×


Հումորով զրույց «Hayat Project»-ի հետ՝ Գյումրիի «աննորմալ էներգետիկայի» եւ խելագարվելու առիթների մասին

Եթե լավ տրամադրության կարիք ունեք կամ ուզում եք ինքնամոռաց պարել, կարող եք լսել «Hayat Project»-ի երգերից: Իսկ եթե դեռ լավ ծանոթ չեք խմբի անդամներին ու գործունեությանը, BRAVO.am-ը ներկայացնում է նրանց հետ հարցազրույց: Խմբի պրոդյուսեր Վահե Կիրակոսյանի, երգիչներ Հովհաննես Սերոբյանի, Նարե Հովհաննիսյանի ու Գեւորգ Հակոբյանի հետ անչափ հումորով զրույց է ստացվել:

- Ի՞նչ է ամեն մեկիդ համար նշանակում հայաթն ու խումբը:

Վահե. Գյումրիում հայաթ բառը շատ է օգտագործվում ու նշանակում է բակ: Այն հավաքատեղի է, տղերքով լինելու տեղ, հետո խումբն էլ դարձավ «Հայաթ»: Բառի մեջ մտերմություն կա:

Հովհաննես. Ինձ համար «Հայաթը» որպես երեւույթ ու նախագիծ արդեն դարձել է ապրելակերպ: Իմ կարծիքով՝ Գեւորգի համար էլ նույնն է (ծիծաղում են, - խմբ.):

Գեւորգ. Հովհաննեսն ինչ ասի, համաձայն եմ նրա հետ:

Նարե. Հարազատ վայր է: Կյանքի առաջին փորձ, անկումներ, առաջին հարաբերություններ, ընկերներ այնտեղ ես ձեռք բերում: Իսկ խումբն արդեն ընտանիք է դարձել ինձ համար:

Հովհաննես Սերոբյանը


- Իսկ ո՞րն է ձեզ համար յուրահատուկ բակը, որի հետ կապված են հիշողություններ:

Հովհաննես. Իհարկե, մեր մանկության բակը, ուրիշը չեմ կարող նշել: Ի դեպ, Գեւորգի հետ նույն հայաթից ենք:

Վահե. Գեւորգն ամեն ինչ արեց, որ Հովոն նույնպես «Հայաթ Փրոջեքթ»-ում լինի:

Հովհաննես. Խումբն արդեն կար, երբ ես 2020-ին միացա. ամենավերջին մասնակիցն էի:

- Ի՞նչ բերեց Հովհաննեսն իր հետ ու ինչո՞վ ամբողջացրեց «Հայաթը»:

Նարե. Բեմից հանդիսատեսին տրվող տրամադրությունը լիարժեք չէր: Այն, որ զգում ես՝ մի բան պակաս է, բայց չգիտես՝ ինչ, Հովհաննեսն եկավ ու լրացրեց այն:

Գեւորգ.
Առաջին հերթին հրաշալի էներգիա բերեց ու այն կարողացավ փոխանցել բոլորիս:

Վահե. Հովոն բերեց իր ուրույն գույնն ու ձեւը, «Հայաթը» շատ է ասոցացվում նրա հետ:

Նարե Հովհաննիսյանը


- Ո՞րն է ձեր խմբի յուրահատկությունն ու ինչո՞վ է գրավում մարդկանց:

Հովհաննես. Մեր՝ յոթիս, տարբերությունն է: Տարբեր ենք որպես մարդ ու արտիստներ: Միաժամանակ բոլորս էլ բեմի վրա ենք լինում, ու դրանից շատ բան է կախված: Եթե որեւէ մեկն ավելի քիչ տա հանդիսատեսին, հաստատ մի բան կպակասի:

Վահե. Ունենք մեր յուրահատուկ եւ հետաքրքիր երգացանկը: Թող անհամեստություն չհնչի, բայց մեր ոճից Հայաստանում չկա:

Գեւորգ. Ամեն մեկս մեր հերթին փորձում է յուրահատուկ դարձնել խումբը, ես՝ իմ գործիքներով, Հովոն՝ դե, բեղերով, մնացածն էլ պրոֆեսիոնալ երաժիշտներ են: Նարեի մասին խոսք չկա, ուղղակի հրաշալիք է:

Նարե. Մեր խմբին կարող են լսել նոր ծնված երեխայից մինչեւ խոր ծերություն ապրող մարդիկ: Մեր համերգային ծրագիրը բոլորի համար է նախատեսված:

- Ձեր երգերն իսկապես տարբերվում են, ռիթմիկ են, հումորով եւ պարային, ո՞նց են ստեղծվում դրանք:

Վահե. Երգերը ստեղծում է Ռուբեն Մխիթարյանը: Նա երկար տարիներ Հայաստանի լավագույն պրոդյուսերներից մեկն է եղել ու շատ լավ է հասկանում իր գործից: Խմբի անդամներից յուրաքանչյուրի կերպարն ուսումնասիրելով է գրում երգերը: Դրանք ստեղծվում են հատուկ ամեն մեկի համար: Եթե «Հարսանիք» երգը ուրիշ խումբ կատարի, ամբողջ հմայքը կկորչի:



Հովհաննես. Մեր երգերից ամեն մեկն իր սեփական ու անհատական տրամադրությունն ունի, արտիստական խաղն ու մատուցման ձեւը:

Նարե. Ռուբենն ասում է, որ նոր երգ կա ու մոտավորապես երբ է նախատեսվում պրեմիերան: Հետո լա-լա-լայով երգում ենք ու պատկերացնում, թե ինչ է ստացվելու: Ապա մեր դաշնակահար Արթուրի ստուդիայում ենք ձայնագրվում: Մեր երգերի մեջ հեյեր, հայեր, գոռոցներ ու ծափեր կան. վերջին փուլում բոլորով հավաքվում ենք ու սկսում գժի պես բղավել: Ամենաինտրիգայինն այն է, թե ինչ արձագանք ենք ստանալու, հիմնականում դրական կարծիքներ ենք լսել: Բացասականներն էլ կարեւոր են միշտ:

- Ո՞րն է ձեզ համար առանձնացող երգը:

Հովհաննես. Թող ինձ ներեն մեր մյուս երգերը, բայց հավանում եմ նոր երգը՝ «Հորքուրի գանձը»: Այն էլ ավելի մեծ տրամադրություն ունի, քան մյուսները:



Վահե. Ես որպես տեսահոլովակ ամենաշատը սիրում եմ «Իտալացի հայերը», իսկ երգերից էլի վերջինը:

Նարե. «Մեռնիմ կյանքիդը» շատ դրական էներգիայով ու սիրառատ երգ է, բայց քանի որ լատինո երգերի սիրահար եմ, «Հորքուրի գանձը» կառանձնացնեմ:

Գեւորգ. Բայց մեր հանդիսատեսը կարծես թե ավելի շատ սիրում է «Հարսանիքը»:

- «Հարսանիքն» ամենաշատ դիտումներն ունի Յութուբում, կարո՞ղ եք գուշակել, թե որքանի է հասել (զրույցի պահին՝ 3 778 726):

Վահե. Հիմա նայեմ ու ասեմ: Առանց նայելո՞ւ, կարծում եմ՝ 3,5 մլն:

Հովհաննես. Եթե առանց նայելու, ուրեմն՝ թող լինի 12 մլն:

Նարե. Երեւի թե 3 մլն:

Հովհաննես Սերոբյանը, Վահե Կիրակոսյանը եւ Գեւորգ Հակոբյանը


- Ես հավանում եմ ձեր «Խելագարվիմգը» երգն ու ուզում եմ իմանալ, թե ինչի համար եք դուք խելագարվում:

Վահե. Երեխաներիս համար եմ ամենաշատը խելագարվում:

Հովհաննես. Ես էլ եմ Վահեի երեխաների համար խելագարվում (ծիծաղում են,- հեղ.): Իրականում խելագարվելու շատ առիթներ կան, բայց առանց պատճառի էլ պետք է լավ իմաստով միշտ խելագարված լինել:

Գեւորգ. Ես էլ հա՛մ Վահեի, հա՛մ իմ երեխաների համար: Իսկապես շատ չեմ սիրում խոսել, ուզում եմ խոսքս երգով, ավելի ճիշտ՝ դուդուկով ասել (ծիծաղում են,- հեղ.):

Նարե. Այն ամենը, ինչ մենք անում ենք, դրա համար եմ խելագարվում:



-Ո՞րն է ձեր սիրելի երաժշտական խումբը:

Վահե. «Սքորպիոնս»:

Հովհաննես. Ինձ համար էլ «Սքորպիոնսն» է առանձնանում:

Գեւորգ. «Բիթլզը»:

Նարե. Առաջ «Բիթլզ» էի շատ լսում, հիմա՝ «Սքորպիոնս»:

Վահե. Գեւորգն ավելի շատ ժողովրդական երգերի սիրահար է, կարող է Արամ Մերանգուլյանին նշել կամ Պապին Պողոսյանին (ծիծաղում են,- հեղ.):

- Ինչպիսի՞ն են ձեր երկրպագուներն ու ինչո՞վ են առանձնանում:

Գեւորգ. Շատ տարբեր են, մեր ամեն մի համերգը հրաշալի է անցել հենց երկրպագուների շնորհիվ:

Վահե. 25 տարեկանից բարձր մարդիկ են հիմնականում: Բայց թե ով ինչ երկրպագուներ ունի, թող ինքը պատմի:  

Հովհաննես. Մինչեւ հիմա ավելի հասուն դեմքերի եմ տեսել մեր համերգներին, կիրթ մարդկանց:

Նարե. Խելագարվում են մեզ համար, զգում ենք նրանց սերը, դրսում ձեռքով են անում, գոռում «Հայաթ Փրոջեքթ»: Իրենցից միայն դրական էներգիա է գալիս: Ամեն ինչ հենց երկրպագուների համար ենք անում, առանց նրանց մեր գործունեությունն անիմաստ է:

Գեւորգ Հակոբյանը


- Բավական երիտասարդ խումբ եք, բայց միեւնույն ժամանակ՝ հայտնի: Ի՞նչ բերեցիք ձեզ հետ ու ի՞նչ տվեցիք մարդկանց:

Վահե. Հայաստանի համար շատ ճակատագրական պահի հայտնվեցինք ու հայտնի դարձանք: Մեր երգերը մարդկանց երեսներին ժպիտ բերեցին: Հենց այդ տրամադրությունն է երեւի, որ մեզ ավելի հայտնի դարձրեց:

Հովհաննես. Ես կհամեմատեմ նոր շնչի ու թթվածնի հետ: Երբ ամեն ինչից կտրված վիճակ էր, Հայաստանում էլ բավական բարդ, մարդիկ նորության կարիք ունեին: Հայտնվեց «Հայաթ Փրոջեքթն» ու չի թուլացնում թթվածնի արտադրությունը:

Նարե. Նախ ժպիտներ բերեցինք ու կոլորիտ, ինչն արտահայտվում է մեր երգերի բարբառով, դրական տեսահոլովակներով:

- Դուք Գյումրիից եք, շատ լավ է, որ մարզերում էլ կյանքն ակտիվ է ու այնտեղ էլ ստեղծագործում են: Ուզում եմ իմանալ՝ ամեն մեկիդ համար Գյումրին ի՞նչ է նշանակում:

Հովհաննես. Գյումրին ոչ կարող եմ քաղաքի հետ համեմատել, ոչ էլ մոլորակի: Այն իսկական շունչ է, եկեք այսքանով սահմանափակվենք, որովհետեւ հույզերն ավելի շատ են, քան բառերը կարող են հաղորդել:

Վահե. Ինձ համար էլ Գյումրին մի առանձին մոլորակ է, Հովհաննեսը ճիշտ ասաց՝ չես կարող ասել՝ այն ուղղակի քաղաք է, լրիվ այլ գաղափար է, առանց որի չենք կարող ապրել: Դրա համար էլ ապրում ու ստեղծագործում ենք այնտեղ:

Գեւորգ. Գյումրին երգ ունի, Գյումրին վերք ունի (ծիծաղում ենք,-հեղ.): Իմ իմացած Գյումրին հումորի մայրաքաղաքն է, ծիծաղը երկարացնում է մարդու կյանքը 3 անգամ: Դրա համար մենք էլ խմբով երիտասարդ ենք մնում:

Նարե. Իմ կյանքի 18 տարիներն այստեղ եմ ապրում: Երբ երկար բացակայում եմ ու վերադառնում, զգում եմ, թե ինչ աննորմալ էներգետիկա կա այս քաղաքում: Անծանոթ մարդն էլ օգնության կհասնի, եթե դրա կարիքը լինի:

Հովհաննես Սերոբյանը


- Նարեից խոսենք, նրա դերը մեծ է խմբում:

Հովհաննես. Նարեն մեր միակ գեղեցկուհին է, չեմ կարող այլ բառ ասել, քան ուղղակի վառ գույն: Եթե 6-ով լինեինք, խումբը մոխրագույն կմնար, Նարեն չնաշխարհիկ երեւույթ է ու հոյակապ ձայնային տվյալներով անձնավորություն:

Գեւորգ. Ես էլ նախ հիանալի ձայնային տվյալները կնշեմ: Նա իր տեսակով գժական տրամադրություն է հաղորդում հանդիսատեսին ու նաեւ մեզ էներգիա տալիս:

Վահե. Նարեն մեր ամենափոքրն է, մեր երեխան, իրեն շատ ենք սիրում, խրուստալի պես ենք վերաբերվում, որ հանկարծ չվնասվի:

- Նարե, իսկ Դուք ի՞նչ կասեք տղաների ու նրանց հետ աշխատելու մասին:

Նարե. Գեւորգն աշխարհի ամենաբարի մարդն է, նրա ժպիտից էլ դա երեւում է: Երբ իմ ընկերուհիները գալիս են համերգին, գժվում են նրա անկեղծության ու տաղանդի համար: Շատ լավ ընկեր է, ինչպես եւ մյուս բոլոր տղաները: Իսկ Հովհաննեսի հետ երբեք չես ձանձրանա, գիտեմ, որ նրա հետ հանդիպումից հետո դեմքիս մկանները ժպտալուց ցավելու են: Անգամ փորիս պռեսը դրա արդյունքում է առաջացել (ծիծաղում ենք, - հեղ.):

- Ո՞րն է ձեր խմբի նպատակը, ինչի՞ եք ուզում հասնել ու ո՞րն է վերին նշաձողը:

Վահե. Այնպես չի, որ երազել ենք Գրեմմի ստանալու մասին, ուզում ենք հնարավորինս երկար տարիներ ուրախացնել հայ ժողովրդին ու լավ տրամադրություն հաղորդել: Մարդիկ մեզ տեսնելիս ուրախանում են, մեր համերգներին ինքնամոռաց պարում, մոռանում են դարդ ու ցավի, առօրեական խնդիրների մասին: Որքան կարողանանք այդ ամենից կտրել նրանց, այնքան մեզ բավարարված կզգանք:

Հովհաննես. Կուզեմ խմբին մաղթել, որ շատ ու շատ երկար եւ առողջ կյանք ունենա, ուզում եմ տրամադրությունը միշտ տեղը լինի, որ կարողանա նաեւ այդ ամենը մատուցի հանդիսատեսին: Պետք չի, որ նրանցից պակասի «Հայաթը»:

- Այս 3 տարիների ընթացքում ինչպե՞ս է փոխվել խումբն ու աճել:

Վահե. Շատ է փոխվել թե՛ որակի առումով, թե՛ երգացանկի: Օրգանական թիմ է դարձել, մեկը մյուսին ողնաշարով է զգում արդեն: Քանի գնա, ավելի կմերվեն ու իրար ավելի լավ կհասկանան:

Հովհաննես. Այս 2,5 տարվա ընթացքում շատ բան է փոխվել իմ կյանքում էլ, խմբի կյանքում էլ: Առաջ թրաշով էի, հիմա՝ բեղերով, այն հատուկ խմբի համար է, կերպարային առումով ենք ընտրել այս իմիջը: Սկզբնական շրջանում անտաշ քար էինք, որն արդեն հղկվել է ու մինչեւ վերջ էլ հղկման կարիք կունենա: Էլի ու էլի աճելու տեղ ունենք:  

Նարե. Հին տեսանյութերը դիտելիս եմ տեսնում, թե որքան ենք աճել: Շշմեցուցիչ է, կարճ ժամանակում այսքան աշխատանք ենք տարել, ամեն մեկս գիտի ինչ անել, բոլորն իրենց  գործին տիրապետում են: Առաջ մեր նպատակը հանդիսատեսի սերը գրավելն էր, իսկ հիմա՝ պահելը:

Հովհաննես Սերոբյանը


- Համերգ, որ հիշվող է եղել ու տարբերվող դարձել:

Վահե. Ինձ համար ամենահիշվող համերգներից մեկը Թաթա Սիմոնյանի հետ էր, մեծ էներգիա կար: Նա սուպերաստղ է, ու նույն բեմի վրա հանդես գալով՝ էմոցիոնալ մեծ դաշտ էր ստեղծվել: Մեր համերգային պիկերից մեկն էր:

Գեւորգ. «Ֆիլարմոնիկ»-ում համերգը կնշեմ, որն ամենամեծն էր՝ 1300 մարդ էր ներկա: Բոլորը կանգնած պարում էին մի դահլիճում, որը նախատեսված չէ դրա համար: Այնքան երեխաներ բեմ բարձրացան:

Հովհաննես. Համերգների ժամանակ ամենաէմոցիոնալ պահերը լինում են, երբ երեխա է բարձրանում բեմ ու փաթաթվում ոտքերիդ, չեմ կարող բացատրել, թե ինչ եմ զգում: Երբ տեսնում ես երեխայի ներսում ինչ-որ բան է փոխել քո ու ընկերներիդ արածից, ուրեմն հաստատ ճիշտ ես արել:

Վահե. «Ֆիլարմոնիկ»-ում էլ այդպես եղավ. մի խումբ երեխաներ՝ 20-30 հոգի, բարձրացան ու սկսեցին «Զիզի»-ն երգել խմբի հետ, ամբողջ բեմը ճոճվում էր:



Նարե. Ինձ համար էլ «Ֆիլարմոնիկի» համերգն է, մարդիկ այնպես էին հիացած նայում, անբացատրելի էներգետիկա էր: 1300 հոգի կանգնած ծափահարում էին, դա զգալ էր պետք:

-Իսկ վա՞տ համերգը, հաստատ գոնե մեկ անգամ ինչ-որ բան նախատեսվածի պես կարող է ընթացած չլինել:

Վահե. Մի անգամ Գյումրիում համերգի վերջում լույսերն անջատվեցին. ամբողջ քաղաքն էր հոսանքազրկվել: Բայց այն վատ համերգ համարել չեմ կարող: Բոլորը միասին մոմերի լույսերի տակ կատարեցին «We Will Rock You» երգը, յուրահատուկ էր: Վերջերս որ երկրաշարժ եղավ, մերոնք այդ պահին էլ համերգի էին, ամբողջ դահլիճն ու ջահերը շարժվում էին, շատերին թվում էր՝ պարելու արդյունքում է, հետո հասկացանք, որ բավական լուրջ երկրաշարժ է եղել:

Հովհաննես. Կապ չունի ինչ կլինի՝օդում, ջրում, թե ցամաքում, պատրաստ ենք երգել:

- Իմպրովիզներն ի՞նչ տեղ ունեն ձեր խմբում:

Հովհաննես. Դրանք լրիվ անսպասելի են տեղի ունենում: Մի անգամ Գեւորգը չհասցրեց նվագել, կլառնետը պատահաբար ձեռքից ընկավ, ու նույն հատվածը ես երգեցի:

Հասմիկ Բաբայանը


- Ստեղծագործական վեճերի ժամանակ գյումրվա հումորն օգնո՞ւմ է:

Հովհաննես. Վերջին այդպիսի վեճի արդյունքում ես կորցրի իմ մորուքը, Գեւորգն՝ աջ ձեռքը (ծիծաղում են,-հեղ): Հիմնականում մեր վեճերը բարենպաստ են ավարտվում:

Վահե. Վեճերի մեջ էլ այնքան հումոր կա: Նախ ընկերներ են, բացի դրանից էլ բոլորն են հումորով օժտված, մեկից բացի, անունը չտամ (ծիծաղում են,-հեղ): Ստեղծագործական մասով զբաղվում է Ռուբեն Մխիթարյանը, իսկ նա նաեւ ՈւՀԱ-ում է խաղացել, համ էլ գյումրեցի է, պատկերացրեք՝ հումորը որքան շատ կլինի:  

-Աշխատանքի ամենաչսիրած հատվածը:

Հովհաննես. Աշխատանք չասենք: Հանուն մեր ֆերմայի՝ այդ հարցին չեմ պատասխանի (ծիծաղում են,-հեղ): Չկա հոգնեցնող որեւէ բան:

Նարե. Ճանապարհներն են, շատ ժամանակ ենք ծախսում համերգների գնալու ու վերադառնալու վրա:

- Իսկ սիրելի՞ն այդ դեպքում:

Հովհաննես. Սիրելին էլ չի հոգնում (ծիծաղում են,-հեղ): Բեմի վրա ամեն վայրկյանը սիրով ենք անցկացնում, եթե սեր չլինի, ահագին բան կկործանվի:

Նարե. Բեմում լինելն եմ շատ սիրում:

Վահե. Ինձ համար այն պահն է, երբ ամբողջ դահլիճը կանգնած ծափահարում է, ու օդում զգում ես այդ մեծ էներգիան: Ամեն անգամ պատկերացնում եմ, թե երաժիշտները բեմի վրա ինչ կզգան:

Գեւորգ. Իմ ամենասիրելի պահերից է, երբ Հովհաննեսն ինձ ներկայացնում է:

Գեւորգ Հակոբյանը


- Հովհաննես, այդ ինչպե՞ս եք ներկայացնում Ձեր ընկերներին, որ այդքան տպավորում եք:

Հովհաննես. Ասում եմ՝ փայտափողային մշակույթ, վոկալ գործիքային անսամբլ, տան հայր, երկու երեխայի մայր, կոմունալ բոլոր հարմարություններով, տաք ջուր, սանհանգույցը՝ սալիկապատ, բակում կա ավտոտնակ, կողքին՝ ծառ…  Գեւորգիս կարելի է անվերջ ներկայացնել: Նարեիս ներկայացնում եմ՝ ամենաչքնաղ, գեղեցիկ ձայնային տվյալներով օժտված անձնավորություն: Ինչքան գեղեցկությանը վերաբերվող բառեր կան, թող բոլորը նրա հասցեին հնչեն:

Գեւորգ. Ամենաէներգետիկ ու դրական լիցք հաղորդողն է մեր Հովհաննեսը:

Վահե. Ես էլ մյուսներին ներկայացնեմ: Մհեր Մարտիկյանը տեղով էներգիա է: Ոչ մի տեղ չեմ տեսել նրա պես թռվռացող բաս կիթառահար: Այնպես է մարդկանց հետ շփվում, որ չեն կարող անտարբեր նստել: Ստեղնաշարային գործիքներ նվագող Արթուր Եղիազարյանը տեղով ժպիտ է, այնքան բարություն է գալիս նրանից: Արմեն Թադեւոսյանը նվագում է հարվածային գործիքներ, Արմենը Հովհաննիսյանը՝ սոլո կիթառ: Ամեն մեկն էլ յուրահատուկ է ու դրական էներգիա ունի, որը պայթուցիկ է դառնում:

- Ի՞նչ կուզեք ձեր երկրպագուներին ասել:

Վահե. Թող միշտ ունենան լավ տրամադրություն, գումար, հավես, որպեսզի միշտ գան մեր համերգներին: Մենք էլ խոստանում ենք, որ անելու ենք ամեն ինչ, որ հաճելիորեն զարմացած ու լիքը էմոցիաներով հեռանան:  

Հովհաննես. Որ մի վայրկյան հույսները չկորցնեն ու իմանան՝ «Հայաթ Փրոջեթքը» տրամադրություն գցող ոչ մի երգ չի ներմուծի համացանց կամ հաղորդի իրենց: Թող միշտ ուրախ ու դրական երգերի սպասեն:

Գեւորգ. Լավ լինեն ու միշտ գան մեր համերգներին:

Նարե. Ես ձեզի սիրեմ գը, սիրեմ գը ես ձեզի:

Նարե Հովհաննիսյանը


- Ի՞նչն է պակասում ձեր խմբին, որն ունենալու դեպքում էլ ավելի լավ լինի:

Վահե. Պլանավորվածի պես մոտենում ենք արտասահմանյան հյուրախաղերին, մարզերում դե շատ ենք լինում: Սփյուռքի մեր լսարանին դեռ չենք ներկայացել, ուզում ենք մեր էներգիան նրանց էլ փոխանցել: Դա է մեզ միայն պակասում:

Հովհաննես. Չի պակասում ոչ մի բան, բայց լավ կլինի, որ խումբը ուղղաթիռ ու 1 մլն դոլար ունենա (ծիծաղում է,- հեղ.): Ուզում եմ, որ կապված լինենք տարբեր քաղաքներում ապրող մեր բոլոր հանդիսականների հետ, այլ բան է դիտել տեսանյութները, այլ բան՝ ներկա լինել համերգին: Սրտի տրոփյունով կսպասենք նրանց հետ շփմանը, թող սպասեն մեզ:

Գեւորգ. Մեր համերգներից մեկին Բարսելոնայից էին եկել, ասացին՝ շատ կուզեն այնտեղ էլ ելույթ ունենանք:

- Ի՞նչ կուզեք իրարից հարցնել, որ վաղուց կար մտքներիդ:

Հովհաննես. Գեւորգ, ինչքան ժամանակ է քեզ չէի հարցրել՝ ինչպես ես, վերջին անգամ առավոտ էի ասել: Հոգով շատ եմ կապված Գեւոգի հետ: Նարե, ի՞նչխ ես, կյանք:

Նարե. Լավ, կյանք, բա դո՞ւ։ Գեւ, էրեխեքին ո՞ր մանկապարտեզը կտանիս:

Վահե. Պատրա՞ստ եք սաունդչեքին, որովհետեւ մեզ են սպասում երաժիշտները:

-Եվ վերջում ունեմ 4 հարց, որոնց պետք է գրավոր պատասխանեք. ամենաշատը ո՞ր էմոջին եք օգտագործում, ամենագարնանային միրգ-բանջարեղենը, հայերեն ամենասիրուն բառն ու ձեր սիրելի երգը:

Հովհաննես Սերոբյանը, Նարե Հովհաննիսյանը եւ Գեւորգ Հակոբյանը



Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին