×


«Ամուսինս հուզվեց՝ ինչպես տասը տարի առաջ»․ Անի Մաղաքյանը 2-րդ անգամ կմայրանա

«Թղթե երազանք», «Երկուսով», «Բռնիր ձեռքս» եւ այլ մի շարք հեռուստասերիալների սցենարի հեղինակ, գրող Անի Մաղաքյանը սպասում է երկրորդ երեխայի ծննդին: «Տակնուվրա» գրքի հեղինակը BRAVO.am-ին է տրամադրել նոր ֆոտոշարքը՝ խոսելով ապագա փոքրիկի եւ նոր նախագծերի մասին:

«Իսկական անակնկալ էր մեզ համար։ Հղիությունս պլանավորված չէր։ Երբ իմացա, որ քնկոտությանս պատճառը ոչ թե գերհոգնածությունն է, այլ հղիությունը, սկզբում տագնապ զգացի, անհանգստություն, որովհետեւ հեռանկարում հաստատված չորս նախագիծ կար, չգիտեի՝ ինչպես եմ աշխատելու։ Բայց հետո երջանկության զգացումն ամեն ինչ գցեց երկրորդ պլան։ Վերջին երկու տարիներին շատ էի մտածում այս մասին, բայց ակտիվ աշխատանքը միշտ ինքն իրեն առաջին պլան էր մղում, մինչ այն պահը, երբ կյանքը որոշեց մեր փոխարեն»,- պատմել է նա։

Անի Մաղաքյանը


Առաջինը մայրիկին եւ քույրիկին է հայտնել լուրը․«Շփոթված էի, չէի հավատում, որ ճակատագիրն այսպիսի անակնկալ է մատուցում ինձ, նրանց ուրախությունն առաջին սթափեցնող ազդակն էր։ Ամուսինս տուն եկավ, իրեն էլ հայտնեցի լուրը, հուզվեց, ինչպես եւ տասը տարի առաջ առաջին բալիկի դեպքում։ Մեր ամենօրյա հանդարտ հոսող կյանքը փոխեց իր ռիթմը եւ ինչպես հասկանում եմ՝ ընդմիշտ»։

Չի ցանկանում բարձրաձայնել փոքրիկի սեռը․«Ինչպես սեռն իմանալիս եմ ասել՝ լավագույն լուրն այն է, որ երեխան որեւէ խնդիր չունի։ Առաջնեկի ժամանակ չէինք մտածում սեռի մասին, ուզում էինք պարզապես առողջ բալիկ ունենալ։ Երբ աղջիկս ծնվեց, հասկացա՝ միշտ եմ երազել թիթիզ, գեղեցիկ աղջնակ ունենալ. ծնողների համար աղջիկը մեծ օրհնություն է։ Երկրորդ բալիկի դեպքում էլ սեռը չենք կարեւորել»։

Անի Մաղաքյանը


Երեխան ծնվելու է մայիսին: Սցենարիստն աշխատանքային դադար չի ծրագրում. «Երբեմն կատակում եմ, որ համակարգիչս հետս ծննդատուն եմ տանելու։ Կարծում եմ՝ պայմանական արձակուրդս ամենաշատը մեկ շաբաթ կամ տասն օր կլինի: Հուսով եմ՝ ինքնազգացողությունս թույլ կտա աշխատել»։

Խոսել ենք նաեւ ստեղծագործական նորություններից․«Շուտով ԱՄՆ-ում նոր նախագիծ կսկսենք, եւս մի նախագիծ կլինի «Շանթ»-ով, որին մեծ անհամբերությամբ եմ սպասում։ «Նոր Հայաստան»-ի հետ «Բռնիր ձեռքս» ընթացիկ սերիալից բացի, եւս մի քանի նախագիծ ենք նախատեսել, գարնանը պրեմիերա կլինի նաև «ATV»-ով։ Այս տարի երկու նոր գիրք եմ նախատեսում հրատարակել, կա նաեւ ներկայացման առաջարկ. կյանքիս առաջին պիեսն եմ գրում։ Երեւի այսքանը նշելով սահմանափակվեմ, մնացածի մասին ժամանակի ընթացքում կիմանան բոլոր նրանք, ովքեր հետեւում են իմ գործունեությանը»։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Անի Մաղաքյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW