×


Մայր թատրոնի նոր ներկայացումը, Ա. Էլբակյանի առանց սեթեւեթանքի խոսքն ու պրեմիերայի հյուրերը

«Արթուրո Ուիի կարիերան, որ պետք է կանխվեր» ներկայացման՝ մայիսի 26-ին տեղի ունեցած առաջնախաղից րոպեներ առաջ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ետնաբեմում 1930-1940-ական թվականների Չիկագոն հիշեցնող իրականություն էր, դե, իսկ վարկածի եւ բեմադրության հեղինակ, ՀՀ ժողովրդական արտիստ, Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանն էլ կողքից ուշադիր հետեւում էր անցուդարձին:

Բերտոլդ Բրեխտի պատմագանգստերական այս դրաման բոլոր ժամանակների տոտալիտար ռեժիմների, հանցագործների, անբարոյականների եւ մարդասպանների մասին է, որոնց կարիերան չէր կայանա, եթե չլիներ փոքրոգությունը, վախկոտությունը, անտարբերությունը եւ կոռուպցիան:


«Որոշեցինք հանդիսատեսի հետ ուղիղ զրույցի մտնել այն ամեն մասին, ինչ կատարվում է աշխարհում, փորձենք գտնել պատասխաններ այն հարցերին, թե որն է ապրելու նպատակը, ինչպե՞ս է պետք ապրել, որ կարողանանք դուրս գալ այս վիճակից, որի մեջ այժմ մեր մոլորակն է, իսկ այն կործանման եզրին է»,- նշեց Արմեն Էլբակյանը։


Ցանկացած ստոր քայլ ցանկության դեպքում կարելի է արդարացնել, իսկ հետեւանքների հետ ինչպե՞ս վարվել։ Ներկայացումը ծանոթ ու անծանոթ, կոնկրետ ժամանակների, բայց անժամկետ իրականության մասին է, որտեղ կաշառք ու կողոպուտ է, ցոփ ու շվայտ անբռնազբոսություն։ Խոսելով այն մասին, թե հանդիսատեսը հիմա ինչպիսի՞ ներկայացումներ է սիրում, պատրա՞ստ են արդյոք նման լրջության ու ասելիքի՝ Էլբակյանն ասաց. «Թատրոնը միայն զվարճանալու համար չէ։ Այն վայր է, որտեղ մարդիկ կենդանի շփման մեջ պետք է մտնեն արտիստների հետ, ապրեն կատարսիս, փորձեն վերանայել իրենց եւ ապաշխարեն»։


Ներկայացումն առանձնանում է Արմեն Էլբակյանին բնորոշ շեշտադրումներով. հատուկ բանաստեղծություններ են գրվել, որոնք երգերի են վերածվել.«Բրեխտի բոլոր պիեսների համար կան հատուկ երգեր, որոնք կարծես փոխանցում են այն կարեւորը, ինչն անհանգստացնում է հեղինակին: Սա միակ ստեղծագործությունն է, որի համար գրված չեն երգեր։ Երկար մտածելով՝ հասկացանք, որ հատուկ է արված եւ երգեր գրելու ազատություն է տրված, քանի որ յուրաքանչյուր ազգ ունի իր բռնակալին, իր ռեժիմների տեսակները: Ռեժիսորն առանց սեթեւեթանքի կարող է գրել ուղիղ, ճշմարիտ խոսքն ու փոխանցել հանդիսատեսին»,- նշեց բեմադրող ռեժիսորը։


Արթուրո Ուիին մարմնավորում է ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը, հաղորդավարները Լիլի Էլբակյանն ու Մեսրոպ Աբտոյանն են: Ներկայացման մեջ զբաղված են նաեւ Հայկ Իսրայելյանը, Անդրանիկ Զաքարյանը, Ալբերտ Սաֆարյանը, Հայկ Սարգսյանը, Անի Պետրոսյանը, Դավիթ Գասպարյանը եւ այլք: Բեմանկարիչը Գարեգին Եվանգուլյանն է, երաժշտությունը՝ Լեւոն Խաչատրյանի, պարուսույցը Ռուզաննա Հախնազարյանն է:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW