×


«Ո՞ւր ենք հասել, որ ես եմ Փարիզը ցույց տալիս». Արամ MP3-ի փարիզյան մենահամերգն ու հետաքրքիր հանդիպումները

Փարիզում ապրիլի 17-ին կայացավ Արամ MP3-ի առաջին մենահամերգը։ Ֆրանսիայի մայրաքաղաքում հայ երգիչը սպասված էր, առաջին իսկ նոտաներից ոգեւորությունը նկատելի էր, բարձր տրամադրությունն ապահովված էր մինչեւ վերջ, ծափահարությունները եւ պարերը տեւեցին մինչեւ ուշ երեկո: Բոլորը միաձայն երգում էին, քոչարի պարում, ամենուր հայեր եւ հայկական երգեր, մի պահ կարելի էր կարծել, թե Հայաստանում ենք՝ Արամ MP3-ի հերթական աշխույժ համերգին: Բայց հանկարծ գիտակցում ենք, որ Փարիզում ենք, հանրահայտ «La Cigale» համերգասրահում, որտեղ ելույթ են ունեցել ճանաչված արտիստներ Ջորջ Բենսոնը, Ջասթին Թիմբերլեյքը, Լենի Կրավիցը եւ այլք։

Արամ MP3-ն ներկաներին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, պատմեց, որ մի քիչ լարվել էր համերգից առաջ, բայց իրեն հատուկ հումորով ավելացրեց․«Բայց ոնց որ լավ էլ տակից դուրս եմ գալիս, չէ՞»։ Համերգից հետո նա իր ինստագրամյան էջում նշել էր, որ եթե ավելի փոքր տարիքում մտներ այդ դահլիճ, հաստատ ուրախությունից ճչալու էր։

Համերգի կազմակերպիչ, «Si’Note production»-ի ղեկավար Ինեսսա Սանասարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ցանկացել էր լավագույն դահլիճներից մեկում կազմակերպել Արամ MP3-ի համերգը.«Պարուհի լինելով՝ գիտեմ, թե ինչքան կարեւոր եւ ոգեշնչող է լավ դահլիճում ելույթ ունենալը: Ցանկացա, որ մեր հայ երգիչը հանդես գա այնպիսի համերգասրահում, որտեղ երգել են աշխարհահռչակ արտիստներ։ Այս դահլիճում հնարավոր դարձավ կազմակերպել մեր պատկերացրած շոուն, աշխատել պրոֆեսիոնալ անձնակազմի հետ եւ գեղեցիկ համերգ ունենալ»։

Արամ MP3-ի համերգը Փարիզում


Համերգից հետո այնքան լավ արձագանքներ են եղել, որ Ինեսսան շտապում է ներկայացնել հաջորդ ծրագրերը։ «Si’Note production»-ը վերջին մեկ տարում է ստեղծվել, զբաղվում է համերգների կազմակերպմամբ եւ մշակութային այլ ծրագրերով, նպատակը Ֆրանսիա-Հայաստան մշակութային օղակ ստեղծելն է եւ հայ արտիստներին Ֆրանսիայում հանդես գալու հնարավորություն տալը:

Համերգային երեկոյի առաջին մասում հանդես եկավ ֆրանսահայ երիտասարդ երգչուհի Միլենա Մութաֆյանն՝ իր բենդի հետ։ Պարային հետաքրքիր շոուն ապահովեցին «Move and Art» հիփ-հոփ ֆրանսիական խումբը եւ Սոֆի Դեւոյանի Պարի եւ հոգու թատրոնի պարուհիները։

Համերգից առաջ Արամ MP3-ն այցելեց Փարիզի հայ ուսանողների տուն, Փարիզի «Մկնիկ» հայկական շաբաթօրյա դպրոց, մեզ հետ զրույցում էլ պատմեց այս հանդիպումների եւ իր տպավորությունների մասին: Բացահայտեցինք, թե ինչն է իրեն ռոմանտիկ դարձնում։

- Ձեր առաջին մենահամերգն է Փարիզում, ի՞նչ զգացողություններ ունեք։

- Շրջագայությունների ընթացքում դժվարն առաջին համերգն է, հետո տրամադրությունն ու վստահությունը տեղն են գալիս: Բրյուսելում եղավ առաջին համերգս, իսկ Փարիզում ինձ հետաքրքիր էր, թե հայտնի դահլիճի աուրան եւ էներգետիկան ինչպիսին կլինեն։ Կարծում եմ՝ աշնանն էլ հանդես կգամ եվրոպական այլ քաղաքներում։

- Որեւէ քաղաքում հանդես գալիս մի քիչ պրպտում եւ հարմարեցնո՞ւմ եք Ձեր ծրագիրը։

- Եվրատեսիլի երգն եմ ներառել, որովհետեւ այստեղ շատերն ինձ ճանաչել են դրանից հետո, քվեարկել են իմ օգտին: Ես այդ երգը վաղուց արդեն չեմ երգում, բայց այսօր կերգեմ։

Արամ MP3-ն՝ Հայ ուսանողների տանը


- Ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշեցիք, նաեւ բոլորս էլ զգացել ենք, որ Հայաստանում շատ մեծ նշանակություն ենք տալիս Եվրատեսիլին: Ձեր կարծիքով՝ դա ինչի՞ց է։

- Այլընտրանք չունենալուց: Վերջերս կարծես մի քիչ ձանձրացած լինենք, որովհետեւ ամեն անգամ մեծ հույսեր են ունենում մարդիկ, ու էլի չի ստացվում, թեւաթափ են լինում: Պետք չէ այդքան սրտին մոտ ընդունել, որ հետո էլ ծանր չտանեն։ Ընդհանուր առմամբ, այս մրցույթը միակ հեշտ տարբերակն է, որ ճանապարհ է բացում դեպի Արեւմուտք: Չնայած՝ հաղթողներին էլ մեկ շաբաթ հետո մոռանում են. բացի Սելին Դիոնից եւ ABBA-ից, երեւի դժվար կլինի այլ անուններ հիշել: Սա մեծ հարթակ է, որը քեզ առաջ է մղում, մնացածն արդեն քո գործն է։ Շատերը տպավորություն ունեն, որ գնան Եվրատեսիլ, աշխարհն իրենցն է լինելու, բայց չի կարող նման բան լինել, եթե դու թամբալի մեկն ես։

Շատերը դեպրեսիայի մեջ են ընկնում մրցույթից հետո, որովհետեւ իրենց թվում էր՝ այդպես էլ շարունակվելու է, բայց անցնում է Եվրատեսիլը, մոռացվում է ամեն ինչ, ինչից հետո մարդիկ նույնիսկ տարիներ շարունակ չեն կարողանում ստեղծագործել: Ես շատ արագ կողմնորոշվեցի, հասկացա, որ պետք չէ ընդհանրապես կառչել այդ ամենից, պետք է ուղղակի շարունակել։

- Իսկ քաղաքականություն կա՞ այդ մրցույթում։

- Միանշանակ կա, չի կարող չլինել. հարեւան երկրները միմյանց միավորներ են տալիս, ոխերիմ թշնամիներ են՝ չեն տալիս։ Երգի մրցույթ ասվածն էլ այդքան ճիշտ չէ, ինչո՞ւ պետք է ես իմ արվեստը «կռվացնեմ» ինչ-որ մեկինի հետ։ Ուղղակի պետք է փորձել հաճույք ստանալ մասնակցությունից. ինքս չկարողացա՝ լարվածությունը շատ էր, ֆավորիտ էի, ուշադրությունը շատ էր, ինձ նաեւ սեւ փիար արեցին. միշտ խնդիրներ կան կողքի երկրների հետ, եւ այլն։

- Ի՞նչ են անում հայ արտիստները Եվրոպայում կամ այլ երկրներում երեւալու համար։

- Բնականաբար, բոլորն ուզում են երեւալ, բայց կան դրան խանգարող տարբեր խնդիրներ՝ լեզվի պատնեշը, աշխարհաքաղաքական դիրքը, ինտերնետում գրաված տեղը, լսարանը, թրենդային լինելը, այս ամենի գումարման արդյունքում մենք շատ բարձր տեղ չենք գրավում։ Մեր ոլորտում շնորհքից հետո գումար է անհրաժեշտ, այդտեղից էլ ծագում է շոու բիզնես արտահայտությունը: Առանց գումարի քո շնորհքն ու աշխատասիրությունը ոչ մեկին պետք չէ այս բնագավառում։

Արամ MP3-ն` Փարիզի Մկնիկ հայկական դպրոցում


- Արտերկրում հիմնականում հայե՞րն են Ձեզ լսում։

- Այո, իսկ Բրյուսելում ինձ մոտեցան բելգիացիներ, ովքեր ինձ հիշում են Եվրատեսիլից եւ հետեւում են: Նրանց շնորհակալություն հայտնեցի, որ դեռ հիշում են ինձ, որովհետեւ ընդհանրապես անգլերեն չեմ երգում։ Իրականում օտարերկրացի երկրպագուները քիչ են եւ աստիճանաբար կպակասեն։

- Փարիզում հայ ուսանողների եւ հայ դպրոցականների հանդիպեցիք, ի՞նչ տպավորություններ ստացաք։

- Միշտ ջերմ են այդ հանդիպումները, մի փոքրիկ Հայաստան ես վերագտնում: Ուզում եմ ասել բրավո այդ մարդկանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի Հայաստանից այդքան հեռու կարողանան ստեղծել այն ջերմությունը, որ զգաս քեզ ինչպես տանը։ Իրականում տիտանական աշխատանք է. բազմիցս եղել եմ արտերկրում եւ տեսել եմ, թե ինչպես են աշխատում: Շատ բարդ է եւ միայն նվիրման շնորհիվ է հնարավոր։ Հայրենասեր պետք է լինես եւ սիրես այդ աշխատանքը, միայն խոնարհվում եմ այդ մարդկանց առջեւ։ Ամեն անգամ ջերմանում է սիրտս, երբ նման տեղ եմ մտնում։

- Իսկ կա՞ ինչ-որ մի բան, որ Ձեզ զարմացնում է արտերկրյա այցերի ժամանակ։

- Վերջին ժամանակներում գրեթե բոլոր հայ համայնքներում եղել եմ, ու զարմանալու էլ ոչ մի բան չկա։

- Սկզբում ի՞նչն էր զարմացրել։

- Օրինակ, շատ էի զարմացել, որ «դրսում» շատ են սիրում քյաբաբ. Գերմանիայի համերգների ժամանակ ընդմիջմանը դա էին վաճառում, հետո բոլորը նստում էին քյաբաբով, ես նման բան չէի տեսել։ Դա «Վիտամին» ակումբի ելույթի ժամանակ էր, ու հասկացանք՝ որպեսզի ներգրավվենք այդ ամենի մեջ, մենք էլ պետք է քյաբաբով բարձրանանք բեմ, ու այդպես էլ արեցինք։

- Տխրելու առիթներ ունենո՞ւմ եք այդ հանդիպումների ժամանակ։

- Տխրեցնում է այն, որ «դրսում» շատ են հայերը։ Տխրեցնում է այն, որ վերջին ժամանակներում հենց իմ շրջապատից են շատ գնում: Փետրվարի 14-ին Լոս Անջելեսում համերգ ունեցա՝ դահլիճի 99 տոկոսը ոչ շատ վաղուց տեղափոխված երեւանցիներ էին։

Արամ MP3-ն՝ Հայ ուսանողների տանը


- Հատկապես հայտնի մարդիկ, երբ գնում են արտերկիր, գումար գուցե ստացվում է վաստակել, բայց ամեն դեպքում նրանք այլեւս նույն հայտնի մարդիկ չեն եւ կորցնում են իրենց «անունը»: Բացի հայկական համայնքից, նույն երգիչներն, օրինակ, որեւէ տեղ գործունեություն չեն ծավալում։

- Իրենց ընտրությունն է: Լոս Անջելեսի հայ համայնքը մեծ է, վճարունակ, եւ շատերը չեն դիմանում ավելի շատ վաստակելու այդ գայթակղությանը։ Ուրիշները գնում են կլիմայի պատճառով, քաղաքական թեմաներով, գիտեմ նաեւ մարդիկ, որ գնացել են, քաղաքացիություն ստացել ու վերադարձել։ Շատերն էլ մտածում են, թե հետո ինչ է լինելու Հայաստանում. ոչ ոք չգիտի դրա պատասխանը։ Գուցե այդ անորոշությունը մարդկանց ստիպում է նման քայլերի դիմել։ Եթե կոնկրետ խնդիր չկա, արտիստը պահանջված է, կարողանում է նորմալ գումար աշխատել, սիրված է, բայց գնում է ԱՄՆ, անմտություն եմ համարում:

- Պարզապես բոլորս էլ ափսոսում ենք, որ տաղանդավոր մարդիկ հեռանում են մեր երկրից։

- Իհարկե, ափսոս է։ Ինձ նյարդայնացնում է, երբ փիար են անում։ Գնում եք՝ գնացեք, բայց ինչո՞ւ եք քարոզում արտագաղթելու գաղափարը։ Այ դրա հետ ես համաձայն չեմ։

- Ի՞նչ կուզեիք ասել փարիզահայությանը, քանի որ այս պահին այստեղ եք գտնվում, նաեւ ամբողջ աշխարհի հայերը կարող են կարդալ այս զրույցը։

- Փարիզում կան շատ հայեր, որոնց հետ հնարավորություն ունեցա շփվել, կիսվել: Հուսամ՝ նման հանդիպումներ հաճախ կունենանք, մտքերով կփոխանակվենք։ Մենք սփյուռքին՝ այդ մեծ ներուժին, շատ մեծ տեղ պետք է տանք, որպեսզի կարողանանք շատ բաների հասնել: Դրա համար եկեք կապը պահենք։ Այս ամենը համերգի շրջանակում է, բայց սա հանդիպում է իրականում, մի փոքրիկ Հայաստան է, միգուցե ես կարողանամ մի պահ նրանց վերադարձնել ինչ-որ հիշողություններ: Նպատակը հենց դա է՝ մարդկանց պարգեւել դրական զգացողություններ:

Արամ MP3-ն` Փարիզի Մկնիկ հայկական դպրոցում


- Մենք էլ մաղթում ենք, որ Ձեր համերգը ոգեւորիչ լինի, եւ մարդիկ Հայաստան այցելեն՝ նաեւ Ձեր ելույթները լսելու։

- Մերսի շատ, կարծես ես էլ լինեմ Սփյուռք-Հայաստան կապող կամրջի մի փոքրիկ քար: Եթե կարողանամ նպաստել, որ մարդիկ գան Հայաստան, ինձ դրանից շատ լավ կզգամ։

- Իսկ Փարիզում ընդհանրապես ի՞նչ եք շատ սիրում։

 - Ամեն քաղաք իր հոգին ու տրամադրությունն ունի։ Տարբեր քաղաքներ իրենց հոգեբանությունն ունեն, քեզ մտցնում են իրենց գույների մեջ. գուցե առօրյայում այդպիսին չես, բայց շարժվում ես այդ օրենքներով, եւ դրանք քեզ սկսում են դուր գալ։ Փարիզում սեր, ջերմություն, ռոմանտիզմ ես զգում, ես կյանքում այդքան էլ ռոմանտիկ չեմ, բայց այստեղ ակամայից դառնում եմ ռոմանտիկ։ Երեւի իմ մեջ ռոմանտիզմի բացակայությունն է ստիպում շուտ-շուտ վերադառնալ այստեղ, որովհետեւ ռոմանտիկ եմ դառնում։ Հիմա իմ ընկերներն են եկել, ես շատ ոգեւորված եմ, որովհետեւ իրենք Լոս Անջելեսից են, երբեք Եվրոպայում չեն եղել, գլուխս կորցրած վազում եմ, որ ամեն ինչ ցույց տամ, հատկապես երբ տեսնում եմ իրենց ոգեւորությունը, ավելի շատ եմ ոգեւորվում։ Ո՞ւր ենք հասել, որ ես եմ Փարիզը ցույց տալիս (ժպտում է,-հեղ.):

- Միշտ հումորային երգեր եք երգել, հիմա սկսել եք նաեւ ռոմանտիկ երգեր կատարել, Փարիզ գնալ-գալո՞ւց է։

- Չեմ կարծում, բայց մի քանի սթորի արեցի այդ ռոմանտիկ երգերով, այդպես ավելի լավ է նայվում։

Արամ MP3-ն` Փարիզի Մկնիկ հայկական դպրոցում


- Չէի՞ք վախենում, որ Ձեզ այդ ոճում գուցե չընդունեն։

- Կար մտավախություն, դրա համար չէինք անում, բայց երկար փորձարկումներից հետո ընտրեցինք «Կուզես» երգը, որն էլ սիրվեց, եւ հասկացանք՝ փաստորեն սա էր ճիշտը։ Երկրորդն էլ է թողարկվել, այս տարի նաեւ երրորդը կներկայացնենք։

- Այստեղ Ձեզ հաճախ հարցնում են, թե ինչու է Ձեր բեմական անունն Արամ MP3, հիմա երբ տեխնոլոգիաները զարգանում են, հնարավո՞ր է, որ փոխեք այդ անունը։

- Երեւի՝ ոչ, որովհետեւ մարդիկ այլեւ չեն էլ մտածում, թե mp3-ն ինչ էր, դարձել է մականուն։ Արդեն ուշ է փոխելու համար, այն ժամանակ չկարողացա, ուր մնաց՝ հիմա։ Ինձ սկզբից դուր չի եկել, բայց սովորեցի։ Սկզբից չէի հարմարվում, բայց հիմա ընդհանրապես չեմ մտածում այդ ուղղությամբ։

Զրուցեց Էլլադա Բարսեղյան-Ղուկասյանը/BRAVO.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
Լուսանկարները՝ Արա Շահնազարյանի, ԱրզոՍինեմայի եւ հեղինակի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին