Հոգու երաժշտությունը ծնունդ է առնում ոչ միայն հնչյունների ներդաշնակության, այլեւ հույզերի եւ զգացմունքների միաձուլման եւ միահյուսման շնորհիվ։ Այդ երաժշտությունը ստեղծված է կյանքը սիրողների կամ կյանքը սիրել սովորողների համար։ Այդպիսի երաժշտության յուրաքանչյուր նոտա, ներթափանցելով գիտակցության մեջ, դիպչում է սրտին` այլեւս չհեռանալու «դիրքորոշմամբ»։ Այդպիսին է գյանջումյանական երաժշտությունը, այդպիսին է նաեւ հենց ինքը՝ երգահան Էդգար Գյանջումյանը՝ իր երգերի նման ներդաշնակ եւ խաղաղ։
- Հարցազրույցը սկսենք մի փոքրիկ «ճամփորդությունով» դեպի մանկություն․ ո՞րն է ամենավառ հիշողությունը։
- Դժվար թե կարողանամ միայն մեկ այդպիսի հիշողություն առանձնացնել, որովհետեւ իմ մանկությունը շատ վառ է եղել: Հիշում եմ տատիկներիս, պապիկներիս հետ ունեցած զրույցները: Ճանաչել եմ անգամ պապիկիս հորը. Թորգոմ Ջուղարյանը գիտնական էր: Շատերը նրան գիտեն, գիտական մեծ ժառանգություն է թողել: Նրա մանկությունը Կարսում էր անցել, եւ երբ խոսում էր ինձ հետ, պատմում էր Կարսում անհոգ կյանքի, արկածների մասին, ու այդ պատմությունները շատ հետաքրքիր էին ինձ համար: Վառ հիշողություններիցս մեկն իմ ստեղծագործելու առաջին փորձերն են: Միշտ եմ երազկոտ եղել, եւ մանկությունս ընդհանուր մի վառ էջ է ինձ համար:
- Փոքր տարիքում ո՞րն է եղել Ձեր երազանքների մասնագիտությունը:
- Ցանկացել եմ լինել կոմպոզիտոր: Ինձ համար երաժշտություն գրելը մի հրաշագործություն էր: Այնպես չէր, որ ստեղծագործում էի, բայց փորձեր անում էի: Ցանկացել եմ լինել այն, ինչ հիմա կամ (ժպտում է,- հեղ․):
- Հարցազրույցներից մեկում նշել եք, որ դպրոցական տարիքում փորձում էիք աղջիկների ուշադրությունը գրավել եւ դրա համար հաճախ դաշնամուր էիք նվագում։
- Բոլորն այդ տարիքում ցանկանում են ինչ-որ կերպ ինքնահաստատվել: Ցավոք, դա հաճախ կապվում է վնասակար սովորություններ ձեռք բերելու հետ: Ես երբեք չեմ ծխել, բայց նվագել եմ: Շատ ռոմանտիկ մարդ եմ եղել, այդ իսկ պատճառով փորձել եմ գտնել եւ ունենալ իմ յուրահատկությունը, ոչ թե դեւիանտ վարք դրսեւորել, այլ գեղեցիկ որեւէ բան անել, որը մարդկանց հաճելի կլինի: Հիմա էլ ոչինչ չի փոխվել: Ես սիրում եմ ելույթ ունենալ, սիրում եմ մարդկանց, նրանց հաճելին պարգեւել: Դեռահաս տարիքում հրաշալի է, երբ տիեզերական ներդաշնակությունը սկսում է աշխատել։ Այդտեղից է սկսվում ընտանիքը, այդտեղից են ծնվում նոր կյանքեր: Դա բնություն է: Աստվածայինը։
- Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցիք ԵՊՀ Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, ապա Հ. Աճառյանի անվան համալսարանի միջազգային իրավունքի բաժինը։ Ինչո՞ւ միայն երկու համալսարան ավարտելուց հետո որոշեցիք ընդունվել կոնսերվատորիա։
- Արդեն համալսարանում սովորելիս սկսեցի ստեղծագործել եւ հասկացա՝ ժամանակն է, որ իրականանա իմ մանկության երազանքը: Բնականաբար, պետք էր ստանալ պրոֆեսիոնալ կրթություն: Երբ ընդունվեցի կոնսերվատորիա, արդեն ունեի ճանաչված ստեղծագործություններ: Միշտ ասել եմ, որ հնարավոր չէ գնալ ինչ-որ մի տեղ սովորել եւ դառնալ կոմպոզիտոր, քանի որ ոչ մի տեղ չեն սովորեցնի գրել երաժշտություն, եթե երաժշտությունն արդեն իսկ չի գրվում: Ես գրում էի, որոշեցի այդ ամբողջ ընթացքը դնել մասնագիտական հունի մեջ:
Լուսանկարը՝ անձնական արխիվից Տիգրան Մանսուրյանը եւ Էդգար Գյանջումյանը
- Ո՞րն է մարդու ամենակարեւոր հատկանիշը Ձեզ համար։
- Նվիրվածությունն ու անկեղծությունը: Տանել չեմ կարողանում երկերեսանիությունն ու բամբասանքը: Չեմ սիրում անշնորհակալ մարդկանց: Անշնորհակալ մարդն ի վիճակի չէ արժեւորել անգամ սեփական գոյությունը: Ամեն բան խաթարվում է, երբ մարդ ընդունակ չէ շնորհակալ լինել:
- Ի՞նչ եք հասկանում իրական երջանկություն ասելիս։
- Իրական երջանկությունը հենց նվիրվելու, սիրելու մեջ է: Այն է, երբ կարողանում ես ապրել այնպես, որ քո գործունեությամբ, քո սկզբունքներով բավարարես դիմացինիդ կառուցողական պահանջմունքները: Այսինքն՝ կարողանաս օժանդակել այն ամենին, ինչը նրանց իսկապես օգտակար է: Սա շատ հետաքրքիր կոնցեպտ է:
- Ստեղծագործական ամենաբուռն ժամանակաշրջանում էիք, երբ առողջական խնդիրները ստիպեցին կռիվ տալ ապրելու համար։ Այդ կռվում բացարձակ հաղթանակ տարաք, որտեղի՞ց Ձեզ այդ ուժը։
- Չեմ կարծում, որ կան ուժեղ մարդիկ: Կա որեւէ ռեսուրս, որը բոլորին է հասու: Չեմ ասում, որ բոլորը կարող են լինել ֆիզիկոս, մաթեմատիկոս կամ երգահան։ Յուրաքանչյուրն իր ոլորտում կարող է կայանալ եւ լավը լինել: Բայց ինչ վերաբերում է ներքին ռեսուրսներին, դա տիեզերքում՝ Աստծո մոտ, յուրաքանչյուրի համար պահված է, ուղղակի պետք է կարողանալ ձեռք մեկնել եւ վերցնել, չանցնել կողքով:
- Կա՞ որեւէ քայլ, որը կատարել եք եւ զղջացել դրա համար։
- Այդպիսի բան չի կարող լինել, որ մարդն ապրի եւ ոչ մի բանի համար չզղջա: Ափսոսում եմ, որ այն գիտակցությունը, որ հիմա ունեմ կապված իմ ներքին պատկերացումների հետ՝ ինչու ենք ապրում, ուր ենք գնում, որտեղից ենք, չկար իմ մեջ 14-15 տարեկանից: Երբ այդ գիտակցությունը ձեռք բերեցի, իմ մեջ առաջ եկավ առաքելության զգացողություն: Այդ աշխարհընկալումն իմ մեջ ծնվեց այն ժամանակ, երբ Աստծո օգնությամբ հաղթահարեցի իմ խնդիրները։
- Ո՞րն է, ըստ Ձեզ, Ձեր գլխավոր թերությունը։
- Դժվար է ասել, որ դա թերություն է, բայց ամեն բան սրտիս մոտ եմ ընդունում: Մտածում եմ, որ եթե այդպես չլիներ, հնարավոր է՝ լավից էլ չոգեւորվեի: Ազդվում եմ, երբ տեսնում եմ նենգություն, ստորություն, եւ անպայման չէ, որ դա ինձ վերաբերի: Այդ երեւույթներն ինձ տհաճություն են հաղորդում: Բայց, ինչպես ասացի, սրտին ամեն բան մոտ ընդունելու հակառակ կողմն էլ այն է, որ կարող է մարդն այդ գործոնի բացակայության դեպքում զգայուն չլինի նաեւ լավի նկատմամբ:
- Ո՞րն է Ձեր այն ստեղծագործությունը, որը Ձեր կյանքի մասին է։
-«Հավատա եւ աղոթիր»-ը:
- Ունե՞ք ոգեշնչման աղբյուր։
- Ինձ ոգեշնչում է անգամ մեկ գավաթ ջուրը, որն առավոտյան ըմպում եմ: Քայլելիս կամ շուրջս նայելիս, որքան էլ ուշանամ, երբ ծաղիկ եմ տեսնում, հաճախ մինչեւ դրա բույրը չզգամ, առաջ չեմ գնա: Նմանատիպ գեղեցիկ պահերից է հյուսված մեր կյանքը: Կյանքն ի՞նչ է: Կյանքը միայն հրավառությո՞ւն է, կամ Ամանորի թոհուբո՞ն է, կամ ինչ-որ մեկի ծննդյան օ՞րն է: Ո՛չ: Իհարկե, դրանք էլ են, բայց կյանք է նաեւ այն, ինչ մենք հիմա անում ենք: Մենք նստած ենք, խոսում ենք, օդ կա, շնչում ենք, այս ամենը հաճելի է: Պետք է վայելել, որպեսզի ապրել:
- Դուք այժմ Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի տնօրենն եք։ Ի՞նչ գործունեություն է ծավալում դպրոցը։
- Դպրոցը վարում է կրթական-արտադպրոցական գործունություն: Վերջերս կերպարվեստի բաժնի սաների աշխատանքները բարձր գնահատականի արժանացան Մոսկվայում Սպիվակովի ֆոնդի կողմից: Դպրոցը կազմակերպում է նաեւ մշակութային բազմաթիվ միջոցառումներ եւ համերգներ։ Երաժշտական դպրոցի սաներից քչերն են դառնում արվեստագետներ, բայց երաժշտական կրթությունը բոլոր առումներով շատ հետաքրքիր հետք է թողնում նրանց կյանքի վրա՝ անկախ նրանից, թե ինչ մասնագիտություն կունենան:
- Մշակութային նախաձեռնություններից խոսենք:
-Այժմ մեր կարեւոր նախաձեռնություններից մեկը «Յունիվըրս Արտ» միջազգային մրցույթ-փառատոնն է, որը նախաձեռնել ենք ՀՀ վաստակավոր նկարիչ Աննա Հարությունյանի հետ։ Մրցույթ-փառատոնի նպատակն է արվեստի բնագավառում օժտված երեխաների բացահայտումը, մասնագիտական մոտիվացումն ու զարգացումը։ Արդեն մեկնարկել է հայտերի ընդունման ժամանակը: Այդ փառատոնի ընթացքում ես պետք է մի ստեղծագործություն գրեմ, որը կկատարեն եւ կձայնագրվեն բոլոր մասնակից երեխաները, նաեւ տեսահոլովակ կլինի։
- Ե՞րբ կլսենք Ձեր նոր ստեղծագործությունները։
- Ամենահեշտ պատասխանը շուտովն է (ժպտում է): Հիմա աշխատում եմ մանկական մյուզիքլի վրա, եւ եթե ամեն ինչ ստացվեց, այն կկայանա: Սիրով եմ դա անում՝ հասկանալով, որ երեխաներին անհրաժեշտ է: Նրանք կարիք ունեն երգերի, որոնք նրանց կոգեշնչեն՝ ընտրելու կյանքի ճիշտ ուղղությունը:
Քրիստինե Թորոսյան
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրս
Լուսանկարները՝ հեղինակի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: