«H2O»-ն կամ «Ջուրը» «Ռեինկարնացիայի» 5-րդ ալբոմն է, որի շնորհանդեսը տեղի ունեցավ հանգստյան օրերին: Սիրելի խմբի նոր ձայնասկավառակի, ինչպես նաեւ սիրված երգերի կատարումները վայելեցին ամենահավատարիմ երկրպագուները: Նրանց համար ելույթ ունեցավ նաեւ Ֆելիքս Խաչատրյանը:
BRAVO.am-ը եւս ներկա եղավ երեկոյին ու զրուցեց խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանի հետ: Նա խոստովանեց, որ ինչպես եւ «Սպիտակ» ալբոմի դեպքում, «Ջուրն» էլ հնարավորություն տվեց ցույց տալ այն «Ռեինկարնացիային», որը ցանկանում էր վերջապես լսելի դառնա լայն զանգվածներին:
«Շատերը խմբին ճանաչում են «Աշխարհումն իմն դուն իս» ու «Էլի լավ է» երգերով, իսկ այս ալբոմն ավելի շատ ցույց է տալիս «Ռեինկարնացիայի» ոչ կոմերցիոն ու հոգեւոր կողմը»,- պատմեց նա:
Ալբոմի համար գրվել է 40 երգ, որոնցից ընտրվել են 10-ը: Գասպարյանը նշում է, որ իր համար սիրելի աշխատանք չկա. այնպես են արել, որ երգերը լավն ու վատը չլինեն, բոլորն էլ ընդհանուր մի պատմության մաս են կազմում:
«20 տարում ձեւավորված հզոր թիմի շնորհիվ է եղել այդ ամենը: Շատ ուրախ եմ, որ նման ծանր ժամանակաշրջանում ստացվել է հավաքվել մարդկանց եւ փորձել մի քիչ ուրախացնել նրանց»,- ընդգծեց նա:
Ալբոմի երգերը գրվելու ընթացքը համընկել է նախ համավարակի, ապա նաեւ պատերազմի հետ.«Բարձրաձայնել ենք շատ կարեւոր թեմաների՝ սոցիալական ստրկության եւ խնդիրների մասին, թե ինչպես են մեծ ընկերությունները մարդկանց շահագործում եւ օգտագործում նրանց միտքն ու ընտրության հնարավորությունը»:
Երաժիշտը նշել է, որ ինչպես բոլոր նորմալ մարդիկ, դժվար է տարել կյանքի այդ փուլը եւ բավական ծանրութեթեւ արել տարատեսակ հարցեր:
«Կարծում եմ՝ այս աշխարհում ապրող հումանիստներին այս ամեն ինչը շատ է տխրեցրել: Սկսվել է միասնական գործերի եւ իրար ավելի սիրելու ու հարգելու ցանկություն»:
Տեքստը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Հրանտ Մարինոսյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: