×


«Եթե այս խոսակցությունը Հայկոն լսեր կասեր՝ հա՞ որ, ապե՜ր»․ Հրաչ Քեշիշյան

«Հոգեբանորեն դժվար էր, բայց կայացրինք այդ որոշումը՝ օր առաջ հանրայնացնել ու պահպանել Հայկոյի ստեղծագործությունները։ Արթուր Ջանիբեկյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Հայկո Հակոբյան» հիմնադրամը։ Ամեն ինչ արվելու է, որպեսզի հնարավորինս համակարգվի այն ձայնադարանը, որն ունի Հայկոն։ Որքան հնարավոր է, պետք է ամեն ինչ ի մի բերել ու հանրայնացնել»,- Հայկոյի մասին զրույցն այսպես սկսեցինք ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի հետ։

Բացելով Հայկոյի ձայնագրման ստուդիայի դռները

Դեպի ստուդիա տանող ճանապարհը բարդ էր, բայց հավատացեք՝ արդեն ներսում ինձ շատ թեթեւացած եմ զգացել։ Մթնոլորտը, ամեն ինչ Հայկո էր։ Կհավատաք՝ թեթեւացած էլ դուրս եմ եկել։ Համակարգիչը բացել ենք. կիսատ թողած շատ ստեղծագործություններ կան, հետաքրքիր անվանումներով մեղեդիներ, նշումներ, թե ում համար են գրված, ուսանողներից ում է երգ նվիրել։ Փառք Աստծո, որ կա այդ համակարգիչը ու հնարավորություն՝ նոր բաներ վերհանելու։ Օրինակ՝ այդ նոր գործերից մեկը, որ իրենից հետո թողարկվեց, Սարգիս Եղիազարյանի երգն է։

Հրաչ Քեշիշյանը


«Ընկերներով մեզ մեղադրում էինք... »

Հայկոյի մեղեդիները պետք է նոտագրել ու ամփոփել մեկ հրատարակության մեջ՝ հատուկ էստրադային ու ջազային հաստատությունների եւ երիտասարդ երաժիշտների համար։ Սա մեկ օրվա գործ չէ, այլ շարունակական գործընթաց։ Նման կերպ կարելի կլինի ճաշակ ձեւավորել ու որակ պահել։ Շատ դժվար է, իհարկե։ Բայց այն օրն ընկերներով մեզ մեղադրում էինք, որ ստույգ ոչ մի բան չենք արել։ Հոգեբանորեն ծանր էր, ու ոչինչ առաջ չէր գնում։ Այս 6 ամսվա ընթացքում մենք երկու անգամ ենք Հայկոյի ստուդիա մտել։

Ինչպես Արթուր Գրիգորիչը փոփ արվեստում 90-ականներին երաժշտական հեղափոխություն արեց ու կոմպոզիտորական նոր մտածողություն ձեւավորեց, այնպես էլ Հայկոն փոփ արվեստի ռոմանտիկ դարաշրջանը բացեց։ Այն արեւմտյան տաք ելեւէջներով միաձուլում էր, ժամանակակից ու շատ հայկական էր։ Այսօր մեր ընկերներից ոմանք գրում են Հայկոյի ոճով: Եթե մարդիկ փորձում են Հայկոյի ուղղությունը շարունակել, արդեն լավ է։ Սա գրագողության մասին չէ, այլ այն ժառանգության, որը թողել է տվյալ անձը։

Հրաչ Քեշիշյանը


- Մի առիթով Հայկոն ասել էր՝ ավելի շատ սիրում է ֆիլմերի երաժշտություն գրող Հայկոյին։ Ու ասել էր, որ Ձեր շնորհիվ մտավ ֆիլմերի ընտանիք եւ այցեքարտը դարձավ «Մի վախեցիր» ֆիլմի երաժշտությունը։ Խոստովանել էր՝ չգիտեր անգամ, թե ինչպես է գրվում ֆիլմի երաժշտությունը.«Հրաչն այնպես արեց, որ ես չվախենամ, ու ստեղծվեց «Մի վախեցիրը»»։

- Մենք ծանոթացանք հեռավոր 1994-ին ու այդ օրվանից ընկերություն ենք արել։ Ես լսել էի իր մասին, ինքն՝ իմ, ու չէինք հանդիպել։ Շատ պատահական հանդիպեցինք Մարզահամերգային համալիրում՝ «Արձագանք» ստուդիայի դիմաց։ Ու այդ օրվանից հետո էլ չեմ հիշում, թե հաջորդ հանդիպումը երբ էր։

«Ասում էին՝ չի կարելի այդպես գրել»

Այն տարիներին արձագանքները հակասական էին։ Հիշում եմ՝ երբ խորհրդային հեռուստատեսությունից անցում էինք կատարում անկախ Հայաստանի հեռուստատեսության, ու առաջին անգամ պետք է գլխագրերում գրվեր՝ Հայկո, շատ երկար բանավեճ ունեցանք խմբագիրների հետ։ Ասում էին՝ «Չի կարելի այդպես գրել, քանի որ Հայկո անուն չկա։ Ո՞նց կարող է մարդ չունենա ազգանուն, ինչո՞ւ չեք գրում ազգանուն»։ Շատ բարդ էր։ Հիմա կարող է զարմանալի թվալ, բայց մենք անցանք այդ սահմանը։ 2003-ին Հայկոն ուներ 3-4 տեսահոլովակ, բայց բարդ էր հասկանալ՝ ով է հանդիսատեսը։ Սոցցանցեր չկային, ինտերակտիվ շփում չկար, ու դժվար էր հասկանալ հանդիսատես-արտիստ կապը։ Բայց դահլիճը լիքն էր։ Այդ տարիները իսկապես կայացման ժամանակներ էին բոլոր այն արտիստների համար, ովքեր այսօր իրենց ուրույն տեղն ունեն երգարվեստում։

Հրաչ Քեշիշյանը


Ինքն իր հանդեպ մի քիչ խիստ լինելու մասին

2006-ին 8000 հանդիսատեսով համերգ էինք կազմակերպել ու մինչեւ վերջին վայրկյանը չգիտեինք՝ ով կգար։ Մտածում էինք՝ ունենք բարեկամներ, ընկերներ, որոնք կգան, իսկ մյուսներն ովքեր էին, չէինք կարող պատկերացնել։ Համալիրի աշխատակիցներն ասում էին՝ տոմսերն ամբողջությամբ սպառվել են, բայց Հայկոն փշերի վրա էր, գնում, գալիս էր ու ասում.«Կարո՞ղ ա չգան, կարո՞ղ ա մեզ ճիշտ չեն ասում, եւ այլն»։ Սա տաղանդավոր մարդու ոչ թե համեստության, այլ իր հանդեպ մի քիչ խիստ լինելու մասին է։

«Հայկոյի երաժշտությունը հայտնվում էր անհավանական վայրերում»

Մի առիթով ընկերներիցս մեկն ասաց՝ Հայկոն հանճարեղության սահմանին հասնող տաղանդավոր է, նրան պետք է պարարտ հող տալ, եւ վերջ։ Ժամանակակից կինոյի երաժշտության ոլորտում էլ հեղափոխություն արեց։ Ուրախանում էր, երբ մրցանակ էր ստանում, կամ իր երաժշտությունը հայտնվում էր անհավանական տեղերում։ Եթե երգի պարագայում այդքան զարմանալի չէր, ապա սաունդթրեքերի դեպքում իսկապես զարմանալի կարող էր լինել՝ լավագույն բեմերից մինչեւ ռեստորաններ։ Ականատես եմ եղել, որ ժամանցի վայրերում հնչում են «Խաչագողի հիշատակարանը», «Սպանված աղավնի»-ն, «Մի վախեցիր»-ը... Ստեղծագործությունն այնքան ժողովրդական է դառնում, որ մուտք է գործում նման վայրեր։ Բայց պատկերացնում եմ՝ Հայկոն, այս խոսակցությունը լսելով, կասեր՝ «Հա՞ որ, ապե՜ր»։

Արմինե Գեւորգյանը եւ Հրաչ Քեշիշյանը


Վերջին հանդիպումը

Հայկոն ինտրովերտ չէր, ավելի շատ էքստրավերտ էր, բայց ինչպես յուրաքանչյուր ստեղծագործող, ուներ իր ներքին աշխարհն ու հույզերը, որոնցով ոչ մեկի հետ չէր կիսվում։ Եվ կխոսեր այն ժամանակ, երբ զգար՝ պահը հասունացել է, պետք է արտահայտվել։ Վերջին անգամ հանդիպեցինք սեպտեմբերի 3-ին: Սեպտեմբերի 13-ին պետք է գար մեր տուն։ Այդ օրը «Երջանկության մեխանիկա» ֆիլմի առաջին սերիան էր ցուցադրվելու, ու ավանդույթի համաձայն՝ մեր տանը պետք է հավաքվեինք։ Գրեց՝ «Ապեր, ոնց որ հիվանդ եմ, կարող ա քովիդ եմ, չեմ գա, որ չվարակեմ»:

Հրաչ Քեշիշյանը


Մեր ընտանիքի համար մեծագույն դժբախտություն էր։ Շատ երկար չէինք կարողանում դուրս գալ ծանր վիճակից։ Անփոխարինելի են բոլոր նրանք, ովքեր քո սրտից, մտքից դուրս չեն գալիս։ Յուրաքանչյուր մարդ, ով հեռանում է մեր կյանքից, անփոխարինելի է։ Սկզբում շատ բարդ էր ամեն ինչ։ Փորձում ես թեթեւացնել իրավիճակն՝ իր մասին խոսելով, բայց հետո գալիս է մեկ այլ դեպրեսիա, ու հասկանում ես, որ ոչ մի բան էլ չի փոխվել։ Մեկ-մեկ սկսում ենք Հայկոյի հետ բարձրաձայն կռիվ անել, փորձում ենք մեր մենախոսությունները դիալոգի վերածել, իհարկե, չի ստացվում։ Միակ մխիթարությունն իրեն վերաբերող նախագծերն են, աշխատանքը, որի շնորհիվ իր հետ պիտի առնչվես, իր արածին դիպչես։

Օգոստոսի 25-ից 30-ը նախատեսում են անցկացնել «Հայկո Մյուզիք Ֆեսթ» (Hayko Music Fest) փառատոնը, որը կդառնա ամենամյա: Եվ օգոստոսի 25-ին Հայկոյին նվիրված մեծ համերգ տեղի կունենա Համալիրում։

Զրույցը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝  Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին