×


Շնչող արվեստը՝ Սիրահարների այգում. Մինասի, Գառզուի եւ Հակոբ Հակոբյանի կտավները կենդանի քանդակներ են դարձել

Տարբեր թանգարաններ այցելելիս, ամենահայտնի ու խոսուն կտավներին նայելիս հաճախ եք, չէ՞, մտովի պատկերացրել, թե ինչպես կարող էին կենդանանալ այդ տեսարաններն ու կերպարները։ «Շնչող արվեստ» նախագծի հեղինակները ոչ միայն պատկերացրել, այլեւ իրականություն են դարձրել իրենց մտքերը՝ Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուից երեք աշխատանք ցուցադրելով ինքնատիպ ներկայացում-ինստալյացիաներով։ Մայիսի 21-ին Սիրահարների այգում կենդանի քանդակներ էին դարձել Մինաս Ավետիսյանի «Ջաջուռ» (1960 թ.), Հակոբ Հակոբյանի «Հայելիով կինը» (1969 թ.) եւ Ժան Գառզուի «Ալ սենյակ» (1974 թ.) կտավները:


Նախագիծը կյանքի են կոչել ԱՄՆ դեսպանության կրթական ու ճանաչողական ծրագրերի մի խումբ շրջանավարտներ՝ Գեղագի¬տության ազգային կենտրոնի տնօրեն,  ԳԱԿ Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ բեմադրիչ Վահան Բադալյանի գլխավորությամբ։ Հենց Փոքր թատրոնի դերասաններն էլ ընդգրկված էին երեք ներկայացումներում։ BRAVO.am-ի հետ զրույցում Վահան Բադալյանը նշեց, որ այսօրինակ առաջին նախագիծն իրականացրել են դեռեւս 2018 թվականին, երբ ընդգրկված էին Հայաստանի վեց թանգարաններ։ Մի քանի տարվա դադարից հետո որոշել են շարունակել գաղափարը, քանի որ առաջին փորձը հաջողություն է ունեցել եւ մեծ հետաքրքրություն վայելել այցելուների շրջանում:


«Այս անգամ Ժամանակակից արվեստի թանգարանից ընտրեցինք աշխատանքները, քանի որ լրանում է թանգարանի 50-ամյակը եւ հիմնադրի՝ Հենրիկ Իգիթյանի 90-ամյակը։ Փորձել ենք տեսողական ու կատարողական արվեստների միջոցով, բոդի արտի, վիդեո արտի տարրերով շունչ տալ կտավներին։ Նպատակն է հանրահռչակել մշակութային ժառանգությունը, թանգարաններին ցույց տալ, որ իրենց ներկայացրած գործերը միայն պատերի մեջ չեն կարող լինել, այլեւ պիտի դուրս գան ուրիշ տարածքներ։ Թատերական արվեստով զբաղվողներին էլ ցույց տանք, որ թատրոնի պատերից դուրս էլ կարող են ստեղծագործել»,- ընդգծեց Բադալյանը։


Սիրահարների այգու տարբեր հատվածներում բազմաթիվ այցելուներ դիտում էին, թե ինչպես են շարժման մեջ մտնում իրենց ծանոթ կտավներն ու դրանց հերոսները, իսկ փոքրիկ բեմահարթակների կողքին տեղադրված ցուցանակների վրա գրված էին ներկայացված աշխատանքների ստեղծման պատմությունները։


 «Շնչող արվեստ» նախաձեռնության անցկացմանն ինչպես նախորդ անգամ, այս անգամ եւս աջակցում է ԱՄՆ դեսպանությունը։ Այդ առիթով միջոցառմանը ներկա էր նաեւ ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լայթինենը:

«Պարզապես ապշեցուցիչ է, որ դերասանները կենդանություն են հաղորդում արվեստի գլուխգործոցներին։ Հայաստանը մշակույթով լի, արվեստագիտական բարձր մակարդակ ունեցող երկիր է, ուստի մենք փորձում ենք ամեն ինչ անել ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ մշակութային կապերն էլ ավելի ամրացնելու համար։ Այսինքն՝ ոչ միայն աջակցել, որ ԱՄՆ-ից արվեստագետներ գան այստեղ, այլեւ արվեստին ու մշակութային կապերին զարկ տալ փոխգործակցությամբ»,- ասաց փոխդեսպանը։

Ռեժիսոր Վահան Բադալյանը եւ ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լայթինենը


Նշենք նաեւ, որ «Շնչող արվեստ» նախագիծն առաջիկայում եւս երկու ներկայացում է ունենալու։ Վահան Բադալյանի ղեկավարած թատերախումբը նոր կտավների է կենդանություն հաղորդելու մայիսի 25-ին՝ Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում, եւ մայիսի 29-ին՝ Գյումրիի Ձիթողցոնց տուն-թանգարանում: Միջոցառումների մուտքն ազատ է։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին