×


«Վերադարձ» ֆիլմի պրեմիերայի հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերը

Կարմիր գորգ, սաքսոֆոնային երաժշտություն, հայտնի դեմքեր. առիթը հայ-կիպրական համատեղ արտադրության «Վերադարձ» ֆիլմի պրեմիերան էր: Ֆիլմի հիմքում իրական պատմություն է, նկարահանումները սկսվել են 2019-ին։ Ռեժիսորն Արման Գեւորգյանն է, սցենարի հեղինակը՝ Հարություն Ղուկասյանը, օպերատորը՝  Արտյոմ Աբովյանը, իսկ գլխավոր պրոդյուսերը՝ Ալեքս Լիտմանը։

Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում եւ Կիպրոսում: Ֆիլմն այն մասին է, թե ինչպես են հայրենիքի եւ կնոջ հանդեպ ունեցած անսահման սերն ու նվիրվածությունը ստիպում սփյուռքում ծնված եւ մեծացած երիտասարդին գնալ անձնազոհության։


Մի հերոսը կիպրոսաբնակ հայ երաժիշտ Յուրի Մելիքովն է, որը խաղում է ինքն իրեն, անգամ անունն է նույնը: 24-ամյա Յուրին ծառայել է Կիպրոսի զինված ուժերում, եղել առաջնագծում, մինչեւ զինվորական կյանքը հասցրել է հայտնվել հունական «Ձայնը» նախագծի եզրափակչում, ապա նույն նախագծի ռուսական տարբերակի կիսաեզրափակչում: Մելոդրամայում Յուրին հանդիպում է արտերկրում բնակվող հայ կնոջ, եւ նրանց միջեւ սեր է ծնվում:

Զուգահեռ զարգացող երկրորդ պատմությունը սիրիաբնակ ընտանիքի մասին է, որը կռվի պատճառով փախչում է Հայաստան։ Հոր կերպարը մարմնավորել է Սարգիս Գրիգորյանը։ Դիտողը հետեւելու է, թե ինչի միջով են անցնում այս ընտանիքի անդամները, որպեսզի գտնեն իրար: Սյուժետային գծերն անսպասելի հատվում են Կիպրոս-Սիրիա-Հայաստան ճանապարհներին:


Ռեժիսոր Արման Գեւորգյանը նշում է՝ ֆիլմն առաջնահերթ սիրո մասին է.«Ասելիքը շատ է այս ֆիլմում: Այն լի է բարի ու դրական էներգիայով: Սեր՝ մարդկանց, հայրենիքի, ընտանիքի նկատմամբ... Հույսի շող արթնացնող պատմություն է»:

Սցենարիստ Հարություն Ղուկասյանը պատմեց, որ ֆիլմը նկարելու գաղափարն առաջացել է Յուրիի հայրիկին հանդիպելուց հետո։ Յուրին երգ էր գրել հայերեն լեզվով ու ուզում էր՝ տեսահոլովակ նկարահանվեր։ Բայց զրույցի ընթացքում հասկացանք, որ փոխարենը պետք է ֆիլմ նկարենք՝ հիմնված իրական դեպքերի հիման վրա։


Ղուկասյանը նշեց՝ ֆիլմը բացառիկ է նրանով, որ բոլոր հերոսները սփյուռքահայեր են.«Չնայած՝ սցենարի հիմքում սերն է, բայց ամբողջ պատմությունը սիրո մասին չէ։ Բավական լուրջ հարաբերություններ կան՝ ծնող-երեխա, սիրելի մարդ, հայրենիքի հանդեպ վերաբերմունք։ Ի վերջո մեր հերոսը ճակատագրական որոշում է կայացնում ու վերադառնում հայրենիք։ Սա պատմություն է հայորդու մասին, որն, ապրելով դրսում, հայրենիքի հետ կապն այնքան ամուր է պահում, որ ճակատագրի բերումով դառնում է մեկ այլ հայ ընտանիքի փրկության պատճառը»։


Գլխավոր դերակատարը՝ Յուրի Մելիքովը, ծնվել է Գերմանիայում, հետո ընտանիքով տեղափոխվել են Կիպրոս: Հայաստանում երբեք չի ապրել, բայց հայրենիքի հետ կապ միշտ եղել է: Յուրին մասնագիտությամբ երաժիշտ է:

«Իմ դեբյուտն է։ Ես չեմ խաղում, ուղղակի ցույց եմ տալիս իրականությունը: Այս մելոդրամայում միախառնված են մարդկային ճակատագրեր, կարոտ, հայրենիք, հերոսություն, սեր, անձնազոհություն հասկացությունները: Ֆիլմն օտար երկրում հայ մնալու, հայ զգալու եւ հայրենիքի հետ կապը չկորցնելու մասին է»,-նշեց նա:


Դերասանուհի Դիանա Մալենկոն մարմնավորել է Մարիայի կերպարը, որն ԱՄՆ-ից վերադարձել է Հայաստան ու այստեղ հանդիպել իր սիրուն։ Անկեղծացավ՝ հերոսուհու միջոցով հնարավորություն ունեցավ նորովի զգալ Հայաստանն իր յուրահատկությամբ։  


«Հայրենադարձության եւ սիրո թեման է: Մի հետաքրքիր փաստ կա՝ միշտ պատկերացրել եմ՝ եթե հայ չլինեի, եթե չիմանայի հայերեն ու Հայաստանը տեսնեի օտարազգի մարդու աչքով, ինչպիսի՞ն այն կլիներ ինձ համար: Այս ֆիլմում ես մի պահ Հայաստանը տեսա օտարերկրացու աչքով, ասեմ՝ իսկապես շատ սիրելու երկիր ունենք։ Կարծում եմ՝ բոլոր սփյուռքահայերը կհամաձայնեն ինձ հետ, որ գտնվելով դրսում՝ նրանց բոլորի սրտերը մեր լեռներում են»,-նշեց դերասանուհին։


Անահիտ Կիրակոսյանը, որը սիրիահայ ընտանիքից է ներկայանում, ասաց՝ նման մելոդրամաները պակասում են հայկական կինոարտադրությունում.«Մենք այսպիսի ֆիլմերի պակաս ունենք, որոնցում թեթեւություն ու սեր կա: Ինչ վերաբերում է կերպարիս, չնայած՝ դերս փոքր էր, բայց նկարահանումների առումով՝ բարդ: Իմ ընտանիքի մասին է խոսքն, ու էմոցիանալ ապրումներ եմ ունենում։ Ուրախ եմ, որ ընդգրկվել եմ այս նախագծում ու հուսով եմ՝ արդարացրել եմ բոլորի սպասելիքները»։


Նշենք, որ  ֆիլմում նկարահանվել են նաեւ Ալեքսանդր Խաչատրյանը, Լուիզա Ղամբարյանը, Արսեն Լեւոնյանը, Արմեն Մարգարյանը եւ այլք։

Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW