×


«Չուչել»-ի պրեմիերան, դերասանների խոստովանությունն ու բուլլինգի դեմ պայքարի կարեւորությունը

Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի եւ շվեդական «Գլոբալ թու լոքալ» կազմակերպության համագործակցության արդյունքում հանդիսատեսին հանձնվեց «Չուչել» ներկայացումը: Այն Վլադիմիր Ժելեզնիկովի «Խրտվիլակը» վիպակի հիման վրա է բեմադրված ու արծարծում է դեռահասների եւ դպրոցականների շրջանում շատ տարածված բուլլինգի թեման:

«Չուչելը» ներկայացում է այն մասին, թե որքան դաժան ու անսիրտ կարող են լինել երեխաներն ու անգամ առանց շատ բաներ գիտակցելու ցավ պատճառել իրենց հասակակիցներին:

Դրամատիկականի բեմում այդպիսի մի պատմություն էր 6-րդ դասարանցիների մասին, որոնք իրենց մոտ տեղափոխված նոր աշակերտուհուն տալիս են Չուչել մականունն ու յուրովի ընդունում նրան իրենց շրջապատ՝ չմոռանալով հարմար առիթի դեպքում ծաղրել ու կատակներ անել նրա հասցեին: Այդ ամենն աշակերտները պարտադիր տեսանկարահանում են ու նաեւ որպես շանտաժի միջոց օգտագործում:



Երեխաներից ամեն մեկն ունի իր մականունը՝ Ջոստիկ, Կուկլա, Ժուչոկ, Խուճուճ, ու գործում են դրանց համահունչ: Չուչելն իր բարությամբ ու բոլորին սիրելու կարողությամբ, Ջոն Լենոնի երգերը յուրովի մեկնաբանելու ունակությամբ միանգամից տարբերվում է բոլորից, ինչն էլ արդյունքում բարդացնում է նրա կյանքը: Դա էլ բավական չէ, նա սիրահարվում է իր համադասարանցի Ռոմանին: Ու այդ ամենը նկատել ու երեխաներին օգնել ունակ չէ ամուսնանալ պատրաստվող ուսուցչուհին՝ ընկեր Մարգարիտան:

Ներկայացման շատ մանրամասներ չենք բացահայտի, որպեսզի դիտեք ու սեփական պատկերացումը կազմեք: Փոխարենը BRAVO.am-ը ներկայացման ստեղծագործական փնտրտուքների ու դերասանների ապրումների մասին զրուցել է հենց նրանց հետ:

Իրինա Ալեվերտ («Գլոբալ թու լոքալ» կազմակերպության նախագահ, ներկայացման գաղափարի համահեղինակ)

Ներկայացումը շատ հուզիչ է, որովհետեւ ներսից ես տեսնում դպրոցներում տիրող իրավիճակն ու հասկանում՝ ինչ ապրումներ կարող են ունենալ երեխաները: Ծնողներն ու ուսուցիչներն այդ ամենը շատ դեպքերում չեն էլ նկատում, մինչդեռ այն կարող է տարբեր վատ իրավիճակների հանգեցնել: Բուլլինգը թաքուն է տեղի ունենում. այդ երեւույթի մասին վախենում են խոսել ու բարձրաձայնել:

Մեզ համար կարեւոր է նաեւ կրթական ու մշակութային ծրագրերով կիսվել մեր գիտելիքներով բուլլինգի մասին, օգնել կրթել ուսուցիչներին ու ծնողներին, որ նման իրավիճակները շուտ տեսնեն եւ անհարժեշտության դեպքում երեխաների կողքին լինեն:

Գրիգոր Խաչատրյանը եւ Իրինա Ալեվերտը


Ներկայացումն առաջին հերթին մեծահասակների համար է, որ ճիշտ սերունդ դաստիարակեն: Թեպետ թատրոնը տարիքային շեմ սահմանել է 12-ից բարձր, բայց կարծում եմ, որ այն ավելի մեծ տարիքից է պետք սկսել դիտել:

Ցանկացած փոփոխություն հասարակության մեջ սկսվում է երեխաներից, որ նրանք սովորեն միմյանց հարգել, եթե անգամ տարբեր են ու տարբեր կարծիք ունեն, ատելություն չսերմանեն: Այս փոքր քայլերը կկրթեն մի նոր սերունդ, որը  համերաշխություն կբերի ու կհարգի միմյանց:

Էմմա Մանուկյան (Չուչելի դերակատար ու պիեսի համահեղինակ)

Կստեմ, եթե ասեմ՝ ամեն ինչ շատ հեշտ էր: Ամենաբարդը դպրոցական տարիքի կերպար մարմնավորելն էր ու վերադառնալ սաղմնային վիճակին, երբ առաջին անգամ սիրահարվում ես, տղան ձեռքդ բռնում է, հուզվում ես:

Հիմա դժվար է խոսել, որովհետեւ ներկայացումը դեռ նոր է ավարտվել, ու երկար ժամանակ տպավորությունների ներքո կլինենք: Ծանր աշխատանք էր, բայց կարծում եմ՝ հաջողվել է:


Առաջին անգամն էր, որ ներկայացման համահեղինակի դերում եմ: Ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը գրել էր պիեսի առաջին տարբերակը, երբ այն ու վեպը կարդացի, անկախ ինձնից սկսեցին մտքեր առաջանալ, ու որոշեցինք ստեղծել պիեսի լրիվ նոր տարբերակ:

Ամեն ինչ փոխեցինք, շատ հետաքրքիր ու էմոցիոնալ աշխատանք էր: Առաջին գրական փորձս էր, նույնիսկ չէի էլ մտածել, որ գրելու մեջ այդքան կրակ կա, կարծում էի՝ դա միայն բեմի վրա է լինում: Բայց պարզվում է, որ թուղթ ու գրիչով էլ կարելի է էմոցիոնալ լինել:

Լեւոն Հախվերդյան (Ռոման)

«Չուչելը» կարեւոր բան ունի իր մեջ, որը մինչ այս իմ խաղացած ներկայացումները չէին ունեցել: Այն իր բարձրացրած խնդրով ինձ հուզում ու շատ անհանգստացնում է: Այս գործը կրկնակի պատասխանատվություն է պահանջում, որ կարողանանք իրավիճակը ճիշտ ներկայացնել, ու հանդիսատեսն իրական պատկերացում կազմի, թե ինչ վտանգավոր բաներ կարող են տեղի ունենալ դասարաններում, որոնք հետագայում էլ կարող են իրենց ազդեցությունն ունենալ մարդու կյանքի վրա: Մինչ այս բուլլինգ տերմինին ծանոթ չէի, անգամ մտածում էի՝ նորմալ է, երբ որեւէ մեկին նեղացնում են:


Երբ Իրինան միայն թատրոնի աշխատակիցների համար սեմինար անցկացրեց բուլլինգի մասին, բոլորս սկսեցինք հիշել մեզ հետ տեղի ունեցած նման դեպքեր: Առաջիկայում մի նախագիծ ենք անելու, որը հիմնված է լինելու մեր սեփական ու իրական պատմությունների հիման վրա:

Դերը խաղալուն ինձ մոտիվացրել է խնդրի խորքը հասկանալը, այդ ժամանակ եմ միայն պատկերացրել, թե ինչպիսին պետք է լինի ու երեւա իմ մարմնավորած Ռոմանը՝ այդ կեղծ բարեպաշտը, կեղծ ընկերը: Թեեւ նրան համակրում են, բայց սրիկա է: Վախի պատճառով իր մեղքը գցում է ուրիշի վրա, արդյունքում այն լուրջ հետեւանքներ է ունենում ուրիշի կյանքի վրա:

Որպեսզի վաղը լավ ապրենք, պետք է դպրոցներից սկսենք ու ճիշտ քաղաքացիներ դաստիարակենք:

Լիդիա Գրիգորյան (Ջոստիկ)

Իմ խաղացած դերերից տարբերվում է ամեն ինչով, սա իմ առաջին, թեեւ չեմ սիրում այդպես ասել, բայց բացասական դերն է: Թատրոնում աշխատում եմ արդեն 17 տարի, բայց նման կերպար չէի խաղացել: Շատ բարդ էր հավաքել ու բացել կերպարի ներքին վիճակը, հանդիսատեսն ասում է, որ ստացվել է:


Ներկայացման կարեւոր ուղերձը ծնողների եւ ուսուցիչների համար է, որ տեսնեն՝ երեխաներն իրենից զատ ինչ կյանքով են ապրում, սթափվեն ու հիշեն իրենց մանկությունը, ավելի զգոն եւ ուշադիր լինեն:

Իմ երեխաներին փորձում եմ ճիշտ դաստիարակել: Ավագ որդիս թատրոն է գալիս, ներկայացումներ դիտում ու ծանոթանում տարբեր մարդկանց հետ: Մնացածը կյանքի ընթացքում կսովորի ու ճիշտ ընտրություն կկատարի:

Նիկոլայ Ավետիսյան (Ժուչոկ)

Կարեւոր ներկայացում է բոլորի համար, այս խնդրի մասին շատ քիչ է խոսվում, ու պետք էր նաեւ արվեստի լեզվով անդրադառնալ: «Չուչել»-ից հետո մարդիկ գուցե ինչ-որ չափով կփոխվեն, կմտածեն, ուշադիր կլինեն:

Մենք փորձել ենք ցույց տալ, թե ինչ է կատարվում դասարանում փակ դռների հետեւում, երբ ուսուցիչներն ու ծնողները գնում են, ու աշակերտները մնում են միասին: Դա կօգնի իրավիճակին կողքից նայել, մտածել ու ուղղվել:


Դպրոցական տարիքում շատ բան չես հասկանում, թե ինչ է կատարվում: Երբ առաջին անգամ ծանոթացա գործին, միանգամից հիշեցի իմ մանկությունը, ինքս էլ եմ բուլլինգի ենթարկել: Հիմա շատ եմ զղջում ու չեմ կարողանում ինձ ներել, ամեն անգամ ուզում եմ զանգել այդ մարդուն ու ներողություն խնդրել: Համարձակությունս դեռ չի ներում, բայց այդ ճանապարհին եմ, ինձ համար կարեւոր է դա անել:

Դիանա Մալենկո (Կուկլա)

Ներկայացման վերջում բոլորը զղջում են իրենց արածների համար, ինչից հուզական վիճակում ենք հայտնվում: Դրա համար պրեմիերայի ավարտից հետո էլ այդ էմոցիաներն ունենք: Մեր կարեւոր ուղերձը բուլլինգի դեմ պայքարն է, դրա բանալին սերն է, որին անդրադարձել ենք վերջին հատվածում:


Մարիամ Ադամյան (ընկեր Մարգարիտա)

Արձագանքները տեսնելով՝ այն, ինչին մենք ուզում էինք հասնել, ստացվել է: Հետաքրքիր խմբային գործ էր, նույնիսկ մեկ հոգու թերացումը կարող էր ամբողջ աշխատանքը տապալել: Միասին ստացանք այն, ինչ պետք էր ու ինչի կարիքը կար:

Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Հրանտ Մարինոսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW