×


ARARAT ժառանգության նշանավորման երեկոյի հյուրերն ու նորարար լուծումները

Երեւանի կոնյակի գործարանը հայկական կոնյակագործության 135-ամյակը նշանավորեց յուրօրինակ վայրում անցած ճանապարհի ու ապագայի տեսլականի ներկայացմամբ, վերաթողարկված տեսականու հյուրասիրությամբ եւ ինքնատիպ երաժշտական ծրագրով: Մարզահամերգային համալիրի «Հայաստան» սրահում կազմակերպված մեծ միջոցառումը, որ հյուրընկալել էր տարբեր ոլորտների ավելի քան հինգ հարյուր ներկայացուցչի, վստահաբար, կդառնա «ARARAT»-ի նոր գրվող պատմության ամենագեղեցիկ էջերից մեկը։

BRAVO.am-ը նույնպես ներկա է եղել ARARAT ժառանգության նշանավորման երեկոյին, շրջել է սրահի տարածքում, զրուցել միջոցառման հեղինակների հետ եւ լուսանկարել է օրվա հետաքրքիր դրվագներն ու հյուրերին։


Դիզայներական ինքնատիպ լուծումների շնորհիվ սրահում ամբողջացել էին հինն ու նորը։ Մի կողմից աչքի էին ընկնում «ARARAT»-ի պատմությունը ներկայացնող գրառումները, ցուցադրված լեգենդար կոնյակները, վինտաժային պիտակները, մյուս կողմից՝ նորագույն արտ-ինստալյացիաները, մեծ ու հարուստ բարը՝ կոնյակների դասական տարբերակների եւ յուրօրինակ կոկտեյլների հյուրասիրությամբ։ Միջոցառման անցկացման վայրն էլ պատահական չէր ընտրված․ Համալիրի «Հայաստան» սրահն էլ պատմական մի վայր է, որ հանդիսանում է հայկական նրբաճաշակ ճարտարապետության եւ հյուրընկալության խորհրդանիշերից մեկը։


Տարածքում առանձնակի հետաքրքրություն էր վայելում «ARARAT» նորարարության լաբորատորիան, որտեղ կարելի էր ծանոթանալ կոնյակների պատրաստման ու շշալցման գործընթացին, նոր կուպաժներ ստեղծելու արվեստին, ինչպես նաեւ տեղում համտեսել ARARAT Apricot եւ ARARAT Coffee կոնյակները։ Վերջիններս ապրանքանիշի նոր թողարկումներից են, բայց արդեն հասցրել են սիրվել ու հայտնի դառնալ սպառողների շրջանում։ Երեկոյի ընթացքում լեգենդար ու դասական դարձած կոնյակների կողքին ցուցադրված էր նաեւ 1902 թվականին ստեղծված առաջին հայկական տեսակավոր կոնյակի՝ «Ընտիր»-ի վերաթողարկված կոլեկցիոն տարբերակը։


Մի առանձին հատվածում էլ երաժշտական ծրագիրն էր ներկայացված՝ մշակված հատուկ այդ երեկոյի համար եւ ներառելով տարբեր ժամանակաշրջանները խորհրդանշող ստեղծագործություններ։ Նույնիսկ սրահ բարձրացող վերելակներում էին տարբեր երաժշտական հավաքածուներ հնչում, որպեսզի հյուրերը բարձրանալիս ու իջնելիս տարբեր ստեղծագործություններ վայելեն։

Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը


««Արարատն» առաքելություն ունի միշտ ներկայացնել ոչ միայն հայկական կոնյակագործության ավանդույթները, այլ նաեւ հայկական մշակույթը, հայ ժողովրդի պատմությունը։ Մենք մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերվում այդ առաքելությանը, եւ կարող ենք ասել՝ այն հաջողությամբ իրականացնում ենք ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի տարբեր ծայրերում»,- մեր զրույցում նշեց Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։


ARARAT ժառանգության նշանավորման երեկոն մեկնարկն է հոբելյանական տարվա միջոցառումների շարքի, որն առաջիկայում կամբողջանա հետաքրքիր այլ նախաձեռնություններով։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW