×


Թփով տոլման ու Կադիլակ Սերոժը. Դմիտրի Խառատյանի ազգականի հուշերը դերասանի հետ առաջին հանդիպումից

«Ես հայ եմ» պատմվածքը դերասան, ՌԴ ժողովրդական արտիստ Դմիտրի Խառատյանի մասին է։ Հեղինակը գրող Ներսես Խառատյանն է։  Ազգանունների համընկնումը պատահականություն չէ։ Ներսես Խառատյանն այս պատմությունը գրել է իր ազգական Դմիտրի Խառատյանի, նրա հետ հանդիպման եւ Խառատյանների տոհմի մասին։ Ի՞նչն է կապում դերասան եւ գրող Խառատյաններին, որտե՞ղ եւ ե՞րբ են հանդիպել նրանք ու ինչպե՞ս է իրեն դրսեւորում հայտնի ազգականը շփման ժամանակ։ Մեր զրույցն այս հարցերի շուրջ էր։

Մեղրիից մինչեւ Միջին Ասիա

«Ես եւ Դիմայի հայրը՝ Վադիմը, երկու եղբոր՝ Ներսեսի ու Մկրտիչի թոռներն ենք։ Վեց եղբայր են եղել Խառատյանները»,-տոհմածառի պատմությունն սկսում է Ներսես Խառատյանը։ Խառատյանների արմատը Մեղրին է, սակայն վեց եղբայրների ճյուղերը տարածվել են նաեւ Հայաստանից դուրս։ Խառատյանների մի մասը հաստատվել է Երեւանում, մի ճյուղը Լոռիում է, մի եղբայրը Թիֆլիսում է հիմնավորվել, Դմիտրի Խառատյանի պապն էլ Միջին Ասիա է հասել։


Խառատյանները, ինչպես զրուցակիցս է նկատում, ունեւոր էին։ Ձեռներեցությամբ են զբաղվել, գինի, միրգ են արտահանել, գինու գործարան են ունեցել։ Խորհրդային կարգերի հաստատման ժամանակ, սակայն, կուլակաթափ են արվել, իսկ գույքը պետականացվել է։ «Մեղրիի մեր տունը շատ մեծ է եղել։ Պատկերացրեք, որ Մեղրիի կուլտուրայի տունը պապիս տան տարածքում է կառուցվել, հիմա էլ կա շենքը։ Հայրս պատմում էր, որ մեր տունը 9 ննջասենյակ է ունեցել։ Ճիշտ այդպիսի տուն էլ Երեւանում է ունեցել՝ Սվերդլովի(այժմ՝ Բուզանդի) փողոցում։ Երեխա ժամանակ, որ ֆուտբոլ էինք խաղում, չգիտեմ՝ ինչու, միշտ 9 համարն էի սիրում։ Վերջը պարզվեց, թե ինչու»,- ծիծաղում է Ներսես Խառատյանը։

Առաջին համերգը Երեւանում եւ հյուրընկալություն ազգականներին

Առաջին անգամ նրանք հանդիպել են 1996թ.-ին։ Այդ ժամանակ Դմիտրի Խառատյանն Օպերայում մենահամերգով է հանդես եկել։ Միջոցառմանը հրավիրված է եղել նաեւ Ներսես Խառատյանի ընտանիքը։ Այդ համերգից նա ջերմ հիշողություններ ունի։ «Հարցրին՝ ի՞նչ տարբերություն Վիլի Տոկարեւի եւ Դմիտրի Խառատյանի միջեւ։ Ասաց՝ դուք կարծում եք՝ ես չգիտե՞մ, որ «токарь»-ը նույն խառատն է, իսկ դա նշանակում է, որ Տոկարեւն էլ է Խառատյան»,- պատմում է Ներսես Խառատյանը։


Հայերի վերաբերյալ, պարզվում է, սա խառատյանական միակ հումորը չի եղել համերգի ընթացքում։ Շիկահեր Դմիտրիից հետաքրքրվել են նաեւ, թե ինչու է պնդում, որ հայ է, չէ՞ որ արտաքին տվյալները կարծես թե դա չեն վկայում։ Նա էլ պատասխանել է, թե շատ լավ տեղյակ է, որ նախկինում հայերը կապուտաչյա են եղել ու բաց գույնի մազեր են ունեցել։ «Մեկ էլ քթի տակ խնդալով, մի տեսակ խորամանկ հայացքով նայեց դահլիճին ու ասաց՝ «Բայց ոնց նայում եմ, հիմա ձեր միջի հայը մենակ ես եմ»»,-ժպիտով հիշում է ազգականը։

Համերգի ընթացքում Դմիտրի Խառատյանը անդրադարձել է նաեւ ազգականներին։ Երբ մրցույթ են կազմակերպել, մասնակցել է նաեւ Ներսես Խառատյանի դուստր Կարինեն։ Հաղորդավարներն առաջարկել են մրցանակը տալ արտիստին քառատող նվիրած աղջնակին, սակայն Խառատյանը հրաժարվել է՝ ասեով՝ իր նվերը տալու է նրանց տանը։ Եվ իսկապես, դերասանը խոստումը չի դրժել, այցելել է հարազատներին։


«Էդ ժամանակ մենք Շիլաչիում էինք ապրում։ Կադիլակ Սերոժի ավտոյով՝ կադիլակով եկան։ Դե, Սերոժը մեր թաղի տղա էր, էն ժամանակ դեռ թաղապետ չէր (խոսքը Շենգավիթի նախկին թաղապետ Սերգեյ Հովհաննիսյանի մասին է,-խմբ.)։  Ոչ մեկին հետը չէր բերել։ Ասաց՝ որ գան, չեն թողնելու խոսենք։ Գիտեինք, որ թփով տոլմա է սիրում, կինս տոլմա պատրաստեց՝ սխտոր-մածունով։ Վատ թվեր էին, բայց լավ էր, հնդկահավ էլ էի գտել։ Ես էլ գիտեմ՝ կարգին քեֆ պիտի անենք, էն էլ թե՝ ոչ մի գրամ չի խմում, ասացի՝ բա էդպես ո՞նց կլինի, տանը միայն ես ու ինքն էինք տղամարդ։ Մոտ 2-3 ժամ մնաց։ Ծնողներից խոսեցինք, իր երեխաներից խոսեցինք, ինքն արդեն երկրորդ անգամ էր ամուսնացել։ Մերոնցից հարցրեց, Մեղրիից շատ հարցրեց, ասաց, որ գիտի՝ քաղցր երկիր է, երեւի հայրն էր պատմել։ Արյունը ջուր չի դառնա, ոնց ուզում ես արա»,-համոզված է զրուցակիցս։

Վանաձոր, Երեւան, Մեղրի․ դեպի արմատները

Ներսես Խառատյանը պատմում է, որ բոլոր ազգականների հետ շփում ունեցել են՝ անկախ, թե որտեղ են ապրել։ Կապված էին հատկապես Լոռիում հաստատված Խառատյանների հետ։ Նրանց հետ մշտական կապի մեջ է եղել նաեւ Դմիտրիի հայրը՝ Վադիմը, եւ մանկության տարիներին Դմիտրիին ամռանը հաճախ տարել է Վանաձորի ամառանոց։ Ներսես Խառատյանի ընտանիքի հետ եւս Վադիմ Խառատյանը կապ ունեցել է, բայց Դմիտրիի հետ նրանց հանդիպումը կայացել է ավելի ուշ՝ 1996թ.-ին, Երեւանում։ Հետագա այցերի ժամանակ Դմիտրի Խառատյանը  հիմնականում կարողացել է հանդիպել ազգականներին։ Հիշարժան է հատկապես 2009թ.-ի այցելությունը։ Դմիտրի Խառատյանն այցելում է Մեղրի՝ նախնիների ծննդավայր։ Նրան շատ ջերմ են ընդունում այստեղ։ Խառատյանը նաեւ նկարահանումներ է անում Մեղրիի մասին։ «Սա տղաս է՝ Արմենը, սա Դիման է, սա էլ՝ մեղրեցի աղջիկ»,-լուսանկարի պատմությունը վերհիշում է Ներսես Խառատյանը։


Զրուցակցիս բնորոշմամբ, Դմիտրին իրենց նկատմամբ շատ ուշադիր է, տոներին հաճախակի զանգում, շնորհավորում է, անգամ ծաղիկներ է ուղարկել։ Ներսես Խառատյանի համար ինչ-որ իմաստով արտասովոր է Դմիտրիի սերն ու ուշադրությունը հայերի նկատմամբ, քանի որ ծնողները վաղուց են բաժանված եղել, եւ նա ապրել է ռուս մոր հետ։ Հայտնի պատմությունը, երբ Խառատյանը, չնայած անձնագրային բաժնի աշխատակցի զարմանքին, պնդել է, որ անձնագրում ազգությունը նշվի հայ, հիշում է նաեւ նրա ազգականը։ Ներսես Խառատյանը նկատում է նաեւ՝ ազգությունը չի խանգարել նրա կարիերային։ «Չեմ կարող ասել, թե ազգականի աչքով չեմ նայում իր ֆիլմերը, հպարտության զգացում, իհարկե, կա, բայց ինքը լավ դերասան է, մենակ մեր գնահատականը չի։ Օտար երկրում հեշտ չի, իրեն բացարձակ չեն նեղել, իսկ չեն նեղել, քանի որ տաղանդավոր է։ Դե հիմա գեղից մարդ չկա, գլուխներս գովենք էլի»,-ծիծաղում է ավագ Խառատյանը։


Գրող-իրավաբան, շախմատիստ, երաժիշտ. Խառատյանները նաեւ բեմից դուրս են

Դմիտրի Խառատյանը, որը ռուսական կինոյի ամենանկարահանվող դերասաններից է, հայտնի է նաեւ որպես երգիչ։ Զարմանալի չէ, որ Երեւանում ապրող ազգականների հետ առաջին հանդիպմանը միանգամից ընդհանուր հետաքրքրություններ գտան։ Ներսես Խառատյանի կրտսեր դուստրը՝ Կարինեն, դաշնակահարուհի է։ «Նստեցին, իրար հետ նվագեցին, երգեցին։ Շատ լավ անցավ։ Ասում էր՝ հետը տանի Մոսկվա, Գնեսիների ինստիտուտ ընդունվի, իրենց տանն էլ կմնա։ Բայց ես ասացի՝ աղջիկ երեխա է, բաց թողնողը չեմ»,-հիշում է Ներսես Խառատյանը։ Նա թվարկում է նաեւ դստեր երաժշտական հաջողությունները. չորս տարեկանից ստեղծագործել է, իսկ Չայկովսկու անվան երաժշտական դպրոց ընդունվել է առանց քննությունների, հետագայում ավարտել է կոնսերվատորիան, ապա ասպիրանտուրան։ Միջազգային բազմաթիվ մրցույթներից ու միջոցառումներից Ներսես Խառատյանն առանձնացնում է հատկապես «Հայաստան-Ավստրիա» մշակութային կենտրոնի բացման արարողությունը 1993թ.-ին, երբ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի հրավերով իննամյա Կարինեն կատարեց իր՝ «Եթերային» անվանումով վալսը։


Դիման, ինչպես Ներսես Խառատյանն է անվանում, ընտանիքում ամենաշատը շփվում է որդու հետ։ «Արմենը շախմատիստ է, միջազգային կարգի սպորտի վարպետ է։ Ուկրաինայում էր ապրում, էս դեպքերի պատճառով տեղափոխվել է Եվրոպա, բայց երեւի կգան Հայաստան»,-տեղեկացնում է նա:


Ինքը՝ Ներսես Խառատյանն, իրավաբան է։ Երկար տարիներ Սյունիքի մարզի դատախազությունում է աշխատել։ Հիմա վաստակած թոշակն է վայելում, թոռների հետ զբաղվում. ավագ դստեր՝ Ռուզանի ընտանիքն իր հետ է ապրում՝ Երեւանի իր սեփական տանը։ Ծննդավայր Մեղրին, սակայն, նա չի մոռանում։ «Ամառները, հենց տաքերն ընկնում են, 2-3 ամսով գնում եմ, թոռներս մեծացել, խանգարում են, չեն թողնում գրել»,-ասում է պապիկ Խառատյանը։ Գրողների միության անդամ, 16 գրքի հեղինակ Խառատյանը ստեղծագործական աշխատանքը թողնել չի պատրասվում, չնայած՝ վերջին գիրքը հենց այդպես էլ կոչվում է «Վերջինը»։ Դետեկտիվ ժանրում գրված եռագրությունը, որի երկու հատվածները տարբեր տարիների արժանացել են հայկական գրական մրցանակների, լույս է տեսել վերջերս՝ այս տարվա սկզբին։

Զրուցեց՝ Անահիտ Փիլոսյանը
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին