×


Գողացել են Կամերային թատրոնի օդորակիչները. ներկայացումները դադարեցված են

«Կամերային թատրոնի օդորակիչները գողացել են: Ով եւ ինչպես՝ դեռեւս հայտնի չէ, բայց դա շատ է բարդացնում մեր աշխատանքը: Դահլիճում՝ այն էլ լիքը հանդիսատեսով, հնարավոր չէ ներկայացում խաղալ: Մենք ստիպված ենք ժամանակավոր դադար վերցնել, լուծել բոլոր խնդիրները եւ վերադառնալ: Մայիսի 20-ից սկսած՝ բոլոր ներկայացումներն անժամկետ հետաձգվում են»՝ այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Երեւանի պետական կամերային թատրոնն իր ֆեյսբուքյան էջում։

Ե՞րբ է տեղի ունեցել դեպքը, արդյո՞ք տեսախցիկները չեն ֆիքսել գողություն կատարողներին, ոստիկանությունում նյութեր նախապատրաստվո՞ւմ են, կամ խնդրի շուտափույթ լուծման ի՞նչ տարբերակներ են քննարկվում՝ այս հարցերի շուրջ մանրամասներ պարզելու համար BRAVO.am-ը զրուցել է թատրոնի տնօրեն եւ ռեժիսոր Լուսինե Երնջակյանի հետ։

«Դեպքը մայիսի 12-ի գիշերն է եղել, տեսախցիկներ կան, բայց գողություն անողները գլխարկներով են եղել, առանձնապես շատ բան չի երեւում։ Իրականում ոչ ոք թատրոն չի մտել, գողությունը դրսից են կատարել. արտաքին պատերին ամրացված համակարգերն են տարել։ Ամեն դեպքում ոստիկանությունն արդեն ունի որոշակի հիմքեր, որոնց վրա աշխատում է, նյութեր են նախապատրաստվում, ասում են՝ կարող են եղածի հիման վրա փորձել գտնել այդ անձանց։ Հիմա հույսով սպասում ենք»,-նշել է թատրոնի տնօրենը:

Որոշել են մայիսի 20-ից հետո անժամկետ դադարեցնել ներկայացումները, նույնիսկ հունիս ամսվա խաղացանկը դեռ չեն ներկայացրել, քանի որ օդի ջերմաստիճանն օր օրի բարձրանում է, իրենց դահլիճն էլ փոքր է, հնարավոր չէ առանց օդափոխության այնտեղ հանդիսատես ընդունել:

«Մենք, իհարկե, կարող ենք խաղալ, բայց մարդիկ շատ կնեղվեն։ Այս ընթացքում փորձելու ենք ինչ-որ լուծում գտնել։ Խնդիրն այն է, որ, ցավոք, մեզ մոտ տեղադրված համակարգը շատ թույլ է եղել եւ չի ապահովել անհրաժեշտ օդափոխությունն ամառվա ամենաշոգին։ Հիմա մտածում ենք այնպես անել, որ եթե վերականգնում ենք, ապա՝ պատշաճ մակարդակով։ Որովհետեւ նույնը ոչ ավելի, քան տասնհինգ օր է մեզ համար օդափոխություն ապահովելու, հետո նորից խնդրի առաջ ենք կանգնելու։ Իսկ նոր համակարգ տեղադրելու համար բավական մեծ գումար անհրաժեշտ կլինի, թատրոնը ոչ մի կերպ չի կարող դա ինքնուրույն իրականացնել։ Հիմա ճանապարհներ ենք փնտրում խնդիրը պատշաճ կերպով լուծելու համար»,- ասել է Լուսինեն:

Կամերային թատրոնն առաջիկայում էլ փակ չի լինելու, շարունակելու է աշխատել, փորձեր են իրականացվելու, միայն թե հանդիսատես ընդունել առայժմ չեն կարողանա։ Լուսինե Երնջակյանն ասում է՝ որեւէ նորության դեպքում անմիջապես տեղյակ կպահեն նոր հայտարարությամբ ու կշտապեն հրապարակել սպասվող խաղացանկը։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարը՝ Կամերային թատրոնի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին