×


«Վախեր կային, բայց առաջնային նպատակն իրագործված է». Արուսիկ Մկրտչյանն ամփոփել է «Ի գործ»-ի առաջին փուլը

BRAVO.am-ը դեռ փետրվարին պատմել էր, որ Արուսիկ Մկրտչյանը նախաձեռնել է «Ի գործ» բարեգործական արշավը, որի շրջանակում, իր հիմնական զբաղվածությանը զուգահեռ, տարբեր կազմակերպություններում մեկ օր աշխատելով՝ ստացած հասույթը փոխանցում է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին (HFC Armenia), որն օգնում է առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաներին։

Արշավի առաջին փուլը նա ամփոփել է գաղափարակիցների հետ երեկույթի ժամանակ: Մեզ հետ զրույցում էլ անկեղծացել, որ նախագիծը սկսելիս անգամ չէր մտածում, որ այդպիսի հաջողություն կգրանցի.«Չէի պատկերացնում, որ այսքան շատ կազմակերպություններ հետաքրքրված կլինեն: Սկզբում, բնականաբար, վախեր կային, իսկ հիմա մեծ ոգեւորություն եմ ապրում: Հաջողելը միայն իմ անձի հետ կապված չէ, այլ նաեւ բոլոր այն մարդկանց, ովքեր օգնել են, մասնակից են դարձել, աջակցել են ու գիտեն, որ նպատակին է ծառայելու: Եթե չլինեին շատ համախոհներ, չէր ստացվի արշավը, ու շնորհակալ եմ բոլորին»:


Արուսիկը հասցրել է աշխատել 59  կազմակերպությունում՝ ստանձնելով ամենատարբեր պարտականություններ: Առաջին աշխատավարձը կազմել է 35 000 դրամ, որից 5000-ը՝ մաքրություն կատարելու համար: Նա ժպիտով է հիշել բոլոր աշխատանքները: Իսկ հավաքված գումարով 340 երեխա երկու ամիս կստանա անհրաժեշտ դեղորայք։


«Առաջնային նպատակը 5 մլն դրամ հավաքելն էր այս փուլում, եւ այդ շեմն անցանք. 4 493 350 դրամ հավաքվեց կազմակերպություններում աշխատանքներիս դիմաց, որին գումարվեց ամփոփիչ միջոցառման ընթացքում իրականացված աճուրդի հասույթը»,-նշել է նա եւ հավելել, որ բարեգործական այս արշավի երկրորդ փուլը չի ուշանա:


Միջոցառման ժամանակ ներկաների համար հումորով հագեցած աճուրդները եւ 21 նվեր-փաթեթի խաղարկությունն իրականացրին Արուսիկը եւ Նարեկը Մարգարյանը, դե իսկ լավ տրամադրությունը վստահված էր երաժիշտներ Միքայել Ոսկանյանին, Արամ Գալստյանին, DJ Georgio-ին եւ DJ Guevo-ին։

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/ եւ «Ի գործ»-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին