×


Զառա Սահակյանի «Զառանցանքը», պրեմիերայի հյուրերն ու ռեժիսորի՝ զառանցանքն Ազգային ժողով չտանելու խորհուրդը

15 տարվա բեմական գործունեությունից հետո Զառա Սահակյանը որոշել է առաջին անգամ բեմում լինել միայնակ: Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում «Զառանցանք» մոնոներկայացման առաջնախաղին բեմում իրարանցում էր. հայ ժամանակակից կանանց խնդիրներն ու անելիքները, սպասելիքներն ու ապրումները դերասանուհին ներկայացրեց չորս կերպարի միջոցով: Ելույթից րոպեներ առաջ ետնաբեմում Զառան BRAVO.am-ի հետ զրույցում անկեղծացավ՝ հուզմունքը հաղթահարել կարողանում է միշտ, բայց այս ներկայացման վերջում վայրկյանների ընթացքում 15 զգեստ է փոխում, լարվածություն կա, պետք է հասցնի:

«Սկսում եմ տատիկիս հետ իմ իրական զրույցով, որին գեղարվեստական շունչ եմ հաղորդել: Հետո արդեն տարբեր կանայք են՝ հարեւաններ, որոնցից ամեն մեկն իր խնդիրն ունի, իր երջանկության ու դժբախտության պատճառները: Հեռուստադիտողն ինձ հիմնականում տեսել է կենցաղային կերպարով, իսկ այստեղ կա բանաստեղծուհի, որն իր գրական երեկոյի մասին է երազում: Կարդացած, զարգացած կին, բայց արի ու տես, որ նա բախում ունի այսօրվա կոմերցիոն իրականության եւ գումար վաստակելու հետ: Բոլոր կերպարներն իմ բնույթից տարբեր են, բայց ֆանտաստիկայի ժանրից չեն. մարդիկ են, որոնց կերպարները մնացել են ենթագիտակցությանս մեջ եւ ռեժիսորի օգնությամբ հիմա դարձել են ավելի վառ ու խարիզմատիկ»,-պատմել է նա:


Հումորով համեմված տրագիկոմեդիան լի է հարցադրումներով՝ ի՞նչ է հարկավոր հիմա կնոջը, ի՞նչ պարտականություններ նա ունի, ե՞րբ է հասցնում այդ ամենն ու ինչպե՞ս է միշտ փորձում լինել խնամված։ Զառան նշում է՝ զգում է, որ հանդիսատեսն իրենից միշտ շատ սպասումներ ունի:

«Մեծ սեր եմ զգում, ջերմություն, որը փորձում եմ վերադարձնել: Առաջին մեխը մեխված է. սա ամենադժվար շրջանն է, բայց եթե քայլ ես անում արդեն մենակ ներկայանալու, ապա հետո արդեն հեշտ կլինի: Հետաքրքիր փաստ նշեմ՝ փոքր ժամանակ, երբ ուզում էի կենտրոնանալ, մտնում էի նեղ տեղ, փակվում ու երեւակայության գիրկն ընկնում, դա իմ հարմարավետության շրջանակն էր, հիմա մենք այդ փոքրիկ տնակը պատրաստել ենք բեմի վրա»,- պատմել է դերասանուհին՝ կեսկատակ հավելելով, որ ներկայացման ժամանակ ետնաբեմն իսկական խելագարանոց է դառնում, իրեն օգնում է թիմը։


Սցենարի հեղինակն Արմեն Վարդանյանն է, ռեժիսորն ու պրոդյուսերը՝ Սեդրակ Գոջամանյանը: Գաղափարն առաջացել է նախորդ համագործակցության՝ «ԿինԿոդ» ներկայացման ընթացքում:

«Ես ու Արմենը համախորհուրդ հասկացանք՝ կարելի է հետաքրքիր ու դինամիկ մոնո ստանալ Զառայի զանազանությամբ, գույներով եւ տվյալներով: Հաճախ մարդիկ սթենդ ափն ու մոնոն նույնացնում են, բայց շատ տարբեր են, մոնոն ենթադրում է դրամատուրգիա, գործողություններ, դեկորներ, գույներ, տրամադրություն եւ զարգացում»,-ասել է ռեժիսորը՝ հավելելով, որ 56 հոգանոց թիմ է աշխատել ամեն մանրուքի վրա:


Խոսելով անվան մասին՝ Գոջամանյանը զարմանք է հայտնել, թե ինչու են բոլորը զառանցանքը միայն բացասական իմաստով ընկալում.«Զառանցում ես, զառանցանքներդ մտքիցդ դուրս են գալիս եւ մնում են ազնիվ, մաքուր ու պտղաբեր մտքերը: Հետեւաբար, եկեք բոլորս ժամանակ առ ժամանակ զառանցենք, որ հետո այդ զառանցանքները չտանենք կարեւոր ոլորտներ, չտանենք Ազգային ժողով ու դրանց հիման վրա որոշումներ կայացնենք: Ներկայացման մեջ ոչ մի քաղաքական բան չկա, սա իմ կարծիքն է։ Արտահայտությունը նաեւ երկիմաստ է. խոչընդոտներն անցնելով՝ մեր կյանքի զարգացումն ենք ապահովում, Զառան էլ կյանքի փուլերով անցել է, հիմա սա է անցնում, հետեւաբար՝ Զառ, անցանք…»:


Չորս հիմնական կերպարից զատ Զառան բեմում նմանակում է շուրջ տասնյակից ավելի հայ եւ արտասահմանյան երգչի, որի լուծման բանալին վերջին հերոսուհին է՝ մատուցողուհի, որը երազում է երգչուհի դառնալ: Բեմում նրա հետ զրուցում են կերպարներ Լուիզա Ներսիսյանի, Տոմայի, Պոնչի, Սամվել Գրիգորյանի ձայնով:


Բեմադրիչը Գեւորգ Ենոքյանն է, երաժշտական ձեւավորումը՝ Հովհաննես Արշակյանի (The Boing Orchestra), հագուստը՝ Արայիկ Գաբաջյանի, իսկ պաստառի լուսանկարիչն Արվին Քոչարյանն է: Բեմանկարիչը Ստանիսլավսկու անվան թատրոնի բեմանկարիչ Արթուր Հարությունյանն է:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին