Ջազի սիրահարները կրկին հավաքվելու առիթ ունեին. «Առնո Բաբաջանյան» համերգասրահում «Ռեմի Փանոսյան» ջազ տրիոն փետրվարի 27-ին հանդես է եկել երեւանյան բացառիկ համերգով: Երաժիշտներ Մաքսիմ Դելպորտի, Ֆրեդ Պետիպրենի եւ Ռեմի Փանոսյանի խումբը հասցրել է լինել աշխարհի շուրջ 40 երկրում 500-ից ավելի համերգներով, բայց Հայաստանում առաջին անգամ էին: Երեւանյան համերգը հատկապես խորհրդանշական էր Ռեմի Փանոսյանի համար, նա BRAVO.am-ի հետ զրույցում նշել է՝ իր ընտանիքում հայկական ծագմամբ առաջին մարդն է, որ այցելում է Հայաստան: Ետնաբեմում եւ բեմում Ռեմին բոլորին հայերեն էր ողջունում:
«Մի քանի բառ գիտեմ, որոնք ինձ պապս էր ասում՝ բարեւ, կամաց, նստիր, աչքերդ բաց: Հայերեն քիչ գիտեմ, բայց շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար: Երկար տարիների ցանկությունս վերջապես իրականություն դարձավ: Պապիցս եւ հորիցս շատ պատմություններ եմ լսել հայրենիքի մասին, լավ ծանոթ եմ հայկական մշակույթին ու խոհանոցին: Ցավոք, հայրս չի եղել Հայաստանում, միայն մեծ պապս, որն արդեն մի քանի տարի է, ինչ մահացել է: Ինձ համար անբացատրելի հուզիչ եւ կարեւոր է, որ հիմա կարող եմ իմ երաժշտությունը ներկայացնել հայ հանրությանը: Ես կօգտվեմ ընձեռված հնարավորությունից, որ ավելի լավ ուսումնասիրեմ Հայաստանի պատմությունը, ծանոթանամ մշակույթին, պատմամշակութային վայրեր կայցելեմ։ Ցանկությունս մեծ է հետս նոր տեղեկություն տանելու եւ ընտանիքիս անդամներին պատմելու Հայաստանի մասին»,-նշել է Փանոսյանը՝ հույս հայտնելով, որ հետագայում էլ այստեղ կունենան շատ համերգներ:
Երաժիշտների վարվելակերպի շնորհիվ դահլիճում հենց առաջին իսկ րոպեներից տիրում էր անմիջական ու հաճելի մթնոլորտ: Հնչեցին ծանոթ մեղեդիներ ու անծանոթ մշակումներ, որոնք հենց խմբի ձեռագիրն են դարձել տարիների ընթացքում: Համերգը նախաձեռնել էր Ջազի հայկական ասոցիացիան՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հետ համատեղ: ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոն եւս հանդիսատեսի շարքում էր:
«Այս համերգը նշանավոր իրադարձություն է Հայաստանում Ֆրանսիական մշակույթի ներկայացման գործում: Գիտեմ նաեւ, որ այստեղ շատ են սիրում ու գնահատում ջազ երաժշտությունը, դե իսկ այս տրիոն էլ արդեն հարուստ փորձ ու հետաքրքիր ձեռագիր ունի: Հայ հանդիսատեսն անտարբեր չէր կարող անցնել նրանց արվեստի կողքով»,- ասել է դեսպանը:
Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանը, կարեւորելով համագործակցությունը, հավելել է.«Բացի այն, որ ջազ խումբ է, մեզ համար կարեւոր էր Ռեմիի հայ լինելու հանգամանքը: Այս տարի մենք հատկապես հայկական ծագումով երգիչ-երաժիշտներ ենք հրավիրելու Հայաստան: Եվրոպայում, Ամերիկայում, Ռուսատսանում, Ավստրալիայում ունենք շատ տաղանդավոր ու հետաքրքիր հայ երաժիշտներ, որոնք արդեն այս տարվա «Երեւան ջազ ֆեստ»-ի շրջանակում կլինեն այստեղ, եթե խոչընդոտներ չլինեն»:
Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: