Թավշյա ձայնով եւ յուրահատուկ խարիզմայով մեծանուն հայի` Շառլ Ազնավուրի երգերը համայն աշխարհում եւ տարբեր լեզուներով հնչում են վաղուց, շանսոնյեի գրական ու երաժշտական ժառանգությունը թարգմանվում եւ ներկայացվում է նաեւ հայերեն։ «Ով» (Qui) երգի կատարումը վստահվել է Սոֆի Մխեյանին։ BRAVO.am-ի զրույցում երգչուհին պատմել է, որ առաջարկը ստանալու պահից ի վեր ունի սրտի թրթիռ:
«Ազնավուր երգելը չափազանց պարտավորեցնող է եւ ոչ ոքի համար հեշտ չէ, քանի որ նա յուրահատուկ ու առանձին աշխարհ է, իսկ դու պետք է փորձես քո ձեւով ներկայացնել: «Qui» ստեղծագործությունն առաջին իսկ վայրկյաններից ջերմ ու ազնիվ զգացողություններ առաջացրեց: Հայերեն թարգմանությունը կարդալով՝ միանգամից սիրեցի: Պետք է խոստովանեմ՝ չէի լսել երգը: Ասելիքը շատ է, շատ են ապրումները, հարկավոր է դա փոխանցել ըստ արժանվույն: Ազնավուրի անգամ ձայնի մեջ կա սեր, նա ինքն իրենով սեր է»,-նշել է Սոֆին:
Սոֆի Մխեյանը
«Ով» երգը լույս է տեսել 1963 թվականին, այն 20 տարի տարիքային տարբերությամբ սիրո, կրքի, կնոջ ապրումների մասին է։ Երգը բաց տեքստ էր համարվում այդ շրջանի ֆրանսիական իրականության համար, քանի որ 16-ամյա աղջնակին սիրո ու կրքի աշխարհի էր մղում։ Հայերեն տարբերակում շեշտադրումը դրված է կնոջ ապրումների վրա: Սոֆիին հանդիսատեսը տեսնում է էլեգանտ կնոջ կերպարում: Ինչպես երգչուհին է բնորոշում՝ սիրում է նորարարություններ անել, վերջերս էլ ներկայացել էր իր երգացանկից կտրուկ տարբերվող «Ջիգյար» երգով:
«Ազնավուրի «Ով» երգով որքան էլ նորովի եմ, բայց ինձնից մի մասնիկ զգացել եմ նրանում, դրա համար էլ սիրով եմ կատարել: Չեմ կարող հստակ ասել, որ կշարունակեմ այս ոճում հանդես գալ, բայց բոլոր հնարավոր առիթներով այն կկատարեմ: Ես սիրում եմ հանդես գալ նորովի, փորձել ու ներկայացնել: Լյուբով Ուսպենսկայայի երգի դեպքում էլ մեծ էր ցանկությունս կատարելու, մոտ կես տարի այն պտտվում էր գլխումս: Եթե կար ցանկություն, ապա ավելի լավ էր անել, քան հետո «եթե»-ների եւ «բայց»-երի մեջտեղում լինեի: Ուրախ եմ, որ մեծամասամբ դրական արձագանք ստացա, անձամբ Լյուբով Ուսպենսկայան լսեր էր, արձագանքել համացանցում. նրան դուր էր եկել: Ես իմ մոտեցմամբ եմ ներկայացրել, ցանկացած նորություն սիրում եմ, ով հավանեց՝ կլսի, ով չսիրեց՝ երգերի ահռելի աշխարհում կգտնի իրենը»,-անկեղծացել է Սոֆին:
«Ով» երգի թարգմանությունն իրականացրել է Սամվել Գասպարյանը, գործիքավորումն իրականացրել է Մարտին Միրզոյանը, տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է: Մինչ այս կրկին Newmag-ի նախաձեռնությամբ թողարկվել են նաեւ Էրիկ Կարապետյանի կատարմամբ «Մնա» (Reste) եւ Շուշան Պետրոսյանի կատարմամբ «Տարեք ինձ» (Emmenez-moi) երգերը:
Տեքստը՝ Արմինե Բրսոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Սոֆի Մխեյանի ֆեյսբուքյան էջից


×
3,732







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: