×


«Վեներան մուշտակով» հայտնվեց Համազգայինի բեմում

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի խաղացանկը համալրվել է Սերժ Մելիք-Հովսեփյանի բեմադրությամբ «Վեներան մուշտակով» ներկայացմամբ, որի գլխավոր դերերում Նարինե Գրիգորյանն ու Նարեկ Բաղդասարյանն են:

BRAVO.am-ը ներկա է եղել առաջին ցուցադրությանն ու զրուցել այն ստեղծողների հետ:

Ներկայացում «ներկայացման» մեջ

Բեմի վրա են ոչ միայն դերասանները, այլ նաեւ հանդիսատեսը, որի աչքի առաջ գլխավոր գործող անձինք կարդում են ու փորձում բեմադրել նոր ներկայացում՝ այդ ընթացքում արծարծելով ու շոշափելով կարեւոր ու նուրբ մի շարք թեմաներ:


«Վեներան մուշտակով» բազմաշերտ է ու խոր, միանշանակ հնարավոր չէ ասել, թե այն ինչի մասին է, յուրաքանչյուրն իր աշխարհայացքից ու կյանքի փորձից ելնելով նորանոր մտքեր կարող է գտնել, սակայն ներկայացման առանցքում կին-տղամարդ, տեր-ծառա, բեմադրիչ-դերասանուհի, մարդ-մարդ փոխհարաբերություններն են, որոնք շատ արագ ու անսպասելի են փոփոխվում:

«Վեներան մուշտակով» բավական բարդ ու տարբերվող աշխատանք է, բայց միաժամանակ նաեւ հետաքրքիր, այն ամեն հանդիսատեսի չէ, որ կարող է դուր գալ ու հասկանալի լինել: Մի բան հաստատ է՝ դերասաններն իրենց անկրկնելի խաղով յուրահատուկ են դարձնում ներկայացումն ու կարողանում դիտողներին կտրել իրականությունից:


Ներկայացման ենթաշերտերի ու այն ստեղծելու ընթացքի մասին պատմել են ռեժիսորն ու դերասանները:

Բեմադրիչը. Սերժ Մելիք-Հովսեփյան

- Ինչպիսի՞ն են տպավորությունները պրեմիերայից հետո, արդյո՞ք անհանգստություն ունեիք:

- Չունեի, որովհետեւ դերասաններս կատարյալ են, թեեւ բավական փորձ ենք արել, բայց մանրուքներ կային, որ չէին ստացվել: Պրեմիերայի օրն ինձ նույնիսկ զարմացրին, շատ տպավորիչ էր: Հատկապես զգացի, թե որքան է բացվել Նարեկը:

- Իմպրովիզներ արեցի՞ն, թե՞ ամեն ինչ սկզբնական տարբերակի պես էր:

- Պիեսից դուրս իմպրովիզ չկար, իրենց մեկնաբանության առումով էր: Երկխոսությունները ճիշտ հրամցնելու ու մարմնավորելու վրա շատ ենք աշխատել, պիեսն այնքան լավն է, մանրակրկիտ հաշվարկով գրված, որ իմպրովիզների տեղ շատ չի թողնում, աննշան շեղման դեպքում ամեն ինչ այլ կլիներ: Նարինեն ու Նարեկը տրվել են այս գործին ու այն իրենցը դարձնել:


- Ներկայացման մեջ նշվում է, որ բեմադրիչը դերասաններին տանջելու վարպետ է, իսկ դուք շա՞տ եք տանջել:

- Չեմ տանջել, քանի որ նման սովորություն չունեմ, սովորաբար դերասաններից շատ բան չեմ պահանջում: Իրենց էլ ասել եմ, որ նրանց հետ եմ քայլում, ոչ մի քայլ առաջ կամ հետ չեմ անում, տեսնում եմ ամեն ինչ ու օգնում, որ ստացվի: Փորձերը հաճույքով ենք արել, 2 ամիս են տեւել, բայց ոչ ամեն օր: Ամբողջական փորձ՝ սկզբից մինչեւ վերջ, մեկ անգամ ենք արել, դրա համար եմ այսքան գոհ իրենցից:

- Իսկ ինչո՞ւ եք հենց Նարինեին ու Նարեկին ընտրել այս ներկայացման համար:

- Նարինեին վաղուց գիտեմ ու միասին էլի ենք աշխատել, նա «Ագորա» թատերախմբի կազմում էլ է եղել: Պիեսը թարգմանել եմ հենց Նարինեի համար. եթե նա չլիներ, չէի անի, որովհետեւ չէի տեսնում ուրիշ մեկին, որ կկարողանա այդ կերպարում դրսեւորվել: Նարեկի փոխարեն այլ դերասան պետք է լիներ, բայց կովիդի պատճառով երկար բացակայեցի, ու նրան ընտրեցինք: Սկզբում «Վեներան մուշտակով» ընթերցումների ձեւաչափով էր, քանի որ վստահ չէին, որ պիեսը կսիրվի: Միշտ համզոված էի, որ այն կունենա իր հանդիսատեսը, թեկուզ եւ ոչ մեծ թվով: Ու հենց մարդկանց պահանջով արեցինք ներկայացումը: Պրեմիերայի հանդիսատեսը շատ ուշադիր էր, չափազնաց լուռ ու կենտրոնացած, ասես շունչ չքաշեր, քիչ եմ նման բան տեսել, հիանալի էր:


- Ի՞նչ եք ասելու դերասաններին իրենց խաղի մասին:

- Շատ բաներ ունեմ ասելու, բայց առաջին հերթին՝ բրավո ու շնորհակալություն, որ ինձ զարմացրին: Փոքր դետալներ միշտ էլ կան շտկելու: Դերասանը պետք է հաճույք ստանա բեմի վրա, դա էներգիա է տալիս: Հանդիսատեսն էլ իր բաժինն ունի այդ ամենում, բայց եթե դերասանի խաղում չտեսնի այդ ոգեւորությունը, միանգամից կձանձրանա:

Դերասանները. Նարինե Գրիգորյան, Նարեկ Բաղդասարյան

-Ինչպիսի՞ն են ձեր էմոցիաներն առաջին անգամ ներկայացումը խաղալուց հետո:

Նարինե. Սկզբից այն ընթերցանություն էր եղել ու այնքան էր սիրվել հանդիսատեսի կողմից, որ որոշվեց ներկայացում անել: Դրա համար վստահություն ունեինք, բայց միեւնույն է՝ լարվածություն էլ կար, նորից վախը ոտքից գլուխ մտնում է մեջդ: Հանդիսատեսը եռացնում է օդն, ու գիտես, թե ում համար ես խաղում: Նոր մարդ է գալիս, ինչի շնորհիվ նորովի շերտ է բացահայտվում, որը նույնիսկ փորձին չի լինում:


Նարեկ. Այս մեկը տարբերվում էր մեր ունեցած պրեմիերաներից, ինչպես Նարինեն ասաց՝ ընթերցանությունից էր ներկայացում դարձել: Արդեն տպավորություններ ստացել էինք հանդիսատեսից, բայց էլի լարվածություն կար:

- Ձեր նախորդ դեդերից այս մեկը տարբերվում էր իր ձեւաչափով ու ասելիքով:

Նարեկ. Անձամբ ինձ համար տարբերվող էր: Շատ ուրիշ պիես է, երբ առաջին անգամ կարդացի, այսպիսին չէր թվում: Նախ մեծ համարձակություն էր պետք, որ մինչեւ վերջ խրվեի այս ամենի մեջ: Գործը մի հատկություն ունի, որ քեզ կուլ է տալիս, առեղծվածային բան կա մեջը: Դե, հաճելի չէ, որ քեզ կապեն գերանին ու ապտակեն, կամ կնոջ բարձրակրունկներ հագնես: Ընթացքում ես համոզվում, որ պետք է:


Նարինե. Ներկայացման սկզբում գալիս եմ որպես ծառա, նա ռեժիսոր է ու ավելի ազդեցիկ, բայց կամաց դերերը փոխվում են, մեր հասարակության մեջ էլ այդպես է: Բացի այդ էլ դարեր շարունակ կնոջը միայն տղամարդու տեսանկյունից են տեսել: Գործը տարբեր ենթաշերտեր ունի, ես սիրում եմ այն, որ բեմադրիչը հոգեբանական խնդիրներ ունի, օգտվում է վեպից իր խնդիրներն առաջ բերելու համար եւ այդ նպատակով օգտագործում է դերասաններին: Նման բան սերիալներում են անում, ապուշ սցենարներ գրում, քանի որ ամուսինն իրենց ծեծում է, բոլոր կայանք նման բախտի են արժանանում: Բայց ամեն մեկն ինքն է ընտրում, թե ներկայացման որ շերտը տեսնի:

- Ի՞նչ տվեց ձեզ այս ներկայացումը:

Նարեկ. Դեր, որը շատ հաճույքով եմ խաղում, բացի այդ էլ Նարինեի հետ երկուսով ենք, խանգարող մարդ չկա: Կյանքում դուետ չէի խաղացել, ինձ համար շատ հետաքրքիր էր: Շատ բազմաշերտ է ներկայացումը, դժվար է ասել, թե այն ինչի մասին է, ամեն նախադասության մեջ նոր ինչ-որ մի բան կա:


Նարինե. Ինձ համար էլ Նարեկի հետ խաղալը մեծ հաճույք է: Այս ներկայացման մեջ զուգընկերոջից շատ բան է կախված, լարախաղացների պես ենք, իրարից բռնվում ենք, որ առաջ գնանք: Գերագույն հաճույք էր նաեւ աշխատել Մելիք-Հովսեփյանի հետ, նրա ամեն արձագանքը, խոսքը կարեւոր էին: Վերջերս շատ եմ բեմադրել ու ինձ պետք էր լցվել նոր գույներով, նոր փորձառություն ձեռք բերել: Նա ինձ համար այնքան խորություններ բացահայտեց, որոնք նաեւ դաս էին:

Նարեկ. Ամեն ռեժիսոր իր յուրահատկությունն ունի, Սերժի հետ ասես գիտական աշխատանք տանեինք, քիմիա կամ ֆիզիկա ուսումնասիրեինք:

Նարինե. Ամեն փորձին գիտակցում էինք, որ գալու ենք ու Սերժը մեզ համար նոր աշխարհ է հայտնաբերելու: Շատ հետաքրքիր է՝ երբ բարդ պիես է, ու տեսնում ես՝ որքան տաղանդավոր է գրված, ամեն օր նոր բան է դուրս գալիս ընդերքից:

Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Շուշան Անտոնյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW