×


«Ոչ միայն ամուսին եմ գտել, այլեւ ընկեր». Մարի Աքսելը կրկին ամուսնացել է

Հայազգի մոդել Մարի Աքսելն ամուսնալուծությունից տարիներ անց կրկին ամուսնացել է։ Նա եւ սիրելին՝ Սերգեյ Ռոմաշովը, որոշել են պսակադրվել հինգ տարվա ծանոթությունից հետո։ Հարսանյաց արարողության լուսանկարները Մարին տրամադրել է BRAVO.am-ին եւ պատմել իր կյանքում այս նոր փուլի, ամուսնու եւ երեխաների հարաբերությունների մասին, եւ ոչ միայն:

«Որոշել էինք պսակադրվել Իտալիայում, բայց վերջին իրադարձությունների հետ կապված՝ ստիպված էինք հրաժարվել այս գաղափարից եւ ամեն ինչ կազմակերպել Մոսկվայում։ Ամուսնացանք մարտի 3-ին։ Անկեղծ ասած՝ զգացողություններս շատ խառն էին։ Սերգեյն առաջարկությունն արել էր դեկտեմբերին, ամուսնության գրանցման օրն արդեն նշանակված էր, բայց փետրվարի 24-ին ակնհայտ դարձավ, որ հեշտ ժամանակներ չեն։ Հետաձգելու կամ չեղարկելու մտքեր կային, բայց որոշեցինք անել այն, ինչ մեզ համար կարեւոր է»,- պատմում է Մարին։


Նա ամենաջերմ խոսքերով է բնորոշում ամուսնուն եւ հիշում է, որ ծանոթացել են մոտ հինգ տարի առաջ՝ սոցիալական ցանցի միջոցով.«Սերգեյը ձեռնարկատեր է, անհավանական խելացի, կիրթ ու բարի մարդ։ Այս տարիների ընթացքում մենք բաժանվեցինք, միացանք եւ վերջում հետեւեցինք մեր ընտրությանը՝ միասին երջանիկ լինել։ Անկախ եւ ինքնուրույն մարդիկ ենք մեր հետաքրքրությունների ոլորտներում։ Ի դեմս նրա՝ ես ոչ միայն ամուսին եմ գտել, այլեւ ընկեր, որը միշտ կաջակցի ու կօգնի ինձ։ Դա շատ կարեւոր ու գնահատելի է ինձ համար»։


Նախորդ ամուսնությունից Մարի Աքսելը երկու երեխա ունի՝ Ադելինան եւ Ֆյոդորը։ Նա պատմում է, որ երեխաներին էլ է ուրախացրել իր պսակադրությունը, եւ որ այդ միջոցառումը մեծ իմաստ ունի նրանց համար․«Այս ամենն այն արժեքների մասին է, որոնք ինձ համար կարեւոր է փոխանցել երեխաներին։ Երբ տղամարդը սիրում է, նա ամուսնանում է եւ հոգ է տանում իր կնոջ ու նրա երեխաների մասին»։

Խոսելով նաեւ իր զբաղվածության մասին՝ մոդելը նշում է, որ արդեն հոգեբանության մագիստրոսի կոչում ունի.«Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում ավարտել եմ հոգեվերլուծության եւ հոգեվերլուծական թերապիայի ծրագիրը: Ավելի քան երեք տարի մասնավոր փորձառություն եմ անցնում՝ որպես հոգեվերլուծական հոգեթերապեւտ: Մոսկվայի հոգեվերլուծական ասոցիացիայի անդամ եմ: Պարբերաբար մասնակցում եմ սեմինարների, կոնֆերանսների եւ կատարելագործում եմ իմ հմտությունները»։


Մարին նաեւ ակտիվ մարզվում է ու առողջ ապրելակերպ վարում։ Ասում է՝ սովորել է հոգ տանել իր մասին եւ աջակցություն գտնել ինքն իր մեջ.«Դա երկար ու շարունակական գործընթաց է։ Մարմինն ու հոգին կապված են: Անձնական հոգեվերլուծություն եմ անցնում, շաբաթը 3 անգամ մարզասրահ եմ գնում։ Ինձ դուր է գալիս տեսնել եւ զգալ ինձ հենց այնպիսին, ինչպիսին ցանկանում եմ»։


Վերջում հետաքրքրվեցինք, թե ինչ խորհուրդ կտա այն կանանց, որոնք վախենում են ամուսնալուծությունից կամ կարծում են, որ չեն կարողանա նոր կյանք սկսել։ Նա նշեց, որ խորհուրդներ տալ չի ցանկանում. յուրաքանչյուրն ինքն է ընտրում, թե ինչպիսի կյանքով պիտի ապրի.«Ուզում եմ ընթերցողներին մաղթել, որ սիրեն, սիրվեն, ստեղծագործեն, ապրեն եւ չկորցնեն կապն իրականության հետ։ Աշխարհին պետք են ապրող եւ մտածող մարդիկ»։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մարի Աքսելը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW