ԱՄՆ Վիրջինիա նահանգի դատարանը մեղավոր է ճանաչել Ջոնի Դեփի նախկին կնոջը՝ Էմբեր Հերդին՝ դերասանին զրպարտելու, նրա պատիվն ու արժանապատվությունը միտումնավոր արատավորելու համար:
Դատարանի որոշմամբ՝ դերասանուհին պարտավորվում է Դեփին վճարել 15 մլն դոլար: «Չարլին ու շոկոլադե ֆաբրիկան», «Կարիբյան ծովի ծովահենները», «Տուրիստը» եւ հայտնի այլ ֆիլմերի դերակատարը կնոջ դեմ հայց էր ներկայացրել՝ պահանջելով 50 մլն դոլար փոխհատուցում:
Ջոնի Դեփը եւ Էմբեր Հերդը (արխիվային լուսանկար)
Դեփը պնդում էր, որ նախկին կինն իրեն զրպարտել է, մեղադրել ֆիզիկական ու սեռական բռնության համար՝ փոխարենն իրեն ներկայացնելով ոչ միայն զոհ, այլ նաեւ բռնության դեմ պայքարող հանրային դեմք:
Հերդն էլ պատասխան հայց էր ներկայացրել Դեփի դեմ՝ պահանջելով 100 մլն դոլար, այն բավարարվել է մասնակի. դերասանը նրան կվճարի 2 մլն դոլար:
Դեփի փաստաբանները դատարանում ներկայացրել են ձայնագրություններ, որոնց համաձայն՝ դերասանուհին է նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառել: Փաստաբանները նաեւ ընդգծել են, որ այդ սկանդալը մեծ հարված է հասցրել Դեփի հեղինակությանը, նա չի կարողացել նկարահանվել «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարի 6-րդ մասում: Հերդը նաեւ հայտնել էր, որ ամուսնալուծությունից ստացած 7 մլն դոլարը տրամադրել է բարեգործության, սակայն իրականում ստել է:
Հետաքրքիր է, որ ապրիլից ընթացող դատական գործի ընթացքում Դեփը ոչ մի անգամ չի նայել Հերդին: Բանն այն է, որ երբ 2016 թվականին Հերդը ցանկացավ ամուսնալուծվել, Դեփը երդվեց, որ նա երբեք չի տեսնի իր աչքերը:
Դատարանի որոշումը 58-ամյա Դեփն այսպես է մեկնաբանել.«Վեց տարի առաջ իմ, երեխաներիս, մտերիմներիս ու բոլոր մարդկանց կյանքը, ովքեր ինձ աջակցել են, մեկընդմիշտ փոխվեց: Լրատվամիջոցներում սկսեցին տարածվել կեղծ լուրեր, որոնք իմ հանդեպ առաջացրին ատելության անվերջանալի շղթա: Այդ ամենն ազդեց իմ կյանքի ու կարիերայի վրա: Վերջապես 6 տարի անց դատարանը վերադարձրեց իմ կյանքը: Իսկապես շնորհակալ եմ: Պարտավոր էի պատմել ճշմարտությունն իմ երեխաներին ու բոլորին, ովքեր անսահման հավատում էին ինձ: Վերջապես հանգիստ եմ, որ դա ինձ հաջողվեց»:
Իր կարծիքն է հայտնել նաեւ Հերդը.«Հիասթափությունը, որ զգում եմ, հնարավոր չէ բացատրել: Վշտից մեռնում եմ, քանի որ բազմաթիվ ապացույցները բավական չեղան նախկին ամուսնուս մեծ իշխանությանն ու ազդեցությանը դիմակայելու: Հիասթափված եմ, թե այս որոշումը մյուս կանանց վրա ինչպես կազդի: Ձախողում է: Այն մեզ վերադարձնում է այն ժամանակները, երբ արտահայտվել չվախեցող կինը կարող էր ամոթանքի արժանանալ ու հանրայնորեն ոչնչացվել: Ջոնիի փաստաբաններին հաջողվեց ստիպել ատենակալներին ուշադրություն չդարձնել խոսքի ազատությանն ու անտեսել ապացույցները, որոնք այնքան համոզիչ էին Մեծ Բրիտանիայում հաղթելու համար: Տխուր եմ, որ պարտվել եմ: Բայց ավելի տխուր եմ, որ կորցրել եմ իմ իրավունքը որպես ամերիկուհի»:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: