×


Վերականգնելով բարի ավանդույթները․ Երեւանում նշել են Ջազի միջազգային օրը

Երկու տարվա դադարից հետո Երեւանում մեծ շուքով նշվել է Ջազի միջազգային օրը։ Կասկադի բարձունքն ապրիլի 30-ին կրկին լի էր երաժշտասերներով, որոնց թվում ոչ միայն երեւանցիներն էին, այլեւ մայրաքաղաքի հյուրերը։

Երեւանի քաղաքապետարանը եւ Ջազի հայկական ասոցիացիան Գաֆէսճեան արվեստի կենտրոնի պուրակում նախաձեռնել էին բացօթյա համերգ, որի շրջանակում ելույթ են ունեցել Վահագն Հայրապետյանը, Լեւոն Մալխասյանը, Հայաստանի պետական ջազ նվագախումբը, տեղացի այլ ջազ երաժիշտներ, ինչպես նաեւ արտերկրից ժամանած անվանի կատարողներ՝ Չայնա Մոսեսը ԱՄՆ-ից, Անդրե Մանուկյանը Ֆրանսիայից եւ Տոնի Կարապետյանը Ռուսաստանից:


«2012 թվականից՝ միջոցառման հիմնադրման առաջին իսկ տարվանից, Երեւանը տոնում է Ջազի միջազգային օրը, բացառություն են եղել 2020 թվականը՝ պարզ պատճառներով եւ 2021 թվականը՝ սուբյեկտիվ պատճառներով։ Մյուս բոլոր տարիներին կազմակերպվել ու անցկացվել է շատ մեծ շուքով։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակը միշտ շատ բարձր է գնահատել Երեւանի կազմակերպած այս միջոցառումը։ Հայաստանն ընդգրկվել է տասը լավագույն երկրների ցանկում, որոնք կարողանում են այսպես նշել Ջազի միջազգային օրը»,- BRAVO.am-ի հետ զրույցում ընդգծեց Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանը։


Նրա խոսքով՝ ցանկացած միջոցառում, որ երեւանցիները սիրել են ու իրենց մշտական ներկայությամբ դարձրել քաղաքային բարի ավանդույթներից մեկը, պիտի շարունակի նշվել.«Ջազի միջազգային օրը սպասված միջոցառում է, ընդ որում՝ ոչ միայն երեւանցիների համար. տեսնում եք՝ այսօր Կասկադում հավաքված են նաեւ Երեւան ժամանած մեր զբոսաշրջիկները։ Այո, բարի ավանդույթները վերադառնում են, եւ հուսով եմ՝ երբեւիցե այլեւս պատճառ չի լինի, որ այսպիսի մեծ ու կարեւոր միջոցառումները չեղարկվեն»։


Իսկ Կասկադ համալիրում ջազի մեծ ու փոքր սիրահարների թիվն անընդհատ ավելանում էր, մարդիկ իրենց տեղն էին գտնում աստիճաններին, նստարաններին ու գետնին, միայն թե վայելեին սիրելի երաժիշտների կատարումները։ Նրանց չէր խանգարում նույնիսկ անձրեւախառը քամին, որպեսզի սպասեին մինչեւ ուշ երեկո։


Նշենք նաեւ, որ Ջազի միջազգային օրվա շրջանակում տարբեր տարիներին բազմաթիվ ջազ լեգենդներ են հանդես եկել Երեւանում, այդ թվում՝ բասկիթառահար Ռիչարդ Բոնան, սաքսոֆոնահար Չիկո Ֆրիմանը, Գրեմմիի քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան, դաշնակահար, կոմպոզիտոր Սերգեյ Մանուկյանը եւ այլք:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին