք էր տալիս։ Համերգով վերադարձավ: Բայց ճակատագիրը շատ անողոք գտնվեց․․․ Հայկոն կապրի իր երգերի շնորհիվ։ Ու որքան շատ լսենք, այնքան ավելի լավ:

Հ․Գ. Ձայնագրիչն անջատված է, ու հույզերդ արդեն կարող ես չզսպել։ Իսկ ուղեղումս անընդհատ պտտվում էր այդ օրերին թեւավոր դարձած խոսքերը՝ «Ամենա», «Վերեւ»-ից «Ետ նայիր ու տես, որ քեզ սիրում ենք» քո «Սիրո հավերժ քաղաք»-ում, Հայկո:

Զրուցեց Արմինե Գեւորգյանը
Լուսանկարները` Էլեն Գասպարյանի եւ Սյուզան Մարգարյանի արխիվից
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW