×


«Անահիտ 2022». կարմիր գորգ, հաղթողներ, տարակուսանք եւ խոստովանություններ

Հայ կինոյի օրը՝ ապրիլի 16-ին, արդեն երրորդ անգամ անցկացվեց «Անահիտ» մրցանակաբաշխությունը: Հայկական ազգային կինոակադեմիան տարիներ առաջ որոշեց, որ մեր կինոաշխարհի մարդիկ եւս իրավունք ունեն իրենց աշխատանքների ամփոփման ու գնահատման, եւ նախաձեռնեց ազգային արտադրության ֆիլմերի այս մրցանակաբաշխությունը։ Նպատակն է վերաձեւակերպել հայկական ժամանակակից կինոյի գնահատման չափանիշները, նպաստել նոր անունների բացահայտմանն ու լավագույնը ճանաչված ֆիլմերի տարածմանը:

BRAVO.am-ը լուսանկարել է երեկոյի կարմիր գորգով անցնող հյուրերին եւ առանձնացրել միջոցառման հետաքրքիր դրվագները:


«Անահիտ» կինոմրցանակը սովորաբար հանձնվում է 2 տարին մեկ անգամ, բայց այս անգամ ամփոփվեցին վերջին երեք տարվա աշխատանքները: Առաջին մրցանակաբաշխությունը 2017 թվականին էր, երկրորդը՝ 2019-ին, համավարակի եւ հետպատերազմյան իրավիճակի պատճառով 2021 թվականի մրցանակաբաշխությունը հետաձգվել էր: 12 անվանակարգում լավագույններին որոշում են փակ քվեարկությամբ՝ ազգային կինոակադեմիայի բոլոր անդամները:

Նախորդ անգամ 11 անվանակարգերից 6-ում մրցանակի արժանացած «էրկեն կիշեր» ֆիլմի ռեժիսոր, կինոակադմեիայի անդամ Էդգար Բաղդասարյանի խոսքով՝ իրենցից ոչ ոք մինչեւ վերջին պահը տեղյակ չի լինում, թե ովքեր են հաղթել:


«Հնարավորինս օբյեկտիվ են ընտրվում լավագույնները. քվեարկությունից հետո հաշվարկն իրականացնում է հրավիրված աուդիտորական ընկերությունը, եւ բոլորս միասին բեմում իմանում ենք արդյունքը: Այս տարի տարակուսանքի մեջ էի՝ գալ, թե չգալ, քանի որ շատ ծանր եմ տանում այն, ինչ հիմա կատարվում է մեր երկրում: Կարեւորում եմ կինոն, բայց կարեւորում եմ երկրի վիճակը, մտածում էի՝ արդյոք սա «խրախճանք չէ ժանտախտի ժամանակ»: Հետո հասկացա, որ ոչ, որովհետեւ անկախ ամեն ինչից՝ մենք պետք է շարունակենք կինո նկարել, երգ, երաժշտություն ու գիրք գրել, արարել, ամեն ինչ պետք է անենք ի հեճուկս թշնամու: Այս տեսանկյունը հաղթեց ինձ: Երեք տարի է՝ մեղքի զգացումով ման եմ գալիս, բայց կինոյի տոնը երիտասարդներին ոգեշնչելու համար է, ով վաղն է գալու կինո»,- նշել է Էդգար Բաղդասարյանը:

Ռեժիսորը հույս ունի, որ նման մրցանակաբաշխությունը խթան կհանդիսանա երիտասարդներին՝ լավ աշխատանքներ ստեղծելու համար.«Պատերազմից հետո նայում եմ կինոթատրոնների ցուցանակներին եւ տխրում եմ. մենք ի վիճակի չենք վերապրել, սոցիալական տեսողություն զարգացնել: Կուզեմ տեսնել, թե մենք ինչպես ենք գիտակցում մեզ հետ կատարվածը, թե մենք ով ենք, ո՞րն է մեր մշակութային հենքը, ազգային գաղափարախոսությունը: Այսօր մի ֆիլմ չենք տեսնի, որը փորձի հասկանալ վերոնշյալ թեմաները թե՛ էթնոհոգեբանության առումով, թե՛ մշակութային։ Ոչ բոլորը, բայց հիմնականում տաշի-տրնգի է, որը լավ բանի չի տանում»:


«Անահիտ»-ի ֆավորիտն այս անգամ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմն էր, որն արժանացավ «Լավագույն խաղարկային ֆիլմ», «Լավագույն սցենար» եւ «Լավագույն ռեժիսորական աշխատանք» տիտղոսներին։

«Թովմասյան» հիմնադրամի կողմից հատուկ մրցանակ տրվեց Գուժ Մանուկյանին` կինոյի զարգացման գործում ավանդի համար։


Կնոջ լավագույն դերակատարման համար մրցանակի արժանացավ դերասանուհի Լիլի Էլբակյանը՝ ռեժիսոր Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորելու համար, որը դժվար ճակատագրով աղջկա մասին է, իսկ հիմքում՝ իրական պատմություն: Այս դերն իր համար ճակատագրական է եղել, չէ որ հենց այս ֆիլմի նկարահանումների ժամանակ ծանոթացել էր ամուսնու հետ: Մրցանակը ստանալու պահին Լիլիի հուզմունքն անթաքույց էր:

«Իսկապես չէի սպասում, չնայած՝ 13 տարի մենք սպասում էինք այս ֆիլմին։ Շնորհակալ եմ։ Հրաշք մեծ ֆիլմ է: Իմ գործընկերներ Տատյանա Սպիվակովան եւ Նարինե Գրիգորյանը եւս շատ արժանի էին այս մրցանակին»,-ասել է դերասանուհին:


Տղամարդու լավագույն դերակատարման համար մրցանակը հանձնվեց Դավիթ Հակոբյանին՝ «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմում խաղացած դերի համար։ Նրա հետ նոմինացված էին Բաբկեն Չոբանյանը՝ «Անհայտ բաժանորդ» եւ Ռիխարդ Զամմելը՝ «Դրախտի դարպասը» ֆիլմերում խաղացած դերերի համար: BRAVO.am-ի հետ զրույցում Դավիթ Հակոբյանը նշեց, որ «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմն իր համար երկու կարեւորություն ունի:

«Պայման կար, որ պետք է խոսեի ֆրանսերեն լեզվով, եւ դա բարդ էր: Սկզբում հրաժարվեցի, հետո համոզեցին։ Դժվարությամբ հաղթահարված համարեցինք լեզուն, բայց ավելի հուզիչ էր, որ նկարահանումներն իրականացվում էին Արցախում, ցավոք, այն հատվածներում, որոնք հիմա մեր վերահսկողության ներքո չեն: Այսօր շատ ծանր է, երբ Երեւանում կամ Ստեփանակերտում հանդիպում եմ մարդկանց, ովքեր մասնակցել են ֆիլմի աշխատանքներին ու իրենց գյուղերից հիմա դուրս են եկել»,- ասել է դերասանը:


Նրա խոսքով՝ այս ֆիլմը վատ իմաստով կարծես մարգարեական էր. կանխատեսում էր պատերազմը.«Այն ժամանակ այնտեղ մենք զարմանալի ձեւով զգում էինք այդ էներգետիկան, որ պատերազմ կլինի: Հիմա, երբ կողքից նայում եմ, ֆիլմն իր մեջ ունի այդ տրամադրությունը, թեեւ դա հատուկ չէր արված: Բայց որքան էլ հիմա դժվար է, պարտավոր ենք անդադար արարել, գործել, քանի որ այլ ճանաապարհ չկա: Մշակույթը հիմա ավելի շատ է պետք։ Երիտասարդ սերնդին ավելի շատ պետք է օգնենք, որ չմոռանան իրենց գերխնդիրը, եւ եթե ոչ մշակույթով, ապա հիմա ուրիշ ինչով մենք պետք է ոգեւորենք նրանց»:


Մյուս անվանակարգերում հաղթողների կազմն այսպիսին է.

«Լավագույն օպերատորական աշխատանք»
«Չնչիկ»՝ Հայկ Կիրակոսյան

«Լավագույն նկարչական ձեւավորում»
«Դրախտի դարպասը»՝ Սեւակն Բաղդասարյան, Յուրգիտա Գերդվիլայտե

«Ֆիլմի լավագույն երաժշտություն»
«Սողոմոնի երգերը»՝ Անդրանիկ Բերբերյան

«Լավագույն հնչյունային ձեւավորում»
«Դրախտի դարպասը»՝ Էդգար Հակոբյան, Մարիուս Բլազիս

«Լավագույն վավերագրական ֆիլմ»
«Կանանց գյուղը»՝ Թամարա Ստեփանյան, Ստեֆան Ժուրդայն

«Լավագույն կարճամետրաժ ֆիլմ»
«Նոր տարվա գոճի»՝ Ալեքսանդր Բաղդասարյան, Կարինե Սիմոնյան

«Լավագույն անիմացիոն ֆիլմ»
«Կաֆկայի երազը»՝ Դավիթ Բաբայան

Հայաստանի ազգային կինոակադեմիան «Անահիտ» մրցանակաբաշխությունն անցկացնում է «Շարմ Հոլդինգի» մասնակցությամբ եւ «Թովմասյան» միջազգային հիմնադրամի աջակցությամբ:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի եւ Հայկական ազգային կինոակադեմիայի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին