×


«Կյանքում այդ օրը չեմ մոռանա, կարող էր Ռենջ Ռովեր նվիրել, բայց ավելի ուրախ չէի լինի». Արաքսյա Մելիքյան

BRAVO.am-ի «Եվ խոսեց սերը» շարքի հերոսներն այս անգամ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասաններ Անդրանիկ Զաքարյանն ու Արաքսյա Մելիքյանն են, որոնց ընտանիքն արդեն 15 տարեկան է: Դերասանները պատմել են աշխատանքի յուրահատկություններից, իրենց կերտած կերպարներից ու կիսվել ընտանեկան երջանկության սեփական օրինակով:

Թատրոնն ու դերերը

- Երկուսդ էլ դերասաններ եք, հետաքրքիր է իմանալ, թե ինչպե՞ս եք ընտրել այս մասնագիտությունը:

Անդրանիկ. Կստեմ, եթե ասեմ՝ մանկուց եմ երազել այդ մասին: Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի ժողգործիքների բաժինն եմ ավարտել, հետո որոշեցի Թատերական ինստիտուտում էլ սովորել եւ 2 մասնագիտություն ունենալ: Արաքսյայի հետ հենց ինստիտուտում ենք ծանոթացել: Երեւի թե առաջին հանդիպումից երկուսս էլ անտարբեր չենք եղել միմյանց նկատմամբ, բայց վերջնական առաջարկություն արել է նա:


Արաքսյա. Ես էլ փոքր տարիքից չեմ մտածել դերասանուհի լինելու մասին: Ուզում էի դառնալ մոդելավորող, նկարիչ, կենսաքիմիկոս, անգամ պարապում էի, որ ընդունվեմ, բայց մանկուց զուգահեռ նաեւ թատերական խմբակ եմ հաճախել: Իհարկե, մանկության ընկերներս հուշում են, թե ես այն գլխից էլ դերասան էի: Հիշում եմ՝ հեռուստաթատրոնն է ինձ շատ տպավորել. ամեն երկուշաբթի սիրում էի այն դիտել: Մտածում էի՝ ինքս էլ կարող եմ այդպես խաղալ: Գնացել եմ Թատերական ինստիտուտ, ու ամեն ինչ լավ է ընթացել: Մասնագիտությունն իր գիրկը բացել է, եւ չեմ էլ մտածել, որ ուրիշ բանով կարող եմ զբաղվել:

- Կհիշե՞ք ձեր առաջին դերը, երբ հասկացաք, որ իսկապես ստեղծված եք այս գործի համար:

Արաքսյա. Ինձ համար սա ամենաանկատար մասնագիտությունն է: Անընդհատ նոր բան ես ստեղծում, ամեն անգամ անվստահության զգացում ունես, կասկածներ՝ արդյոք ճի՞շտ ես անում: Օրինակ, խաղում ես Շեքսպիր, որին ամբողջ աշխարհն է անդրադառնում, բա դու ինչո՞վ ես նորովի, քոնը ո՞րն է: Դրա համար չես կարող նշել մի դեր, որից հետո քեզ իսկապես դերասան ես համարում: Ուրիշ բան, որ հասարակությունն ինքն է որոշում՝ դերասան ես, թե ոչ:

Անդրանիկ. Եթե չսիրեի, թատերական չէի էլ գնա: Շատերը մտածում են, որ այնտեղ պետք է դառնալ դերասան, ու վերջ, բայց իրականում ինստիտուտն ավարտած շատ ուսանողներ այդպես էլ, ցավոք սրտի, դերասաններ չեն դառնում: Կան մարդիկ, որ մտածում են՝ դերասան են, բայց երբեք չեն դառնում այնպիսին, ինչպիսին պետք է: Չեմ ասում, թե մենք էլ արդեն դարձել ենք. միշտ էլ սովորելու բան ունենք: Ուզում եմ բեմում եւ խմբում ընկերներս ուժեղ լինեն, որ ես էլ այդպիսին դառնամ: Թատրոնը թիմային աշխատանք է: Ավագ սերնդից ենք նաեւ շատ բան սովորում: Հպարտորեն բեմ ենք բարձրացել Վարդուհի Վարդերեսյանի, Հեղինե Հովհաննիսյանի, Ազատ Գասպարյանի, Լորենց Առուշանյանի, Վլադիմիր Աբաջյանի, Ժենյա Ավետիսյանի, Յուրա Ամիրյանի, հիմա՝ Արմեն Մարությանի, Տիգրան Ներսիսյանի, Հարություն Մովսիսյանի, Մուրադ Ջանիբեկյանի, Ալբերտ Սաֆարյանի հետ:

Արաքսյա. Ես ունեցել եմ մասնագիտությունս փոխելու մի քանի հնարավորություն՝  ավելի բարձր վարձատրվող ու հեռանկարային, բայց չեմ գնացել այդ քայլին: Հասկացել եմ, որ իմ բարեկեցությունը չարժի այն ամենին, ինչ ստանում եմ այս աշխատանքի ընթացքում՝ զգացմունքներ, նույնիսկ բացասական հույզերն անփոխարինելի են եւ ապրեցնում են: Անգամ մտածում եմ, որ թատրոնին սիրահարված մարդիկ հոգեկան խնդիրներ ունեն(ծիծաղում է,- հեղ.), որովհետեւ անընդհատ գալիս են այդ ադրենալինը ստանալու ու երբեք չեն բավարարվում դրանով:


- Դերասանների մեծ մասն ասում է, որ թատրոնն իրենց համար պարզապես աշխատանք չէ, նաեւ՝ հաճույք, որի համար իրենց վճարում են:

Անդրանիկ. Մենք պարգեւատրվում ենք ծափերով:

Արաքսյա. Ամեն անգամ նման խոսակցությունից հետո մտածում եմ՝ ովքեր պետք է վճարեն դերասանին, կմտածեն՝ դե, ծափերով ապրում են էլի: Բայց հույս ունեմ, որ նրանք գիտակցում են՝ պետք չէ շահագործել մարդկանց հոգին: Բառացիորեն մեր կյանքն ու հոգին ենք ներդնում թատրոնում:

- Մարդիկ գալիս են թատրոն հոգեւոր էմոցիաների ու ապրումների հետեւից, որ իրական կյանքում նրանց պակասում են:

Արաքսյա. Մենք աշխատում ենք այն ժամանակ, երբ մյուսները հանգստանում են: Սովորաբար չենք էլ հասցնում հարսանիքների կամ տարբեր առիթների ներկա լինել, քանի որ միշտ փորձ կամ ներկայացում ունենք: Սովորաբար չենք գնում, ու մարդիկ մեզ չեն հասկանում: Ծառայում ենք այս աշխատանքին, որ դուք գաք ու վայելեք:

- Ի՞նչ եք կորցնում աշխատանքի ընթացքում ու փոխարենը՝ կարողանում նաեւ ձեռք բերել:

Անդրանիկ. Ընտանիքի ու ընկերների հետ անցկացնելու ժամանակն ենք կորցնում, բայց մեր ուսերին ասես պատասխանատվություն լինի դրված, որ հայ թատրոնի ու մշակույթի կրակը չմարի: Վաղուց էլ երիտասարդ չենք, միջին սերունդ ենք, պետք է շարունակենք մեր մեծերի գործն ու թատրոնի պատիվը բարձր պահենք: Քանի որ առիթ է, կշնորհավորեմ Սունդուկյանի անվան թատրոնի 100-ամյակը: Արաքսյայի հետ այստեղ աշխատում ենք այն ժամանակվանից, երբ այն դեռ 79 տարեկան էր: Արդեն 21 տարի է՝ այս թատրոնում ենք ու նրա մի մասնիկն ենք:

Արաքսյա. Իմ մայրական էգոիզմն եմ դրել մի կողմ. շատ քիչ ժամանակ եմ անցկացնում երեխաներիս հետո, բայց նրանք հասկանում են մեզ: Շատ առումներով էլ բախտավոր են, արդեն իսկ ուրիշ ձեւ են մտածում, ավելի ազատ են եւ ինքնուրույն, կարծրատիպեր չունեն: Բայց միայն չենք տալիս, շատ բան էլ թատրոնից ենք վերցնում:


Անդրանիկ. Մեր դահլիճն 800 տեղ ունի, ու այն միտքը, որ այդքան մարդու թեկուզ 2 ժամով կարողացանք գոհացնել, մտածելու տեղ տալ, ուրախացնել կամ տխրեցնել, արդեն մեծ բան է:

Արաքսյա. Ես գուցե հազար գույն ունեմ իմ ներսում, խնդիրներ կյանքի հետ, բոլորի լուծումը ստանում եմ դերերի շնորհիվ: Այն, ինչ կյանքում երբեք թույլ չեմ տա ինձ, կերպարի միջոցով կանեմ բեմի վրա: Սպունգի պես մարդկանցից հավաքում եմ տարբեր երեւույթներ ու տալիս դերին: Քիմիական ռեակցիայի պես է՝ հասարակությունից վերցնել ու նորից փոխանցել իրեն: Այդ էներգիան շատ ապրեցնող է:

- Դերասանի մասնագիտությունը մարդագիտություն է, պետք է լավ տիրապետեք հոգու նրբություններին, որ ամեն անգամ կարողանաք նոր ու իրարից տարբերվող կերպարներ ստեղծել:  

Արաքսյա. Այն էլ ինչպիսի մարդագիտություն:

Անդրանիկ. Ժամանակ է պետք, որ դերասանը լցվի: Երբեմն երբ անընդհատ ներկայացումներ ենք ունենում, դատարկվում ենք: Այդ ընթացքում չենք հասցնում տարբեր մարդկանց ճանաչել ու նրանցից կերպարի համար ինչ-որ բան սովորել:

Արաքսյա. Չեմ սիրում այն դերասաններին, ովքեր շատ են լճանում, իրենց բարձր դասի են համարում ու շատ չեն շփվում ուրիշ մարդկանց հետ: Մտածում եմ՝ դուք տարօրինակ եք, սիրելիներս: Մինչեւ չխոսես տարբեր խավի ու մասնագիտության մարդկանց հետ, ոչինչ չի ստացվի: Պետք է ձեռքդ պահես հասարակության երակի վրա: Եթե բոլորի հետ բաց չլինես, կմնաս ինստագրամյան լյուքս ստի մեջ:


- Ինչպիսի՞ն է կերպար ստեղծելու ընթացքն ու ձեզ հե՞շտ է տրվում:

Անդրանիկ. Շատ դաժան աշխատանք է:

Արաքսյա. Աշխարհի ամենալավ գործընթացն է:

Անդրանիկ. Անում-անում ես ու հասկանում, որ դեռ չես հասել քո ուզած կերպարին, բայց  քո ուզածն էլ չգիտես՝ որն է: Փնտրում ես կերպար, որը հետաքրքիր կլինի իր ասելիքով: Կերպարը նոր մարդ է, որն ունի իր բնավորությունը, ապրելակերպը, մոտեցումն աշխարհին ու մարդկանց: Դերասաններից ոչ մեկը չի ասում՝ գնում է աշխատանքի. մենք գալիս ենք փորձի:

Արաքսյա. Մեր մասնագիտության մեջ ամենաշատը սիրում եմ փորձերն ու նկարահանման ընթացքը: Խենթանում եմ փորձերի համար. ամեն օր գնում ես քո կերպարին նոր բան ավելացնելու, այդ փնտրտուքն ու արարումն է գեղեցիկ:

- Պատկերացնո՞ւմ եք, որ այդ փորձերը կարող են էլ չլինել ձեր կյանքում, պատրա՞ստ եք թողնել դրանք:

Արաքսյա. Պատկերացնում եմ. հիմա թատրոնում ինձ համար մի քիչ պասիվ շրջան է, այլ աշխատանքներում եմ ինձ ռեալիզացնում, այլապես կցնդեմ: Մի քիչ հիպերակտիվ եմ, քան Անդրանիկը. պետք է էներգիաս դուրս գա: Ես էլ քամում եմ իմ մասնագիտության մյուս կողմը՝ ձայնագրություն, նկարահանում, կրկնօրինակում, դրանք մեջքս պինդ են պահում: Եթե թատրոնում զբաղված չեմ, չեմ մտածում՝ էլ ոչ մեկին պետք չեմ: Կզբաղվեմ այնքան, մինչեւ նորից իմ կարիքն առաջանա:

Անդրանիկ. Վերջին շրջանում շատ զբաղված եմ եղել թատրոնում, համարյա թե բոլոր ներկայացումներում խաղացել: Նաեւ ծանր դերեր են եղել, դժվար եմ արդյունքի հասել: Չեմ պատկերացում, որ թատրոնն իմ կյանքում կարող է չլինել. ես այստեղ եմ ինձ գտնում եւ ճիշտ ապրում:


- Իրար եթե բնորոշելու լինեք որպես դերասաններ, ի՞նչ կասեք ու իրարից ի՞նչ կուզեիք ունենալ:

Արաքսյա. Հետաքրքիր հարց է:

Անդրանիկ. Ես Արաքսյային լավ դերասանուհի եմ համարում: Չէի կարող սիրահարվել մեկին, ով անշնորհք դերասանուհի է, եթե անգամ լավ մարդ լիներ ու շատ գեղեցիկ: Իմ բախտը բերել է, որ կինս լավն է, գեղեցիկ, համ էլ՝ տաղանդավոր:

Արաքսյա. Անդ, հիշո՞ւմ ես, թե մեր վարպետ ու գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանն ինչ ասաց՝ «Լավագույնն ընտրեց լավագույնին»: Անդրանիկն ինձնից համբերատար է, եթե անգամ չի գտնում կերպարը, պանիկայի չի մատնվում, կամ գոնե ցույց չի տալիս, սպասում է արդյունքին: Ես շատ արագ բռնկվում եմ, ոգեւորվում, հետո շատ արագ հիասթափվում: Անընդհատ այդ դեպրեսիաներն ունենում եմ՝ չեմ կարող, ապաշնորհ եմ, այդ ինչով եմ զբաղված: Մինչեւ հիմա էլ կասկածներ կան՝ արդյոք առհասարակ ճիշտ եմ անում: Իմ աջակցությունն ու թիկունքը հանդիսատեսի արձագանքն է: Այնպիսի դերեր եմ խաղացել, որ լավ կլինի սկսեմ մի քիչ հավատալ ինձ: Այդ ինքնավստահությունն է մեկ-մեկ պակասում, որն Անդրանիկն ունի:

Անդրանիկ. Քանդակագործն ինչպես է վերցնում քարն ու սկսում հետը կռվել, կարող է տարիներով իր ուզած պատկերը ստանալ, նույն կերպ էլ դերասանն իր հետ է աշխատում: Ես շատ եմ բեմի վրա դերի հետ կռիվ տալիս, սիրում եմ այդ ընթացքը, ռեժիսորներն էլ արդեն գիտեն, որ կարող են ինձ խնդիր տալ, ու ես միանգամից չկատարեմ:


- Իսկ ռեժիսորների հետ աշխատանքի մասին ի՞նչ կասեք, ինչպե՞ս եք միասին գալիս վերջնական տարբերակին:

Արաքսյա. Աշխարհում ամենալավ բանն է, երբ գոնե 98 տոկոսով վստահում ես քո ռեժիսորին: Հնարավոր է՝ ինչ անես, չանես, անգամ շատ լավ, ու նա չհավանի: Դա, իհարկե, տանջանք է: Իսկ եթե հանկարծ քո ռեժիսորին ես գտնում, ամեն ինչ ստացվում է: Դու իրեն մի քանի տոկոս աշխատանքն ես տալիս, նա եռապատկած վերադարձնում է: Գժվում եմ այն ռեժիսորների համար, ովքեր ինձ թեւեր են կարում, կարող եմ սողալով գալ փորձի, նա ինձ արծիվ, թիթեռ դարձնի, ու սկսեմ սավառնել: Այ, դա կարոտում եմ:

Անդրանիկ. Դերասանները էմոցիոնալ մարդիկ են, ու այն ռեժիսորներն են շահում, որոնք առանց վիրավորելու կարողանում են հասկացնել նրանց սխալը: Կան ռեժիսորներ, որոնք նուրբ են մոտենում հարցին ու վերջում կարողանում իրենց ուզածին հասնել: Մենք էլ ենք կռիվ տալիս, մեզ էլ է պետք այդ ստեղծագործական վեճը, որ ճիշտ կերպար ստեղծվի: Թատրոնի ստեղծագործական վեճերը կարող են շատ բուռն լինել, անգամ իրար վիրավորելով անցնել: Բայց ամենալավն այն է, որ փորձի ավարտից անմիջապես հետո նորից նույն ընտանիքն ենք դառնում, ամեն ինչ մոռանում: Ռեժիսորներն այնքան ծանր են տանում, երբ ասում ես իրենց ներկայացումը չես հավանել, բայց միշտ իրենց իրավունք են վերապահում արտահայտվել դերասանի խաղի մասին: Ես հանգիստ իմ կարծիքն ասում եմ, կապ չունի՝ ներկայացումը հավանել եմ, թե չէ:

Արաքսյա. Շատ եմ սիրում մեր ավագ սերնդին, երիտասարդ տարիքում պատահել է, որ ինձ սխալ եմ պահել, թվացել է՝ պատասխանելը համարձակության նշան է: Բայց ավագ գործընկերս այնքան սիրուն է ինձ տեղը դրել: Միշտ այդ մասին հիշում եմ ու մտածում՝ եթե չասեր, մենք չէինք աճի, կկորչեինք ու մեծամիտ կմնայինք:

Անդրանիկ. Ռուս դերասաններից պետք է սովորել ու իրար մեկ-մեկ գովել, մեծարել, գիտակցել, թե ում հետ ենք բեմ դուրս գալիս, նույնիսկ՝ մեր սերնդից: Ուրախ եմ, որ իմ հասակակից դերասաններից բոլոր թատրոններում էլ կան ու լավն են: Պետք է նրանց գնահատել ու ասել այդ մասին: Նոր սերնդի մեջ էլ կան շատ շնորհալի երիտասարդներ:


- Միմյանց դերերից որո՞նք եք շատ հավանում:

Արաքսյա. Անդրանիկը վերջին շրջանում 2 շատ լավ դեր է խաղացել, որոնք հավանել եմ: «Ռիչարդ Երրորդը տեղի չի ունենա, կամ դրվագներ Մեյերխոլդի կյանքից» ներկայացման մեջ Ստալին էր խաղում, զարմացած էի, իրենից չէի սպասում այդ դերը: Ասացի՝ ուաու, մենք գործ ունենք լուրջ դերասանի հետ: Դժվար է օբյեկտիվորեն գնահատել, երբ ամուսինդ է, բայց հասկացա, որ նա սահմանն անցավ, իսկական վարպետության դաս արեց ու հիացրեց:

Անդրանիկ. Իր վերջին ներկայացումն «Իշամեղու» էր կոչվում, գլխավոր դերում չէր Արաքսյան, բայց լավ էր կերտել կերպարը:

Արաքսյա. Ինչի՞, այ տղա, «Կովկասս» չէի՞ր հավանում:

Անդրանիկ. «Կովկաս» ներկայացումը դուր չէր գալիս, բայց քեզ հավանում էի:

Արաքսյա. «Պատվի համար» վա՞տ եմ խաղացել:

Անդրանիկ. Երկուսդ էլ՝ ե՛ւ դու, ե՛ւ ներկայացումը լավն եք: Նոր գույներ էիր բերել, այդ որակների մեջ քեզ չէի տեսել:

Արաքսյա. Ես կուզեի, որ դու նաեւ բեմադրեիր: Անդրանիկն արտակարգ ռեժիսոր կլինի: Միակ բանն է, որ ուզում եմ, բայց չի անում:

Անդրանիկ. Չեմ սիրում, որ ինձ շատ են ասում որեւէ բանի մասին, գուցե լռի, եւ անեմ: Այդպիսի բնավորություն ունեմ, չգիտեմ՝ թերությո՞ւն է, թե՞ ոչ:

Արաքսյա. Թերություն է, բա ի՞նչ է (ծիծաղում են,-հեղ.):


15 տարվա ընտանիքը

- Ծանոթացել եք ինստիտուտում, ինչպե՞ս է ձեր միջեւ եղած քիմիան վերաճել համերաշխ ու սիրով լի ընտանիքի:

Անդրանիկ. Ամենակարեւոր բանն ընտանիքի պահպանումն է: Այսօր տեսնում ենք, թե երիտասարդները որքան հեշտ են հրաժարվում իրենց ընտանիքից, եթե անգամ երեխաներ էլ ունեն: Դրա համար պետք է հանդուրժող լինել, էմոցիաներին շատ չտրվել ու սխալ քայլ անել: Ընտանիքին պետք է զգույշ մոտենալ, սխալներ բոլորի դեպքում էլ պատահում են, համարձակորեն եմ ասում՝ մութ անկյուններ բոլորն էլ ունեն:

Արաքսյա. Ճիշտ է ասում՝ զիջումներ են պետք, բայց դրանք չպետք է անձիցդ վեր լինեն: Կիրքը, զգացմունքները, նվերները, դրանք ի վերջո հանգստանում են: Իրականում դիմացինին սիրելը չափազանց դժվար է, որովհետեւ էգոիզմդ թողնում ես մի կողմ ու մտածում՝ իրեն ցավ չպատճառես, հնարավորինս բարեկեցիկ լինի համատեղ առօրյան, իրեն ապահով զգա: Ես ավելի բռնկուն եմ, գուցե, կռվի փորձ ստեղծեմ, բայց տարիների ընթացքում քարը սկսում է մաշվել ու ավելի գեղեցկանալ: Ավելի ես մեղմանում ու հանդարտվում: Բացի այդ, ընտանիքն ինձ համար ռազմի դաշտ չէ. կա մեկ ճշմարտություն, որը ձեզ տարել է եկեղեցի:

- Իսկ տարիների ընթացքում սերն ինչպե՞ս է վերափոխվում, երբ իրար տեսնելիս էլ սիրտը չի թրթռում, ամեն օր եք միմյանց կողքին անցկացնում:

Արաքսյա. Վերջերս միայն թատրոնի աղջիկներով շրջագայության գնացինք, դա ինձ համար լավ փորձություն էր: Հետո ընկերուհիներս էին ինձ լավ ձեռք առնում: Իմ գնացած բոլոր տեղերում ասում էի՝ Անդոն այստեղ լիներ, տեսներ այս ամենը: Նույնիսկ ակումբում ահավոր ձանձրալի էր, հասկացա, որ, գուցե եւ փնթփնթում եմ, բայց ուզում եմ ամեն ինչ միասին ձեռնարկենք:

Անդրանիկ. Կարծում եմ՝ մեր միասին լինելու բանաձեւերից մեկն էլ այն է, որ երկուսս էլ  փորձում ենք գեղեցիկ ապրել ամեն մի օրը, լավ պահեր գտնել առօրյայում: Արդեն ամուսնացել ենք, իրար սիրել ենք, գուրգուրել, միասին անցել շատ բաների միջով, երեխաներ ունենք: Կյանքն առջեւում է ու պետք է մտածենք՝ ինչ անել, որ վաղվա օրն ավելի ուրախ ու հետաքրքիր լինի:

Արաքսյա. Խոսքդ շաքարով կտրեմ, ասեմ մեր ընտանիքի եւս մեկ լավ կողմի մասին: Մենք չդարձանք այն մարդկանցից, որոնք մտածում են տարբեր բաներ ունենալու մասին, որպեսզի որեւէ դիրք ունենան ու իրենց երջանիկ ցույց տան: Կամ մարտիության հիստերիայի մեջ չեմ ընկնում, որ ինձ թանկանոց նվեր անի: Դրանով ո՛չ ատում եմ իրեն, ո՛չ սիրում, դա ոչինչ չի փոխում մեր հարաբերություններում, բայց չեմ ասում, որ հանգիստ լինի, թող նվիրի(ծիծաղում են,-հեղ.):


Անդրանիկ. Ամեն տարի տոներն էլ նոր ձեւով է պետք նշել: Ես առավոտյան չեմ արթնացել ու մտածել, որ Արաքսյային պետք է ծաղիկներ նվիրեմ: Ավելին ասեմ՝ մի քանի կրպակներում տեսնելով ծաղիկների աստղաբաշխական գները, մտածեցի՝ Արաքսն այդքան էլ ծաղիկներ չի սիրում(ծիծաղում են,-հեղ.): Այդ օրը նա ներկայացման էր, որոշեցի մեր բոլոր աղջիկներին շնորհավորել: Քաղցրավենիք գնեցի, խմիչք եւ թատրոնի առաջին հարկում սեղան գցեցի, ով վերեւից իջավ՝ շնորհավորեցի: Գիտեի, որ դրանից Արաքսյան ավելի լավ կզգա իրեն: Երեկոյան էլ գնացինք խնջույքի ու նորից նշեցինք: Ինքն անընդհատ նվեր տալ է սիրում, ինչից իրեն լավ է զգում, ինձ էլ դուր է գալիս, որ նա երջանիկ է:

Արաքսյա. Սպորտային նախագծի էի մասնակցում, վնասվածքներ էի ստանում, կապտուկներ ունենում, տուն էի գալիս լրիվ ջարդված: Մի անգամ ինձ համար վաննա էր պատրաստել, մրգեր՝ բնավ ոչ ռոմանտիկ ֆոնով: Ասաց՝ պատկերացնում եմ մարմինդ հիմա որքան է ցավում, լավ հանգստացիր: Կյանքում այդ օրը չեմ մոռանա, քո երեսին եմ ասում, կարող էիր Ռենջ Ռովեր կանգնեցնել, բայց ավելի ուրախ չէի լինի: Հասկացա, որ դա կոչվում է խնամք եւ հոգատարություն: Երեկ չորսով հեռուստացույց էինք նայում, մեկ էլ աղջիկս ասաց.«Ինչ ձանձրալի է, ուզում եմ լինի՝ ինչպես միշտ»: Դա մեր ընտանիքի կատարյալ վերլուծությունը կարող է լինել: Ամուսնուս հետ իրար նայեցինք ու ասացինք. «Այսօր էլ եկեք ուղղակի հեռուստացույց նայենք»: Այնքան ենք տարբեր բաներ կազմակերպում, տեղեր գնում, հանգիստ մնալ չենք կարող:  

- Իսկ ինչպիսի՞ն է ձեր համատեղ հանգիստը, երբ բոլորդ միասին եք:

Անդրանիկ. Չպլանավորած ու անսպասելի: Քաղաքից կարող ենք դուրս գալ՝ չիմանալով էլ ինչ ուղղությամբ: Ճանապարհին ենք որոշում, որ կողմ գնալ: Հարցնում ենք՝ «Այս գյուղում եղե՞լ ենք», եթե ոչ, անպայման մտնում ենք: Չգիտենք էլ՝ այնտեղ հետաքրքիր որեւէ բան կա՞: Ասել-խոսալով գնում ենք, հաստատ գտնում մի անկյուն, որտեղ հաց կուտենք՝ մեր տարած տնական բրդուճները, կհանգստանանք, կհասկանանք՝ մարդիկ ոնց են ապրում: Ամբողջ Հայաստանն այդպես բացահայտեցինք: Պանդեմիայի ժամանակ շատ շրջեցինք, չէինք կարող տանը նստել, բայց նախկինում էլ այդպիսին էինք:

Արաքսյա. Երկուսիս առավելությունն այն է, որ քայլել ենք շատ սիրում, ոտքով անցնել ու ուսումնասիրել, էքստրիմի սիրահար ենք: Ինչի՞ հյուրանոցին ավելի գումար տալ, մեզ շքեղությամբ երբեք դժվար թե կարողանան զարմացնել: Իմ աչքը պետք է կշտանա:


- Խոսենք երեխաներից, ի՞նչ բերեցին նրանք ձեր կյանք:

Անդրանիկ. Աստծո պարգեւներն են, հպարտ ենք, որ երկուսիս շարունակությունը կա: Մեր որդին՝ Գուրգենը, 14 տարեկան է, իսկ դուստը՝ Կարինեն, շուտով 9 կդառնա:

Արաքսյա. Շատ կարեւոր է, որ երեխաներն առողջ են, ստեղծագործ, միշտ հպարտանում ենք նրանցով, քիչ ժամանակ ենք անցկացնում հետներն, ու այդքան լավն են, հասկացվող, ինքնուրույն: Շատ լավ մարդիկ են մեծանում, ինչը շատ կարեւոր է: Արդեն որերորդ ուսուցիչն է ասել այդ մասին: Երկուսն էլ սեր ունեն թատրոնի նկատմամբ, բայց գույները չենք խտացնում, ինչ էլ որոշեն դառնալ, իրենց կողքին կլինենք:

Անդրանիկ. Տղայիս տարանք երաժշտական դպրոց, որ հարվածային գործիքներ նվագի, բայց մեկ տարի անց էլ չուզեց շարունակել: Ֆուտբոլի է գնում. «Արարատ» ակումբում է խաղում, Թումոյի դասերին հաճախում: Աղջիկս շարունակում է երգել, հիմա ուզում է նաեւ նկարչության խմբակ գնալ:  

- Իրար կարճ ու դիպուկ ինչպե՞ս կբնութագրեք:

Անդրանիկ. Էմոցիոնալ, արագ բռնկվող, չմտածող, թե այդ պահին ինչի մասին է խոսում, հետո փոշմանող, իրեն ուղղող եւ այդ ժամանակ ծիծաղելի իրավիճակի մեջ ընկնող: Ինձ համար ծիծաղելի՝ մյուսները չեն հասկանում:

Արաքսյա. Ալարկոտ, գաղափարների շտեմարան, եթե աշխարհում դրանք առնելու սարք լիներ, կդառնար միլիոնատեր, ազնիվ, նրանից երբեք չես սպասի մեջքից հարված: Մարդ, որին կարելի է հենվել:

- Ձեր ընտանիքը 15 տարեկան է, ինչպիսի՞ տարիներ էին դրանք:

Արաքսյա. Շատ սիրուն:

Անդրանիկ. Շատ արագ անցան: Նախքան ամուսնանալն այնքան նպատակներ ու երազանքներ ունեի, հետո լրիվ այլ հարցեր են առաջանում, կենցաղայինի մասին չէ խոսքը: Վերջերս մեջս անհանգստություն է մտել, ինչի համար ուրախ եմ: Հասկացել եմ, որ ժամանակն անցնում է, եթե անելու ու տալու բան ունենք այս երկրին, աշխարհին, իրար, պետք է արագ անել: Այնքան կորուստներ տեսանք, մեր հասակակից մարդիկ գնացին այս աշխարհից ու միայն պատերազմի արդյունքում չէր, նաեւ պանդեմիայի: Արաքսյան ընկերուհի կորցրեց: Պետք է ավելի արագ գործել, մյուս կողմից էլ որեւէ բան բաց չթողնել, գուցե, դանդաղ ընթացքն է սիրուն: Կյանքի հետ կռիվ պետք է ունենաս, այլապես հետաքրքիր չես ապրի: Ինձ շատ եմ մեղադրում, որ հետեւանքների մասին շատ եմ մտածում, ինչն էլ սխալ է: Մի փոքր պետք է համարձակ լինել:


Արաքսյա. Իրեն միշտ մոտիվացնում եմ, որ ինձ նման կնիկ ամեն մեկին չի վիճակվում ունենալ (ծիծաղում է,-հեղ.): Ասում եմ՝ մեջքիդ կանգնած եմ, ամեն ինչին տեր եմ, տակից դուրս կգանք: Դժվարությունների ժամանակ էլ իրար քաշելով ենք հանել, մենք լավ ընկերներ ենք նաեւ, դա օգնում է:  

- Ու ինչպիսի՞ն եք ուզում, որ լինեն հետագա համատեղ տարիները:

Անդրանիկ. Արդեն բավական հասուն եք, ավելի ճիշտ գնահատենք կյանքն ու սիրուն ապրենք:

Արաքյսա. Առողջ լինենք, երբեմն չենք գնահատում բնության տված առողջությունն ու ոչ գիտակցորեն փչացնում ենք այն: Փորձենք իրար նաեւ հոգեպես չհիվանդացնել: Եթե ունես գաղափարներ, կուզեմ օգտակար լինել քեզ, որ կյանքի կոչես: Եվ մեր երեխաներին հասցնենք իրենց նպատակներին, բայց ոչ հայկական տարբերակով՝ «Ինչ անում ենք երեխաների համար» սկզբունքով: Մենք այս աշխարհում իրենց օգնողներն եք, ոչ թե տերերը:

Անդրանիկ. Ամեն տարիք էլ շատ սիրուն է ու պետք է ապրել եւ երեխաներին ճիշտ օրինակ ծառայել:


«Ինձ դուր է գալիս նրա ներսում եղած խաղաղությունը»
 
Արաքսյա. Անդրանիկն ինձ գրավել է իր ինքնագնահատականով, հստակ դիրքորոշմամբ: Նրա վրա կարելի է հենվել, թիկունքս լրիվ ապահով է: Սխալներս միշտ ուղղում է, ասում, թե իմ իմպուլսիվ բնավորության պատճառով ինչ չանեմ: Գիտի, որ սկզբում հակաճառելու եմ, բայց իր ասածի պես վարվեմ:

Ինձ դուր է գալիս նրա ներսում եղած խաղաղությունը: Ահավոր խենթ եմ, գժոտ, ունակ եմ սխալ խոսք ասել, հետո ի սրտե ներողություն խնդրել, իր կողքին ավելի հավասարակշռված եմ զգում: Իր հոնքի դիրքից գիտեմ, թե ես ինչ արեցի, ինքն ինչ արեց: Շնչառության ձեւից հասկանում եմ հոգեվիճակը: Անդրանիկիս կմաղթեմ, որ հասցնի կյանքը վայելել:

«Մենք իրար լրացնում ենք»

Անդրանիկ. Ես ու Արաքսյան շատ տարբեր ենք, բայց եւ նման: Նա գերակտիվ է, ես՝ հանգիստ, այդ առումով իրար լրացնում ենք: Նման ենք կյանքի նկատմամբ մեր հետաքրքրություններով, սիրում ենք ճամփորդել ու ուրախ անցկացնել մեր օրը: Նա երբեմն սիրում է տանը միայնակ լինել, ես 1 ժամից ավելի միայնակ լինելու դեպքում  կխելագարվեմ:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին