×


Լուսանկարը՝ president.am

Ռիչարդ Թեյլերի «Սխալ վարքագիծ» գիրքը հայ տնտեսագետներին կօգնի խուսափել սխալներից

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 5-ին Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ ընկերության PMI Science գիտահետազոտական կենտրոնում ներկա է գտնվել Ռիչարդ Թեյլերի «Սխալ վարքագիծ» գրքի շնորհանդեսին: Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռիչարդ Թեյլերի գիրքը խմբագրել է նախագահ Վահագն Խաչատուրյանը, իսկ անգլերենից թարգմանել՝ Նունե Գաբրիելյանը:

Տնտեսագիտության կենտրոնական խաղացողը սխալների հակում ունեցող, կանխատեսելի մարդն է՝ արմատական այս գաղափարն է ուսումնասիրել ու ներկայացրել Ռիչարդ Թեյլերն իր «Սխալ վարքագիծ» գրքում։ Այն հետաքրքրաշարժ պատմություն է ակադեմիական գիտակարգերը վերանայելու եւ տնտեսագիտության, ինքներս մեր ու աշխարհի վերաբերյալ մեր մտածելակերպի փոփոխության մասին: Գիրքը հրատարակել է «Անտարես» մեդիա հոլդինգը, տպագրության մեկենասն է «Ապավեն» ընկերության տնօրեն, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։


Միջոցառման անցկացման վայրը պատահական չէր ընտրված։ Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնն իր ուրույն ներդրումն ունի երկրում գիտության զարգացման մեջ։ Կենտրոնը ներկայումս համագործակցում է տեղական հետազոտական ինստիտուտների եւ համալսարանների հետ, ինչպես նաեւ աջակցում գիտական ու կրթական էկոհամակարգը զարգացնող ծրագրերին։ Գիտահետազոտական կենտրոնը հիմնել է 2018 թվականին՝ բարձր գնահատելով Հայաստանում գիտական հարուստ ժառանգությունը եւ տեխնոլոգիական զարգացման մեծ ներուժը։ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի կորպորատիվ հարցերով, գիտական ներգրավման ու ինովացիաների գծով կառավարիչ Վահե Դանիելյանը, ներկայացնելով բանախոսներին, ընդգծեց՝ իրենք մշտապես պատրաստակամ են մասնակցել ու աջակցել նման նախագծերի կայացմանը, նաեւ կարեւորեց հետագա նախաձեռնությունների մասով համագործակցությունը։


Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը նշել է, որ համալսարանը, լինելով ինժեներական կրթության եւ գիտելիքի կենտրոնատեղի, ողջունում է նմանօրինակ միջոցառումները: «Այս գրքում, ըստ էության, այնպիսի մոտեցումներ կան, որոնք ոչ ֆորմալ են եւ գիտության, փիլիսոփայության, հոգեբանության համադրության արդյունքում են ծնվել», -ասել է ռեկտորը:

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշել է, որ հպարտ է հերթական գրքի տպագրությանն աջակցելու համար.«Այն, ինչ այսօր հասարակությանը չի բավականացնում, ամբողջովին չի հերիքում, հիմնականում գալիս հասնում է գիտությանը, գիտելիքին ու կրթությանը: Ուրախ եմ, որ գիրքը տպագրվեց, ուրախ եմ, որ մեր վաղեմի բարեկամ, այժմ գործող նախագահ Վահագն Խաչատուրյանն է այն խմբագրել»:


«Անտարես» մեդիա հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանն էլ նշել է, որ ցանկացած գիրք մինչեւ չներկայացվի մայրենի լեզվով, հասարակության լայն շրջանակի կողմից դժվար ընկալելի կլինի.«Մենք փորձում ենք տարբեր բնագավառների համար հայերենի բառապաշար ստեղծել, ամենակարեւորն այն է, որ վաղվա ուսանողի, գիտնականի մտքում հայերենը լինի»:

Նախագահ Խաչատուրյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել հրավերի համար եւ նշել, որ գրքի խմբագրման ընթացքն իր՝ որպես տնտեսագետի համար շատ կարեւոր է եղել, եւ որոշ երեւույթների սկսել է այլ դիտանկյունից նայել: Նախագահ Խաչատուրյանը գրքի խմբագրման աշխատանքներն իրականացրել էր նախքան պետական բարձր պաշտոն զբաղեցնելը:


Նախագահը հույս է հայտնել, որ «Սխալ վարքագիծը» սեղանների գիրք կդառնա եւ պարզապես չի մնա գրադարակներում: Իր խոսքն ուղղելով տնտեսագետներին, գործարար համայնքի ներկայացուցիչներին՝ Վահագն Խաչատուրյանն ասել է.«Սա ավելի շատ գիրք է ձեզ համար։ Գրքում կգտնեք շատ հարցերի պատասխաններ, որոնք հնարավոր է փնտրում եք ձեր բիզնես գործունեությունն իրականացնելու ընթացքում, հարցերի պատասխաններ, թե ինչու սա այսպես ստացվեց կամ չստացվեց»։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին