×


«Ներկայացումն ինձ բուժել է»․ «Վուլվա»-ի պրեմիերան ու դերասանուհիների խոստովանությունները

Կին, սեքս, սեռական դաստիարակության պակաս, երեխաների հանդեպ բռնություններ, սիրո եւ ուշադրության պակաս, չբավարարված ցանկություններ եւ այս ամենի հետեւանքով խեղված ճակատագրեր. Վատ թատրոնի նոր՝ «Վուլվա» ներկայացումն անդրադառնում է այս խնդիրներին՝ առաջարկելով խոսել այն արատավոր երեւույթների մասին, որ կան մեր հասարակության մեջ, բայց որոնց մասին գրեթե չի բարձրաձայնվում։

Երիտասարդ ռեժիսոր Միքայել Աթասունցն իր հեղինակած պիեսի հիման վրա էքսպերիմենտալ ներկայացում է բեմադրել՝ ներգրավելով երկու դերասանուհու՝ Տաթեւ Թարյանին ու Անի Քիթափսզյանին։ BRAVO.am-ի հետ զրույցում Միքայելը պատմեց, որ ավելի քան տասը տարի է՝ միմյանց ճանաչում են, քանի որ նույն համալսարանում են սովորել, ինքը՝ որպես ռեժիսոր, աղջիկները՝ որպես դերասաններ։ Ասում է՝ միմյանց հասկանալը շատ հեշտ է ստացվել, քանի որ Թատերական ինստիտուտում նույն վարպետի՝ Վահե Շահվերդյանի մոտ են սովորել։

Անի Քիթափսզյանը եւ Տաթեւ Թարյանը


«Ամիսներ շարունակ գլխումս պտտվում էր ներկայացման միտքը, քանի որ անպայման ուզում էի անդրադառնալ կնոջ ֆիզիոլոգիական, հոգեբանական ու սեռական խնդիրներին՝ ոչ թե լուծումներ գտնելու, այլ ուղղակի կյանքին վարդագույն ակնոցներով չնայելու համար։ Կարծում եմ՝ եթե բեմում խնդիր ենք բարձրացնում, ապա դա պետք է մարդկանց հետաքրքրի, արդիական լինի: Եվ պարտադիր չէ՝ թեման միայն Հայաստանում կատարվողին վերաբերի, այն կարող է նաեւ համամարդկային լինել։ Այս դեպքում անդրադարձել ենք այն խնդրին, որ Հայաստանում երեխաների նկատմամբ բռնությունների թիվը նվազման միտում չունի՝ աղքատության բարձր ցուցանիշին զուգահեռ, ավելին՝ նորանոր դրսեւորումներ է ստանում: Փորձել ենք ցույց տալ, թե դա ինչ հետեւանք կարող է ունենալ երեխայի հասունացման եւ որպես անհատականություն հետագա ձեւավորման վրա»,- նշեց ռեժիսորը։

Միքայել Աթասունցն


Նորարարական փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) կայացած պրեմիերան ամենատարբեր էմոցիաների պակաս չունեցավ թե՛ ստեղծագործական թիմի, եւ թե՛ հանդիսատեսի համար։ Արդյունքում խառնաշփոթ մտքեր էին, ներքին երկխոսություն, ինչուների պատասխանները փնտրելու փորձեր։ Իհարկե, թեման միանշանակ ընդունվողներից չէր:

Դերասանուհիներին հանդիպեցինք ներկայացման ավարտին, երբ նրանք ետնաբեմում դեռ հանդիսատեսի շնորհավորանքներն էին ստանում։ Տաթեւ Թարյանը խոստովանեց, որ թեմայի մասին խոսելն իր համար ի սկզբանե բարդ ու փոքր-ինչ անհասկանալի է եղել, քանի որ լավ մանկություն է ունեցել, շրջապատված է եղել իրեն սիրող ու պաշտպանող մարդկանցով.«Բայց երբ թեմային առնչվող պատմություններ ես լսում, հետո էլ պարզում, որ քո շրջապատում էլ կան այսպիսի մարդիկ, ամեն ինչ այլ է դառնում։ Մարմնավորում էի մի կնոջ, որը սիրո, ուշադրության, ամենակարեւորը՝ սեռական դաստիարակության ու մայրական խնամքի պակաս ունի։ Հաճելին այն է, որ միայն մենք չենք անդրադառնում նմանատիպ խնդիրներին․ մոտ մեկ տարվա մեր նախապատրաստական աշխատանքների ընթացքում հաճախ ենք լսել, որ տարբեր թատրոններում նույնպես բարձրաձայնում են այս տեսակ թեմաների մասին»։

Տաթեւ Թարյանը


Անի Քիթափսզյանն էլ նշեց, որ ներկայացումը շատ խոր հոգեբանական շերտեր ունի, եւ խնդիրը միայն մի կողմից դիտարկելը սխալ կլինի․«Նպատակն այն է, որ չլռենք, ու փոքր խնդիրը մեծ ողբերգություն չդառնա, ամեն մարդ այսպիսի վախճան չունենա իր մեջ։ Փորձել ենք ինչքան հնարավոր է էսթետիկ ու ընկալելի ձեւով խնդիրը ներկայացնել, որ մարդիկ ոչ թե փախչեն դրանից, խուսափեն, աչք փակեն կամ քննադատեն, այլ մտածեն՝ իսկ ի՞նչ, եթե այդպիսի խնդիր կա, պարզենք ու լուծում գտնենք, որ իրավիճակի զոհերը չամաչեն բարձրաձայնել կատարվածի մասին, չվախենան ու չլռեն»։

Անին նաեւ խոստովանեց՝ թեեւ ներկայացվող խնդիրը չի ունեցել, բայց կնոջ հոգեբանական խնդիրների այլ շերտերի հետ առնչվել է, որոնցից է ինքնագնահատականի անկումը.«Այս մարդիկ ինձ շատ են օգնել, կարող է տարօրինակ հնչել, բայց ներկայացումն ինձ բուժել է, իմ ինքնագնահատականը բարձրացել է»։


Ներկայացման հեղինակները հավելեցին, որ միայն առաջնախաղով չեն սահմանափակվելու, այնպես որ, բեմում հնչող անկեղծ երկխոսություններն ու մտածելու տեղիք տվող պատմությունները լսելու համար շտապեք ամրագրել «Վատ թատրոնի» ձեր տեղերը, միայն թե դիտելուց առաջ մոռացեք դասական թատրոնի ձեւաչափերի ու բեմական խոսքի ծանոթ հնչողության մասին:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին