«Ոտքի կանգնելու կամքը» փաստավավերագրական ֆիլմը կրկնվող սխալներից խուսափելու եւ ոտքի կանգնելու ճանապարհները վերհիշելու համար է ստեղծվել։ Ֆիլմի ավելի քան 45 րոպեների ընթացքում ականատես ենք լինում հայոց փառահեղ որոշ հաղթանակների պատմությանը, նաեւ փաստերով տեսնում, որ մեզ կարողացել են հաղթել միայն մեր ձեռքով, որ մեր հայրենքիը կորցրել ենք միայն պառակտված լինելու դեպքում։
Ֆիլմի պրեմիերան, որը ոչ պատահական կերպով ընտրվել էր հայոց բանակի վերածննդի օրը՝ հունվարի 28-ին, կայացավ Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում։ «Ոտքի կանգնելու կամքի» հեղինակ եւ ռեժիսոր Վահե Սուքիասյանն ասում է, որ դեռ 2015 թվականից էին ինքն ու լուսահոգի պատմաբան Արտակ Մովսիսյանը ցանկանում նկարահանել նմանատիպ ֆիլմ կամ ֆիլմաշար, քանի որ այդ թվականից ազգային արժեքների եւ ինքնագնահատականի նվազման միտում կար։
«Երբ ամբողջ աշխարհը, մասնավորապես՝ Թուրքիան, Ռուսաստանը, Ուկրաինան, մեր հարեւան Ադրբեջանն ավելի շատ ակցենտավորում էին իրենց պատմությունը՝ իրենց գործողությունները հիմնավորելով պատմական արդարությամբ, մեզ մոտ պատմությունը, պատմական առանձին դրվագներն առաջացնում էին արհամարհանք եւ քմծիծաղ։ Սկզբնական շրջանում մտածում էինք ֆիլմաշար նկարահանել՝ «Մեր հաղթանակները» քառահատորի հիման վրա, որի աշխատանքների ֆինանսավորման համար ժամանակին դիմել էինք մի շարք կազմակերպությունների՝ ընդհուպ մինչեւ ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն, սակայն ամեն անգամ ինչ-որ մի բան խոչընդոտում էր։ 2020 թվականի պատերազմը եւս մեկ անգամ կարեւորեց նմանատիպ ֆիլմի ստեղծման պահանջը, քանի որ հայ ազգն առաջին անգամ չէ, որ հայտնվում է նմանատիպ իրավիճակում»,-ասել է Վահե Սուքիասյանը։ Ռեժիսորը նշում է, որ ֆիլմը շարունակելի է, քանի որ ասելիքը շատ է։
Առաջին անգամ է, որ ֆիլմի սցենարը ենթարկվել է նաեւ հոգեբանական վերլուծության հոգեբան Սոլանժ Թամամյանի կողմից։
Ֆիլմի ընթացքում հայտնի դերասանները հանդիսատեսին պատմում են մեր պատմության փառահեղ հաղթանակների, ինչպես նաեւ ողբերգական պարտությունների, դավաճանության մասին։ ՀՀ վաստակավոր արտիստ Արթուր Կարապետյանը, որն ամբողջ ֆիլմի ընթացքում պատմելով տանում է կարեւոր գիծը, ասում է, որ պարտությունից ոչ ոք ապահովագրված չէ, անգամ հզորագույն պետություններն են անհետացել քարտեզի վրայից։
«Յուրաքանչյուր պարտություն իր պատճառներն ունի: Ինչպես նաեւ հաղթանակներն ունեն իրենց պատճառները: Մեր պատմությունը հաղթանակների եւ պարտությունների մի անվերջանալի շրջապտույտ է։ Ե՞րբ ենք պարտվել ու ե՞րբ ենք կարողացել, ի հեճուկս իրավիճակի, հաստատել ոտքի ելնելու մեր կամքը։ Ի վերջո, որո՞նք են մեր գոյատեւման բանալիները. ահա, այս հարցերի պատասխաններն ենք փորձել որոնել մեր ֆիլմի ընթացքում՝ թերթելով մեր պատմության մի քանի էջ: Ֆիլմն ուղղված է ոչ միայն նոր սերնդին, այլ, ըստ իս, նաեւ նրանց, ովքեր ներկայում կերտում են մեր պետականությունը, թերեւս` բոլորիս՝ կրկնվող սխալներից խուսափելու եւ ոտքի կանգնելու ճանապարհները վերհիշելու համար»,-ասել է Արթուր Կարապետյանը։
Որպեսզի պատմությունը սերտող մերօրյա պատանիներին ֆիլմն ավելի հետաքրքիր լինի, հեղինակները մեր պատմության ներկայացվող անցքերը մատուցել են անիմացիոն տարբերակով։
Ֆիլմի նկարիչ-մուլտիպլիկատոր, անիմատոր Արթուր Զախարյանն ասում է, որ աշխատանքները տեւել են ավելի քան երեք ամիս։ Նա նկարչության դասական սկզբունքները համադրել է համակարգչային գրաֆիկայի հետ՝ պատկերելով հայ ժողովրդի պատմության հերոսական դրվագներն ու դրանցում անկյունաքարային դեր ունեցած հայտնի հերոսներին։
«Քանի որ ֆիլմն ունի կրթադաստիարակչական նպատակ, եւ հիմնական լսարանը մեր պատանիներն ու երիտասարդներն են, ֆիլմում անիմացիոն հատվածների համար ընտրեցի պատկերապատման ձեւը։ Նախ ստեղծում էի տվյալ ժամանակաշրջանի կերպարների մոտիվները, հետո դրանք մշակում, ավելի կոնկրետացնում: Հաջորդ փուլում գունավորում եւ դրանցով ստեղծում անիմացիոն հատվածները: Փորձել եմ ամեն ժամանակաշրջանին հատուկ հերոսականությունն ու իրադրությունները ստանալ»,-ասում է նա եւ հավելում, որ այդ լուծումն են տվել, որ ֆիլմը դիտելիս պատանիներն ու երիտասարդներն առավել լավ պատկերացում ունենան մեր պատմության մասին եւ, հաղթանակներով ոգեշնչված, նոր ձեռքբերումներ ունենան։
«Ոտքի կանգնելու կամքը» փաստավավերագրական ֆիլմի երաժշտության հեղինակը «Էմփիրեյ» ռոք խմբի համահիմնադիր Գիսանե Պալյանն է: Նա ասում է, որ երբ ծանոթացել են ֆիլմի գաղափարին, մեծ ոգեւորություն են ապրել ու նաեւ մեծ պատասխանատվություն՝ այս կարեւոր գործին մասնակից դառնալու համար։ «Ֆիլմն ունի ոչ միայն հայրենասիրական ուղերձ, այլ նաեւ կրթական մեծ արժեք։ Երաժշտության մեջ որոշեցինք ներդնել մաքուր հայկական լադին բնորոշ տարրեր: Բայց ոչ այն տարրերը, որոնք իրականում արեւելյան են, սակայն հաճախ ներկայացվում են որպես մաքուր հայկական»,-ասում է հայտնի երաժիշտը:
Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Խորհրդի անդամ եւ 4 երեխաների հայր Նարեկ Բեգլարյանը շատ է կարեւորում նման կրթական ֆիլմերի ստեղծումը։
ֆիլմը, որի թիրախային խումբը ավագ դպրոցի 13-16 տարեկան երեխաներն են, նկարահանվել է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում, որից բանկը որեւէ շահույթ չունի։ Փորձնական դիտումներ են կազմակերպվելու մի քանի դպրոցներում՝ որպես պատմության դրվագները մատուցելու այլընտրանքային եւ, գուցե, ավելի արդյունավետ մեթոդ: Ավելին, ցուցադրություններ են նախատեսված նաեւ Բելգիայում, Ֆրանսիայում, Լոս Անջելեսում, Մյունխենում, Չեխիայում եւ Ռուսաստանի մի շարք քաղաքներում: Պրեմիերայից հետո ֆիլմը բաց տարբերակով տեղադրվելու է ՅուԹուբում:
Ֆիլմում հանդես են եկել հայտնի դերասաններ Արթուր Կարապետյանը, Դավիթ Հակոբյանը, Բաբկեն Չոբանյանը, Նազենի Հովհաննիսյանը, Սամվել Թոփալյանը եւ Ռուբեն Մուրադյանը։ Ֆիլմի երաժշտության հեղինակներն են երաժշտագետ, դաշնակարուհի Գիսանե Պալյանն ու կիթառահար Կարեն Արզումանյանը («Էմփիրեյ» ռոք խումբ)։
Հեղինակ՝ Աննա Ալլահվերդյան
Լուսանկարները՝ Ռուբեն Դալլաքյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: