×


«Հիմա քո նմանը կա». ինչպես եւ ովքեր են նկարահանել «Քո ցավը տանեմ» տեսահոլովակը 14 տարի առաջ

ՀՏ Հայկոյի «Քո ցավը տանեմ» երգը ժամանակի հիթերից էր, իսկ տեսահոլովակը՝ ամենադիտվածներից։ Երգն ընդգրկվեց 2008-ին թողարկված «Անցած էտապ» սոլո ալբոմում։ Նույն տարում իր գործունեությունը դադարեցրեց «Հայ տղեք» խումբը, իսկ ՀՏ Հայկոն երաժշտասերների համար լռեց 2013-2014թթ.-ին Արգենտինա կատարած հյուրախաղերից հետո։ Երգի մասին խոսել ենք տեսահոլովակում նկարահանված Ինգրիտ (այն ժամանակ՝ Աննա) Կոկչյանի, ռեժիսոր Գոգա Խաչատրյանի եւ նկարիչ-գրիմյոր Անահիտ Աղաջանյանի հետ։ Զրույցը ոչ միայն երգի, այլեւ գեղեցկության փոփոխվող չափանիշների մասին է։

Երեւանում շատ աղջկեք են ապրում սիրուն, մենակ էդ աղջիկը սաղից ոնց ա տարբերվում»

Ինգրիտ Կոկչյան

Այն ժամանակ Երեւանում կային խմբավորումներ։ Երբ մեկի հետ ծանոթանում էիր, հարցնում էիր՝ «Դու ո՞ր «տուսովկայից» ես, ի՞նչ երաժշտություն ես լսում»։ Ես, լինելով ռոք «տուսովկայից», սիրով համաձայնեցի ռեփում հանդես գալ, որովհետեւ «Հայ տղեքը» ստեղծել էին իրենց յուրահատուկ ոճը, եւ ինձ հետաքրքիր էր դառնալ դրա մասնիկը։ Չնայած՝ դաստիարակվել եմ կիրթ ընտանիքում, ժարգոնը չէր խանգարում, որովհետեւ հասկանում էի՝ ոճի հարց է. ռեփը փողոցի երաժշտություն է։ Տեսահոլովակի համար պետք էր շատ հայտնի աղջիկ, իսկ իմ վարկանիշն այդ ժամանակ կատաստրոֆիկ բարձր էր «Կատվի դրախտ» հաղորդման շնորհիվ։

Ինգրիտ Կոկչյանը


Նկարահանման իմ կտորը մոտ մեկ ժամ տեւեց։ Բառերը չէի լսում, խնդրեցի Հայկոյին, որ երգի, շարժվում էի՝ լսելով երգի բառերը։ Հայկոն ինձ դուր էր գալիս իր զսպվածությամբ ու գրավիչ էներգիայով, հարմարավետ էր աշխատել նաեւ Գոգայի հետ. շատ տաղանդավոր ու «մերոնքական» մարդ է։ Շատ բաներ, ինչ արել եմ նախկինում, ջնջել, մոռացել եմ, բայց այս տեսահոլովակը մինչ օրս ինձ դուր է գալիս։

Երգի հաջողության հարցում նախ Հայկոյի գործոնն էր։ Ինքը դուր էր գալիս բոլորին՝ թե՛ տղաներին, թե՛ աղջիկներին՝ իր պատասխանատվությամբ, ծանրակշիռ բնավորությամբ, տաղանդով ու անվերջ շարմով։ Բացի այդ, երգի բառերը տղաներն իրենց սիրած աղջիկներին վերագրեցին, աղջիկներն՝ իրենք իրենց։

Կադրը՝ ՀՏ Հայկոյի «Քո ցավը տանեմ» տեսահոլովակից


«Հարուստները փեշով փող են շփում իր համար՝ ոչ մի ռեակցիա, էդ փողն իր համար ոչ մի բան ա»

Իմ ժամանակ, իսկ դա 90-ականներից մինչեւ 2000-ականների սկիզբն էր. ես 1984-ին եմ ծնվել, քաղաքում կային մի քանի գեղեցիկ աղջիկներ, որոնք իրենց հարգել գիտեին, հպարտ էին, օլիգարխների զանգերին չէին պատասխանում, չէին պտտվում՝ տեսնեին, թե քանի հոգի է վազում հետեւից։ Այդ աղջիկներն ունեին իրենց հետաքրքրությունները, բոլորը գիտեին նրանց՝ ով էին, ինչով էին զբաղվում։

Ես ապրում էի Թումանյան 38 հասցեում։ Իմ պատշգամբի տակ մշտապես կանգնում էին տղաներ։ Նրանք հին սերնդի տղաներն էին, որոնք իսկական տղամարդ էին եւ ունեին իրենց ուզածին հասնելու, երկար ճանապարհ անցնելու պատրաստակամություն։ Այն տղաները չէին, որ գրում են, չես պատասխանում, անցնում են առաջ, իսկական կնոջը բնորոշ բնավորության համաձայն մերժում ես, մարտահրավերը չեն ընդունում ու պարտվում են։ Նրանք այն տղաներն էին, որոնք անձրեւի տակ էին կանգնում, ձյան տակ էին կանգնում, բայց չէին համարձակվում մոտենալ։ Ես էլ օրվա մեջ մեկ անգամ պատշգամբի ծաղիկներն էի ջրում։ Դա իրենց ժամն էր, ինձ տեսնում էին հեռվից հեռու։

Ինգրիտ Կոկչյանը


«Ինքը մոդել չի, ոչ էլ «Միսս ուսանողուհի»»

Ինձ շատ են դուր եկել երգի այս տողերը։ Ես ստացել եմ այդպիսի մրցույթների մասնակցելու առաջարկներ, բայց ինձ համար ամենաստորացուցիչ առաջարկներից են եղել, որովհետեւ չեմ պատկերացնում, որ գեղեցիկ կինը լողազգեստով կանգնի մարդկանց առաջ, եւ մսի պես իրեն ընտրեն եւս 20 հոգուց։ Այս մեկն ավելի լավն է, քան՝ այն մյուսը։ Ո՛չ, սա իմ մասին չէ, ես վստահ եմ՝ ինձնից չկա։   

Ինձ մշտապես ասում են, որ յուրահատուկ մարդ եմ, դա հաճոյախոսություն չէ։ Ես էլ եմ ինձ այդպիսին ընդունել տարիներ առաջ, երբ հասկացել եմ, որ միշտ գնում եմ շարժմանը հակառակ եւ փոխում եմ ինձ հանդիպած մարդկանց ճակատագրերը։ Նաեւ դրանում է իմ բացառիկությունը։

Կադրը՝ ՀՏ Հայկոյի «Քո ցավը տանեմ» տեսահոլովակից


Տեսահոլովակի ժամանակ անունս Աննա էր, բայց կարծում եմ, որ մարդը ձեւավորվելուց հետո կարող է իրեն ընտրել անուն՝ համապատասխան իր կերպարին։ Կտրուկ մարդ եմ, հստակ մարդ եմ, չեմ կարող Աննուշկա լինել․ Աննան ավելի հանգիստ ու զիջող է, իսկ Ինգրիտն՝ ավելի սուր։ 26-27 տարեկանում անունս փոխեցի։ Աղջիկս անգամ չգիտի, որ անունս Աննա էր, բայց վերջերս ասաց, որ Աստրիդ անունն իրեն դուր չի գալիս, Աննա է ուզում լինել։ Եվ սա ճակատագրի հումորներից է։

«Ինքը բոմբ ա, ինքը բոմբ ա, Երեւանում իր նմանը չկա»

Մեր ծնողները, որոնք ապրել են ԽՍՀՄ-ում, դաստիարակչական շատ խիստ մեթոդներ ունեին, թույլ չէին տալիս, օրինակ, ժամը 21։00-ից հետո տուն մտնել։ Աղջիկներին սովորեցնում էին ասեղնագործել, կարդալ, գրել, մտածել։ Օրինակ՝ ես գրում էի էսսեներ, պատմվածքներ, շատ կարդում ու նկարչություն էի ուսումնասիրում։ Հաջորդ սերնդի ծնողները սկսեցին երեխաների նկատմամբ ավելի հանդուրժող լինել՝ ուզո՞ւմ են գնալ ակումբ կամ կարճ կիսաշրջազգեստ հագնել, խնդրեմ։ Բայց այդ ազատությունը չարաշահվեց։ Դրա համար 90-ականների սերնդի հետ երբ ծանոթանում եմ, իրենք ապրելու կիրք չունեն։ Ինտերնետում մի քիչ գրեն, գնան, քնեն, ո՛չ հավես ունեն, ո՛չ էլ ապրելու ու ինչ-որ բանի հասնելու կիրք։

Ինգրիտ Կոկչյանը


Ինչպես Հայկոն էր ասում՝ գեղեցկությունն այլեւս արդիական չէ, որովհետեւ իսկական գեղեցիկ աղջիկները պակասել են․ պլաստիկ վիրաբույժները նույն դեմքերն են սարքում, նույն մեյքափն է արվում։ Մինչեւ դու անցնում ես Սարյանով, տեսնում ես տասնյակ նույն դեմքերից։ Ու արդեն բացարձակ էական չէ՝ աղջիկը գեղեցիկ է, թե՝ ոչ։ Հիմա քո նմանը կա՝ շատ, տուփերով, կիլոգրամներով՝ հենց քո մեյքափով, քո քթով, քո խոսքով, երբ գիրքը չես կարդում, ուղղակի մեջբերումներն անգիր ես ասում։ Տղաներն էլ թող մեկից մյուսն անցնեն՝ առանց հասկանալու, որ դիմացի կինը փոխվել է մեկ ուրիշով։

Հիմա ճանապարհը մինչեւ Սարյանի գինետուն է՝ սպասումով, թե այսօրվա երեկոն ինչպես կավարտվի։ Իսկ իմ ժամանակ մարդիկ անհատներ էին, հստակ գիտեին՝ ինչ երաժշտություն են լսում, ինչ դասի են պատկանում, ինչ կյանքով են ապրում եւ ինչպես կավարտվի երեկոն։

Ինգրիտ Կոկչյանը


«Հայաստանով մեկ քեզ «կանկուրենցիա» չկա»

Գոգա Խաչատրյան

Տեսահոլովակի աղջկա ընտրության հարցում ես ու Հայկոն համաձայնության եկանք, թեեւ շատ աղջիկներ կային։ Ինքը տարբերվում էր, բայց նաեւ դասական դիմագծերով էր։ Հետո կոմերցիոն դեմք էր պետք, իսկ ինքն այն ժամանակ փայլող աստղերից էր։

«Հայ տղեք»-ի հետ աշխատել էի, բայց այս անգամ Հայկոն սոլիստ էր։ Շատ տաղանդավոր տղա է, նաեւ այն իմաստով, որ դուբլերի քանակը շատ չի եղել. հենց առաջին անգամից անում էր ճիշտ ու լավ։ Նկարահանող թիմն էլ էր լավը, դրա համար նկարահանումը շատ հարթ էր անցնում։ Այդ ժամանակ այդքան հարուստ չէինք եւ տեսահոլովակները երեկոյան էինք նկարում, որպեսզի տեխնիկայի վարձակալությունն էժան լիներ։ Տեսահոլովակը կանաչ ֆոնի վրա էր, այդ ժամանակ հեշտ չէր օգտագործել 3D, բայց մենք ռիսկ արեցինք, նկարեցինք։ Նկարահանումը տեւեց մեկ օր, մոնտաժն էր երկար։

Կադրը՝ ՀՏ Հայկոյի «Քո ցավը տանեմ» տեսահոլովակից


Անձնակազմս միշտ փոքր է եղել։ Հայաստանում սովորել եմ մի բան, որ մեկ անձը նկարահանման ժամանակ անում է մեկից ավելի գործողություն։ Աշխատել եմ նաեւ «Մոսֆիլմում». իրենք զարմանում էին, որ վեր էի կենում, լարեր էի հավաքում, կադր էի դնում։

«Իշտոյան» մակագրությամբ վերնաշապիկը պատահականություն չէր տեսահոլովակում. փորձում էինք հնարավորության սահմաններում մերը ցույց տալ աշխարհին, քանի որ գիտեինք, որ դրսում էլ են լսում։ Ուզում էինք, որ իմանան՝ մենք ունենք մեր հերոսները։ Դա «փրոդաքթ փլեյսմենթ» է կոչվում, երբ ինչ-որ բան ներառում ես՝ ասելիքի համար։ Այդպիսի օրինակներ ունեցել եմ նաեւ Միշոյի, Սերժոյի հետ։ Ու Իշտոյանը Հայկոյի դեպքում շատ լավ աշխատեց։

Կադրը՝ ՀՏ Հայկոյի «Քո ցավը տանեմ» տեսահոլովակից


Տեսահոլովակը օգնող հանգամանք է, բայց առաջնայինն ու կարեւորը երաժշտությունն ու բառերն են, որը Հայկոն շատ լավ էր անում։ Երգը լսել եմ երկու տարբեր երկրում, ոչ հայ մարդկանց շրջանում։ Մեկը՝ Հունաստանի Սանտորինի կղզում. ռեստորան էր, հունական միջավայր, բայց ժողովուրդը պարում էր՝ չիմանալով անգամ՝ ինչ լեզվով է։ Մյուսը՝ ԱՄՆ Հյուսթոն քաղաքում էի, տաքսու վարորդն էր լսում, ասաց՝ ռուսական երգ է։ Միայն պատասխանեցի, որ հայկական երգ է։

«Քո նման թագուհի չկա, ժուռնալում չկա»

Իմ ժամանակվա՝ 2000-2010 թվականների հայ աղջիկներին ավելի շատ եմ սիրում։ Դրանք կարելի է էտալոնային տարիներ համարել։ Շատ երկրներում եմ եղել, աշխատել, հիմա էլ ապրում եմ զարգացած երկրում (12 տարի է՝ ռեժիսորն ապրում է Կանադայում,-խմբ․), բայց չեմ կարող համեմատել, օրինակ, հայ աղջիկներին կանադացիների հետ։ Ոչ թե նրա համար, որ հայրենասեր եմ, իրականում հայ աղջիկներն ավելի հետաքրքիր են, բայց՝ ոչ հիմա. մեկ-մեկ տեսահոլովակ եմ նայում, չեմ տարբերում երգչուհիներին։ Գուցե հիմա ինտելեկտով լավն են, բայց արտաքինով հոգնեցնող են, անհետաքրքիր։

Կադրը՝ ՀՏ Հայկոյի «Քո ցավը տանեմ» տեսահոլովակից


«Ինքն ամեն մանրուքներում գծած աղջիկ ա»

Անահիտ Աղաջանյան

Շատ վաղուց էր, մանրամասները լավ չեմ հիշում, բայց հիշողությունները ջերմ են։ Հիշում եմ, որ տեսահոլովակը նկարեցինք «Խուլուհամրերի պալատում», չնայած՝ մի քանի տեղ կար նախատեսված։ Գոգան էլ, Հայկոն էլ շատ շնորհքով տղաներ են։ Իրենց հետ շատ եմ աշխատել, սա առաջինը չէր։ Աննան այն ժամանակ շատ լավն էր, հիմա՝ չգիտեմ. վաղուց չեմ տեսել իրեն։ Ոչ մի ավելորդ բան չկար, իր բնական տեսքով էր։ Մենք ընդամենը տարբեր ձեւի մեյքափ ենք արել, իրեն ամեն ինչ սազում էր։

Զրուցեց՝ Անահիտ Փիլոսյանը
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW