×


«9 տարեկան, թե 20 տարեկան Մանեին նա վերաբերվում էր ամենայն խստությամբ»․ դուստրը՝ Գրիգորիչի ժառանգության եւ թատրոնի մասին

Մանե Գրիգորյանի հետ մեր հարցազրույցը պետք է տեղի ունենար ավելի շուտ, բայց դեպքերն այնպիսի ընթացք ստացան, որ հարցազրույցի ժամանակը չէր: Մայիսի 14-ից Մանեն Երգի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Այսօր Երգի թատրոնում վերանորոգման աշխատանքներ են ընթանում: BRAVO.am-ն առաջինն է եղել վերականգնվող ու վերանորոգվող թատրոնում:

Մանեի հետ շրջում ենք թատրոնում, ու նա նկարագրում է, թե շուտով ինչպիսի տեսք պետք է ունենա թատրոնը: Ու մինչ կսկսենք մեր զրույցը, բարձրանում ենք Գրիգորիչի սենյակ: Ռոյալի վրա դրված է ձեռագրով գրված բանաստեղծություն:


«Ավետի գործն է, պապայի մահից հետո է գրել ու այնպես է գրել, կարծես հայրս ինձ հետ խոսի»,- ասում է Մանեն ու կարդում մի քանի տող.«Դու կփնտրես վայրկյան, ուր կանք ես ու դու: Հենց այնտեղ եմ քեզ թողել սիրտն իմ, դու կգտնես այնքան, ինչ պետք է մարդուն, որ իր հոգուն լինի հավատարիմ: Կփնտրես իմ երգերում, գրկած քո ձեռքերում: Հավատա, ավարտված ոչ մի բան չկա ո՛չ իմ, ո՛չ քո աշխարհում, կա միայն երկուսով չանցած փոքրիկ հատված: Ու հետո ես կփնտրեմ քո լույսը, ես հենց քո աչքերում գիտեմ ապրել»։

Իմ վերջին հարցազրույցը տեղի էր ունեցել հենց այդ սենյակում։

- Դժվա՞ր չէր ստանձնել թատրոնի տնօրենի պաշտոնը:

- Չափազանց: Բացի այն, որ պետք էր վերականգնել թատրոնի մթնոլորտը, որն եղել է 1994-ից, գումարվում էր պատասխանատվությունը՝ պետք է արդարացնեի մարդկանց սպասելիքներն ու չհուսահատեցնեի պապային: Վստահ եմ, որ ինքը հետեւում է այս ամենին: Պատահական չէ, որ ամեն գործ անելուց գրում եմ՝ «քո օրհնությամբ»: Ես իր օրհնությամբ էլ աշխատում եմ օրուգիշեր, որպեսզի թատրոնը վերականգնենք: Ծրագրերը շատ են, ու այդ բոլորն իրականացնելու համար ժամանակ ու ֆինանսներ են պետք։ Բայց մենք կգտնենք դրանք իրականացնելու ուղիները:

- Թատրոնում ես մեծացել, ամեն անկյունը քեզ ծանոթ է, հարազատ է: Աչքիդ առաջ այն կառուցվել, միս ու արյուն է ստացել: Հիմա երբ մի գործ ես անում, հիշո՞ւմ ես, թե հայրդ ինչպես էր դա անում:

- Միշտ: Ինչ անում եմ, միշտ մտածում եմ՝ ինչ կաներ, ինչպիսի լուծումներ կգտներ: Բառի ուղիղ իմաստով մեծացել եմ թատրոնում: Շատ էի լինում փորձերին, հետեւում էի պապայի ամեն շարժմանը, միմիկային, դիտողություններին: Միշտ ասել եմ, որ նա իմ ամենամեծ ուսուցիչն է, ու ես ամեն ինչ սովորել եմ իրենից: Առաջին ներկայացումը, որում խաղացի, «Ուրախ նոտարներն» էին, ու ես Կայայի տարիքում էի: Եվ 9 տարեկան, թե 20 տարեկան Մանեին նա վերաբերվում էր ամենայն խստությամբ: Երբ արդեն համերգներ էի վարում Ավետ Բարսեղյանի հետ, այդ ժամանակ էլ ամենաշատն ինձ էր տանջում: Փորձը կարող էր ձգվել մինչեւ լուսաբաց: Մի անգամ փորձին բարձրախոսով 2,5 ժամ նույն տեքստը կարդացել եմ, մինչեւ ստացել է այն ձայնը, որն ուզում էր:


Իսկ վերջին տարիններին թատրոնի մանկական ներկայացումների բեմադրությունները վստահեց ինձ: Հինգ ներկայացում եմ բեմադրել, ու միայն գլխավոր փորձին էր գալիս: Երբ 2019-ին բեմադրեցինք «Մերի Փոփինսը Երեւանում» մյուզիքլը, ներկայացումից հետո ճակատս պաչեց, ասաց՝ «Ապրես, հիմա դու իսկական բեմադրիչ ես»: Դա ամենամեծ գնահատականն էր: Դրանից հետո, երբ քննարկում էինք նոր նախագծեր, նոր բեմադրություններ, ասում էր՝ ես պետք է անեմ, քանի որ լավ է ստացվում: Հիմա արդեն վերաբեմադրում եմ Արթուր Գրիգորյանի լեգենդար դարձած «Ուրախ նոտաներ» մանկական մյուզիքլը: Այն 30 տարվա պատմություն ունի: Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը, ներկայացրինք հանդիսատեսին, եւ քանի որ ամանորյա ձեւաչափով էր, մի քանի փոփոխություն կա, նաեւ նոր կերպարներ ու երգեր են ավելացել:

Հիմա թատրոնում շինարարական աշխատանքների փուլ է, եւ որոշեցինք ներկայացումը խաղալ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում: Ընտրությունն էլ պատահական չի եղել. պապային այս դահլիճի հետ շատ բան է կապում, եւ 90-ականներին հենց այս դահլիճում էին անցնում փառատոնները: Իսկ այս մյուզիքլը խաղացել է թատրոնի առաջին սերունդը՝ Շուշան Պետրոսյան, Արամո, Արթուր Իսպիրյան, Ֆորշ: Երկրորդ սերնդում Վարդուհի Վարդանյանը մայրիկն էր, Արսեն Սաֆարյանը՝ հայրիկը, իսկ բոլոր նոտաներն՝ այսօր արդեն հայտնի արտիստներ՝ Զարուհի Բաբայան, Արա Մարտիրոսյան, Քրիստինե Պեպելյան, Տիգրան Պետրոսյան, Ալլա Լեւոնյան... Ովքեր այսօր մեծ դահլիճներ են լցնում, այն ժամանակ մեր թատրոնում մանկական ներկայացում էին խաղում: Պապան միշտ ասում էր, որ երեխաների համար խաղալն ամենաբարդն է արտիստի համար: Եթե կարողանում ես ազնիվ լինել երեխայի հետ, ուրեմն անպայման կհաջողես:

Այս ներկայացման ֆենոմենն այն է, որ այսօր տոմս է առնում մարդ, որը երեխա ժամանակ նայել է, հետո իր երեխային է բերել, հիմա էլ գալիս ու թոռնիկի հետ է դիտում: Այ դա ամենահաճելի զգացողությունն է: Իսկ այսօր մանկական ներկայացումներ բեմադրելիս ինձ օգնում է նաեւ Կայան. հասկանում եմ, թե այդ տարիքի երեխաների համար ինչ է պետք բեմադրել, որ նրանց դուր գա:


- Մի քանի տարի է, ինչ թատրոնը պասիվ գործունեություն է ծավալում՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով: Հիմա կարծես թե ուրվագծվում է թատրոնի վերաբացումը, իսկ մինչեւ սեպտեմբեր ստեղծագործական դադա՞ր է լինելու:

- Իհարկե, ոչ: Ու մինչ թատրոնի վերաբացումը, ավանդույթը չխախտելով, որոշեցինք ներկայացումները տանել նաեւ մարզեր, քանի որ պապայի համար շատ կարեւոր էր մարզերում ելույթներով հանդես գալ: Ցավոք, այսօր մարզերի ոչ բոլոր երեխաները հնարավորություն ունեն հաճախ գալ մայրաքաղաք, դիտել լավ ներկայացումներ: Այս ներկայացումը նաեւ կրթական է: Հունիսի 4-ին՝ Աշտարակում, հունիսի 5-ին Վանաձորում ենք լինելու, հետագայում՝ Արտաշատում, Գավառում, Հրազդանում, Գյումրիում, նաեւ անպայման պետք է գնանք Սյունիք, Արցախ: Պատրաստվում եմ աշխատել նաեւ լավ ռեժիսորների, սցենարիստների, երաժիշտների հետ, որոնք հետաքրքիր ներկայացումներ կբեմադրեն՝ պահպանելով պապայի ավանդույթները:

- Ովքե՞ր են զբաղված այս մյուզիքլում: Նկատեցի, որ Կայան նույնպես խաղում է:

- Թատրոնն ունի նոր սերունդ, որի հետ վերջին տարիներին աշխատել է Արթուր Գրիգորյանը, բայց հանդիսատեսը դեռ չի հասցրել նրանց լսել: Շուտով մենք կներկայացնենք այս սերնդին: Իսկ Կայան 4 տարեկանից խաղացել է տարբեր ներկայացումներում, այս մյուզիքլում էլ մարմնավորում է Մեղեդիկին, որը նոր կերպար է եւ Կախարդական մեղեդիի թոռնիկն է:

- Իսկ դո՞ւ էլ ես նույնքան խիստ Կայայի նկատմամբ, որքան Գրիգորիչը՝ քո:

- Չեմ կարող ասել: Կայան այնքան տաղանդավոր է, ես երեւի այդքան տաղանդավոր չեմ: Բնությունը շատ է Կայայի մեջ:


- Մանե, Արցախում Գրիգորիչն ինձ ասաց, որ պատրաստվում են համերգային ծրագրերով լինել զորամասերում:

- Այո, պատերազմից հետո պլաններ ունեինք լինել զորամասերում: Իսկ թատրոնը միշտ է եղել զինվորի կողքին: Առաջին պատերազմից հետո, անգամ պատերազմի ժամանակ Երգի թատրոնի առաջին սերունդը սահմանին է եղել: Նախորդ տարի արցախյան զորամասերից մեկում համերգից հետո շատ ծնողներ են մեզ գրել, զանգահարել ու շնորհակալություն հայտնել, որ իրենց որդիների օրը տոն ենք դարձրել: Ու դա թատրոնի ապրելակերպն ու կենսակերպն է եղել: Բայց Արցախից վերադարձանք, ու պապայի հիվանդությունը սրվեց, եւ այդ ծրագրերը չիրականացան: Սակայն հիմա ոչ միայն Երգի թատրոնի գործող արտիստները, այլեւ նախկին սաները միացել են այս գաղափարին, ու մենք «Հավերժ հայրենիք» խորագրով համերգների շարք ենք սկսում: Հունիս-հուլիս ամիսներին փորձելու ենք լինել այնտեղ, որտեղ հնարավոր է:

- Հայրդ պահանջկոտ էր, խիստ էր, ուժեղ: Իսկ այդ ուժը քեզ փոխանցե՞լ է:

- Չգիտեմ... Գուցե: Մի պահ մտածեցի՝ ոնց եմ ապրելու առանց իրեն, առանց իմ ամենից ամենայի: Հիմա գիտակցում եմ, որ իսկապես շատ ուժեղ եմ, ու այդ ուժեղ լինելս իրենից է: Ինքը միայն պապա չէր, ուսուցիչ էր, ղեկավար, ամեն ինչ... Մեր կապը շատ ամուր էր, ու ժամանակ էր պետք, որ ուժ ստանայի ու պայքարեի Երգի թատրոնը պահելու համար: Հիմա բուռն աշխատանքները սկսվել են: Թատրոնը բերում ենք այն ձեւաչափին, որը եղել է նախկինում: Ես այսօր եմ հասկանում այն, ինչ արել է պապան 1994-ին: Երբ բոլոր դահլիճները նույն ձեւաչափով էին՝ հանդիսատեսը առջեւում, արտիստները՝ բեմում, պապան նորություն բերեց: Մեր թատրոնի ֆենոմենը հենց դա էր. հանդիսատեսը շատ մոտ էր նստած արտիստին, կարողանում էր ցանկացած պահի բարձրախոսը վերցնել, հարցեր տալ, խոսել, երգել արտիստի հետ, ազատություն ու ջերմություն կար: Վերջին 3 տարիների ընթացքում դահլիճը փոխվել ու դարձել էր ավանդական դահլիճ: Որոշեցինք հետ բերել թատրոնի հին ձեւաչափը, այսինքն՝ արտիստին հանդիսատեսը պետք է տեսնի ամեն կողմից: Թարմացնում ենք նաեւ լուսաձայնային տեխնիկան: Վերազինումը կատարվելու է ԿԳՄՍՆ-ի աջակցությամբ:


- Թատրոնի շատ արտիստներ ինձ հետ զրույցում միշտ շեշտում էին՝ եթե անցնել ես Երգի թատրոնի դպրոցը, ուրեմն՝ պատրաստ ես ցանկացած տեղ ելույթ ունենալու:

- Իսկապես, մեր դահլիճում երաժշտին, երգչին, հաղորդավարին շատ դժվար էր աշխատել։ Շուրջ բոլորդ հանդիսատես է, ու դու ոչ մեկին իրավունք չունես մեջքով աշխատելու: Հանդիսատեսը զգում է քո անկեղծությունը, դու չես կարող խաղալ:

- Արդյո՞ք կան Արթուր Գրիգորյանի հեղինակած երգեր, որոնք դեռ չեն հնչել:

- Պապայի մահից հետո ձայնագրիչում գտա երգեր, որոնք չէի լսել, ու հիմա թվայանացվում է այդ ամենը: Ունենք շատ նորություններ. թողարկելու ենք երգեր Արթուր Գրիգորյանի կատարմամբ, երգեր, որոնք դեռ չեն հնչել, ներկայացնելու ենք երգերը նոր գործիքավորմամբ եւ տեսահոլովակներով: Իսկ հուլիսին 28-ին՝ ծննդյան օրվան ընդառաջ, Սերգեյ Սմբատյանի հետ համատեղ կազմակերպելու ենք համերգ՝ Մարզահամերգային համալիրի դահլիճում: Մեր նպատակն է, որ համերգը չդառնա տխուր երեկո, այլ ուրախ լինենք, որ ունեցել ենք իրեն, որը ստեղծել է նման երաժշտություն: Այս տարի Արցախում ենք նախատեսում Արթուր Գրիգորիչի հիշատակին նվիրված համերգ: Հայրս երազում էր համերգ ունենալ Շուշիում, բայց... Հետո արդեն քննարկում էինք Վերածննդի հրապարակում համերգը, դարձյալ չեղավ, սակայն անպայման իրականացնելու եմ այդ երազանքը: Իսկ հաջորդ տարի պապայի 65-ամյա հոբելյանն է, ու ծրագրերն ավելի շատ են:

- Մանե, այս ամենն իրականացնելու համար մեծ ջանքեր են պետք: Ամեն օր, երբ ավարտում ես աշխատանքդ ու մտնում տուն, ինքդ քեզ հետ ներդաշնա՞կ ես, Գրիգորիչին «զեկուցո՞ւմ ես» արածներիդ մասին:

- Շատ աշխատելն ինձ օգնում է: Ես 15-ից 16 ժամ թատրոնում եմ լինում: Օգնում է, որ այս ծանր փուլում կարողանում եմ քեզ հետ ժպիտով խոսել, եթերում մարդկանց ժպտալ: Ներքին խաղաղությունս գտել եմ այս աշխատանքում։


- Երբեւէ Գրիգորիչին կողքից նայե՞լ ես որպես կոմպոզիտորի, արտիստի, արվեստագետի, թե՞ նա քեզ համար միայն հայր է եղել:

- Միշտ եմ ասել՝ ինձ համար կա երկու Արթուր Գրիգորյան՝ մեկը պապաս է, մյուսն՝ իմ կուռք, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը: Ներկա եմ եղել գրեթե բոլոր երգերի ծնունդներին՝ «10 միլիոն հայ ենք», «Հայաստան»... Ուղղակի պաշտում եմ իր երաժշտությունը: Եվ ուզում եմ՝ բոլորը ճանաչեն ու լսեն այդ երաժշտությունը:

- Որքան հասցրի ճանաչել Գրիգորիչին, նա մտերիմ էր բոլորի հետ, բայց ոչ բոլորին էր մոտ թողնում:

- Ճիշտ ես, բայց ում մոտ էր թողնում, դժվար էր բաց թողնում: Մեր կապվածությունը միշտ է եղել, ուղղակի վերջին տարիներին ինքն ավելի շատ ժամանակ ուներ նստելու ու զրուցելու:


- Ինձ հետ հարցազրույցում Գրիգորիչն ասաց, որ խանդում էիր թատրոնի սաներին, երբ իրեն պապա էին ասում:

- Միշտ կատակով ասել եմ՝ պապաս իմ պապան է, հերիք է բոլորդ ասեք, բայց իրականում շատերին է հայրություն արել:

- Հարցազրույցներում ասել ես, որ ուզում էիր երգչուհի դառնալ, բայց հայրդ ժամանակ չուներ քեզնով զբաղվելու, ու քո երազանքը մնաց անկատար:

- Իրականում նա իսկապես ժամանակ չուներ իր երեխաներով զբաղվելու, ու ես ո՛չ դաշնամուրի գնացի, ո՛չ էլ երգեցի: Այսօր ես դարձա հաղորդավար, Կայան էլ գնաց դաշնամուրի:

- Փաստորեն Կայան իրականացնում է քո երազանքները՝ երգում է, դաշնամուր է նվագում:

- Այո, Կայան արդեն ստեղծագործում է, բնությունը իսկապես շատ է: Իսկ պապայի հետ կարող էր ժամերով խոսել: Չես պատկերացնում, չէ՞, ոնց կարող է 6-7 տարեկան երեխան այդքան երկար խոսել 60 տարեկան տղամարդու հետ: Դրա համար Կայան շատ ծանր է տանում պապիկի կորուստը: Ու այս փորձերն ու ներկայացումը, հուսամ, կօգնեն, որ հաղթահարի այս փուլը:

Վախենում էի պապային կորցնելուց, արդեն ոչ մի բանից չեմ վախենում:

Առաջ շատ էի մարդկանց վստահում, հիմա՝ ոչ:

Կարողանում եմ այսքան ցավով ժպտալ, խոսել:

Չեմ ափսոսում. ամեն ինչ ժամանակին արվել է այնպես, ինչպես պետք է արվեր:

Չեմ ների դավաճանությունը. երբեք երկրորդ անգամ հնարավորություն չեմ տալիս։

Կուզեի ջնջել հիշողությունիցս վերջին ամիսները, երբ պապան բուժում էր ստանում ու շատ դժվար փուլերով անցնում, իսկ ես անզորությունից չէի կարողանում օգնել:

Հավատում եմ պապային ու օրվա մեջ մի քանի անգամ խոսում եմ իր հետ:

Զրույցը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին