×


«նազէ». հայկական բարձրորակ բրենդի առաքելությունն ու արտադրական ծավալները

Անկողնային ու տնային պարագաների արտադրությամբ զբաղվող «naze home» հայկական նորաստեղծ ապրանքանիշը համատեղում է ոչ թուրքական հումքը եւ տեղական բարձրորակ կարը։

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի սոցիալական այս նախաձեռնությունը միավորել է իր «Կարուձեւ» ուսումնական ծրագրի շրջանավարտներին՝ մասնագիտությունից զատ նրանց տալով արժանապատիվ աշխատանքի հնարավորություն։ Իսկ նորաստեղծ բրենդը դեռ նախորդ տարվանից սկսել է գրանցել առաջին հաջողությունները՝ հստակ քայլերով մուտք գործելով հայկական շուկա։


BRAVO.am-ը զրուցել է բրենդի հիմնադիրների հետ, ծանոթացել ընկերության հիմնադրման պատմությանը, արտադրանքին, դրա առավելություններին, պատվերներ գրանցելու հնարավորություններին եւ հիմնադրամի գործունեությանն ընդհանուր առմամբ։

1988 թվականի երկրաշարժից ի վեր գործունեություն ծավալող հիմնադրամը, որի գլխավոր նպատակն աղքատության կրճատումն է եւ մարզային, գյուղական կյանքի զարգացումը, նախաձեռնել ու հաջողությամբ իրագործում է «Կարուձեւ» ուսումնական ծրագիրը, որի լավագույն շրջանավարտները տեղ են գտնում արտադրամասում՝ որպես աշխատակիցներ։


Ներկայումս «նազէ»-ի աշխատակիցների թիվն ութն է, այդ կանայք հնարավորություն են ունեցել անվճար հիմունքներով նոր մասնագիտություն ձեռք բերել եւ հիմնովին փոխել իրենց ապրելակերպը։ Միաժամանակ նրանք մասն են դարձել զարգացող մի բիզնեսի, որից ստացված եկամուտը ներդրվելու է նոր արտադրամասերի ու աշխատատեղերի ստեղծման, նոր ծրագրերի իրականացման գործում։

«Երբ սկսեցինք ուսումնասիրել հայկական շուկան, հասկացանք, որ այն ամբողջությամբ հեղեղված է թուրքական արտադրության անկողնային պարագաներով։ Մենք նպատակ դրեցինք այլընտրանք գտնել եւ  զբաղվել որակյալ հումքի ձեռքբերմամբ։ Արդյունքում, հիմա հումքի մեծ մասը ներկրում ենք Ուզբեկստանից, Ռուսաստանից եւ շուտով նաեւ Չինաստանից։  Արտադրում ենք անկողնային պարագաներ, սրբիչներ, սփռոցներ, գոգնոցներ, նույնիսկ ձեռագործ փայտե շերեփներ»,- մեր զրույցում նշեց «Դիակոնիա բարեգործական հիմնադրամ» -ի փոխտնօրեն Աննա Ջամբազյանը։


«նազէ»-ն մինիմալիստական ոճը նախընտրողների համար է, եւ հենց այդ ժամանակակից մոտեցումն էլ դարձել է ապրանքանիշի առանձնահատկություններից մեկը։ Աննա Ջամբազյանն ասում է՝ այս պահի իրենց ձեռքբերումներից է նաեւ այն, որ մի շարք հյուրանոցներ, հյուրատներ նույնպես հետաքրքրվում են մեծաքանակ պատվերներով, եւ հաշված օրերում կարողանում են պատրաստել նախընտրելի քանակով ու չափսերով պատվերը։ ««նազէ»-ն շատ սիրուն փաթեթավորում ունի, որով հասնում է հաճախորդին, եւ այդ ամբողջ ընթացքը սովորականից արագ է լինում»,- հավելեց նա։

«naze home»-ն առայժմ ներկայացված է միայն առցանց հարթակներում, սակայն հիմնադիրներն առաջիկայում նախատեսում են «Made in Armenia» հարթակներում, այսինքն՝ տարբեր խանութներում ու տաղավարներում նույնպես ներկայանալ։ Պատվերներ կատարելու համար կարելի է անցնել ընկերության սոցցանցային էջերով:

«նազէ»-ն Facebook-ում՝ https://www.facebook.com/nazehome,
«նազէ»-ն Instagram-ում՝ https://www.instagram.com/nazehome/ :

Ապրանքանիշի անվան ընտրության մասին պատմում է «Anna Salome Fashion Marketing Agency» ընկերության հիմնադիր Աննա Սալոմեն, որն էլ իր թիմի հետ զբաղվում է ապրանքանիշի առաջխաղացմամբ:


«Ի սկզբանե ցանկանում էինք՝ բրենդը հայկական անուն ունենար։ Փնտրում էինք աղջիկների հայկական անունների մեջ եւ ոգեշնչվելով գուսան Շերամի Նազ աղջիկ ստեղծագործությունից, մեր վերջնական ընտրությունը կանգ առավ Նազէ տարբերակի վրա»,- նկատում է Աննան։


Հավելենք, որ «Դիակոնիա բարեգործական հիմնադրամ» -ը ստեղծվել է 1988 թվականին՝ լիբանանահայ երաժիշտ Հակոբ Ջամբազյանի կողմից, որն իր ընկերների միջոցով օգնության ծրագրեր է կազմակերպել աղետի գոտում։ Հետագայում այդ ծրագրերն ընդլայնվել են՝ ունենալով ավելի շատ աջակիցներ, ընդգրկելով ավելի մեծ թվով գյուղեր, քաղաքներ, խոցելի խմբեր։ Ծրագրերի ուղղվածությունն էլ շատ տարբեր է՝ սոցիալականից մինչեւ գյուղատնտեսական ու կրթական։ Հատկանշական է, որ բոլոր ծրագրերի իրագործման համար հատկացվող միջոցները գոյանում են արտասահմանյան դոնորների աջակցությամբ։ Աննա Ջամբազյանն ընդգծում է՝ նրանց վստահությունն այս տարիների ընթացքում այնքան է աճել ու ամրապնդվել, որ մեկ անգամ հանգանակություն կատարողը հետագա տարիներին էլ շարունակում է աջակցել տարբեր ծրագրերի։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ «նազէ»-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին