×


Ինչու Լուիզա Ներսիսյանն ամուսնացավ Հրանտ Թոխատյանի հետ եւ ինչու են նրանց բաժանում

Կարծես օրինաչափություն լինի՝ եթե հայտնի արտիստ ես ու ընտանիք ունես, ապա հասարակությունը տարին մի քանի անգամ քեզ բաժանում է, միացնում, ու այդպես շարունակ: Վերջին շրջանում համառորեն բաժանում էին Լուիզա Ներսիսյան եւ Հրանտ Թոխատյան զույգին: Գնացել եմ լուսաբանելու «Առաքել» ներկայացումը, որի գլխավոր դերակատարը Հրանտ Թոխատյանն է, կուլիսներում Հրանտի կողքին Լուիզան է։ Հետո արդեն Լուիզայի ու Լիլիթի հետ հարցազրուցի օրը Հրանտն էր նրանց կողքին: Անկեղծ ասած՝ որոշել էի զրույցը հենց այդ հարցով էլ սկսել՝ ինչո՞ւ բաժանվեցին, բայց դե արդեն անիմաստ էր: Ի դեպ, որքան էլ փորձեցի համոզել, որ երեքով լուսանկարվեն, Հրանտ Թոխատյանը չհամաձայնեց: Լուիզան անկեղծացավ՝ երեքով նկար չունեն. շատ տարիներ առաջ են նկարվել միասին, երբ Լիլիթը դեռ փոքր էր: Դե, լուսանկարվելու թեման փակում ենք եւ զրուցում Լուիզայի ու Լիլիթի հետ:

- Ի վերջո, ինչո՞ւ են ձեզ բաժանում, հետո նորից ամուսնացնում՝ ծիծաղելով հարցնում եմ Լուիզային:

- Արդեն սովորել եմ այդ լուրերին, ու մեզ բացարձակ չի հետաքրքրում: Հանրային մարդը պետք է սովոր լինի նման խոսակցություններին: Պարզապես մարդկանց թեմա է պետք, որպեսզի լցնեն իրենց կյանքը:

Լուիզա Ներսիսյանը


- Լիլիթ, նեղվո՞ւմ ես նման խոսակցություններից, երբ պապային ու մամային տարվա մեջ մի քանի անգամ բաժանում են:

- Արդեն ուշադրություն չեմ դարձնում: Իհարկե, սկզբում անսովոր էր, նեղվում էի ու ասում՝ ախր ո՞նց: Աշխարհի ամենահամերաշխ ընտանիքն ունեմ: Հիմա չեմ էլ կարդում, ոչ էլ ուշադրություն եմ դարձնում:

Լուիզա. Երբեք չեմ նյարդայնացել հանդիսատեսի ավելորդ ուշադրությունից, երբեք չի եղել, որ կապիշոն հագնեմ, որ հանկարծ ինձ չճանաչեն։ Նմանատիպ բաներն ինձ համար չեն։ Մարդասեր եմ ու ինձ հաճելի է բոլոր տեսակի ու ժանրի մարդկանց հետ առնչվել:

- Բայց պարոն Թոխատյանին որքան համոզեցի, Ձեզ հետ չնկարվեց, բա՞րդ չէ իր հետ մեկ հարկի տակ։

- Բացարձակ: Միակ բարդությունն այն է, որ նկարվել չի սիրում: Բայց քանի որ ինքն էլ մարդասեր է, երկրպագուները երբեք չեն զգա, որ նկարվել չի սիրում:

- Լուիզա, Լիլիթի հետ բախումներ չե՞ք ունենում։

- Շատ հարցերում համակարծիք ենք՝ առօրյայից մինչեւ ստեղծագործական։ Քանի որ միշտ միասին ենք, նույն թեմայի մեջ ենք: Իսկ բախումներ լինում են այն ժամանակ, երբ հայացքներն այլ են լինում: Եթե միասին փորձում ենք բարի ու լավ բան անել, տարաձայնություններ չեն լինում, լինում են առողջ բանավեճեր:


- Լիլիթն այն տարիքում է, երբ ձեւավորվում է «եսը»: Այդ շրջանում հաճախ ըմբոստ են, չհանդուրժող:
 
- Գուցե զարմանալի թվա, բայց Լիլիթը կարողանում է իրեն կողքից դիտարկել: Ենթադրենք՝ ինչ-որ քայլ արեց, որը թինեյջերական դրսեւորում էր, միանգամից կողքից իրեն նայում ու ասում է՝ «Լսիր, ոնց որ էն թինեյջերներից լինեմ, որ փակվում են սենյակում ու ասում՝ իրենց չխանգարեն»։ Նա կարողանում է առողջ դատել ու հասկանալ՝ ինչ է կատարվում։

 - Գուցե պատճառը նա է, որ երեք սերունդ կա տանը:

- Միգուցե... Պատճառը, թերեւս, դերասանական միջավայրում լինելն է, որտեղ հոգեբանական վերլուծությունները շատ են. քննարկում ենք, թե ինչն է կերպարին դրդել այդ քայլին: Հետեւաբար, նման վերլուծությունները հնարավորություն են տալիս իր «եսը» վերլուծել։

- Լիլիթ, հայրիկի՞ հետ ես հեշտ լեզու գտնում, թե՞ մայրիկի:

-Վա՜յ, այնքան դժվար է այդ հարցին պատասխանելը: Ավելի շատ շփվում եմ մամայի ընկերների հետ, բայց պապայի ընկերների հետ երբ հանդիպում եմ ու սկսում եմ խոսել, շփվել, չեք պատկերացնի, թե ինչքան բան եմ սովորում: Օրս շատ հետաքրքիր ու տարբեր է անցնում, երբ պապայի կամ մամայի ընկերների հետ եմ լինում: Իսկ երբ միասին են լինում, դա նկարագրելու չէ: Մեր տանն ասես ամեն օր տոն լինի: Դրա համար մենք մեր տոնածառը հավաքում ենք մայիսին։

Լիլիթ Թոխատյանը


- Շատ արտիստներ չեն ցանկանում, որ իրենց երեխաներն արվեստի ճյուղն ընտրեն, ասում են՝ դժվար ճանապարհ է: Քո ծնողները կարծես դեմ չեն, քանի որ արդեն նկարահանվում ես ֆիլմերում:

- Երբեք կտրուկ չեն մերժել, այլ հարցրել են՝ ինչու եմ ուզում դերասանուհի դառնալ։ Ու սկսվել է սիրուն ու հավես խոսակցություն։ Սիրում եմ դժվարություններ, իհարկե, մաման ամեն կերպ փորձում է ինձ օգնել, բայց նաեւ թողնում է, որ իմ «եսը» ձեւավորվի։

- Լիլիթ, ասում են՝ երկու երնեկ մի տեղ չի լինում, բայց ձեր ընտանիքում փաստորեն մի քանի երնեկ է։

- Ճիշտ եք: Մենք ամեն երեկո հանդիպում ենք, զրուցում, վիճում, ու թեմաները միայն կինոյի եւ թատրոնի մասին չեն: Ամեն մեկս պատմում է, թե իր օրը ոնց է անցել։ Դուք չեք պատկերացնի, թե մեր երեկոներն ի՜նչ հետաքրքիր են անցնում: Խաղեր ենք խաղում, ֆիլմեր դիտում: Հետո սկսում ենք վերլուծել: Մի օր կարող եք գալ ու համոզվել: Մի պահ ուզում էի ռեալիթի-շոու սկսեի. տեսախցիկ դնեի ու ոչ մեկին չասեի: Իհարկե, հասակակից ընկերներ ունեմ, բայց պապայի ու մամայի ընկերներն իմ ընկերներն են դարձել։ Իմ ընկերներին էլ ես եմ վարակում թատրոնով ու արվեստով։ Հիմա երազանքս թատրոնի դերասանուհի դառնալն է. կինոյում քիչ թե շատ նկարվել եմ։ Ամեն անգամ թատրոն գնալիս համոզվում եմ, որ թատրոնն ուրիշ է։

Լիլիթ Թոխատյանը


- Դերասան Հրանտ Թոխատյանի՞ն ես սիրում, թե՞ դերասանուհի Լուիզա Ներսիսյանին։

- Երկուսին էլ, քանի որ շատ տարբեր են բեմում: Իրենց ամեն ներկայացումը շատ հետաքրքիր է: Բազմաթիվ անգամ նայել եմ նույն ներկայացումներն ու ամեն անգամ ինչ-որ նոր հետաքրքրությամբ: Օրինակ՝ պապայի ներկայացումները երբեք չեն կրկնվում: Չեմ հիշում արդեն, թե «Մեա կուլպա»-ն քանի անգամ եմ նայել, ու ամեն անգամ տեսնում եմ լրիվ ուրիշ բան, ուրիշ հույզեր, ուրիշ տեքստեր, ուրիշ խաղ:

Հարցազրույցի ընթացքում Լուիզան կլանված լսում էր Լիլիթին.

- Շատ հետաքրքիր է կողքից լսել, թե ինչ է պատմում աղջիկդ։ Խոստովանում եմ՝ հիմա ինձ նաեւ Լիլիթով են ճանաչում։

- Լուիզա, Ձեր եւ Հրանտ Թոխատյանի միջեւ 19 տարվա տարբերություն կա, Դուք ավելի ակտիվ եք, չե՞ք նեղվում իր պասիվությունից։

- Չէի ասի՝ պասիվ է. շատ դեպքերում ինքն է ավելի ակտիվ։ Տարիքային տարբերությունը երբեք չենք զգացել, իսկ ինձ համար կարեւոր է ներդաշնակությունը: Երկար տարիներ միասին ապրելով՝ արդեն կարողանում ես հասկանալ՝ դիմացինդ ինչով ու ինչպես է շնչում։

Լուիզա Ներսիսյանը եւ Լիլիթ Թոխատյանը


- Հրանտ Թոխատյանը մի առիթով ասել է, որ Ձեզ հետ որոշեց ամուսնանալ այն ժամանակ, երբ Ձեզ խայթած կարիճը սատկեց։ Եթե կարիճի պատմությունը չլիներ…

- Դե, եթե իմ հետ ամուսնացավ, ես էլ իր հետ ամուսնացա։ Իսկ իրականում լինել այս ասպարեզում ու չլինել տեսակով, վատ իմաստով դերասան, այլ լինել տղամարդ, դժվար է գտնել։ Դերասանները մի վատ հատկանիշ ունեն՝ նարցիսիզմ, որն ավելի կանացի դրսեւորում է, այ դրանից Հրանտը ձերբազատված էր։ Ընտրելով այս ճանապարհն՝ ինձ համար կարեւոր էր, որ կողակիցս հասկանար՝ ինչ է թատրոնն ու իր դրսեւորումներում ստեղծագործող լիներ՝ առօրյան ճիշտ կառուցելու համար: Իհարկե, կենցաղային բախումներ լինում են, բայց դրանք անցողիկ, հիմար բաներ են, որոնց վրա չի կարելի անգամ ժամանակ ծախսել: Պետք է պարզապես կյանքը սիրել ու կյանքի ամեն մի վայրկյանը գնահատել՝ փորձելով առավելագույն դրական հույզեր տալ։

- Լուիզա, փակվում է վարագույրը, մտնում եք տուն ու ասում՝ «բարի գալուստ կենցաղ»։ Ու առաջին հերթին գնում խոհանոց:

Լիլիթ. Վա՜յ, տանը մաման այնքան հետաքրքիր կերպարով է։ Շատ եմ սիրում, երբ մաման խոհանոցում է. այն որ ասում են՝ մեր բլինչիկն ուրիշ է, իսկապես մամայի բլինչիկն ուրիշ է:

Լուիզա. Պատճառն այն է, որ բարձրակրունկներս չեմ հանում: Եթե ինձ պետք է արագ ինչ-որ բան անել՝ չեմ հանում։

Լուիզա Ներսիսյանը


- Հրանտին կարողանո՞ւմ եք գոհացնել։

Լուիզա. Իհարկե։ Իմպրովիզներն անպակաս են, բայց որ ասեմ՝ տնային տնտեսուհու կերպարի մեջ եմ մտնում, չի ստացվում: Բայց համեղ եմ պատրաստում ու աման լվանալու վատ մոլուցք ունեմ։

- Լուիզա, տարիներ շարունակ այդ չարաճճի կերպարից դուրս չեկաք, Ձեր դերերն էլ այդպիսին են։ Չե՞ք նեղվում, երբ ռեժիսորները Ձեզ միայն այդ կերպարում են տեսնում:

- Դե, անկեղծ, որպես դերասանուհի ուզում եմ էքսպերիմենտներ անել, բայց չես կարող մեղադրել ռեժիսորներին։ Մեր դաշտը հագեցած չէ նոր ֆիլմերով, նոր նախագծեր քիչ են լինում, դրա համար, երբ ինչ-որ նախաձեռնություն է լինում, միանգամից մտածում են՝ ինչն էր ստացված, քանի որ պրոդյուսերները ձախողում չեն հանդուրժում: Բայց այժմ նկարահանվում եմ «Սիրո հասակ» նախագծում, որը վերջապես ինձ հնարավորություն կտա նոր կերպարով ներկայանալ։ Նախագծի հեղինակն Արմեն Պետրոսյանն է։ Փոստի աշխատակցուհի եմ, որը սեր չի ունեցել իր կյանքում ու կյանքը չի սիրում։ Այս պահին նկարահանվում եմ նաեւ «Պոլի» ֆիլմում, որի ռեժիսորն Արտյոմ Հարությունյանն է։ Մանկապատանեկան արկածային ֆիլմ է՝ դետեկտիվի տարրերով հագեցած։ Պատմությունը շան եւ տղայի ընկերության մասին է։ Իսկ թատրոնում «Համլետ» ներկացման մեջ եմ խաղում, որի պրեմիերան տեղի ունեցավ վերջերս։

Լուիզա Ներսիսյանը եւ Լիլիթ Թոխատյանը


- Երբ Ձեր ուժերը սպառվում են եւ ստեղծագործական դադար է լինում, ինչպե՞ս եք դուրս գալիս այդ վիճակից։ Հատկապես վերջին շրջանում ստեղծված մթնոլորտն իր բացասական ազդեցությունն է թողնում։

- Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար տարբեր փուլերով եմ անցել՝ փորձելով տարբեր ելքեր գտնել։ Հիմա որոշել եմ իմ տեղում լինել ու փորձել իմ աշխատանքում անել առավելագույնը: Երբ մեր կարողություններից դուրս այլ պլաններ ենք ունենում, օրինակ՝ փորձում ենք «ազգը փրկել», այդ ժամանակ ձախողում ենք: Փորձում եմ փոքրիկ բաներով ինձ ուրախացնել: Գիտեք՝ տխրությունը գրավիչ է, այդպես քեզ մատնում ես պարապության, թեւաթափ ես լինում: Դու կարող ես ուղղակի նստել, սգալ, ու կգան մարդիկ, որոնք կյանքը սիրում են, ու քեզ կհանեն քո տեղից: Պետք է կարողանալ պայքարել, հաղթել ու լույս սփռել:

Զրուցեց Արմինե Գեւորգյանը
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին