×


«Հայերենը երգեցիկ է, հայերն էլ՝ ջերմ». Գարուի համերգի հետաքրքիր պահերն ու «գողացած» երգը

Իր խռպոտ ձայնով հազարավոր սրտեր գերած երգիչ Գարուն այս օրերին Հայաստանում է. հանդիսատեսը ապրիլի 21-ին հնարավորություն ուներ վայելելու նրա կատարումները Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում: Երգիչը Հայաստանում առաջին անգամ չէ. 2009 թվականին այստեղ համերգով է հանդես եկել։ Խոստովանում է՝ Հայաստանն ամենից շատ տպավորած երկրներից է:

«Շատ ուրախ եմ, որ կրկին այստեղ եմ, շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար: Ամենագեղեցիկ բանը, որը պատահել է իմ կարիերայում, տարբեր երկրներում Ֆրանկոֆոնիայի շրջանակում ելույթ ունենալն է: Երեւանը եւ այստեղի մարդիկ անչափ ջերմ են, կարող եմ փաստել՝ նաեւ երաժիշտներս են ուրախ մեր վերադարձի համար: Շատ ոգեւորված եմ, որ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենամ, կշրջեմ, կհանդիպեմ շատ հայերի: Իրականում շատ դժվար է լինել մի շարք երկրներում եւ կարողանալ պահել կապը նրանց հետ: Ես սիրում եմ, երբ դա բնական է ստացվում, հակառակ դեպքում ամեն բան անհետաքրքիր է դառնում»,- ասել է երգիչը:


Սիրո լեզու համարվող ֆրանսերենով հանդես եկող երգչից BRAVO.am-ը հետաքրքրվել է՝ հայերենն ինչպե՞ս է հնչում.

«Հետաքրքիր է՝ երբ հայերեն եմ լսում, ինձ շատ լավ եմ զգում. գեղեցիկ լեզու է, երաժշտական: Գուցե ես այն չընկալեմ այնպես, ինչպես դուք, բայց գիտեք՝ թեեւ ֆրանսերենը համարվում է սիրո լեզու իր պոետիկ հնչողության շնորհիվ, շատերը կարծում են, որ երաժշտական առումով այն դժվար լեզու է, քանի որ այդքան սահուն չի հոսում, որքան անգլերենը: Դժվարանում եմ ասել, թե ինչի հետ եմ ասոցացնում հայերենը, բայց, միանշանակ, կարող եմ ասել՝ գեղեցիկ եւ սահուն է հնչում»:


Արմատներով Կանադայից երգչին շատ անգամ են մեր հայրենակիցները «հայացրել», դե իսկ Wikipedia-ում առկա տվյալներն էլ, կարծես, հաստատում են: Հայերից ամենահաճախ ստացող հարցին՝ հա՞յ է, Գարուն ծիծաղով պատասխանել է.

«Իմ իրական անունը Պիեռ Գարան է, բայց, ցավոք, Գարանյան տարբերակի կրճատ ձեւը չէ, ինչպես շատերն են կարծում: Ասում են, որ ազգանունս հայկական է, բայց ես իմ հետազոտություններն եմ արել՝ կանադացի եմ։ Ինձ Երկիր մոլորակի քաղաքացի եմ համարում: Հայ չեմ, բայց Հայաստանին ես կապված եմ սրտով»:

Համերգային երեկոյի ընթացքում հնչեցին երգչի բոլոր սիրված կատարումները՝ «Belle», «Sous le vent», «Gitan», որոնք հանդիսատեսին ներկայացվեցին նորովի, նաեւ դասական ստեղծագործություններ՝ Միշել Լեգրանից եւ Շառլ Ազնավուրից: Ինչպես նախապես երգիչը պատմել էր՝ համերգը փոքր-ինչ տարբերվում է իր սովորական ծրագրից:


«Համավարակը փոխել է ամենը, այդ թվում՝ համերգային փորձերը, եւ այն, ինչ նախապատրաստել ենք, նաեւ ֆոլք տարրեր է ներառում: Կարծում եմ՝ վատ չէ, քանի որ մարդկանց դուր է գալիս: Փոփոխությունները բավական ինքնաբուխ են ստացվել: Մենք պարզապես սկսեցինք նվագել իմ ստուդիայում, անգամ չէի էլ մտածում, որ այն, ինչ անում ենք, վերածվելու է շոուի, ինչն էլ, կարծում եմ, այս համերգի հեքիաթային կողմն է»,-նշել է երգիչը։

Համերգի ընթացքում նաեւ հնչեց մի երգ, որի հեղինակը Գարուի 20-ամյա դուստրն է. նա խոստովանել է՝ երգը «գողացել» է աղջկանից:

«Մի հետաքրքիր պատմություն կա. երբ համավարակը սկսվեց, ես շրջագայության մեջ էի եւ ստիպված եղա վերադառնալ Կանադա: Անմիջապես ցանկացա տեսնել աղջկաս, որին օրերով չէի տեսակցել: Այդպիսով, մենք հանդիպեցինք զբոսայգիներից մեկում: Միշտ ցանկություն ունեի ծանոթացնել նրան կիթառին ու մյուս երաժշտական գործիքներին, որոնց տիրապետում եմ, սովորեցնել նվագել, եւ նրա համար գնել էի ակուլելե: Մտածում էի՝ նա այն պարզապես կկախեր սենյակի պատից, բայց անասելի ուրախացա, երբ ավելի ուշ հանդիպեցինք, ու տեսա՝ սովորել էր նվագել, անգամ երգ էր գրել, ինչն ինձ այնքան ոգեւորեց, որ որոշեցի կատարել այս համերգի շրջանակում»,-պատմել է երգիչը:


Գարուն իր երաժշտական կարիերայի ընթացքում բազմազան երգերով է հանդես եկել, բայց «Notre-Dame de Paris» մյուզիքլում Քվազիմոդոյի կերպարը դարձավ նրա հաջողության ու հանրաճանաչության բանալին: Խոսելով կերպարի մասին՝ երգիչը բնորոշեց այն որպես հակապատկեր:

«Երբ առաջարկեցին Քվազիմոդոյի դերը, որը շատ տխուր ու տանջված կերպար է, տարօրինակ թվաց, քանի որ ինձ հետ կապ չուներ, բայց ժամանակի ընթացքում գտա իմ մեջ այդ տխրությունը, սիրված լինելու ցանկությունը, ինչպես անում են բոլոր արտիստները: Այս դերն իրոք փոխել է իմ կյանքը, քանի որ երբեք չեմ ձգտել հայտնիության: Մարմնավորել էի մի մարդու, որը ցանկանում էր ուշադրություն եւ սեր, հետո դուրս էի գալիս փողոց, փորձում ապրել իմ նորմալ կյանքով, բայց մարդիկ ինձ տեսնում էին ու ուրախությունից սկսում բղավել, ինչն այնքան տարբեր էր իմ կերպարի կյանքից, որ պարադոքս էր թվում»:


Գարուն հայաստանյան հանդիսատեսին կներկայանա նաեւ այսօր: Երգչի համերգները կազմակերպվում են «Երեւանյան հեռանկարներ» միաջազգային փառատոնի շրջանակում՝ Ֆրանկոֆոնիային Հայաստանի լիիրավ անդամակցության 10-ամյակի կապակցությամբ: Գարուն եւ իր խումբը նոր են ավարտել ելույթները Ֆրանսիայում, Երեւանից վերադառնալու ենք Կանադա՝ եզրափակելով շրջագայությունը:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին