Կանանց տեսակետից ու մատուցմամբ է լինելու Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Բոհեմ» ներկայացումը, որի պրեմիերաները նախատեսված են ապրիլի 27-ին, 28-ին ու 29-ին: Չորս դերասանուհիներ մարմնավորելու են աշխարհահռչակ 4 կանանց: Նրանք BRAVO.am-ի հետ զրույցում պատմել են ներկայացումը ստեղծելու գաղտնիքների ու իրենց ապրումների մասին:
Կոկո Շանել. Կինը պետք է իմանա երկու բան՝ ինչ եւ ում է նա ցանկանում:
- Ինչպե՞ս ստացաք առաջարկություն խաղալ «Բոհեմ»-ում ու ի՞նչ ապրումներով սկսեցիք աշխատանքները:
Հասմիկ Սուվարյան (Ֆրիդա Կալո). Սկիզբն ինձ համար բավական հատկանշական է, որովհետեւ ներկայացման պիեսի հեղինակն ու բեմադրող ռեժիսորն իմ ուսանողներն են: Նշանակում է` որպես դասախոս կարողացել եմ իրենց ճիշտ կետի հասցնել: Կարեւոր է, որ թատրոնում մշտապես թարմ կադրեր լինեն ու նոր արյուն մատակարարվի: Մեր մարմնավորած կանայք նույնպես ապրել են շատ բարդ ժամանակներում, բայց երբեք չեն դադարել արարել, չեն նահանջել ու պարտվել՝ ունենալով անձնական ցավեր ու ողբերգություններ: Նրանք իրենց արվեստով հաղթեցին կյանքին:
Դիանա Մացոյան (Կոկո Շանել). Գյումրու թատրոնը միշտ երիտասարդներին ստեղծագործելու հնարավորություն է տալիս: Ներկայացման պիեսի հեղինակը Մարիա Ակոպովան է, բեմադրությունն արել է Տաթեւ Ժաքյանը: Շատ հետաքրքիր է, երբ պիեսը հենց թատրոնում է ստեղծվում: Աղջիկներն առաջին քայլերն են անում, մեր փորձառու ռեժիսորները նրանց կողքին են ու վերահսկում են ամբողջ աշխատանքը: Ողջ ստեղծագործական թիմն այնպես է անում, որ լավ ներկայացում ունենանք: Գյումրվա հանդիսատեսը շատ պահանջկոտ է, պետք է գոհացնենք նրան:
Նառա Սանթոյան (Մարիա Ցվետաեւա). Ցվետաեւային արտաքնապես եւ դիմագծերով նման չեմ, բայց նա իր բնավորության ու սուր տեսակի առումով ինձ դուր եկավ: Սկզբում ռեժիսորին առաջարկեցի չխաղալ, բայց նա ինձ էր տեսնում այդ դերում: Ուզում էր Ցվետաեւայի կերպարում արտացոլվեն նաեւ այդ տարիներին ապրած գրողների հույզերն ու տեսակը: Ինձ համար ուրախալի է մարմնավորել հայ իրականության համար այդքան էլ չբացահայտված կնոջ: Նրան, միանշանակ, շատ ավելի քիչ գիտեն, քան Պիաֆին, Շանելի ու Ֆրիդային:
Ջեմմա Ադամյան (Էդիթ Պիաֆ). Աշխատանքները սկսել ենք 2021-ի օգոստոսի վերջերին, սակայն հետո դրանք ընդհատվեցին «Մաուգլի»-ի պատճառով: Երբ դերը ստացա, շատ ոգեւորված էի ու ուրախ: Դեպքեր էին եղել, որ ինձ նմանեցրել էին Պիաֆին, մեր թատրոնի աշխատակիցներից մեկն էլ նույնիսկ ասել էր, որ մեծ տարիքում պետք է մարմնավորեմ նրան: Բայց փաստորեն մեր ռեժիսորը չսպասեց ու միանգամից վստահեց ինձ:
-Ի՞նչ գիտեիք ձեր կերպարների մասին ու ի՞նչ բացահայտեցիք, երբ սկսեցիք ուսումնասիրել նրանց կյանքը:
Հասմիկ. Առաջին հերթին գիտեի, որ Ֆրիդան շատ էքսցենտրիկ է: Դերը ստանալուց հետո փորձեցի հասկանալ՝ ինչու է նա ստեղծագործել ու ինչից են ծնվել նրա նկարները: Ամենաշատը նկարել է հենց իրեն, քանի որ կյանքում ամենաշատը միայնակ է մնացել: Սեփական անձի միջոցով բացահայտել է աշխարհն ու մարդկային էությունը, իր ցավը հաղթահարող արվեստագետ է:
Դիանա. Շատ ոգեւորող է ներկայացնել աշխարհահռչակ Շանելին, բայց նաեւ բարդ ու հետաքրքիր: Նա մի ամբողջ դարաշրջան է, հեղաշրջում է արել նորաձեւության մեջ ու մինչեւ այսօր իր բրենդն էտալոն է: Շանելին գիտենք որպես նրբագեղության չափանիշ, բայց ի՞նչ կար այդ ամենի հետեւում, մեր ներկայացումը դրա մասին է: Իմ իմացած Շանելն էլեգանտ ֆրանսուհի էր, բայց ես տեսա, թե իրականում ինչպիսին էր՝ կոպտության աստիճանի հասնող խիստ, չոր, շատ ինքնավստահ, նրան շատ տղամարդիկ են սիրել, ինչը օգտագործել է: Շանելը միայն զգեստներ եւ նորաձեւություն չի ստեղծել, օգնել է կանանց գտնել իրենց:
Նառա. Թեեւ Ցվետաեւային գիտեի, բայց նրա ապրումներին տեղյակ չէի: Չգիտեի, թե ինչու է որոշել կախվել, կամ որ շիզոֆրենիա է ունեցել: Հանգամանքների բերումով ստիպված է եղել երեխաներին տանել մանկատուն: Բայց այն հանճարեղ գրողն է դարձել, ով կարողացել է ցավից արվեստ անցում անել, անգամ վշտից հաճույք ստանալ ու ստեղծագործել: Վերցրել ենք 4 հանճարեղ կանանց եւ ուզում ենք 70 րոպեում պատմել նրանց մասին, բայց ի՞նչն ասել, ի՞նչը բաց թողնել:
Ջեմմա. Պիաֆին ծանոթ էի այնքան, ինչքան բոլորն, ու հիացել էի միայն նրա երգերով: Բայց նրա կերպարը մարմնավորելիս ինձ շատ զարմացրեց, թե որքան ուժեղ մարդ ու անհատ է եղել, հստակ իր տեսակետն ունեցել: Նա շատ բաներ սկսեց ինձ սովորեցնել: Ներկայացման ասելիքն էլ ինձ շատ է օգնել տարբեր հարցեր հասկանալ ու վերլուծել: Թվում է՝ այն միայն կանանց մասին է, բայց առաջին շերտից է միայն այդպես, երբ բացում ես, համամարդկային է դառնում:
Մարինա Ցվետաեւա. Սիրահարվում ես միայն ուրիշին պատկանողին, սեփականը սիրում ես:
-Ձեր հերոսուհիների աշխատանքներից ամենաշատը ո՞րն եք սիրում:
Հասմիկ. «2 Ֆրիդաներն» եմ շատ հավանում: Նրանից մեկը թույլ է, մյուսը բռնել է ձեռքն ու իր արյունն է մատակարարում նրան: Նկարի խորհուրդն այն է, որ ինչ էլ պատահի, ինքդ պետք է կարողանաս ծնկած վիճակից քեզ ոտքի հանել: Աշխարհում ոչ մեկը դա քո փոխարեն չի անի:
Դիանա. Chanel Chance Tendre-ը միշտ իմ սիրելի օծանելիքների թվում է եղել: Շանելը շատ աշխատասեր է եղել, չափազանց պահանջկոտ իր ու շրջապատի նկատմամբ: Մանկատանն է մեծացել ու այնքան միօրինակ հագուստ տեսել աղջիկների ու միանձնուհիների հագին, որ որոշել է՝ կինը պետք է տարբերվող լինի: Ես էլ կարուձեւից մի քիչ գլուխ եմ հանում, երբ դպրոցական էի, բոլորս դժվար ժամանակներ էինք ապրում, շորիկներ էի կարում ու դրանցով դպրոց գնում:
Նառա. Ցվետաեւայի ապրած ցավն ավելի մեծ է, քան նրա ստեղծագործությունը: Նրա գործերն այնքան էլ խոր չեն ինձ համար, բայց երբ դրանց սկսեցի ցավի միջով նայել, շատ շերտեր երեւացին: Այնպես ենք ստեղծել կերպարը, որ նա հասցնի արդարանալ ու զղջալ, ցույց տալ, թե ինչու ինքնասպան եղավ եւ ինչպես փոշմանեց: Նպատակն է սովորեցնել, որ ամեն ողբերգական իրավիճակում ամենակարեւորն ինքնատիրապետումն է ու երբեք պետք չէ անել այն, ինչին դիմեց գրողը:
Ջեմմա. «Լa foule»-ն («Ամբոխը») եւ «Sous le ciel de Paris»-ն («Փարիզի երկնքում») են իմ սիրելի գործերը: «Լa foule»-ից մի հատված Պիաֆի կատարմամբ հնչում է նաեւ ներկայացման մեջ, ես էլ եմ միանում նրան: Նույնիսկ վոկալի դասերի եմ գնացել 3 ամիս, մինչեւ որ հասա ռեժիսորի ուզած կատարողականին: Հանդիսատեսն իմ մատուցմամբ կատարյալ երգ չի լսի, որովհետեւ բոլոր կերպարներն իրենց ունակությունները կորցրել են ու անդրշիրիմյան կյանքում են: Փորձի գնալիս մեքենայի մեջ միացնում եմ այդ երգն ու բարձր լսում:
- Կպատմե՞ք կերպարի մեջ մտնելու ու այդ կանանց ավելի լավ հասկանալու մասին:
Հասմիկ. Հենց սկզբից ինձ համար բավական խոչընդոտներ կային, թվում էր՝ ոչ մի կերպ չեմ կարողանալու նախ հասկանալ Ֆրիդայի էությունը, ապա նաեւ՝ մարմնավորել: Նրա արարքներն ու պահվածքը երբեմն շատ անտրամաբանական են թվում: Իմ հայկական գենն էր խանգարում մոտենալ Ֆրիդային, երբ այն մի կողմ դրեցի, կարողացա զգալ մեքսիկական տաքարյունությունը: Նա շատ դժբախտությունների միջով է անցել, 47 տարվա ընթացքում 37 վիրահատության ենթարկվել, անընդհատ կորսետ կրել, ոտքն են անդամահատել: Բայց անգամ այդ պարագայում չի հուսահատվել՝ ասելով, որ ինչին են ոտքերը, եթե թեւեր ունի: Երբ սիրում ես կյանքը, նույնիսկ դժբախտությունների մեջ կարողանում ես ծաղկել: Գիտեր, որ հիվանդությունների պատճառով վաղը կարող է չբացվել, ու փորձում էր այս օրը վայելել: Ցանկալի կլինի մենք էլ հիշենք այդ մասին: Ֆրիդան ամեն ինչի նկատմամբ տաքարյուն էր, ու փորձեցի մարմնի միջոցով հասնել կերպարին, այնպես անել, որ իմ մեջ էներգիան այլ կերպ պտտվի: Մեքսիկացին չի կարող հույզերը միայն աչքերի միջոցով արտահայտել, առաջին հերթին նրա ձեռքն է խոսում, ոտքի խփելը: Ասում են՝ արտաքնապես էլ նման եմ Ֆրիդային: Թվում է, թե արվեստը ոչ մեկին պետք չէ, ուզում ենք հիշեցնել, որ բոլորն են անցնում դժվարությունների միջոցով, որ արվեստագետները չհուսահատվեն ու ճանապարհից հետ չկանգնեն: Զարմանալիորեն բարդ ժամանակներն են մնայուն գործեր ստեղծում:
Դիանա. Ամեն կերպարի հետ էլ կան ընդհանրություններ եւ հակասություններ, մոտենում եք իրար, հեռանում: Շատ առումներով Կոկոյի հետ բացարձակ համաձայն չեմ ու շատ եմ հետը կռվում: Նա Կոկոն է ու հասել է նման փառքի, բայց արդյունքում միայնակ մնացել:
Նառա. Չեմ սիրում, երբ կերպարն ինձ եմ հարմարեցնում, այդ դեպքում նա կփոքրանա ու կդառնա Նառա: Մեր մասնագիտության հանճարեղությունն այն է, որ հաճույք ստանաս այդ անձի կերպարի մեջ մտնելուց: Ցվետաեւայի դեպքում սարսափելի հոգեվիճակներ եմ ունեցել: Գերագույն հաճույք եմ ստանում կերպարը մարմնավորելիս: Եղել են օրեր, որ իսկապես ատել եմ նրան, հետո անչափ խղճացել: Զգացել եմ, թե ինչպես է իր սիրտն իմ սրտի մեջ նեղվում, ընկճվում: Այնպես ենք արել, որ նա զղջման ու արդարանալու պահեր ունենա, ու այդ հոգեվիճակը ցույց տալու համար մեծ էներգիա է պահանջվում: Սիրում եմ այդպիսի փոթորկոտ դերեր:
Ջեմմա. Երգեցի, գործեցի, Պիաֆի պես գինին կաթով խմեցի, մտածեցի նրա պես: Նաեւ նրա ձայնը փորձեցի հասկանալ ու իմացա, որ իմ ձայնն էլ, ինչպես եւ Պիաֆինը, կոնտրալտո է։ Նրա վախերը գտա, սիրելի զբաղմունքը, ուսումնասիրեցի ժեստերն ու միմիկան:
- Ի՞նչն եք ամենաշատը հավանում ձեր ստեղծած կանանց մեջ, ի՞նչն է ամենալավը ստացվել:
Հասմիկ. Մի դառնություն կա Ֆրիդայի դեմքին, որը միաժամանակ ե՛ւ ուժ է, ե՛ւ ցավ, կյանքի ծարավ է ու ձգտում: Նկարներում մռայլ է թվում ու չոր, ասեք դեմքին ժպիտ չկա, բայց այդ էմոցիաների համաձուլվածքը փորձել եմ դարձնել կերպարի արտահայտման միջոցներից մեկը:
Դիանա. Նա խռպոտ ձայն ուներ, ծխում էր, դրանով չեմ փորձել նմանվել, մենք ունենք մատուցման մեր ձեւը: Իմ խաղացած բարդ դերերից մեկն է, շատ երկար աշխատեցինք. ինչքան քեզնից հեռու է, այնքան ստեղծելը հետաքրքիր է: Մի բան եմ փորձում կիրառել Կոկոյից, ինչն առաջ չէր ստացվում՝ եթե չեմ կարող որեւէ բան փոխել, ինձ տանջելն անօգուտ է:
Նառա. Այն դրվագն եմ հավանում, որտեղ նա ճանաչում է երեխաների հանդեպ գործած իր մեղքը: Այդ կտորի խաղն ինձ համար շատ արժեքավոր է, պետք է արագ հասցնել ցույց տալ խելագարության հասնող զղջման գիտակցումը:
Ջեմմա. Բերել ենք Պիաֆի մանկական ու անկեղծ լինելը: Նա շատ անմիջական էր, կարող էր ցանկացածին գրավել, նաեւ այդ ակտիվությունն է ինձ դուր գալիս:
Ֆրիդա Կալո. Նախ սիրահարվիր ինքդ քեզ, հետո քո կյանքին ու միայն դրանից հետո նրան, ում կուզես:
- Երբ ձեզ գրիմով առաջին անգամ հայելու մեջ տեսաք, ի՞նչ զգացիք, ո՞ր պահին էլ դուք չկայիք ու ձուլվել էիք ձեր հերոսուհիներին:
Հասմիկ. Ինձ նկարել էին ու ցույց տվեցին, սարսուռ անցավ, կարծես Ֆրիդան նայեր: Երբ այդ նկարը մարդկանց ցույց եմ տալիս, սկզբում իրեն են տեսնում, հետո հասկանում, որ ես եմ: Այդ նմանությունը ներքին ինքնավստահություն է տալիս:
Դիանա. Հակառակ կողմից ենք մոտենում մեր կերպարներին: Սովորաբար օգտվում ենք գրական հերոսից, այս դեպքում գործ ունենք իրական ու հայտնի մարդկանց հետ: Երբ նրա հագուստի ու գրիմի մեջ եմ, շատ է օգնում, անմիջապես նույնիսկ քայլվածքն է փոխվում:
Նառա. Մեկ անգամ սեղանի շուրջ աշխատելիս ինձ թվացել է, թե Ցվետաեւայի հոգին է մտել մեջս, տեքստ ասել ու դուրս եկել: Անգամ վախեցել եմ դրանից: Ռեժիսորն էլ նկատել է այդ պահը, զգացել, որ հայացքս ու դեմքս ամբողջովին փոխվել է: Դա օգնեց, որ աշխատելու ընթացքում այդ դրվագը հիշեմ, առանց խուճապի մատնվելու վերցնեմ այդ զգացողությունն ու տամ կերպարին:
Ջեմմա. Ներկայացման գովազդի նկարահանման օրն առաջին անգամ հագել էինք կերպարների զգեստներն ու գրիմ արել: Երբ բարձրացանք բեմ, միանգամից մոռացա իմ ով լինելն ու դարձա Պիաֆ: Գործընկերներիս կարծիքներն են ինձ շատ ոգեւորել, որ նրան նման եմ ստացվել:
- Երբ հագնում եք կերպարների զգեստները, ինչպիսի՞ տրանսֆորմացիա է սկսվում ձեր մեջ:
Հասմիկ. Հագուստն առաջին հերթին ստիպում է, որ մարմինս աշխատի այդ կտրուկության մեջ, երկար փեշերն էներգետիկա են տալիս: Մարմնիս խոսքը լրիվ փոխվում է, առանց այդ զգեստների ոնց որ կիսատ լինեմ: Նկարչուհի Լուսինե Խաչատրյանը շատ երկար փնտրտուքների արդյունքում է զգեստները ստեղծել: Ամեն դետալը հարմարեցրել է մեր ստացած կերպարների էությանը:Այդ հագուստներով ես տեսնում էի Շանելին, Ցվետաեւին, Պիաֆին ու հավատում, որ նրանք են, ոչ թե իմ գործընկերները:
Դիանա Մացոյանը
Դիանա. Շանելի հագուստով ու գլխարկով լրիվ այլ զգացողություններ են առաջանում: Խաղընկերներիս դեպքում էլ այդպես է, երբ բոլորս զգեստափոխված ենք լինում բեմի վրա, իրար այլ կերպ ենք սկսում զգալ:
Նառա. Ցվետաեւային մարմնավորելու համար նրա նկարներում հայացքների փոփոխությանն էի նայում ու մտածում, թե ինչպես կշարժվեր: Զգեստների նկարիչը նույնությամբ ստացել է իր վերարկուն, ինչն օգնում է դրանում: Բայց ես ավելի շատ նրա զգայական կողմն եմ պատկերում:
Ջեմմա. Հագուստն ու կոշիկները շատ են օգնում մտնել կերպարի մեջ: Դեռ զգեստներով շատ փորձեր չենք ունեցել: Բայց հենց միայն կոշիկները հագնելն ինձ արդեն դարձնում է Պիաֆ:
- Գլխավոր գործող անձինք 4 հզոր կանայք են, որոնք մեծ հետք են թողել ու մնայուն գործեր: Նրանք ապրել են նույն ժամանակաշրջանում ու եղել Փարիզում, իսկ ներկայացման մեջ ի՞նչն է միավորում բոլորին:
Հասմիկ. Շատ հետաքրքիր հարց է: Պիեսի ստեղծման ակունքներում եմ եղել, սկզբում ամեն մարդու հարցնում էինք 4 կնոջ անուն, ովքեր իրենց հետաքրքրում են: Այդպես էլ նրանց ընտրեցինք: Բոլորին միավորում է այն հանգամանքը, որ ստեղծել են արվեստի հզոր գործեր, փոխել մարդկանց կյանքը՝ զոհաբերելով սեփական երջանկությունը: Բոլորին միավորում է նաեւ երեխաներ չունենալու հանգամանքը:
Հասմիկ Սուվարյանը
Դիանա. Պիեսում արծարծվում են նրանց գաղափարական հակասությունները, սուր կոնֆլիկտները, որովհետեւ չափազանց տարբեր են իրարից: Բայց բոլորին հատուկ է պինդ լինելը, չկոտրվելն ու անցած հետաքրքիր ճանապարհը: Դժվարությունների մեջ էլ նրանք միշտ ուժ են գտել առաջ գնալու: Դրա շնորհիվ են նաեւ դարձել հենց այդպիսին, ինչպիսին մենք ճանաչում ենք նրանց:
Նառա. Բոլորին միավորում է հենց բոհեմը: Բացի այդ, արվեստագետները նման են ցավի նկատմամբ վերաբերմունքով, ինչի արդյունքում արարում են: Նման է նաեւ մեր կանանց պայքարի եղանակը: Ամեն մեկի մեղքը գիտակցելու ձեւն է յուրահատուկ: Թեեւ բոլորն էլ հանճարեղ են, բայց հանդիսատեսին հետաքրքիր կլինի տեսնել նրանց անճար վիճակը:
Ջեմմա. Նրանք տանուլ տվեցին իրենց կյանքը, բայց հաղթեցին գործի մեջ: Իրենց օրինակով մեզ սովորեցնում են պայքարել ու շատ հարցերի պատասխաններ գտնել:
-Իսկ ինքներդ ի՞նչ վերցրիք ու սովորեցիք, որ հետագայում ձեզ կօգնի:
Հասմիկ. Ֆրիդան ինձ շատ-շատ բան է փոխանցել, իմ տվածից ավելին վերադարձրել: Սովորեցրել է յուրաքանչյուր դժվարության մեջ կարողանալ օգնել ինքս ինձ: Չլինելով այդքան գեղեցիկ կին՝ շատ հետաքրքիր է եղել, իր սիրելու տեսակով՝ մարդկանց, աշխարհը, կյանքը: Դա եմ վերցրել, ինչպես նաեւ այն, որ երբեմն արվեստը ծնվում է դժվարությունների մեջ: Այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ պետք է հաղթենք նախ չհուսահատվելով, կերտելով, արարելով:
Դիանա. Մենք շատ տարբեր ենք, Կոկոն ամեն պարագայում հետեւում է իր նպատակներին ու հանուն դրանց պատրաստ է ամեն ինչի: Նա նույնիսկ տառապանքերն է օգտագործել հանուն գործի: Երբ նա կորցրել է իր սիրելիին, մեկուսացել է ամբողջ աշխարհից, ատել բոլորին, պատերն ու վարագույրները սեւ ներկել, ու այդ վշտի արդյունքում էլ ծնվել է նրա հանրահայտ փոքրիկ սեւ զգեստը: Նա ամբողջ Ֆրանսիան ու աշխարհը սեւ է հագցրել, իսկ ինքը սպիտակով եղել: Ամեն ինչն է ծառայեցրել իրեն ու գործին, հետաքրքիր հատկանիշ է, բայց չգիտեմ՝ ես կկարողանայի, թե չէ:
Նառա Սանթոյանը
Նառա. Մի բանում եմ իմ պահանջը ներկայացրել կերպարի մեջ, որ նա պարտադիր զղջում ունենա: Մարդը պարտավոր է հիշել, որ մահից հետո էլ պատասխանատու է իր արարքի համար: Ուզում եմ Ցվետաեւան օրինակ լինի, թե ինչպես կարելի է չընկճվել ու ստեղծագործել, բայց ցույց տալ նաեւ, որ չպետք է այդպես վարվել սեփական կյանքի ու զավակների հետ: Պարտադիր չէ հանճարը օրինակելի լինի, սա պետք է իմանալ:
Ջեմմա. Դերս բացելու ամիսների ընթացքում իմ անձնական հարցերի պատասխաններն եմ գտել Պիաֆի միջոցով: Նա ունեցել է մարդկանց ներելու պատճառաբանումներն ու արդարացումները: Դրանք այնքան են ինձ համոզել, որ ես էլ այդպես վարվեմ: Ներքին ներողամտության զգացողությունը փոխանցվել է ինձ: Պիաֆը սիրել է գործել, ու նրան հասկանալու համար, հետեւեցի իր օրինակին: Տան գրեթե բոլոր իրերը պատվեցին գործվածքով։ Գործվածքով ծաղկամանները շատ հավանեցի ու բույսերի հանդեպ սերս եւ խնամքս գումարեցի Պիաֆի սիրելի զբաղմունքին, արդյունքում ստեղծվեց իմ բրենդը՝ Չար.Չի-ն:
Էդիտ Պիաֆ. Տղամարդուն պետք է լքել այն ժամանակ, երբ նա դեռ նոր է սկսում մտածել հեռանալու մասին:
- Ներկայացման մեջ միայն կանայք են ներգրավված՝ ստեղծել են կանայք, խաղում են կանայք, իսկ ի՞նչ ենք իմանալու տղամարդկանց մասին:
Հասմիկ. Երբ 4 կին հավաքվում են միասին, բնականաբար, խոսելու են տղամարդկանց մասին: Յուրաքանչյուրի կյանքում շատ են եղել տղամարդիկ: Ամեն մեկի պատմությունը հետաքրքիր է ու իրարից տարբերվող, բոլորի սրտում սեր է եղել ու կարողացել են կիսվել դրանով:
Դիանա. Ամբողջ ստեղծագործական թիմում կանայք են, դրա հետեւանքով ներկայացումը շատ տարօրինակ ու հետաքրքիր էներգետիկայով է օժտված: Բայց անընդհատ խոսում ենք նաեւ տղամարդկանց մասին: Ներկայացումը մեծ հետաքրքրություն է առաջացրել, տոմսերը վաղուց սպառված են:
Նառա. Կարծում եմ՝ ներկայացման շնորհիվ կանայք դաստիարակվելու են, տղամարդիկ՝ կրթվելու եւ սովորելու ճիշտ սիրել: Մանավանդ հայ տղամարդիկ իմանալու են՝ ինչպես արդար ձեւով սիրել: Իսկ երիտասարդները սիրո հանդեպ շատ զգուշավոր կդառնան:
Ջեմմա Ադամյանը
Ջեմմա. Փորձերի ընթացքում մեր գործընկեր տղամարդիկ միշտ գալիս են ու հետեւում: Դեռ չի եղել, որ ինչ-որ մեկը ձանձրանա: Տղամարդիկ կսովորեն կանանց հետ վարվելու ձեւերը, դասիկներ կքաղեն իրենց համար:
- Ի՞նչ է տալու ներկայացումը մարդկանց, որո՞նք են նրա կարեւոր ուղերձները:
Հասմիկ. Մեր ուղերձն առաջին հերթին այն է, որ յուրաքանչյուր հանգամանքում պետք է առաջ գնալ ու չհանձնվել: Կարողանալ արվեստի մարդկանց գնահատել. կարիք ունենք մարդկանց հիշեցնել, որ նրանց նկատմամբ ավելի հոգատար լինեն: Եթե արվեստ չեղավ, ազգ էլ ընդհանրապես չի կարող լինել: Մշակույթն է պահում երկիրը, ամենաշատը դրա կարիքն ունենք:
Դիանա. Չետք է վախենանք ոչ մի դժվարությունից, միշտ մեր առաջ նպատակներ պիտի դնենք ու օգտագործենք բոլոր հնարավորությունները: Երբեք թեւաթափ չլինել ու չկոտրվել, ինչպես արել են հենց մեր հերոսուհիները: Չմտածել երկրորդ հնարավորության մասին ու ոչինչ հետոյի չթողնել: Կյանքը հիմա է ու այս պահին:
Նառա. Բոլորի ապրած կյանքն էլ վերջում դաստիարակչական է լինելու: Իսկ ասելիքն այն է, որ արվեստագետը պետք է գործ անի, իսկ հանդիսատեսը կրթվի ու տարբերի ճշմարիտ արվեստը: Հիմա մտքովն անցածը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացնում են ու իրենց բանաստեղծ համարում, խոսքն արժեզրկվել է, բոլորն իրենց հանճար են համարում: Թող տեսնեն իրական հանճարների անցած ճանապարհը: Իսկ ես որպես դերասանուհի տարերքի մեջ եմ, գիգանտ հերոսի եմ մարմնավորում, որն ամեն բան տեսել է՝ սեր, հիասթափություն, աքսոր, ատելություն, հեղափոխություն: Թատրոնում իմ մարմնավորած կերպարներից ամենաբարդն է ու խորը: Դետալ առ դետալ մտածում եմ ու նոր խաղում:
Ջեմմա. Հաստատ հաճույք են ստանալու ներկայացումից, մտածելու ու խորհելու տեղ են ունեալու, թե կյանքն ինչպես ապրեն: Ցույց ենք տալիս, որ մահից հետոյի մահն ավելի վատ է, քան բուն կենսաբանական մահը: Պետք է մնայուն ու ուսուցողական բան թողնել քեզնից հետո: Այս ներկայացումից հետո շատ եմ հավատում, որ մահից հետո էլ մահ կա:
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Գյումրու դրամատիկական թատրոնի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: