×


«Չասեմ՝ մուսա ենք, բայց ազդում ենք իրար վրա». Նարինե Գրիգորյանը՝ թատրոնի, ընտանիքի եւ գերություն տեսած հայրիկի մասին

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար ու դերասանուհի Նարինե Գրիգորյանի ներկայացումներն ապրելու եւ սիրելու մեծ ցանկություն են առաջացնում, իսկ նրա հետ զրուցելու ողջ ընթացքում անհնար է լայն ժպիտով չլինել:

BRAVO.am-ի համար Գրիգորյանը պատմել է, թե ինչպես է ներկայացումները ստեղծում, ինչու է այդքան շատ կապված թատրոնի հետ, ինչ մեծ պրեմիերա է նախատեսում ու ինչպես սովորել անսահման սիրել:

- Նարինե, Դուք ե՛ւ դերասանուհի եք, ե՛ւ ռեժիսոր, ինչպե՞ս են այդ երկու մասնագիտությունները համատեղվում Ձեր մեջ:

- Կարծում եմ՝ նրանք ներդաշնակորեն փոխլրացնում են իրար։ Երբ երկար խաղում եմ, իսկապես անհրաժեշտություն եմ ունենում բեմադրություն անելու, եւ երկար ժամանակ բեմադրելու դեպքում զգում եմ, որ իմ միջի դերասանուհին ուզում է խաղալ: Երբեք չեմ մտածում իմ ներկայացումներում խաղալ՝ բացառությամբ մոնոներկայացումների: Այդ տեսանկյունից շատ ազնիվ եմ դերասաններիս հետ, հենց իրենց համար եմ ստեղծում ու ամեն մեկի տեսակը նկատի ունենում: Երբեմն իմ միջի ռեժիսորն ինձ օգնում է բացահայտվել որպես դերասանուհի: Շատերն ասացին, որ անսպասելի Նարինե տեսան «Գոմեշը» ներկայացման մեջ, բայց ես իմ այդ տեսակը լավ գիտեի, ու այն բացահայտվեց Հրանտ Մաթեւոսյանի շնորհիվ:

Նարինե Գրիգորյանը


- Իսկ տարիքի հետ նոր դերեր խաղալու ու Ձեզ ավելի լավ բացահայտելու ցանկությունը շատանո՞ւմ է:

- Ամեն տարիք իր գեղեցկությունն ու հմայքն ունի, չեմ վախենում, որ կլինեմ, 60, 70 կամ 80 տարեկան, եթե, իհարկե, բախտ վիճակվի: Սոս Սարգսյանն այնքան ճիշտ էր ասում՝ «Թատրոնը երիտասարդի արվեստ է»։ Բեմից հանդիսատեսն էներգիա ու կյանքի ուժ է ստանում, նա գալիս է թատրոն հենց դրա համար, բայց տարիքի հետ այդ էներգիան իսկապես պակասում է: Իսկ կինոյում այդ նույն դերասանը կարող է շատ հետաքրքիր լինել հենց իր տարիքի շնորհիվ: Թատրոնը բալետի պես է, ժամանակ ունի: Բայց, իհարկե, կան դերասաններ, որ 80-ում էլ նույնքան էներգետիկ են:

- Կարծում եք՝ մեծ տարիքում Ձեր մեջ ավելի շատ ռեժիսո՞րը կսկսի խոսել:

- Չեմ ուզում հետո պարզապես բեմադրիչ դառնալ, որովհետեւ մյուսների օրինակները տեսնելով՝ հասկանում եմ, որ այդպես կարող է լինել:

- Բայց չէ՞ որ Դուք էլ տարիքի հետ կփոխվեք ու կյանքի նոր փորձ ձեռք կբերեք:

- Համաձայն եմ, օրինակ՝ ամուսինս 40 տարեկանում սկսեց փայտե գեղեցիկ գործեր անել, գուցե, իմ մեջ էլ հանկարծ մի ուրիշ ջիղ բացվի, կամ էլ դերասանությունն ու ռեժիսուրան հավասարաչափ պահեմ: Դերասանությունը քեզ միշտ մարզավիճակում է պահում. երբ գիտես՝ 2 օրից խաղալու ես, ձգվում ես ու զգաստանում: Մեր Վարշամ Գեւորգյանը 2 օրում նիհարում է դերի համար (ծիծաղում է,- հեղ.): Մի միստիկ ֆիզիոլոգիա է. օրգանիզմդ ինքը գիտի՝ ինչպես գործել:

- Մարդիկ նաեւ կարծրատիպեր են կոտրում, եւ Դուք կարող եք ոչ մեկին էլ նման չլինել, Ձեր սեփական ճանապարհը հարթել:

- Հենց դա էի ուզում ասել, այդպես էլ հնարավոր է: Բայց անկեղծ, չգիտեմ՝ ինչ կուզեմ լինել: Եթե մի քանի տարի անց զգամ, որ սպառվել եմ որպես գեղարվեստական ղեկավար ու ասելիք չունեմ, ինքս կհրաժարվեմ այդ պատասխանատվությունից: Չեմ պատկերացրել, որ կարող եմ գեղարվեստական ղեկավար լինել, իսկ հիմա երջանիկ եմ ու այնքան եմ հաճույք ստանում, երբ նոր խաղացանկ եմ կազմում, պիեսներ ընտրում, այնպես անում, որ թատրոնում բացթողում չլինի, հանդիսատեսն իր ուզած ներկայացումները դիտի:

Նարինե Գրիգորյանը


- Ձեր ներկայացումներն էսթետիկ հաճույք են պարգեւում, ինչպե՞ս եք ստեղծում դրանք ու ընտրում դերասաններին՝ օգնելով նրանց դրսեւորել իրենց բոլոր գույները:

- Նախ՝ մենք խաղընկերներ ենք, ու նրանց լավ գիտեմ, տեսնում եմ, թե կուլիսներում ինչ են անում: Երեկ պարում էինք կուլիսներում, ու Նարեկ Բաղդասարյանը յուրահատուկ շարժուձեւով սկսեց շարժվել, խնդրեցի նորից կրկնել. շուտով «Խատուտիկների գինին» ենք բեմադրելու, այնտեղ կօգտագործեմ: «Փափլիկ»-ում Նարեկի՝ սանդուղքով բարձրանալու տեսարանը մեր խնջույքի ժամանակ եմ տեսել եւ հետո օգտագործել: Իսկ Տաթեւ Ղազարյանը ֆալցետով այնքան ծիծաղելի է խոսում, դա օգտագործելու եմ «Տերն ու ծառան» ներկայացման մեջ:

- Իսկապե՞ս, «Խատուտիկների գինին» իմ ամենասիրելի գրքերից է, արդեն մի քանի տարի է՝ ամառը սկսում եմ այն վերընթերցելով:

- Ես էլ անչափ սիրում եմ այդ գործը, չեմ համբերում, թե երբ է պատրաստ լինելու:

- Փաստորեն նրանց լավ ճանաչելն օգնում է օգտագործել առավելություններն ու տարբերվող կերպարներ ստեղծել:

- Միշտ ասում եմ՝ ռեժիսորն այն մարդն է, ով կարողանում է ճիշտ հանդիպումներ կայացնել: Լավ գործի ու դերասանների հանդիպումը պարզապես հրավառություն է: Այդ հոտառությունն է պետք ունենալ: Այն ռեժիսորներից չեմ, որ ասեմ՝ «Մատդ այսպես արա, կամ էլ ոտքդ՝ մեկ ուրիշ ձեւ». տեսարանները դերասաններն են ստեղծում:

- Յուրահատուկ կոնստրուկցիա եք պատրաստել «․․․ եւ նորից գարուն» ներկայացման համար, ու բոլոր գործողություններն օդում են արվում:

- Չեմ սիրում, երբ բեմը ծանրաբեռնում են, ի վերջո թատրոնում դրանով չէ, որ զարմացնում են: Միլիոնավոր դոլարներ են ծախսում կոնստրուկցիաների վրա, դա կարող է առաջին 5 րոպեն տպավորել, հետո չի աշխատում: Երբ թատրոնը միայն դրա վրա է կենտրոնանում, միշտ զիջելու է կինոյին: 21-րդ դարի թատրոնը սինթեզ պետք է լինի: Երեկ քույրս հարցնում էր, թե մյուս ներկայացմանն էլ ո՞ւր են դերասանները բարձրանալու, երկի՞նք․․․ (ծիծաղում է,- հեղ.): Բայց մի լավ մտահղացում ունեմ, որը կտեսնեք «Խատուտիկներում»:

Նարինե Գրիգորյանը եւ Հասմիկ Բաբայանը


- Արդեն մտածե՞լ եք, թե այն ինչ լուծումներ կունենա, ու ինչո՞ւ եք Բրեդբերիի հենց այդ գործն ընտրել:

- «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է»-ն 35 տարեկանում եմ պատմել, 12 տարեկանիս ապրումների մասին է: Այդ սկզբունքով էլ գրվել ու կբեմադրվի «Խատուտիկի գինի» ներկայացումը: Նարեկ-Դուգլասը հասուն տղամարդ է, ով վերապրում է իր մանկությունը եւ վերաիմաստավորում կյանքը: Մենք էլ ենք հիմա կյանքի վերաիմաստավորման փուլում, արժեքներ ունեինք, ու ամեն ինչ հօդս ցնդեց: 30 տարի շարունակ մեզ հաղթանակած, ազատ, անկախ ու հզոր Հայաստան էինք համարում: Եվ հանկարծ հասկանում ես, որ այդ ամենը կարող էր իրականություն դառնալ, եթե այդքան փուչիկ չլիներ: Պարզապես պետք էր ձգտել դրան, ոչ թե համոզված լինել, որ այդպիսին ենք: Սթափությունը լավ բան է ու պետք է նպաստի ստեղծարար եւ արարող դառնալ, իսկապես անհրաժեշտ է գնահատել ունեցածը, նայել ճշմարտության աչքերին ու վերջապես սկսել կառուցել մեր երազանքի երկիրը: Միշտ կարելի է պատմությունը նոր էջից սկսել, բայց այն չես կարող փոխել, քանի դեռ անընդհատ նույն քայլն ես անում: «Խատուտիկների գինի»-ում էլ կյանքի վերաիմաստավորման ու արժեւորման շատ սկզբունքներ կան: Այսքան մահեր տեսանք, անսահման ցավոտ է, բայց դա էլ կյանքի մի մասն է: Պետք է ապրել ու ապրեցնել։

- Գրքի խորհուրդներից մեկն էլ այն է, որ բոլորս մանկությունից ենք ու այն, ինչ բերել ենք այնտեղից, պարտավոր ենք պահել:

- Փառատոների մասնակցելիս նկատել եմ, որ հիմնական թեման աշխարհի վերջն է: Արվեստագետը նաեւ մարգարե է, բոլորն էլ զգացողություն ունեն, որ աշխարհն ինչ-որ անհայտ տեղ է գնում: Բայց ուղղակի նստել ու պատմել այդ մասին անիմաստ է, իսկ ի՞նչ անել, որ այդ վերջը չգա, հիշեցնել այն մաքրության մասին, որն ունեինք 12 տարեկանում, երբ դեռ նորովի էինք հայտնագործում կյանքն ու ոչ թե կործանում այն ամենն, ինչ կա ձեռքներիս տակ։

- Ասում են՝ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ Փարիզի վրա ռումբեր էին ընկնում, իսկ մարդիկ շարունակում էին սիրել իրար ու վայելել կյանքը:

- Այո, թեթեւամիտ կատակերգություններ կան, որոնք գրվել են հենց պատերազմի ժամանակ: Զարմանում են, որ Արցախում մարդիկ քեֆ են անում կամ ուրախանում, բա ի՞նչ անեն, որ չխելագարվեն: Կյանքն ապրողին է տրվում ու պետք չէ այն բաց թողնել: Ծանրաբեռնված օրեր են լինում, որ տարբեր տեղերում պետք է լինեմ, մտածում եմ չգնալ, բայց հետո հասկանում եմ, որ այդպես անելու դեպքում կյանքն եմ բաց թողնելու: Իսկ ես ուզում եմ լիարժեք ապրել, շատ եմ հոգնում, ամուսինս էլ ասում է՝ որոշ գործերից հրաժարվեմ, իհարկե, դա էլ եմ անում, օրինակ՝ Թատերական ինստիտուտում կուրս չեմ վերցնում: Միեւնույն է՝ հետո միշտ չարածի համար ես ափսոսում, իսկ որ ամեն րոպեդ ապրում ես, էլի է տրվում է, կյանքն այդպիսին է: Մեծ պատասխանատվությունը սովորեցնում է հոգիդ մեծացնել: Եթե կոլեկտիվի ղեկավար ես, ավելի շատ մարդկանց պետք է սիրես:

Նարինե Գրիգորյանը


- Իսկ ինչպե՞ս եք կարողանում բոլորին հավասարաչափ սիրել կամ գոնե այդպես ցույց տալ:

-Սովորում ես: Երբ թատրոնը քո «երջանկություն ստեղծելու մեքենան» է, բոլորին սիրում ես՝ տեխնիկական անձնակազմից սկսած: Կոլեկտիվում անկարեւոր մարդ չկա: Լինում են մարդիկ, ոչ թե որոնց չես սիրում, այլ նրանց միտումը, օրինակ՝ աշխատանքին պատասխանատու չեն վերաբերվում կամ մեկ այլ բան:

- Իսկ իրական ու թատրոնի Նարինե Գրիգորյանն ինչո՞վ են իրարից տարբերվում:

- Հարցեր կան, երբ շատ կոնսերվատիվ եմ, անգամ մարդիկ զարմանում են, բայց թատրոնում ու արվեստում սահմաններ չկան ինձ համար: Կարող ես անել այն, ինչ կյանքում քեզ թույլ չես տա, քո աշխարհայացքին չի ենթարկվում: Ինձ թվում է, որ հանդիսատեսն էլ է գալիս ապրելու այն, ինչ կյանքում չի զգա ու չի անի: Բայց այդ համարձակ քայլն ուզում է տեսնել կերպարի կատարմամբ, երբեմն էլ դա իրենց է օգնում ավելի վճռական լինել:

- Դուք ֆիլմում եք նկարահանվել «Թղթե տունը» սերիալից հայտնի Հովիկ Կեուչկերյանի հետ, որին Հայաստանում շատ են սիրում, ինչպիսի՞ն է նա:

- «Նոր հայ»-ում Հովիկ Կեուչկերյանի կնոջ դերում եմ: Շատ լավ մարդ է ու հիանալի խաղընկեր: Բացի այդ էլ տաղանդավոր է, բանաստեղծություններ է նաեւ գրում, նրա շնորհիվ եմ սկսել սերիալը դիտել: Հայաստանի հետ բավական կապվել է: Պատմեց, որ ասես կյանքից հեռացած հայրիկին է նվեր անում՝ մոտենալով իր արմատներին:

Նարինե Գրիգորյանը


- Միշտ այդպես է, մինչեւ չենք գտնում մեր արմատները, ինքներս մեզ էլ չենք հասկանում:

- Ծնողներս Արցախից են եկել Հրազդան, որտեղ էլ ծնվել եմ, բայց ես չեմ գիտակցել, որ արցախցի եմ: Երբ պատերազմից հետո հայրիկս գերությունից վերադարձավ, իսպառ մոռացանք այդ ծանր օրերի մասին, չէինք ուզում հիշել: 30 տարեկանում նոր իմացել եմ, թե նրա հետ ինչ է տեղի ունեցել գերության մեջ: Իհարկե, ամեն ամառ գնում էինք Արցախ, բայց դա ուղղակի բարեկամների, դեդո-բաբոյի մոտ գնալ էր: Անցավ ժամանակ, ու մեկ էլ հանկարծ արմատներս սկսեցին ծիլեր տալ, Արցախը դարձավ ամենաքաղցր տեղը, Արցախի բարբառը չէի սիրում, այդ լյուզուն ղյաշանգ չի լյալ ինձ հետի, օզյալ չում տի խոսիմ (այդ լեզուն գեղեցիկ չի եղել ինձ համար, չեմ ցանկացել նրանով խոսել,-հեղ.), մեկ էլ զգացի, որ այն իմ հարստությունն է: Այդ ունեցածի վերարժեւորումից ու անցյալի վերաիմաստավորումից ծնվեց «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» ներկայացումը:

- Իսկ որքանո՞վ էր անձամբ Ձեզ պետք պատմել մանկության ու ընտանիքի մասին, ներկայացնել այդ տխուր ու հուզիչ պահերը:  

- Շատ էր պետք, նախ հայրիկս էլ չկար, իսկ նրա հետ կապը շատ մեծ է ու նրա ազդեցությունն ինձ վրա միշտ զգացվում է: Ապրիլյանի ժամանակ ծնվեց ներկայացումը, հասկացա, որ նոր սերունդը չգիտի՝ ինչ է նշանակում ազատ ու անկախ երկրում ապրել: Աշխարհում դու քո արմատով ես հետաքրքիր:

- Տաթեւ Ղազարյանի հետ զրույցից իմացել եմ, որ Դուք աշխարհի ամենահամբերատար ռեժիսորն եք, ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվում:

- Ես դերասանուհի եմ ու տեսել եմ, թե ինչպես են ռեժիսորները կաթված ստանում, երբ դերասանը ուշանում է փորձից, կամ մեկ այլ բարդության պատճառով: Դա խնդիր է, բայց եթե ամեն ինչ սրտիդ մոտ ընդունես, գործն առաջ չի գնալու: Իմ խորամանկ մոտեցումն ունեմ՝ եթե զայրանամ, միայն մթնոլորտն եմ փչացնելու, առանց այն էլ մյուսների վրա դա վատ է անդրադառնում: Աշխատելու ընթացքում դերասաններից, հեղինակից ու ձեւավորումից բացի, ինձ համար էլ ուրիշ ոչինչ չկա: 1,5-2 ամսում եմ անում ամեն ինչ ու դժվարությունների վրա զայրանալու ժամանակ չեմ ծախսում, միեւնույն է, դա գործի անբաժան մասն է (ծիծաղում է, -հեղ.):

- Իսկ ինչպե՞ս եք ներկայացումից հետո դերասաններին Ձեր կարծիքն ասում նրանց խաղի մասին:

- Մենք ամեն ներկայացումից հետո մնում ենք եւ քննարկում օրվա ներկայացումը։ Պարտադիր։ Սովորաբար հիացած եմ լինում. մեր դերասանները շատ լավն են։ Բայց եթե մի բան այն չէ, դեմքիս ամեն ինչ գրված է, երբեք չեմ կարողանում թաքցնել: Անընդհատ ուզում եմ ինձ զսպել, բայց մեկ էլ հանկարծ պայթում է: Այդտեղ իմ հույզերը հասնում են գագաթնակետի, ինձ կողքից տեսնում եմ՝ ինչքան անտանելի եմ: Կյանքում էլ, երբ զայրանում եմ, հունական ողբերգությունների ծավալի է հասնում: Տեսնում եմ երեխայի ձեռագիրը վատն է, համբերատար երկար դիմանում եմ, բայց երբ զայրույթս հասնում է գագաթնակետին, տետրը հայտնվում է օդում: Բայց հասկանում եմ՝ ախր ձեռագրի համար պետք չէր այդպես զայրանալ:

Նարինե Գրիգորյանը


- Իսկ հանդիսատեսին ուսումնասիրո՞ւմ եք ու հետեւում նրա արձագանքին:

- Անպայման, օրինակ, գուցե, Օ. Հենրի չէի բեմադրի, բայց նրան հանճարեղորեն պարզ հեղինակ եմ համարում, ուզում էի հասանելի լինի բոլորին՝ թե՛ դպրոցականներին, թե՛ մեծահասակներին:  «․․․եւ նորից գարուն»-ից հետո այնքան մարդ է ասել, որ ուզում է ապրել, սիրահարվել: Այնքան մեխանիզմ է աշխատում, որպեսզի ասելիքդ արտահայտես՝ մեծ դերասանախումբ, կրկնակի թվով տեխնիկական կազմ, գումար, նյարդեր, թղթաբանություն: Քանի ամիս է պետք, որ պատրաստ լինի ներկայացումը: Հանդիսատեսն աշխատանքից հետո վազելով գալիս է, գուցե սոված, ուզում է հիացնես իրեն, ու ինչքան պետք է մեծ լինի սերդ, ասելիքդ, կիրքդ, զգաս, որ այդ պիեսի միջոցով կարող ես այդ ամենը փոխանցել: Պետք է իմաստավորված լինի այդ «մեծ մեխանիզմն» աշխատեցնելը։

- Ասելիքն այնքան կարեւոր ու մեծ պետք է լինի, որ արժանի լինի բեմադրվելու:

- Իհարկե։ Եթե բեմադրածդ կարող է ֆեյսբուքյան մի գրառմամբ արտահայտվել, այդպես էլ արա։ Օրեր առաջ մի հանդիսատես պատմեց՝ « Գարուն» ներկայացումը նայելիս ամեն րոպե մտածել է, թե ինչքան ենք սիրում իրենց: Հանդիսատեսը սկսել է մեզ քաղցրավենիք ու կարկանդակներ բերել, իր վերաբերմունքն արտահայտել: Ռեժիսորը պրոֆեսիոնալ հանդիսատես է, ինչպես ասում էր Գրոտովսկին։ Ամենակարեւորը, որ ներկայացումը հոգի ունենա, որ հանդիսատեսի սրտերը թրթռան, հանկարծ չձանձրանան: Մտածում ես՝ բա ուրեմն ի՞նչ անեմ, որ հանդիսատեսի ուշադրությունը չկորցնեմ: Ըհը, հիմա ընձուղտ պիտի անցնի, տասը րոպե հետո պետք է փիղ հայտնվի: Նաեւ ներկայացման վիզուալ արտահայտչաձեւն է կարեւոր, միշտ ասում եմ՝ հանդիսատես է գալիս, ոչ թե՝ հանդիսալս:

- Իսկ ի՞նչ է այսօր իրականում պետք մարդկանց, թե՞ իրենք էլ դեռ չեն կարողանում հասկանալ:

- Մարդիկ իսկականն են ուզում, բայց միաժամանակ այնքան ծայրահեղ արհեստականի մեջ են ընկել: Ծանոթներիցս մեկը վերջերս նկատեց, որ էլ հարսանիքներից հաճույք չենք ստանում, որովհետեւ բոլորն ամբողջ ընթացքում միայն նկարվում են. ոչ թե տորթը կտրելն է կարեւոր, այլ՝ լուսանկար անելը, ողջ ընթացքում չըխկ-չըխկ-չըխկ է լսվում: Դրա համար էլ մարդիկ կյանքի համն էլ չեն զգում: Բրեդբերին գրել է, որ օր կա համ ունի, օր կա՝ բույր ունի․․․ Ես դա չէի մտածել, բայց իսկապես օր կա՝ շոշափելի է, զգում ես, որ փշոտ է: Այդ զգալու կարողությունն ենք կորցել:

Նարինե Գրիգորյանը


- Ի՞նչն է Ձեր կարծիքով պակասում հայկական թատրոնին:

- Շատ լավ ծիլեր եմ տեսնում, վստահ եմ, որ հայ թատրոնն իսկապես միջազգային շուկայում իր խոսքը սկսում է ասել ու ասելու է: Դա միայն իմ կարծիքը չէ, նաեւ Չեխովյան փառատոնի գլխավոր տնօրեն Վալերի Շադրինի, ով միլիոն ներկայացումներ է տեսել: Նա վաղուց է Հայաստանում այդ ծիլերը նկատել: Միայն 2021-ին որքան թատրոններ փառատոների մեկնեցին ու մրցանակներ բերեցին: Շատ եմ ուզում, որ մասնակցեն, որովհետեւ ընդհանուր դաշտում հասկանում ես, որ լավ ու բոլորին հետաքրքրող կետում ես: Կամ էլ հակառակը՝ զգում ես բացերդ, տեսնում՝ ինչ են բեմադրում, աշխարհն ինչի շուրջ է պտտվում, ինչ նոր հոսքեր կան, այդ թվում՝ հիվանդագին, որ չես ուզում քո մեջ լինեն: Դու ընդհանուր օվկիանոսում ես, ոչ թե ճահճում՝ գորտի նման առանձին: Պետք է բոլոր գետերը թափվեն քո մեջ, անընդհատ լցվես ու նոր բաներ իմանաս:  

- Ձեր ամուսնու հետ եք աշխատում, հետաքրքիր է իմանալ, թե համատեղ ստեղծագործական կապն ինչպիսի՞ն է:

- Շատ ամուր է, չասեմ՝ մուսա ենք, բայց ազդում ենք իրար վրա: Սերգեյն ամենամաքուր տեսակն է, անմիջական ու արդար, նոր բան մտածելիս նրան եմ պատմում ու իր արձագանքից հասկանում՝ հետաքրքիր կլինի, թե ոչ: Բայց նա նաեւ հզոր է իր փայտե քանդակներով: Ժամերով կարող եմ մի բանի շուրջ մտածել, իսկ նա ընդամենը մեկ փայտի գործի միջոցով իր ասելիքն արտահայտում է: Երանի ես էլ այդպես կարողանայի սեղմել ինֆորմացիան ու մատուցել: Շատ լավ գիտեմ, որ իմ արվեստը ստեղծվող ու այդ պահին մահացող է, չեմ էլ ուզում դարերի մեջ մնալ, վայելում եմ այս օրը, իմ մասնագիտությունն է այդպես սովորեցրել: Ոնց որ ավազի քանդակագործ լինենք:

- Ձեր տանը շա՞տ ունեք Սերգեյի գործերից:

-Մենք շատ ենք տալիս, նվիրում, վաճառում: Ուրախություն է, որ դրանք սփռված են աշխարհով մեկ, բայց մյուս կողմից էլ ափսոսում եմ, որ չեմ պահել Սերգեյի առաջին գործերը: Հիմա ավելի հոգատար եմ վերաբերվում դրանց, որ մեզ մոտ մնան: Տանն եղածներն անձեռնմխելի են:

- Մի քիչ էլ Ձեր դստեր՝ Եվայի մասին կպատմե՞ք: Հասցնո՞ւմ եք միասին ժամանակ անցկացնել ու ի՞նչ եք սիրում անել:

-Իրար հետ էլ սիրում ենք թատրոնում լինել (ծիծաղում է,- հեղ.): Շատ գործեր դրա համար չեմ վերցնում, որովհետեւ ավելի մեծ պատասխանատվություն ունեմ իմ բալիկի հանդեպ: Նա դպրոց է գնում, ու պիտի միասին դասեր անենք: Աշխատում եմ այնպես անել, որ օրը լավ անցնի: Ամանորի մեր «Գծավորը» ներկայացման մեջ խաղաց: Ռուբեն Բաբայանի ու իմ ուսանողն է բեմադրել՝ Մերի Մարգարյանը: Պիտի օգնել, երբ ռեժիսոր է կայանում, դա այնքան մեծ բան է թատերական դաշտում, որովհետեւ ռեժիսորները շատ քիչ են: Ներկայացումը սիրուն հեքիաթ է փոքրիկ աղջկա մասին, որը գծավոր արջուկ է նվեր ստանում: Մեզ փոքրիկ աղջիկ էր պետք, ու Եվան ձեռքներիս տակ էր: Մի շրջան կար, որ Եվան թատրոնում ավելի շատ էր լինում, քան՝ ես: Այս ձմռան օրերին մեր տան աշխատողն ու մեզ պահողը Եվան էր (ծիծաղում է,-հեղ.): Բայց նա էլ ինձ պես խենթ է, երբ փորձի է, չի հոգնում կամ մրսում: Երբեմն փորձերը մինչեւ գիշերը ժամը 1:30-ն են տեւում: Երբ ասում են՝ մեղք է երեխան, խնդրում եմ այդ մասին չբարձրաձայնել. եթե ինքն ուրախանում է ու հաճույք ստանում, նաեւ չի հոգնում:

Նարինե Գրիգորյանը


- Իսկ ի՞նչ հետաքրքրություններ ունի Եվան:

- Եվան 7 տարեկան է ու Կոջոյանի անվան դպրոց է հաճախում, հայրիկի ազդեցությունն էլ կա: Գրականություն լավ գիտի, հարցնում է, թե Նիլ Սայմոն, Ռեյ Բրեդբերի երբ ենք բեմադրելու: Հիմա ընկերուհիներ ենք, թաքուն երգեր ենք հորինում, շաշ-շաշ բաներ շատ ենք անում միասին: Ուզում եմ՝ գա պահ, որ ինքն ինձ ուղղություն տա, իրենից սովորեմ, թեեւ հիմա էլ եմ անում: Օ. Հենրիի ներկայացման մեջ իր խաղալիքներից եմ օգտագործել: Ասում է․«Փաստորեն ներկայացման կեսը ես եմ բեմադրել» (ծիծաղում է,-հեղ.):

- Տոներն ինչպե՞ս եք նշում ձեր ընտանիքում:

- Մեր պապան սարերը շատ է սիրում: Երեկ էլի ձմեռային կոշիկներ էր նայում: Խանութում միայն սար բարձրանալու շորերն է նկատում: Մարդիկ առօրյայի համար են հագուստ գնում, Սերգեյը՝ 17 հատ՝ սարի (ծիծաղում է,-հեղ.): Ես որ գերհոգնում եմ, սիրում եմ տանը միայնակ նստել հեռուստացույցի առաջ ու անշարժ մնալ: Գժվում եմ այդ դիրքի համար, կարող եմ հաց էլ չուտել, միայն թե ինձ ձեռք չտան:  

- Վերջին շրջանում ինչի՞ց եք ամենաշատը տպավորվել:

- Մեր մարզիկների ելույթներից, երեխաներից, թատրոնների միջազգային հաղթանակներից։

- Առանց ինչի՞ չեք կարող:

- Առանց իմ ընտանիքի:

- Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում:

- Ամեն ինչը, նոր ծիլը, որ քարը ջարդել է ու դուրս եկել: Մի փոքր բանն էլ կարող է ապրեցնել:

- Տխրեցնում:

- Հայաստանի միասնական չլինելը, որ դեռ ինքնագիտակցում չունենք:

- Արցունքներ բերում:

- Նրբությունը մարդկային հարաբերություններում:

Նարինե Գրիգորյանը


- Իսկ ժպի՞տ:

- Ամեն ինչը, ծանոթ մարդուն տեսնելն արդեն անմիջապես ժպիտ է բերում: Չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի է առանց ժպտալու բարեւել: Ինձ ասում են, որ շատ եմ ժպտում, երբեմն ուզում եմ դա կառավարել, բայց չի ստացվում: Կարող եմ կինոյում ամենալուրջ դերը խաղալ, բայց հենց ասում են՝ «Նկարահանված է», լայն ժպտում եմ: Դա իմ երակներում է:

- Ինչպես «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» ներկայացման մեջ, մենք 3 խնձոր ունենք, ո՞ւմ տանք:

- Մի խնձորը`ասողին, երկրորդը` հարցազրույցն անողին, երրորդն էլ` հիմա այս տողերը կարդացողներին:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին