×


Էլինե Պողոսյանի՝ վայրի գույներով կտավներն ու արցախյան շնչով ստեղծած հագուստը

Գեղանկարչուհի, հագուստի դիզայներ Էլինե Պողոսյանը ներկայացել է իր առաջին անհատական ցուցահանդեսով։ Հայաստանի նկարիչների միությունում ցուցադրվել են նրա հեղինակած կտավներն ու Արցախի գորգագործության, մշակույթի շնչով ստեղծված հագուստները։

Երիտասարդ ստեղծագործողն իր աշխատանքների ցուցադրությունն անվանել էր «Կանաչ»՝ առանձնացնելով սիրելի գույնը, որն ամենամոտն է բնությանը։ Ասում է՝ հոգեբանական տեսանկյունից կանաչն ասոցացվում է անվտանգության եւ հաջողության հետ․«Կանաչը սկիզբն է, արվեստի աշխարհում իմ լուրջ քայլ կատարելու սկզբը։ Բացի այդ, լավատեսություն է՝ այն, ինչ ցանկանում եմ փոխանցել մարդկանց այս դժվարին օրերին»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Էլինեն։


Ցուցահանդեսի միտքը վաղուց ուներ․ ցանկանում էր՝ իր արվեստը տեսանելի դառնա։ Առաջին անգամ նախատեսում էր ներկայանալ 2020 թվականին, սակայն խոչընդոտ դարձան կորոնավիրուսային սահմանափակումները, հետո էլ՝ պատերազմը․ ցուցահանդեսի մասին խոսք լինել չէր կարող, ինչպես ինքն է նկատում։ Ի վերջո երկու տարի անց հաջողվեց գաղափարը կյանքի կոչել։


Հատկանշական է, որ Էլինեն կրթությամբ լրագրող է եւ հանրային կապերի մասնագետ, ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ զուգահեռ ուսումնառություն անցնելով պրոֆեսիոնալ նկարչական ստուդիայում։ Այնտեղ 3-4 տարի սովորելուց հետո հասկացել է՝ հենց արվեստն է այն ուղղությունը, որով ցանկանում է շարունակել իր ճանապարհը.«Հագուստի մոդելավորում նույնպես սովորել եմ ստուդիայում՝ ինչպես են նկարում, ինչպես պետք է կառուցել մոդելը եւ այլն, իսկ թե ինչ զգեստ ու ինչ գույներ կլինեն, դա արդեն մարդու մտքի թռիչքն է»,- ասում է նկարչուհին։


Ցուցահանդեսի այցելուներն անտարբեր չէին անցնում հատկապես Էլինեի ստեղծած հագուստների կողքով, որոնք նա անվանում է քայլող կտավներ։ Այդ զգեստներում համադրված են ավանդականն ու ժամանակակիցը, հեղինակայինն ու ազգայինը, աչքի են ընկնում հատկապես Արցախի գորգագործության ու մշակութային ժառանգության տարբեր նմուշները.«Յուրաքանչյուրս հիմա պիտի խնդիր դնենք մեր առաջ՝ մեր գործունեության շրջանակում հայկականը պահելու։ Բնականաբար, իմ աշխատանքում դա պետք է երեւար, եւ ես ընտրեցի Արցախի գորգագործությունը, քանզի շատ գեղեցիկ է, հետո հայկական մշակույթ է։ Բացի այդ, մեր գորգագործությունը երբեք չպիտի կորչի, ընդհակառակը՝ հնարավորինս լավ պետք է երեւա։ Եթե կարողանամ արվեստով եւ անգամ նորաձեւության մեջ դա ցույց տալ, հիանալի կլինի»։


Կտավների շարքում աչքի էին ընկնում նաեւ աղջիկների դիմանկարները։ Այդ գույներում Էլինեի բնությունն ավելի վառ էր արտահայտված, ինչպես ինքն է նշում՝ սիրելի գույներն են՝ մի փոքր ավելի վայրի․«Միտքն այն է, որ ցանկացած աղջիկ ունի գույն, պարզապես պետք է այնպես անել, որ հնարավորինս բացվի այդ գույնը։ Իհարկե, այս դեմքերից ոչ մեկը կոնկրետ բնորդինը չէ, պարզապես գուցե դետալներ օգտագործած լինեմ՝ աչքերը, մազերը, շուրթերը եւ այլն»։

Էլինեն ասում է՝ շարունակելու է ստեղծագործել, քանի որ մարդկանց արձագանքներն էլ ոգեւորող են։ Այնպես որ, նկարչուհուն հետեւելու, նոր ցուցահանդեսների մասին տեղեկանալու համար կարող եք այցելել սոցիալական ցանցերի նրա էջերը՝

https://www.facebook.com/elinpoghosyanfineart/
https://www.instagram.com/eline.poghosyan/

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին