×


Ոչ թե երկու, այլ երեք էրնեկ՝ մի տեղ. Համալիրի բեմը նվաճել էին «Բամբիռ» եւ «Լավ էլի» խմբերը

«Բամբիռ»-ի տղերքը երգում են «Լավ էլի»-ի երգերը, «Լավ էլի»-ն երգում է «Բամբիռ»-ի երգերը, հետո բոլորով միասին երգում են միմյանց երգերը, հետո նրանց ծափահարում է հանդիսատեսն, ու ստացվում է գժական էմոցիաներով լի համերգ: Բայց մինչ համերգի սկսվելը՝ պետք էր լինել կուլիսներում ու զրուցել երաժիշտների հետ: Այս երկու խումբն առաջին անգամ չէ, որ հանդես են գալիս համատեղ համերգով: Դեռ 2019-ին համերգ ունեցան «Այրարատ» («Ռոսիա») կինոթատրոնում ու բեմից հենց իջան, որոշեցին՝ համերգը կրկնելու են: Բայց եղավ քովիդ ու պատերազմ, եւ այն հետաձգվեց:

«Լավ էլի» խմբի մենակատար Մհեր Մանուկյանը BRAVO.am-ին պատմեց՝ երկու հանգամանք նրանց մոտիվացրին, որ կրկին լինեն նույն բեմում. «Մեկը Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին օգնելն էր, իսկ մյուսն այն, որ Համալիրի բեմում հայաստանյան ռոք խմբեր երբեւէ համերգ չէին ունեցել: Լծվեցինք գործին, ու համերգն արդեն իրականություն է»:


Անդրադառնալով Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին օգնելու գաղափարին՝ Մանուկյանն ասաց՝ քանի որ անընդհատ կապի մեջ են եղել հիմնադրամի ղեկավար Արմեն Արմոս Մարտիրոսյանի հետ, երկար տարիներ հետեւել են նրա գործունեությանը, որոշել են մասնակից դառնալ բարեգործությանը. «Մտածեցինք՝ այդ երեքը կարելի է համատեղել՝ ե՛ւ բարի գործ անել, ե՛ւ համատեղ երգել, լավ համերգով հանդիսատեսին էլ հաճույք պարգեւել»:

«Բամբիռ» խմբի անդամ Նարեկ Բարսեղյանն ասում է՝ դե, միմյանց ճանաչում են վաղուց, միմյանց երգերը լսում են, սիրում են ու որոշեցին նաեւ երգել, նվագել ու մանուկներին օգնել՝ «Երկու էրնեկը» դարձնել «Երեք էրնեկ՝ մի տեղ». «Բոլորս սովորեցինք մեկս մյուսի երգերը, բեմում իրար հետ լավ զգացինք, հենց փորձերին էլ հասկացանք, թե ինչքան տաքություն, ջերմություն ու լիքը լավ էմոցիաներ կան: 2019-ի համերգը վերջացավ թե չէ, բեմից իջանք ու ասացինք՝ էլի ենք անելու: Ես 90-ականների սկզբից «Լավ էլի»-ին հետեւում եմ, շատ անգամ եմ իրենց երգերից ոգեշնչվել ու նստել, երգ գրել»:


««Մեր ու ձեր» չենք անելու»,-ասում է «Բամբիռ» խմբի անդամ Վարդան Փարեմուզյանը, իսկ այս ծրագիրն էլ շարունակական է լինելու: Նարեկն էլ հավելում է՝ գնալու են նվագելու այնտեղ, որտեղ հայեր են ապրում, հայալեզու մարդիկ կան: Նոր շունչ են փոխանցելու հանդիսատեսին. «Դե, պետք չի ասել, չէ՞, որ «Բամբիռ»-ն ու «Լավ էլի»-ն տարիների ընթացքում գինու պես ամրացել են»:

Գինու պես ամրացած խմբերը շտապում են բեմ, բայց մինչ նրանց ելույթը բեմում է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի տնօրեն Արմեն Արմոս Մարտիրոսյանը. «Այս երկու հայկական ռոք խմբերը նվաճում են Համալիրի բեմը՝ հատուկ երեխաների համար, քանի որ համերգի հասույթը փոխանցվելու է Երեխաների առողջության հիմնադրամին, ու այսօր հանդիսատեսը ոչ միայն վայելելու է լավ երեկո, այլեւ մեծ ներդրում է ունենալու Հայաստանում մարդասիրական մշակույթի ներդրման շատ կարեւոր գործին: Հիմնադրամը զբաղվում է քաղցկեղ եւ առողջական այլ ծանր խնդիրներ ունեցող երեխաների բուժմամբ»:


Ռոքի հենց առաջին հնչյուններից դահլիճը պայթում է, ու հաշված րոպեների ընթացքում հանդիսատեսը շտապում է դեպի բեմի առաջնամաս։ «Առջեւի շարքում նստածները չգիտեն, թե ինչ է իրենց սպասում»,- հայտարարում է «Լավ էլի» խմբի մենակատար Մհեր Մանուկյանը՝ նկատի ունենալով, որ նրանց տեսադաշտը շուտով փակելու է պարող հանդիսատեսը: Ու երեք ժամ հնչում են երկու խմբերի հին ու նոր երգերը՝ խելահեղ հանդիսատեսի համար:

Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին